HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռնագոգի դպրոցում բացվեց Հայաստանում առաջին ստեղծագործարանը

Այսօր Հայաստանի մանուկներ հիմնադրամի աջակցությամբ Արմավիր մարզի Լեռնագոգ համայնքի դպրոցում բացվեց ժամանակակից կրթական միջավայրի բոլոր պահանջներին համապատասխանող դասասենյակ՝ Ստեղծագործարան: Ստեղծագործարանը 40-50 աշակերտի համար նախատեսված մեծ լուսավոր սենյակ է, որտեղ հատուկ շարժական կահույքը հնարավորություն է տալիս աշակերտներին կատարել ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ փոքր ու մեծ խմբերով աշխատանք:

Այս նորատիպ դասասենյակում տեղադրած է  նաև 16 նոր համակարգիչ և  ժամանակակից դիզայն ունեցող գրադարակներ:  Ստեղծվել է բազմանպատակ գործունեությանը նպաստող միջավայր, որտեղ հնարավոր են  քննարկումն ու դասախոսությունը, ընթերցանությունն ու խաղը,  բեմադրությունն ու հանգիստը։ 

Բացմանը արարողությանը ներկա էր  և ողջույնի խոսքով հանդես եկավ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ներկայացուցիչը պարգևատրեց Լեռնագոգի դպրոցի աշակերտ Հասմիկ Ստեփանյանին, որը ճանաչվել էր լուսանկարչական հանրապետական մրցույթի հաղթող։

Ներկայացնելով Ստեղծագործարանի գաղափարը Հայաստանի մանուկների հիմնադրամի տնօրեն Սերոբ Խաչատրյանն ասաց. «Այսօրվա աշակերտները չեն սիրում միապաղաղ և միօրինակ դասեր, և դպրոցական գրավիչ միջավայրը կարող է մեծապես խթանել ուսման գործընթացում բազմատեսակ աշխատանքների կատարումը»:

Լեռնագոգի դպրոցի տնօրենն էլ հավելեց, որ նման ազատ և ստեղծագործ միջավայր ունենալու գաղափարը ծագել է դպրոցի ուսուցիչների մոտ և շնորհակալություն հայտնեց Հայաստանի մանուկներ հիմնադրամին այն իրականություն դարձնելու համար:

Ստեղծագործարանի գաղափարի իրագործման համար պահանջվել է շուրջ 20 հազար ԱՄՆ դոլար, որը ներդրվել է Հիմնադրամի մի քանի բարերարների, այդ թվում՝ Դանիել և Միլա Սահակյանների և Գրեգորի ու Մարիան Սարայդարյանների կողմից: Տեր և տիկին Սարայդարյանները ներկա էին իրենց անունը կրող  դասասենյակի բացման արարողությանը: Ստեղծագործարանում տեղադրված համակարգիչները և ուսուցողական ցուցանակները նվիրաբերվել են HSBC բանկի կողմից:

* * *

Հայաստանի մանուկներ հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է կրճատել գյուղական աղքատությունը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004 թև այդ ժամանակից ի վեր  իրականացվել են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվել են համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիր և Արագածոտն մարզերի Բաղրամյանի և Թալինի շրջանների 11 գյուղական համայնքների ավելի քան 27,000 բնակիչները:

Մեկնաբանություններ (1)

Anna
It`s really fantastic when many Armenian kids are able to study in such environment. I am a second year student at AUA in the MA TEFL program and we discussed your projects in on of our classes. It is really inspiring to see what you do for village kids. Great job !!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter