HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռամիլ Սաֆարովը, Թուրքիան, հունգարա-ադրբեջանական գործարքը եւ պատերազմի թուրք- ադրբեջանական արկածախնդրությունը - 1

«Թանկարժեք» տղա՞ն

2004թ. փետրվարի 19-ի լույս գիշերը Բուդապեշտում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնի 16 հարվածով սպանած, երկրորդ հային` Հայկ Մակուչյանին սպանել չկարողացած ու 2006թ. ապրիլի 13-ին հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու բազմաթիվ ջանքերի շղթայում թուրք-ադրբեջանական համատեղ հետեւողականությունը, թուրքական հետքը, որ էպիզոդիկ տեսանելի է եղել այս տարիների ընթացքում, ստիպում են նոր հայացք նետել 8 տարի առաջ կատարված սպանությանը, հայատյաց մարդասպանի կերպարին ու արտահանձնման առեղծվածային գործընթացին:

Անշուշտ, Սաֆարովին արտահանձնելուց հետո ակնհայտ տեսանելի հետեւանքներից է այն, որ մարդկային այդ թափթփուկի արարքը Ադրբեջանում հերոսացվում է հասարակության ռազմատենչ ոգին բարձրացնելու նպատակով, որ մարդասպանն ու իշխող կուսակցությունը ձեռք-ձեռքի տված «Ադրբեջանի շահերին ու քաղաքացուն ծառայող ամենակարող ու ամենահաս նախագահի» կերպար են ստեղծում Իլհամ Ալիեւի համար, ով «նվիրված ու տեր է կանգնում» ոչ միայն հերոսներին, այլեւ ամենավերջին քաղաքացուն` ուր էլ որ նա լինի, իբրեւ թե «լուծում է» անհնարին թվացող խնդիրներ, որ Սաֆարովին ազատելը Ղարաբաղը ետ վերադարձնելու նախերգանքն է, եւ այլ էժանագին ներքաղաքական դիվիդենտներ: 

Սակայն, երբ Ադրբեջանի համար այս «նվաճումների» կողքին ենք դնում այն, որ Իլհամ Ալիեւն ու նրա երկիրը դրա դիմաց վճարում են միջազգային ասպարեզում սեփական անձի ու պետության հեղինակության սասանմամբ, ու դրան ավելացնում ենք Սաֆարովին արտահանձնելու դիմաց Հունգարիային նախապես խոստացած (բայց կարծես թե արդեն դրժած) 2-3 միլիարդ եվրոն, ապա այսպիսի վճարն Ադրբեջանի համար անհամաչափ բարձր է, իսկ գործարքում թուրքական համառ միջնորդությունն ու գործակցությունը` առաջին հայացքից անբացատրելի...  

Ո՞վ է իրականում Ռամիլ Սաֆարովը, եւ ի՞նչ նշանակություն ունի նրա գործոնը, ում արտահանձնելն ու ազատություն շնորհելը պետք է այդչափ կարեւոր ու թանկ լինեին Ադրբեջանի ու Թուրքիայի համար` թքած ունենալով երկրի ու հասարակության հեղինակության, 2-3 միլիարդ եվրոյի վրա: Ի վերջո, եթե 2004-2006թթ. Հունգարիան ու ողջ Եվրոպան էին ցնցված 1 ադրբեջանցի մարդասպանի կատարած ոճրի դաժանությունից, այժմ աշխարհն է ցնցված հայ սպայի հեղված արյան վրա արդեն 1 շաբաթից ավել նողկալի խրախճանք անող, մարդասպանին պարգեւատրող ու հերոսացնող ադրբեջանական հասարակությունից: Դրան գումարած այն, որ բոլոր միջազգային կազմակերպություններն ու աշխարհի ուժային կենտրոնները դատապարտել են Ադրբեջանի ղեկավարության արարքը: Մի՞թե Սաֆարովին ազատ արձակելն այդքան թանկ արժեր... Իսկ եթե նրանք անգամ պատրաստ էին այդքան բարձր գին վճարել, ապա ո՞րն է Թուրքիայի եւ Ադրբեջանի` դրանից ավելի թանկ, բայցեւ չերեւացող նպատակը…

Ո՞վ է Սաֆարովը.

ա) Ադրբեջանի համար «հերոսի» մատերիա՞լ, այն էլ` անորակ, ինտելեկտուալ ցածր մակարդակով ու այնպիսի արարքով, որը չի տեղավորվում առողջ բանականության, սպայական պատվի ու արժանապատվության շրջանակներում, եւ այդ մասին եթե ոչ այսօր, ապա վաղը ադրբեջանական հասարակությունն ավելի շատ է խոսելու,

բ) քիլլե՞ր, ով 2004թ. գործել է «պետպատվերի» շրջանակներում եւ սպանությունը կատարել է հանձնարարությամբ, ում բանտում մնալը, այն էլ` օտար երկրում, ոչ մի երաշխիք չէր կարող լինել նրա իմացածը` հանցագործության իրական պատմությունը, երբեւէ ջրի երես չհանելու համար, ինչի  համար էլ դողում են պատվիրատուները,

գ) անգնահատելի գործակալ ու կապավո՞ր երկու եղբայր երկրների համար ու նրանց միջեւ, ում  ադրբեջանական վրիժառությունը հագեցած է թուրքական հակահայկական ատելությամբ` նրան դարձնելով իդեալական գործիք երբեւէ կրկին «սխրանքի» դրդելու համար, թե՞

դ) Ադրբեջանում Ալիեւի նախագահական «վերընտրությունը հանդիսավոր ճոխացնելու», իսկ Թուրքիայի համար հայ-ադրբեջանական լարվածությունը շիկացնելու ու կրակից շագանակներ հանելու գործիք…

Ո՞վ է Ռամիլ Սաֆարովը. Թուրքիան Ռամիլ Սաֆարովի կյանքում

Ի մի բերենք թե՛ Բուդապեշտում քննված քրեական գործում, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցներում առկա տեղեկատվությունը Ռամիլ Սաֆարովի ու նրա կենսագրության մասին: Ռամիլ Սաֆարովը ծնվել է 1977թ. օգոստոսի 25-ին Ջաբրայիլի շրջանում: Ավարտել է յոթամյա դպրոցը եւ ռազմական կրթություն ստանալու նպատակով տեղափոխվել Բաքու: 1991թ. ընդունվել է Ջամշիդ Նախիչեւանսկու անվան ռազմական լիցեյ: 1992թ. սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրամանով, իբրեւ «հաջողակ սպա», գործուղվել է Թուրքիայի Իզմիր քաղաք՝ ուսումը շարունակելու: Այնտեղի «Մալթեփե» ռազմական լիցեյում (այն միջին մասնագիտական հաստատություն է` 1 տարի լեզվի ուսուցմամբ, 3 տարի հիմնական կրթությամբ) ուսումը ավարտելուց հետո 1996թ. ընդունվել է Անկարայի բարձրագույն ռազմական դպրոց (գիմնազիա ցամաքային զորքերի համար, 1 տարի լեզվի ուսուցմամբ եւ 4 տարի հիմնական կրթությամբ. Սաֆարովին այդտեղ այլեւս լեզվի ուսուցման 1 տարին պետք չէր): Այն 2000թ. ավարտելուց հետո Սաֆարովը վերադարձել է Ադրբեջան: Ուսումնական պրակտիկան անցել է Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսում: Այնուհետեւ Բաքվի բարձրագույն ռազմական դպրոցում նա նշանակվել է դասակի հրամանատար: Իսկ 2001թ. մայիսից մինչեւ 2002թ. մարտը Ադրբեջանի ՊՆ նշանակմամբ եղել է Գեդաբեգի շրջանի զինվորական ստորաբաժանումներից մեկի հրամանատար: 2002-ի մարտին գործուղվել է հրամանատարների բարձրագույն ռազմական դպրոց, որտեղ էլ ստացել է ավագ լեյտենատի կոչում: 2003-2004թթ. հունվարին նշանակվել է 150 զինվորից բաղկացած դասակի հրամանատար, որտեղ, իր խոսքերով, զինվորներին կարգապահություն է սովորեցրել (երկրորդ հարցաքննության արձանագրությունից): 2004թ. հունվարին Ադրբեջանի ՊՆ-ն նրան ուղարկել է Հեյդալ Ալիեւի անվան բարձրագույն ռազմական դպրոց: Նույն ամսին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ադրբեջանցի մեկ այլ սպայի` Անար Ալիեւի հետ մեկնել է Բուդապեշտ անգլերեն լեզվի դասընթացների, որտեղ էլ գրեթե մեկ ամիս անց՝ փետրվարին, սպանել է Գուրգեն Մարգարյանին:

Հատկանշական է, որ Ռամիլ Սաֆարովը 1992թ. սեպտեմբերից մինչեւ 2000թ.` 15 տարեկանից մինչեւ 23 տարեկանը, սովորել է Թուրքիայի տարբեր ռազմական հաստատություններում ու պրակտիկա անցել այդ երկրում: Չափազանց շատ բանի մասին է վկայում ոչ միայն այն, որ նա 8 տարի անց է կացրել այդ երկրում, այլեւ որ դեռահասության ու պատանեկության շրջանում աշխարհայացքի ձեւավորման, իբրեւ անհատ կայանալու ու սոցիալիզացիայի համար չափազանց էական տարիքային այդ միջակայքում նա եղել է թուրքական պետության ու նրա ռազմական, քարոզչական դիսցիպլինների ազդեցության ներքո: Մազաչափ անգամ չի կարելի կասկածել, որ այդպիսի երկարատեւ ժամանակահատվածում ու մատղաշ տարիքում նա հայտնված չլինի Թուրքիայի հետախուզության կամ հակահետախուզության տեսադաշտում: Ավելին` մեծ վստահությամբ կարելի է պնդել, որ նա  հավաքագրվել է այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից:

Ռամիլին հավաքագրման կատարյալ օբյեկտ էին դարձնում նաեւ նրա անձնային-հոգեբանական բնութագրերը, որոնք բացահայտել են Հունգարիայում սպանության գործի նախաքննության ու դատաքննության ընթացքում անցկացված փորձաքննությունների արդյունքները: Այսպես՝ երկրորդ բժշկական փորձաքննությունը նրա հոգեբանական տիպի առնչությամբ պարզել է հետեւյալը. «Էպիլեպտոր անձի բնույթ, հակասոցիալական է, կառավարելի, ապրում է իր օրենքներով, հեշտորեն ենթարկվում է այլոց ազդեցությանը: Իր արարքը, ինչպես նաեւ` կատարվածի վերաբերյալ ռասիստական հայացքը համարում է օրինաչափ…», «ցանկություն է առաջանում իր վրա հրավիրել ուշադրությունը` իբրեւ ազգային հերոս»: Ռամիլ Սաֆարովի հոգեբանական տիպով զինվորականին զինված ուժերում ներգրավելու կապակցությամբ իր զարմանքն է հայտնել անգամ դատահոգեբանական փորձագետը, ով իր եզրակացության մեջ գրել է. «Բնական է, որ նրան պետք է զննեին, երբ Ադրբեջանի բանակի շարքերն էին ընդունում եւ երբ ուղարկում էին սովորելու»: Միգուցե Ադրբեջանի նման պետությունում նման հաստատություններ ընդունելուց առաջ կարող էին դիմորդի հոգեբանական թեսթավորում չանցկացնել (ինչը կասկածելի է): Սակայն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում, որի ռազմական հաստատություններն այս կամ այն չափով համապատասխանում են Դաշինքի քոլեջների ստանդարտներին, բացառված է, որ որեւէ եղանակով չիմանային Ռամիլ Սաֆարովի հոգեբանական կերպարը:

Եթե 2004թ. փորձագիտական եզրակացությունը 27 տարեկան Ռամիլ Սաֆարովի հոգեբանական տիպի համար բնորոշ է համարում արտաքին մանիպուլյացիաների ու ազդակների միջոցով նրա վարքագծի վրա ներազդելը, ապա պատկերացնել կարելի է, թե որչափ կառավարելի ու այլոց ազդեցության տակ ընկնող է եղել նա 15-ամյա հասակում` Թուրքիայում ուսանելիս: Իսկ թե այնտեղ ի՞նչ են սովորեցրել Ռամիլ Սաֆարովին, կարելի է դատել նրա առաջին ցուցմունքներից, որոնք Հայկ Դեմոյանը դիպուկ բնութագրել է իբրեւ «անթույլատրելի անկեղծացում ուսուցման «ենիչերիական» շրջանի մասին». «Տարբեր գործիքներով մարդկանց սպանելը ինձ սովորեցրել են Թուրքիայում… Տեսական պարապմունքներից հետո մենք 45-օրյա հատուկ պատրաստության տեսքով պրակտիկա ենք անցել Կիպրոսում (Թուրքական օկուպացիայի ներքո գտնվող հատվածում)»: Վստահաբար կարելի է նաեւ ընդունել, որ Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի «ձեռնարկներն ու դասընթացները» կառուցված են եղել քրդական ու հայկական «ահաբեկչությունների» (Սողոմոն Թեհլերյանի, ԱՍԱԼԱ-ի օրինակներով) սպառնալիքների վրա:

Դեռահասության ու պատանեկության շրջանում Ռամիլ Սաֆարովին միայն «սպանելու թուրքական արվեստը» չէ (բնորոշումը Հայկ Դեմոյանինն է), որ ուսուցանել են Թուրքիայում: Հայատյացության հողի վրա սպանություն կատարելու սերմը նրա մեջ այնպես էր «կուլտիվացվել», որ հայի արյուն հեղելը հնարավոր էր լինելու թե «ինքնաբուխ», թե պատվիրված եղանակով` հաշվի առնելով մարդասպանի հակասոցիալականությունը, ներազդելիությունն ու կառավարելիությունը:

Այս համատեքստում չեն կարող չծագել այնպիսի առանցքային հարցադրումներ, ինչպիսիք են. արդյո՞ք ինքնաբուխ էր Բուդապեշտում երկու հայ սպաների` Գուրգեն Մարգարյանի ու Հայկ Մակուչյանի սպանության ծրագրավորումը, թե՞ պատվիրված: Իսկ եթե սպանությունը պատվիրված էր, ապա ո՞վ էր դրա պատվիրատուն` Ադրբեջա՞նը, թե՞ նրա հետ միասին նաեւ Թուրքիան, ում հոգեզավակն էր Ռամիլ Սաֆարովը: Երկրորդ հարցադրումն առավել լեգիտիմ ու կարեւոր է դառնում այնպիսի ակնհայտ փաստերի պատճառով, երբ ժամանակին թուրք-ադրբեջանական տանդեմը նախ փորձեց ամեն գնով դատավարությունն Ադրբեջան տեղափոխել, ապա ձախողվելուց հետո միահամուռ ուժերով ձեռնամուխ եղավ դատավարության ընթացքում մարդասպանին արդարացնելու, գործի այլ հանգամանքներ կոծկելու, դատավորին ու դատախազին կաշառելու փորձերին եւ, վերջապես, 2012թ. հաջողեց ցմահ ազատազրկման դատապարտված ոճրագործին Ադրբեջան փախցնել, այն էլ` անհամաչափ թանկ գնով:

Հետեւաբար, տարիների խորքից նորովի հայացքը 2004թ. փետրվարյան Բուդապեշտին կարող է կարեւոր բացահայտումներ ու ուղղություններ տալ…

Շարունակությունը՝ հաջորդիվ 

Ստյոպա Սաֆարյան,
վերլուծաբան

Մեկնաբանություններ (2)

Mleh (Beirut)
Saudi Gazette - A serious error http://www.saudigazette.com.sa/index.cfm?method=home.regcon&contentid=20120906135181
Mleh (Beirut)
Comment in Saudi Gazette - Editorial, 06.09.12 http://www.saudigazette.com.sa/index.cfm?method=home.regcon&contentid=20120906135181 6. Mikail, or whatever your name is, Safarov, a typical COWARD, killed a sleeping man. Very characteristic to those who instigated the Gharabagh Liberation War by committing bloody massacres against peaceful Armenian citizens, women and children in the Azerbaijani cities of Sumgait (27.Feb., 1888)http://en.wikipedia.org/wiki/Sumgait_pogrom & in Capital Baku (12-21 Jan., 1990)http://en.wikipedia.org/wiki/Pogrom_of_Armenians_in_Baku encouraged by Moscow. However, they lost the War on the front.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter