HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ գյուղացիները մատնված են գայլերի քմահաճույքին

Վերջերս մամուլի ասուլիսով հանդես եկավ «Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության ղեկավար Էդուարդ Սարիբեկյանը, և զարմանքով իմացա, որ Հայաստանում ընդհանրապես որսորդներ կան: Հեգնանքիս թիրախը, սակայն, առաջին հերթին ոչ թե նա է, այլ «Հայաստանի որսորդների և ձկնորսների միություն» հասարակական կազմակերպությունը և նրա որսորդ անդամները: Ո՞ւր եք, հարգելիներս, գայլերը ոչ միայն ձմռանը, այլև ամռանն են անարգել հարձակվում հայկական գյուղերի վրա, քիչ է մնում մարդկանց տները մտնեն, համենայն դեպս, տանում կամ հենց տեղում հոշոտում են շատ գյուղացիների համար ապրուստի վերջին միջոցը՝ անասունները:

Բազմաթիվ ու համեմատաբար թարմ փաստերից ընդամենը 1-2-ը ներկայացնեմ: Օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը գայլերը Շիրակի մարզի սահմանամերձ Շաղիկ գյուղում՝ հենց տան մոտ, խժռել են բնակիչներից Մարզպետի հորթը՝ թողնելով միայն կենդանու գլուխը և թիակներից մեկը: Դրանից մի քանի օր առաջ գայլերը նույն գյուղում կերել էին բնակիչներից մեկ ուրիշի քուռակը, ավելի վաղ՝ հոշոտել հարակից գյուղերի անասունները:

Գյուղացիներն իրենց ուժերով չեն կարողանում պայքարել գայլերի դեմ, հրացան չունեն: Շշուկով ասում են, որ եթե մեկ-երկուսն էլ ունեն, չեմ համարձակվում դրանով գայլ խփել, որովհետև գյուղը փոքր տեղ է, միևնույն է՝ կիմացվի, իսկ դրանից խուսափում են, քանի որ այդ 1-2 հրացանն օրինական գրանցում չունի: Բացի դրանից՝ գայլը շատ խելացի, խորամանկ կենդանի է, ասում են՝ զգում է, որ իրեն հետապնդում են, և այդ վայրերում երկար ժամանակ չի երևում: Հիշենք նաև այս տարվա մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը Շիրակի մարզի Ջրառատ համայնքում արձանագրված դեպքը. գայլերը Փայլակ Իսրայելյանին պատկանող փարախում 36 ոչխար էին հոշոտել:

Ընդհանրապես գայլերի հարձակումները Շաղիկում, շրջակա և Շիրակի մարզի այլ գյուղերում դարձել են սովորական, գյուղացիներն էլ կարծես համակերպվել են իրենց ճակատագրին, ոչ Շիրակի մարզպետին են դիմում, ոչ էլ ՀՀ բնապահպանության կամ գյուղատնտեսության նախարարություններին՝ հավանաբար մտածելով, որ օգուտ չի լինի:

Մինչդեռ պատճառվող վնասը՝ թե ֆինանսական, թե սոցիալական և հոգեբանական հետևանքների առումով, հսկայական է: Գայլերի հոշոտած անասունների մի մասը գյուղացիները վարկով է ձեռք բերած եղել: Խոսքը ոչ միայն նշված գյուղում կամ Շիրակի մարզում, այլև Հայաստանի տարբեր գյուղերում գայլերի պատճառած լուրջ վնասի մասին է: Կարծիք կա, որ գայլերի հարձակումները հաճախակի են դարձել որսագողության հետևանքով նրանց բնական կեր հանդիսացող կենդանիների քանակի էական կրճատման հետևանքով:

Դեպքերի միայն չնչին մասին են լրատվամիջոցները տեղեկանում ու տեղեկացնում հանրությանը, Շաղիկում կատարված դեպքերի մասին էլ չի հայտնվել:

Մեկնաբանություններ (1)

KARABALA
Ayd gaylerin mer azgayin joxovi hastsen tveq, kxabven kgan, mi yerku sfat ktesnen yev verjnakan kheranan Hayastanits...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter