HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Վենետիկի 54-րդ բիենալեն` ուշադրության կենտրոնում

Այս օրերին արվեստի աշխարհի ողջ ուշադրությունը բեւեռված է Իտալիայի Վենետիկ քաղաքին: Այսօր մեկնարկում է ժամանակակից արվեստի Վենետիկի բիենալեն` 54-րդը, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Երկար տարիների ընթացքում հենց այս արվեստի ֆորումում են ցուցադրվել 20-րդ դարի լավագույն արվեստագետները:

Բացի ազգային ներկայացուցչություններից, որոնք ցուցադրում են այս կամ այն պետության ամենաակտուալ եւ հեղինակավոր արվեստագետներին, բիենալեի շրջանակներում անց են կացվում երկու հսկա կոլեկտիվ ցուցադրություններ, մեկը` Pro Art տաղավարում, մյուսը` Արսենալեում, որը նախկինում նավաշինական գործարան է եղել:

Բիենալեի բոլոր միջոցառումները տեղի են ունենում պաշտոնական բացումից մի քանի օր առաջ: Հունիսի առաջին երեք օրերին մասնագիտական «preview»-ն է, այս օրերին արտ-բիենալեն կարող էին տեսնել միայն հավատարմագրված մասնագետները: Սովորական այցելուները տաղավարներով շրջելու հնարավորություն կունենան հունիսի 4-ից` բիենալեի բացումից հետո մինչև նոյեմբերի 24-ը: Ազգային տաղավարների բացման հանդիսավոր արարողությունները տեղի են ունեցել երեկ, եւ կլինեն նաեւ այսօր: Վաղն արդեն կհանձնվեն Վենետիկյան բիենալեի «Ոսկե առյուծները», որոնք նախատեսված են լավագույն արվեստագետի, երիտասարդ արվեստագետի, ազգային տաղավարի, լավագույն անդրադարձի եւ արվեստում նշանակալի ավանդի համար: Արդեն հայտնի է, թե ովքեր են մրցանակների արժանանալու արվեստում նշանակալի ավանդի համար, դա Էլեն Ստյուրտեւանն է եւ Ֆրանց Վեստը:

Վերջերս հայտնի է դարձել նաեւ, որ իտալական UniCredit բանկը իր այլընտրանքային մրցանակն է սահմանել` 150 հազար եվրո, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի 19 երկրների արվեստագետների համար, այդ թվում են նաեւ նախկին խորհրդային երկրները:

Վենետիկի ժամանակակից արվեստի 54-րդ բիենալեի կուրատորը աշխարհում ճանաչում ունեցող արվեստաբան շվեյցարուհի Բիչե Կուրիգերն է: Նրան հաճախ երկաթե լեդի են անվանում, նա Parkett ամսագրի հիմնադիրն է եւ գլխավոր խմբագիրը, Zurich Kunsthaus թանգարանի կուրատորը:

Նրա հայտարարած բիենալեի թեման "ILLUMInations" է, որն իր մեջ ներառում է լուսավորչության, նորարարության, մարդկանց եւ տարբեր ազգային ինքնությունների միավորումը: «Վենետիկի բիենալեն աշխարհի ամենակարեւոր ֆորումներից մեկն է համաշխարհային արվեստի ժամանակակից զարգացումների տարածման եւ լուսավորելու համար,- ասել է Բիչե Կուրիգերը: -54-րդ բիենալեի խորագիրը` ILLUMInations, ուշադրություն է հրավիրում այս ջանքերի կարեւորությանը գլոբալիզացված աշխարհում: Որպես ամենամեծ եւ ամենահին բիենալե` Վենետիկի բիենալեն միշտ շարժվել է միջազգային ոգով, եւ դա նույնիսկ ավելի շատ է նկատվում այս ժամանակներում, երբ արվեստագետներն իրենք դարձել են թափանցող միգրանտներ եւ մշակութային զբոսաշրջիկներ»:

Հայաստանի 54-րդ Միջազգային ցուցահանդեսին ներկայացնում են Մհեր Ազատյանը, Գրիգոր Խաչատրյանը և Աստղիկ Մելքոնյանը: Հայաստանի տաղավարը կբացվի այսօր` երեկոյան ժամերին:

Բացի այս արվեստագետներից, ովքեր ներկայացնելու են Հայաստանի տաղավարը, Վենետիկի բիենալեում հանդես կգան Հայաստանից ևս երեք արվեստագետներ՝ Արչի Գալենցը իր «Սև այգի» (Ղարաբաղ) - մենթալ քարտեզագրում» 9 գունավոր լիտոգրաֆիկ աշխատանքներով, Կարեն Հակոբյանը և Հարություն Սիմոնյանը՝ «Ինչպես գաղութացնել մի ազգ 19 քայլից» պերֆորմատիվ ինտերակցիայով: Այս երեք արվեստագետները «Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն են: Տաղավարի հայեցակարգային նախագիծը մշակել և արվեստագետներին հրավիրել են կուրատորներ Վարդան Ազատյանը, Ռուբեն Արևշատյանը և Նազարեթ Կարոյանը։

Տաղավարի հանձնակատարն է Նոր մշակութային քաղաքականություն հիմնադրամի նախագահ Վիկտոր Մնացականյանը։ Տաղավարը զետեղված կլինի Մուրադ-Ռաֆաելյան վարժարանի շենքում, Վենետիկի նշանավոր ճարտարապետական հուշարձաններից մեկը համարվող Պալացո Զենեբիոյում:

Վենետիկի 54-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի իրականացմանը աջակցում է ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և Նոր մշակութային քաղաքականություն հիմնադրամը։ Այս հիմնադրամը, որի նպատակն է Հայաստանում մշակութային նոր քաղաքականության մշակումը, ստեղծվել է 2010թ. Վիկտոր Մնացականյանի և Արմինե Անտիկյանի համագործակցությամբ: Հատկանշական է նշել, որ այս հիմանդրամը իր կարևոր նպատակներից է համարում նաև համագործակցության եզրեր ստեղծել պետական մարմինների և մշակութային հաստատությունների, ինչպես նաև անհատ արվեստագետների ու գործիչների միջև:

Վենետիկ մեկնած մեր արվեստագետները որոշել են «Ձեռնարկներ. արդիության ճակատագրերը» խորագրի ներքո հանդես գալ բանախոսությունների և քննարկումների շարքերով, որոնք տարբեր դիտակետերից կշոշափեն հայության և արդիությունների փոխառնչությունը:

Արդիություն. հայկական փորձառություններ շարքը 18-րդ դարից սկիզբ առնող ձեռնարկների օրինակով, կարծարծի հայերի շրջանակում արդիականացման բաղձանքների իրականացման փորձերը, որպես ազգային-քաղաքական անկախության վերականգնման հնարավորություններ: Արդիություն և ժամանակակից արվեստ բանախոսությունների և քննարկումների շարքը կարծարծի ժամանակակից արվեստի կապը արդի արվեստում մշակված պրակտիկաների և հարցադրումների հետ:

Քաղցր վաթսունականներ բանախոսությունների շարքը, որը 1960-ականները դիտարկում է որպես արդիության վերաիմաստավորման վճռական տասնամյակ, վերանայում է այդ տարիների հետ առնչվող մեծ պատումները, տեղ տալով դրանցից դուրս մնացած տեղական, լուսանցքայնացված մշակութային և սոցիալ-քաղաքական իրավիճակներին:

Մինչ այս տարվա բիենալեն` Հայաստանի ներկայացուցչությունը օժանդակվում էր սփյուռքի ֆինանսական միջոցներով, սակայն այս տարի արդեն Հայաստանը ներկայացնելու իրավասությունը վերապահված է մշակույթի նախարարությանը: Արվեստագետների այս նոր խմբին առաջին անգամ է վստահվել ներկայացնել Հայաստանի ժամանակակից արվեստը Վենետիկի բիենալեին, ինչքանո՞վ կհաջողվի արդյոք նրանց անել այն, ինչը մինչեւ այժմ չի հաջողվել անել ՆՓԱԿ-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter