HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառները շարունակում են անխնա հատվել

Քարինջ-Ահնիձոր ճանապարհահատվածում նախօրերին սպասում էի Լորուտի անտառապետության անտառներից դուրս եկող փայտով բեռնված ավտոմեքենաներին: Անտառից դուրս եկող ճանապարհներն անվերահսկելի և բաց են անօրինական փայտահատների համար: Իսկ ո՞վ է ապահովում այդ անվերահսկելիությունը:

Թումանյանի տարածաշրջանում շրջանառվում է Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի անունը: Թվում էր՝ Մոտկորի ճանապարհներին ամեն ինչ խաղաղ է, սակայն ժամը 18:30-ի սահմաններում Ահնիձորի գյուղամիջյան ճանապարհներից մեկում հանդիպեցինք փայտով բերնեբերան բարձված երկու բեռնատարի: Բեռնված փայտի վրա նստած մի քանի երիտասարդներ, ըստ երեւույթին, փայտահատներ հրճվանքով նայում էին գյուղին:

Ավտոմեքենաները ձեռքի նշանով փորձեցինք կանգնեցնել: Վարորդները չկանգնեցին: Երբ սկսեցինք լուսանկարել 33 SI 472 համարանիշով բեռնատարը, նշյալ երիտասարդներից մեկը բղավեց. «Արա, նկարում ա»:

Երկու բեռնատարներում «տեղավորված» երիտասարդները երեսնիվայր պառկեցին փայտի վրա:

«Հլա կանգնի, էդ ինչի՞ հմար ես նկարում»,- բղավեց գյուղամիջում կանգնած ահնիձորցի մի տղամարդ: Նրա հետ խոսքի չբռնվեցինք: Երկու ավտոմեքենաներում բեռնված գերանների վրա ծառերի առողջ տերևները պահպանվել էին:

Լորուտ-Ահնիձոր ճանապարհահատվածին հարող ծածուկ մի վայրում մեր ուշադրությունը գրավեց 33 UV 472 համարանիշով մեկ այլ բեռնատար: Երբ մոտեցանք, պարզվեց, որ այն նույնպես բեռնված էր փայտով, բայց այն ծածկված էր կտորով: Ավտոմեքենայի վարորդը չկար ու նրան գտնել մեզ չհաջողվեց:

Բեռնատարից 15-20 մետր հեռավորության վրա նոր հատված գերանների 2 կույտ կար: Ահնիձորի անտառների վիճակի մասին զրուցեցինք գյուղապետ Վանիկ Քառյանի հետ: Նա սկզբում ասաց, որ անօրինական հատումների պատճառով կրակն է ընկել, բայց ձայնագրիչը միացնելուց հետո նշեց, որ իրենց կողմից «անտառները մի քիչ պաշտպանվում են»:

«Իհարկե, մեր գյուղացիներն անտառից փայտ են տանում, բայց օրինական են տանում»,- վստահեցրեց գյուղապետը: Նոր հատված ծառեր կային նաեւ Քարինջ-Մարց մինչհամայնքային ճանապարհի եզրերին: Հատված ծառերի որոշ գերաններ կնքված էին, սակայն կային նաեւ չկնքված՝ ապօրինաբար հատված ծառեր:

Մեր տեսածի մասին ասացինք «Հայանտատ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Վահե Քառյանին:

«Դա, հավանաբար, Ահնիձորի գյուղացիներին է եղել: Որպես անտառամերձ բնակավայրի բնակիչներ՝ նրանց անվճար 8 խմ փայտ է տրամադրվում»,- ասաց անտառտնտեսության պետը: Սակայն իրականում այդ դեպքում եւս Լորուտի անտառապետությունը պարտավոր է գյուղացիներին տրամադրել փայտն օրինական հատելու մասին համապատասխան փաստաթուղթ: Բացի դրանից, եթե վերոնշյալ բեռնատարներում առկա փայտն աօպրինաբար չէր հատվել, փախչելու իմաստը ո՞րն էր:

Վահե Քառյանը նշեց, որ Լորուտ-Ահնիձոր ճանապարհահատվածին հարող տարածքում կանգնած եւ փայտով բեռնված 33 UV 472 համարանիշով բեռնատարից տեղյակ չէ: Որքա՞ն փայտի մթերում է նախատեսված Լորուտի անտառապետության համար: «Դսեղի անտառտնտեսության» պետը նշեց. «Սենց չեմ կարող ասել»:

Վահե Քառյանը խորհուրդ տվեց անտառներում լրագրողական աշխատանքներ կատարելիս իրեն նախապես տեղյակ պահել, իսկ շրջայցի գնալ միասին:

Հիշեցնենք՝ դեռ 2011թ. օգոստոսի 16-ին «Անտառը հատում են. ոչ ոք դրան չի խանգարում» հրապարակմամբ «Հետքն» ահազանգել էր, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Լորուտի անտառապետության անտառապետ Թոմ Մաթևոսյանը անտառից անօրինական, առանց անդորրագրերի փայտ է տեղափոխում (փայտ տեղափոխող 3 ավտոմեքենայից 2-ը համապատասխան փաստաթուղթ չուներ): Հոդվածի առնչությամբ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի կողմից 2011թ. օգոստոսի 17-ին գրավոր հանձնարարություն տրվեց ոստիկանության Թումանյանի բաժնին: Բաժնի օպերատիվ աշխատանքների գծով տեղկալ, ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Տիտանյանը և ոստիկանության կապիտան, բաժնի քրեական հետախուզական բաժանմունքի օպեր լիազոր Լեռնիկ Գիգոլյանը մարզի դատախազի հանձնարարականը կատարելիս կազմել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Ոստիկանները անտառում բեռնված ավտոմեքենաների փայտի օրինականությունը հիմնավորելիս բավարավել էին «Դսեղի անտառտնտեսությունում» իրենց ներկայացրած անդորրագրերով, որոնք պատրաստվել էին «Հետքի» ահազանգից հետո:

Որոշման մեջ ոստիկանության պաշտոնյանները շրջանցել են անտառապետ Թոմ Մաթևոսյանի կողմից առանց անդորրագրերի անտառից փայտ տեղափոխելու փաստը: Նման որոշումներ, առանց մարզի դատախազ Կարեն Շահբազյանի ցուցումի, չեն լինում: Ոստիկանների որոշումն էլ անտառապետ Թոմ Մաթևոսյանի համար դարձել է հաղթաթուղթ: «Դսեղի անտառտնտեսության» Լորուտի անտառապետության հսկողության տակ գտնվող անտառները շարունակում են անխնա հատվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter