HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին գյուղապետը կամովին չի կատարում դատարանի վճիռը

Լեռնապատի արդեն նախկին գյուղապետ Վանո Եղիազարյանը «Հետքի» թղթակից Ադրինե Թորոսյանին դատի տալով նրանից հերքում ու ներողություն էր ակնկալում և 1 միլիոն դրամ, իսկ հետո արդեն 1 լումա փոխհատուցում:  Բայց դատը պարտվելով՝ նախկին գյուղապետը հայցվորից վերածվեց պարտապանի. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Վանո Եղիազարյանի հայցը մերժելով, միաժամանակ պարտավորեցրեց նրան հօգուտ լրագրողի վճարել 150  հազար դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար:

Արդեն երրորդ ամիսն է՝ պարտված գյուղապետը կամովին չի կատարում դատարանի վճիռը, ուստի քաղաքացիական գործով նախկին պատասխանող, իսկ այժմ պահանջատեր Ադրինե Թորոսյանը դիմել է ԴԱՀԿ՝ նախկին գյուղապետի նկատմամբ կատարողական վարույթ հարուցելու պահանջով:

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 30, 40, 44, 67 հոդվածներով՝ սեպտեմբերի  7-ին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀՀ ԱՆ ԴԱՀԿ) Լոռու մարզային բաժնում կայացվել է որոշում՝ կատարողական վարույթ հարուցելու, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու և պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, ըստ որի՝ Ադրինե Թորոսյանին վճարելիք 150 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումարի հետ Վանո Եղիազարյանից բռնագանձվում է նաև 7500 դրամ՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախս, Վանո Եղիազարյանին պատկանող շարժական ու անշարժ գույքը դրվում է կալանքի տակ և դրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում՝ պարզելու սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի, գույքային իրավունքերի և դրամական միջոցների գտնվելու վայրը, կազմն ու քանակը:

Այս դատական գործում լրագրողի շահերը պաշտպանել են փաստաբաններ Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը:

Մեկնաբանություններ (1)

Levik
Nkarum vorn eh nakhkin gyughapetu???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter