HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Ռուս ավանգարդիստի ցուցահանդեսը Պատկերասրահում (վիդեո)

Ազգային պատկերասրահում բացվել է ռուսական ավանգարդի վառ ներկայացուցիչներից մեկի` Գեորգի Յակուլովի ցուցահանդեսը: Նկարչի ստեղծագործությունների մեծ մասը Պատկերասրահում վերականգնվել էր վերջին հինգ տարիների ընթացքում: Յակուլովը նկարիչ-նորարար է, կոնստրուկտիվիզմի հիմնադիրը ռուսական և հայկական բեմանկարչությունում:

Այս նկարիչը ստեղծել է իր ժամանակի համար եզակի` գույնզգույն արեգակների և ոճերի ծագման տեսությունը: Նա ուսումնասիրել է արեւի լույսի եւ գույների ռիթմը եւ շարժումը տարածության մեջ: Նրա նպատակն էր ստեղծել արեւելքի եւ արեւմուտքի մշակույթներից սինթեզված մի նոր արվեստ, որը կկոչվեր Արեւելյան վերածնունդ եւ կհակադրվեր Արեւմտյան ռենեսանսին:

Ցուցահանդեսին ներկայացված է 86 ստեղծագործություն` նկարչի գեղանկար, գրաֆիկական աշխատանքները և թատերական ձևավորումները:

Ցուցահանդեսը կարեւոր է նաեւ այն առումով, որ կազմվել է Յակուլովի ստեղծագործությունների առաջին գիտական կատալոգը, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Յակուլովի արվեստով հետաքրքրվողների համար: Գրվել է մենագրություն, որի մեջ ներառված են նկարչի անտիպ տեսական հոդվածները, նամականին: Իրինա Բաղդամյանի հեղինակած ալբոմում ներկայացված են նաև տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում գտնվող նկարչի աշխատանքները:

«Մենք արվեստագետներ ունենք. որոնց դիտարկում ենք հիմնականում հայ մշակույթի համապատկերի մեջ, մի տեսակ տեղական, լոկալ սահմաններում, բայց մենք ունենք նաեւ արվեստագետներ, որոնց ստեղծագործությունը դուրս է գալիս հանրապետության սահմաններից: Մեր այդպիսի արվեստագետներից առաջինը, իհարկե, Մարտիրոս Սարյանն է, մյուսը` անշուշտ Գեորգի Յակուլովն է»,- կարծում է Յուրա Խաչատրյանը:

Յակուլովը հայտնի արվեստի տեսաբան է. նա հեղինակել է ավելի քան 40 հոդված և ուսումնասիրություն: Նա նաեւ բեմանկարիչ է. 23 իրականացված բեմադրություն է ձևավորել Մոսկվայում, Մինսկում, Թիֆլիսում, Բաքվում, Երևանում, Փարիզում և այլ քաղաքներում: Դասավանդել է ՎԽՈՒՏԵՄԱՍ-ում: Նրա ստեղծագործությունները մինչև օրս ցուցադրվում են տարբեր երկրներում կազմակերպված ցուցահանդեսներում: Նրա ներդրումը համաշխարհային թատրոնի, գեղանկարչության եւ արվեստի տեսության պատմության մեջ անգնահատելի է:

Յակուլովը ծնվել է Թիֆլիսում, սակայն 1893 թվականից ապրել, սովորել և ստեղծագործել է Մոսկվայում: Այնտեղ սովորել է Լազարյան ճեմարանում, ապա Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: 1904թ. մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին` Հեռավոր Արևելքում, իսկ 1914թ.` Առաջին համաշխարհային պատերազմին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter