HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

ՌԴ հայազգի սենատորը հանձնում է Այվազովսկու գողացված նկարը (վիդեո)

Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների ուղեկցությամբ Հովհաննես Այվազովսկու 21 տարի առաջ գողացված կտավը տեղափոխվել է Ազգային պատկերասրահ։ Տարբեր հավաքորդների կողմից մի քանի անգամ վերագնված այս կտավի վերջին սեփականատերը դարձել է ՌԴ հայազգի սենատոր Հովհաննես Օհանյանը:

«Երևի ինչ-որ տեղ վերևում, երկնքում էր այդպես որոշված, որ այս կտավը հենց ես պետք է ձեռք բերեմ»,- Ազգային պատկերասրահում ասել է ՌԴ հայազգի սենատորը:

Կտավը այս տարվա փետրվարի 26-ին վաճառքի էր հանվել Մոսկվայի հնարժեք իրերի «Գելոս» աճուրդատանը։ Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերում» կտավը եղել է թոփ-լոտերի շարքում: Այվազովսկու  կտավի մեկնարկային գինը կազմակերպվող աճուրդում սահմանված էր  5,5-8 մլն ռուբլի:

Երկար տարիներ նկարի գտնվելու վայրն անհայտ է եղել, մինչեւ արվեստաբան Շահեն Խաչատրյանը, նայելով աճուրդատան կայքը, պատահաբար հայտնաբերել է նկարը: Կտավը հանվում է վաճառքից, երբ ՀՀ կենտրոնական քննչական վարչության աշխատակիցները Շահեն Խաչատրյանի հետ ուղեւորվում են Մոսկվա:

Հավաքորդը, ում հավաքածուում կան 200-ից ավելի աշխատանքներ, իմանալով, որ նկարը գողացված է, որոշում է կայացրել վերադարձնել նկարը Հայաստան: Օհանյանը տեղելացրեց, որ նկարը նա գնել է մարդկանցից, ովքեր Ռուսաստանի ամենահայտնի անձանցից են, սակայն խուսափեց անուններ տալ: «Գնելիս այդ պատճառով ոչ մի կասկած չունեի, թե նկարը կարող է որեւէ քրեական անցյալ ունենալ: Այդ մարդկանց հեղինակությունն այնքան բարձր էր ու անբիծ, որ ոչ մի կասկած չկար»,- ասաց նա:

Սենատորն ասում է, որ նկարը նա ձեռք է բերել մոտ յոթ տարի առաջ` նախապես ստուգելով նրա ծագումը: Նկարը գնելիս ինքը դիմել է Ինտերպոլին` պարզելու` այն հետախուզվում է, թե ոչ, սակայն նրան Ինտերպոլից տղեկացրել են, որ «Փոթորիկ ժայռի ափերին» գործը հետախուզվող կտավների թվին չի պատկանում: Փաստը, որ Ինտերպոլի և Ռուսաստանի մշակութային պահպանության ստուգումները ոչինչ չեն հայտնաբերել, նրան թույլ է տվել ձեռք բերել այդ գործը:

Ենթադրություն կա, որ այս նկարը Հայաստանից դուրս է բերվել 1996 թվականին, իսկ այդ ժամանակ ընդհանուր հետախուզական համակարգի մեջ Հայաստանը ներգրավված չի եղել: Թերեւս դա է եղել պատճառը, որ գողացված նկարը պարզապես ֆիքսված չի եղել:

Նկարի տեղափոխման առիթով Երեւան են ժամանել նաեւ Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված օրենսդրության կատարման վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Պետրակովը եւ նույն ծառայության մշակութային արժեքների հայտնաբերման ու վերադարձման բաժնի պատասխանատու Օլեգ Դերեւյանկոն:

«Ցանկացած նման քրեական գործի պատմության մեջ այնպես է լինում, որ տարիների ընթացքում նկարը երբեմն փոխում է տասից ավելի սեփականատեր: Փորձը ցույց է տալիս, որ եթե գողություն է տեղի ունենում, ամենակարեւորը` պետք է մաքսիմալ կերպով տեղեկացնել բոլոր նրանց, ում հնարավոր է, եւ ոչ թե թաքցնել տեղեկատվությունը: Երբ դրա մասին իմանում են բոլորը, այդ նկարը հնարավոր չէ վաճառել»,- ասում է Վիկտոր Պետրակովը:

«Փոթորիկ ժայռոտ ափերին» նկարը Երեւան էր տեղափոխվել 1957-ին ֆրանսահայ հայտնի նկարահավաք Աբրահամ Ջինջյանի նվիրաբերած 40 աշխատանքների հետ միասին: Ֆրանսահայ երիտասարդաց միությունը (ԺԱՖ) Այվազովսկու 1875 թվականին ստեղծած գործը նվիրում է ԱՕԿՍ-ին: Նկարը գողացվել է այս կազմակերպության ընդունելությունների դահլիճից 1990-ին:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մինչ նախարար նշանակվելը ղեկավարում էր 1944 թ. ստեղծված ԱՕԿՍ կազմակերպությունը: Այվազովսկու հայտնի կտավը գողացել էին այն օրերին, երբ ԱՕԿՍ-ում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում: «Առավոտյան, երբ բոլորս եկանք աշխատանքի, հայտնաբերեցինք դեն նետած շրջանակներ, շրջանակի վրա մի փոքր հատված, եւ պարզ դարձավ, որ շտապելով, արագորեն եւ ոչ պրոֆեսիոնալ ձեւով առեւանգվել է»,- ասում է մշակույթի նախարարը:

Նրա խոսքերով ԱՕԿՍ-ին ընդհանրապես մի քանի անգամ տարբեր ժամանակներում հավաքածուներ են նվիրաբերվել, եւ հիմնականում դրանք տեղափոխվել են տարբեր թանգարաններ: Այվազովսկու նկարը միակն էր, որը կազմակերպությունը որոշել է պահել իրեն:

«Այսօր, երբ վերադարձնում էինք, կարող էինք նույն ճանապարհով ետ վերադարձնել կազմակերպությանը, բայց որոշում կայացվեց, որ դա պետք է անմիջապես գա պետական պատկերասրահ, որ մենք այսուհետ ապահովենք այս կտավի անվտանգությունը»,- ասում է Հասմիկ Պողոսյանը:

Հավելենք նաեւ, որ դեռեւս հետախուզման մեջ է գտնվում վերջին տասնամյակներում գողացված Այվազովսկու վրձնին պատկանող 4 կտավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter