HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ընդամենը 1 միլիոն՝ նախատեսված 8 միլիոնի փոխարեն

Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Բյուրականի աստղադիտարանում տեղի է ունենում երիտասարդ աստղագետների միջազգային գիտաժողով՝ ամառային դպրոցի տեսքով: Դպրոցի տևողությունը մեկ շաբաթ է և կավարտվի վաղը՝ սեպտեմբերի 22-ին: Մասնակցում են ուսանողներ Ռուսաստանից, Լեհաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Իրանից և Հայաստանից: Դասախոսություններ կարդացող հայտնի մասնագետների թվում էր տիեզերագնաց Չարլզ Դյուկը, ով մեկն է այն 12 հոգուց, որ եղել են լուսնի վրա:

Նմանօրինակ գիտաժողովը բացառիկ հնարավորություն է տալիս նոր գիտելիքներ, որակներ և փորձ ստանալ հայ երիտասարդ աստղագետներին, ովքեր հնարավորություն չունեն մասնակցել միջազգային գիտական միջոցառումներին, քանի որ Հայաստանում չկա համապատասխան գիտական ֆոնդ:

Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, ով նաև զբաղվում է ամառային դպրոցի կազմակերպչական հարցերով, հայտնեց, որ կառավարության որոշման նախագիծ է եղել, համաձայն որի՝ այս միջոցառման համար պետբյուջեից պետք է տրամադրվեր 8 միլիոն դրամ: 

«Սակայն չգիտես ինչպես այդ փողերը կորան, և մեզ հատկացվեց ընդամենը որոշ գումար «մանր» ծախսերի համար»,- ասաց Արեգ Միքայելյանը և նշեց իրենց հատկացված գումարի չափը՝ ընդամենը 1 միլիոն դրամ, որից կես միլիոնը բավականացրել է միայն Երևանից Բյուրական տրանսպորտային ծախսերը հոգալու համար:

Ամառային դպրոցը կազմակերպելու համար Բյուրականի աստղադիտարանին գումար պետք է տրամադրվեր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից՝ վերաբաշխման միջոցով: Կոմիտեի պարզ ու «տրամաբանական» վերաբաշխման արդյունքում գիտաժողովի կազմակերպմանը հատկացվել է 1 միլիոն դրամ:

Արեգ Միքայելյանն ասաց, որ իրենք դիմել են բոլոր հնարավոր գերատեսչություններին պարզաբանում ստանալու և խնդրին լուծում տալու նպատակով, սակայն ապարդյուն:

Ի դեպ, նշենք նաև, որ հրավիրված արտասահմանցի 12 ուսանողների և 11 դասախոսների Հայաստան գալու ծախսերը հոգացել են անձամբ իրենք կամ իրենց երկրներում գործող գիտական ֆոնդերը:

Մասնակիցների թվում էր նաև ռուսաստանցի երիտասարդ աստղագետ Անաստասիա Կիտաենկոն, ով արդեն երկրորդ անգամն է Հայաստանում և, ինչպես ինքն ասաց, հիացած է մեր հրաշալի երկրով: Իսկ ամառային դպրոցը մեծ հնարավորություն էր իր համար մեկ վայրում լսել այդքան  մեծ քանակությամբ խոշոր աստղագետների դասախոսություններ և շփվել այլ ազգերի երիտասարդ աստղագետների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter