HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիան սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում

Իսկ ծառայության պետը դեռ շարունակում է պաշտոնավարել
 
Օրերս հայտնի դարձած փաստերը վկայում են, որ չարաշահումները, այդ թվում նաև` սպառողների առողջությանը սպառնացող չարաշահումները Հայաստանի կաթնամթերքի շուկայում շարունակվում են: Որոշակի փաստերի հիման վրա կարող ենք ասել, որ նույն իրավիճակն է նաև մսամթերքի, հյութերի և այլ ապրանքային շուկաներում:  ՀՀ օրենսդրության համաձայն գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչված ու պարտավոր վերահսկողություն իականացնել տվյալ ոլորտում, ապահովել սննդամթերքի անվտանգությունը և ոչ միայն… Սակայն ծառայությունն իր այս կարևոր գործառույթը գրեթե չի կատարում և անգործության է մատնված: «Լավագույն» դեպքում կարելի է ենթադրել, որ ծառայության ղեկավարությունը  չի ցանկանում վատամարդ լինել, չեն համարձակվում իրերն ու երևույթներն իրենց անուններով կոչել, տուգանքների ձևով լուրջ վնաս պատճառել ու դաս տալ օրինազանց, սննդամթերքները կեղծող, այդ թվում նաև` սպառողների առողջությունը վտանգող տնտեսվարողներին:
 
Իհարկե, կա նաև հիշյալ անգործության մեկ այլ բացատրությունը` ծառայության առանցքային շատ պաշտոնյաներ կոռուպցիայով են զբաղված, հետևաբար կամ ժամանակ չունեն իրենց բուն գործով զբաղվելու, կամ էլ չեն կարող իրենց պարտականությունները կատարել, քանի որ շատ տնտեսվարողներից  ժամանակին կաշառք են վերցրել կամ մտադիր են վերցնել առաջիկայում:
 
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը երեք տեսչական մարմին ունի` բուսասանիտարիայի տեսչություն, սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության տեսչություն և անասնաբուժական տեսչություն: Թերևս բավական է ասել միայն, որ վերջին երկուսի աշխատակիցների գործողությունների հետ կապված այս տարի տարբեր  քրեական գործեր են հարուցվել: Որոշակի փաստերի հիման վրա կարող ենք ասել, որ շուտով կարող է հրապարակայնություն ստանալ նաև մեկ այլ սկանդալ` այս անգամ կապված բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանի հետ: Դա քրեական բնույթ կունենա՞, թե՞ ոչ ցույց կտա ժամանակը:
 
Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը (6-րդ վարչություն) կաշառք վերցնելու համար անցյալ ամիս ձերբակալել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մի քանի աշխատակիցների: Հիշյալ վարչությունը մասնավորապես պարզել է, որ նշված ծառայության մի խումբ աշխատակիցներ մայրաքաղաքի հացի ու խմորեղենի մի շարք արտադրամասերում ստուգումներ չանցկացնելու համար 2009-2012 թթ. ընթացքում արտադրամասերի տնօրենների հետ ձեռք են բերել պայմանավորվածություններ ու տարբեր ժամանակներում ստացել տարբեր չափերի կաշառքներ և ապօրինի վարձատրություն: 
 
Վերոնշյալ քրեական գործը քննվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում: Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության տեսչություն գլխավոր մասնագետ-տեսուչ Նունե Ղարաբեկյանը և նույն տեսչության սննդամթերքի իրացման հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Նարինե Կոստանյանը, ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  բնակավայրից չբացակայելու վերաբերյալ ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ տեսչության պետ Արթուր Վարժապետյանի նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 20-ին, բավարարելով ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչի ներկայացրած միջնորդությունը, երկամսյա կալանք է կիրառել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի (կաշառք ստանալը) հատկանիշներով:
 
Նունե Ղարաբեկյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի 1-ին մասի (կաշառք ստանալուն օժանդակելը) և 311 պրիմ 1 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը): 
 
Ծառայության այժմ արդեն նախկին մեկ այլ աշխատակցի` Նարինե Կոստանյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Ի դեպ, նույն քրեական գործի շրջանակում շրջանառվում է հիշյալ ծառայության մեկ այլ աշխատակցի` Հրահատ Հակոբյանի անունը նույնպես: Ավելին. մեր ստացած տեղեկատվության համաձայն` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները մոտ 10 օր առաջ եկել և կեղծ սանիտարական գրքույկների առնչությամբ իրենց հետ տարել են սննդամթերքի անվտանգության ծառայության աշխատակիցներից Աշոտ Խաչատրյանին: Սակայն ՀՀ ոստիկանությունից առայժմ չհաջողվեց պարզել` Հրահատ Հակոբյանի և Աշոտ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք առաջադրված է, թե ոչ, նրանք քրեական գործում որպես կասկածյալ ընդգրկված են, թե ոչ: Պատճառաբանեցին նախաքննության շահերը:
 
Ըստ մեր ստացած տեղեկատվության, հիշյալ քրեական գործի հարուցումից  մոտ 5-6 ամիս առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել Հայաստանից կեղծ փաստաթղթերով կաշվի արտահանման հետ կապված: Այն, որ այդ քրգործի նախաքննությունն իրականացվում է ԱԱԾ-ում և այն էլ այսքան երկար ժամանակ, վկայում է, որ դրա համար բավական լուրջ հիմքեր կան: Տվյալ քրեական գործը, որը, նախնական տեղեկությունների համաձայն, կապված է կամ կարող է կապված լինել ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի հետ, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում քննվում է քննիչ Գոռ Միրզոյանի վարույթում: Որոշակի ե՞րբ է հարուցվել նշված քրեական գործը, ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի կամ հոդվածների հատկանիշներով, տվյալ գործով Հովհաննես Մկրտչյանին մեղադրանք առաջադրվա՞ծ է, թե ոչ, այլ մեղադրյալ կամ մեղադրյալներ կա՞ն, եթե այո, քանի՞սն են նրանք, ո՞ւմ է մեղադրանք առաջադրված և նրա կամ նրանց նկատմամբ ի՞նչ խափանման միջոց է ընտրված: 
 
Օրերս վերոնշյալ հարցերն ուղղեցինք ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավար  Արծվին Բաղրամյանին: Սկզբում ասաց, որ իրենք չունեն այդպիսի քննիչ, այդ գործն իրենց մոտ չէ: Հետո, երբ հաստատական տոնով ասացինք, որ ԱԱԾ-ի քննչականում կա քննիչ Գոռ Միրզոյան անուն ազգանունով, ընդունեց, որ ունեն այդպիսի քննիչ, իմանալով մեզ հետաքրքրող հարցերը, ասաց, որ պատասխանն իմանալու համար զանգահարեմ ժամը 16-ին: Սակայն մոտ 5 րոպե անց ինքը զանգահարեց և ասաց, որ այդ քրեական գործով ընթանում է նախաքննություն, և ինքն այժմ դեռ ուրիշ բան չի կարող հայտնել, հետագայում, ինչ որ պետք լինի (անհրաժեշտ համարեն), ինքը կհայտնի, դեռ նախաքննություն է ընթանում: 
 
Իզուր անցավ մեր բացատրությունը, որ նախաքննության մանրամասներ, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներ չենք հարցնում, մեզ հետաքրքրող տեղեկությունները նախաքննության գաղտնիք չեն, հետևաբար նախաքննության չավարտված լինելով չի կարելի պատճառաբանել դրանք չտրամադրելը: Կարծում ենք, եթե Արծվին Բաղրամյանին քննիչը կամ նրա ղեկավարը մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները տրամադրած լիներ, նա էլ մեզ կփոխանցեր, անձամբ նա ի՞նչ շահագրգռություն պետք է ունենար դրանք թաքցնելու: Սակայն հաստատապես նախաքննության գաղտնիք չհանդիսացող տեղեկությունները (ինչպես, օրինակ, ՀՀ Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվել է տվյալ քրեական գործը, Հովհաննես Մկրտչյանին մեղադրանք առաջադրած լինել-չլինելը) չհայտնելը ու դրանով իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տալը հուշում են, որ ԱԱԾ-ում կամ հիմա արդեն մտադրություն ունեն տվյալ գործը  կարճել, ծածկադմփոցի անել, կամ էլ գործը քննող քննիչը կամ նրա ղեկավարը կարծում են, թե ԱԱԾ-ից մեր ակնկալած հիշյալ տեղեկատվությունն իրենց անձնական սեփականությունն է, հետևաբար ուզենան` կտան, ուզենան` չեն տա: 
 
Ի դեպ, Ա. Բաղրամյանին առաջարկեցինք վերոնշյալ հարցերը գրավոր ուղարկել իրենց, ասաց, որ դրա կարիքը չկա: Այս ամենից հետո մենք, բնականաբար, նշված հարցերն ԱԱԾ կուղարկենք գրավոր հարցմամբ:
 
Վերը շարադրվածից հետո, անշուշտ, բազմաթիվ հարցեր են առաջանում` ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանն անտեղյա՞կ է եղել, թե իր վերոնշյալ տեսչությունների պետերն ինչպես են աշխատում, վերցված կաշառքից նրան բաժին չի՞ տրվել: Այս ամենի առումով Բախչագուլյանն անմե՞ղ է: Ի վերջո, չէ՞որ խոսքը, ըստ նախաքննության տվյալների, Բախչագուլյանի` հանցանք կատարելու համար մեղադրվող, կասկածվող ոչ թե մեկ, այլ մի շարք ենթակաների մասին է: Այս հարցերի պատասխանները նախաքննության մարմինը կամ մարմիններն են պարտավոր տալ, այսինքն` դեռ պետք է սպասել: Այն տպավորությունն է առաջանում, թե Հայաստանի իրավապահ մարմինները հիմնականում քաղաքականացված են (թեև ՀՀ օրենսդրությամբ այդպես չպետք է լինի): Անհրաժեշտության դեպքում որոշակի փաստերի հիման վրա կարող ենք հիմնավորել, որ եթե խոսքը ՀՀԿ անդամ բարձրաստիճան պաշտոնյաների մասին է, իրավապահները համառորեն խուսափում են նրանց մոտ գալ:
 
Չնայած նրան, որ կատարվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ բախչագուլյանի եթե ոչ իրավական, ապա բարոյական առումով պատասխանատվությունն ակնհայտ է, իր մի շարք ենթակաների  քրեական բնույթի մերկացումներից հետո նա դեռ շարունակում է պաշտոնավարել: Սա, կարծում ենք, զարմանալի չէ, եթե նկատի ունենանք, որ նա ՀՀԿ խորհրդի անդամ է, մինչ ծառայության պետի պաշտոնին նշանակվելը ՀՀ ԿԸՀ-ի անդամ է եղել, վարչակարգին հավանաբար լուրջ ծառայություններ մատուցել, կրթության և գիտության նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամ Արմեն Աշոտյանի ընկերն ու սանիկն է, լավ հարաբերություններ ունի նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որն էլ նրան նշանակել է սննդամթերքի անվտանգության ծառայության պետի պաշտոնին:
 
Այնուամենայնիվ, Ա. Բախչագուլյանը դժվար թե չի հասկանում կամ զգում, որ ծառայության տեսչական երեք մարմիններից  երկուսի աշխատակիցների գործողությունների առնչությամբ քրեական գործերի հարուցումն ինչ-որ առումով վտանգում է ծառայության պետի պաշտոնում իր հետագա պաշտոնավարությունը: Եվ, հավանաբար, այս հանգամանքով են պայմանավորված կաթնամթերքի շուկայի առնչությամբ վերջերս իրականացված գործողությունները, որոնք վատ բեմադրված յուրօրինակ շոու են հիշեցնում: Դրանց բուն նպատակը, կարծում ենք, մեր և իրավապահների հրապարակայնություն ստացած բացահայտումներով ծառայության ու նրա ղեկավարի սասանված հեղինակությունը փրկելն է, տպավորություն ստեղծելը, թե ծառայությունը կատարում է սննդամթերքի անվտանգության ապահովման, սննդամթերքի կեղծման դեմ պայքարելու, ՀՀ օրենսդրության համապատասխան պահանջների պահպանմանը հետևելու իր գործառույթը: Սակայն իրականում դա բոլորովին էլ այդպես չէ, թեև կաթի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղված ընկերությունների մեծամասնության արտադրանքում ծառայությունը հայտնաբերել է տեխնիկական կանոնակարգով  չթույլատրված և սոդա, և բուսական յուղ, ինչպես նաև կաթում, առանց մակնշման, կաթի փոշի, ինչը նույնպես անթույլատրելի է:
 
 

Մեկնաբանություններ (4)

Ann
shat lav hodvac e inch e mtacum naxagan Baxjagulyanin heracman masin
GALUST
Բախչագուլյանը որպես ընտրակեղցիքի մեծ վարպետ ստացավ ներկայիս պաշտոնը ոնց կարող է ազնիվ աշխատել ?դժվար է հավատալ որ տեղյակ չի ինչ է կատարվում շուրջը
Սուսաննա
Երեւի կաշառքով զբաղված են եղել դրա համար էլ այսքան տարի սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության Սյունիքի տեսչության 3 հաստիքնեը թափուր են, մրցույթ էլ չեն հայտարարում. լավ գին տվող չկա, թե սննդամթերքի անվտանգության ապահովման, սննդամթերքի կեղծման դեմ պայքարի կարիք չկա
XX
De Tigrani varchaxmbic amen inch el spaseli e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter