HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախչագուլյանի եւ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի հակամարտությունը շարունակվում է

Արմեն Ավագյանը` մասնագիտությամբ անասնաբույժ,  անասնաբուժական գիտությունների թեկնածու, տվյալ բնագավառում մոտ 24 տարվա ստաժ ունի: 1988 թ.-ից աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի քաղխորհրդի գործկոմի անասնաբուժական սպասարկումների կենտրոնում, աշխատել լաբորանտ, այնուհետև որպես անասնաբույժ, լաբորատորիայի վարիչ, հիշյալ կենտրոնի փոխտնօրեն մինչև 2005 թ.: Դրանից հետո, երբ քաղաքապետարանի նշված կառույցն ընդգրկվել է գյուղատնտեսության նախարարության կազմում, նշանակվել է անասնաբուժական պետական տեսչության Երևանի մարզային կենտրոնի առաջին պետ: Ստորև ներկայացնում ենք նրա հետ մեր հարցազրույցը: «Հետքը» պատրաստ է հրապարակել նաև սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատասխանը, պարզաբանումները, եթե կլինեն այդպիսիք:
 
- Ձեր նկատմամբ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարության կողմից իրո՞ք հետապնդումներ են սկսվել, եթե այո, երբվանի՞ց:
 
- Ունենալով մոտ 24 տարվա աշխատանքային ստաժ, 23 տարի աշխատել եմ հանգիստ, ոչ մի հետապնդում չի եղել ոչ ղեկավարության, ոչ էլ այլ պաշտոնյաների (մայրաքաղաքի 9 ղեկավար, գյուղատնտեսության 4 նախարար) կողմից: 2010 թ. նոյեմբերից գյուղատնտեսության նախարարի հրամանով նշանակվեցի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի (ներկայիս` սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»  ՊՈԱԿ-ի տնօրեն): Ինչպես նախկինում, այժմ էլ այդ կազմակերպությունը լաբորատոր փորձաքննություններ է իրականացնում: 2011 թ. մայիսին, երբ ծառայության պետը դեռ Գրիգոր Գրիգորյանն էր, ինձ ազատեցին աշխատանքից: 

- Ինչո՞ւ:
 
- Գրիգոր Գրիգորյանը ծառայության պետ նշանակվելուց կարճ ժամանակ անց ինձ ազատեց աշխատանքից` առանց հիմքի, հիմնավորման, առանց ստուգումների պատճառաբանելով, թե ղեկավարությունը կորցրել է իմ նկատմամբ վստահությունը: Առանց բացատրության ուղղակի վերցրեց ու ազատեց, որովհետև ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին նշանակելու համար երևի իր մարդն ուներ, այսինքն` նրա համար հովանավորչական վերաբերմունք կար, կամ էլ հոգեկան անհավասարակշիռ վիճակում էր: Ինձ համար այդ ամենը շատ անհասկանալի էր, որովհետև շուրջ 24 տարվա աշխատանքային ստաժ ու, կարծում եմ, նորմալ համբավ ունեի համակարգում: Տվյալ ծառայության հիմնասյուներից մեկն եմ համարվել: Ասեմ նաև, որ երբ 2010 թ. ստանձնեցի այդ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, նշածս կազմակերպությունը կանգնած էր քայքայման, լուծարման եզրին` չնայած նրան, որ մոտ 6 ամիս առաջ Համաշխարհային բանկի միջոցներով շուրջ 1 միլիոն դոլարի ներդրում էր կատարվել և այդ լաբորատորիան վերազինվել էր: Տնօրենի պաշտոնը ստանձնել եմ այն պարագայում, երբ ամբողջ հաշիվները սառեցված էին, արգելանքի տակ էին, շուրջ 88 միլիոն դրամի տուգանք էր նշանակված պետության կողմից, որն իմ նշանակումից հետո անմիջապես բողոքարկվեց դատական կարգով: Լաբորատորիայում պարտքերի պատճառով չկար ջեռուցում, չկար ջրամատակարարում, կապ, խայտառակ վիճակ էր, ավելին` լաբորատոր գործունեության համար չուներ համապատասխան արտոնագիր, որը սովորաբար 1 տարով ունենում են լաբորատորիաները: Ես այդ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին աշխատեցի մոտ 6 ամիս, այդ ընթացքում հասցրեցի հաշիվները հանել արգելանքից, հաջորդ տարվա հունվարի 1-ից 20-25%-ով ամբողջ աշխատակազմի աշխատավարձը բարձրացրեցի, այդ ՊՈԱԿ-ի գործունեության համար ստեղծեցի անհրաժեշտ բոլոր պայմանները` էլեկտրամատակարարում, ջեռուցում և այլն, ամենակարևորը` արտոնագրեցի լաբորատորիան 5 տարով, այն էլ` բազմաթիվ ոլորտներում գործունեության իրավասությամբ: Դա կատարելուց ընդամենը մի քանի օր հետո Գրիգոր Գրիգորյանն ինձ ազատեց աշխատանքից: Դիմեցի ընդհանուր իրավասության դատարան, վճիռը կայացվեց հօգուտ ինձ: Այդ վճռի դեմ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ՀՀ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններ բողոքներ ներկայացրեց արդեն Աբրահամ Բախչագուլյանի գլխավորությամբ, որովհետև Գրիգոր Գրիգորյանն իմ ազատման հրամանից մոտ մեկուկես ամիս հետո վարչապետի հրամանով հեռացվեց աշխատանքից: Պարոն Բախչագուլյանի կողմից վերաքննիչ և վճռաբեկ դատարաններ բողոքարկված առաջին ատյանի դատարանի` հօգուտ ինձ կայացված վճիռը վերադաս դատարանները թողեցին անփոփոխ: 2012 թ. մարտի 6-ին պարոն Բախչագուլյանը շուրջ 20 օր ձգձգելուց հետո, չնայած նրան, որ իմ հայցի կապակցությամբ կայացված վճիռն արդեն օրինական ուժի մեջ էր մտել փետրվարի 15-ից (նա չէր ցանկանում կատարել օրինական ուժի մեջ մտած վճիռը), ինձ հարկադրաբար վերականգնեց իմ նախկին պաշտոնին: Պետությունն այս դեպքում, բնականաբար, ավելի մեծ ֆինանսական կորուստ է կրում, որովհետև եթե վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2012 թ. փետրվարի 15-ից, իսկ նա ինձ իմ աշխատանքում վերականգնում է մարտի 6-ին, հարկադիր պարապուրդի դիմաց ստիպված է լինում վճարել և, ի վերջո, վճարեց նաև իմ չաշխատած այդ մոտ 20 օրվա դիմաց:  
 
Դատավարությունը տևեց, ընդհանուր առմամբ, 10 ամիս, և իմ հայցի պահանջներից մեկն էր նաև ղեկավարության մեղքով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար վճարումը: Դա դարձավ նաև դատարանի վճռի պահանջ, որը հիշյալ ծառայությունը պարտավոր էր կատարել: Սակայն այս տարվա մարտի 6-ին պարոն Բախչագուլյանը, այն էլ շուրջ 20 օր ուշացումով, ինձ միայն վերականգնեց իմ աշխատանքում,  չվճարեց հարկադիր պարապուրդի դիմաց: Թեև անհարմար էր հարազատ հիմնարկի նկատմամբ ԴԱՀԿ-ի միջամտությանը դիմելը, բայց աշխատանքում վերականգնվելուց  մոտ 1 ամիս հետո ստիպված եղա: Բախչագուլյանը աշխատանքում ինձ վերականգնելուց 5-6 ամիս հետո միայն ԴԱՀԿ-ի պարտադրանքով, այն էլ բազմաթիվ անհիմն ձգձգումներից հետո հարկադրված եղավ կատարել իմ հարկադիր պարապուրդի դիմաց վճարումը: Աշխատանքում վերականգնելուց հետո 2-3 օրվա ընթացքում այդ գումարը, կարծում եմ, պետք է վճարվեր, չէ՞որ ես 10 ամիս չէի աշխատում, զրկված էի եկամտից, և դատարանի վճիռ կար, որ ինձ պետք է վճարվեր: 
 
- Կարծում եք, սա վկայում է Ձեր նկատմամբ ծառայության պետի կողմից որոշակի միտումի՞, դիտավորությա՞ն առկայության մասին:
 
- Արդեն այո: Մարդը, որ կոչված է օրենքի տառը պահելու, որովհետև նա մեր ոլորտում, այդ ծառայությունում ամենաբարձր պաշտոնն ունի, արհամարհել է անգամ մեր դատական համակարգի նույնիսկ ամենաբարձր ատյանի որոշումը: 
 
- Ի՞նչ կատարվեց դատարանի վճռով ու ԴԱՀԿ-ի հարկադրանքով ձեզ աշխատանքում վերականգնելուց հետո:
 
- Հենց առաջին իսկ օրվանից սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը սկսեց անբարենպաստ պայմաններ ստեղծել:

- Ինչո՞վ արտահայտվեց դա: 
 
- Երբ ժամանակին ղեկավարել էի այդ կազմակերպությունը, իսկ ես արդեն ասացի, թե ինչ ծայրահեղ վիճակում եմ ընդունել այն, նախ նվազեցրել էի հաստիքների քանակը 70-80-ով: Իմ տնօրինության կարճ ժամանակահատվածում այդքան մարդու ազատման պարագայում ազատված աշխատակիցների կողմից ոչ մի առարկություն, բողոք չի եղել, որովհետև դրանք արհեստականորեն ստեղծված, ավելորդ, ուռճացված հաստիքներ էին, ու տվյալ հաստիքները զբաղեցնողները գիտակցում էին դա: Նաև դրա արդյունքում էր, որ ՊՈԱԿ-ը հայտնվել էր այդ ծանր վիճակում: Ես հիմնականում ազատել եմ անբան, անգործ, ուղղակի հաստիքներ զբաղեցնող մարդկանց: 
 
Տնօրենի պաշտոնում վերականգնվելուց հետո եկա տեսա նորից գրեթե նույն վիճակը` ուռճացված հաստիքներ ու դրանք զբաղեցնողների: Հավանաբար Բախչագուլյանի կամ ծառայության այլ ղեկավարների ծանոթ-բարեկամներն էին: Նորից ավելացված այդ հաստիքները զբաղեցնողներից շուրջ 20-ը թեև իրենց հաստիքներով ձևակերպված էին իմ ղեկավարած ՊՈԱԿ-ում, սակայն աշխատանքներ էին իրականացնում կամ չէին իրականացնում ծառայության համար:
 
Հարցնում էի` ո՞վ է այս մարդը, ասում էին ծառայության պետի, օրինակ, վարորդն է, մյուսը, ենթադրենք, արտաքին կապերի ծառայության աշխատակիցն է և այլն: 
 
Իմ գործողությունները մի միտում ունեին. Երբ սկսեցի ուսումնասիրել պետության տված բյուջեն, պարզվեց, որ հաստիքացուցակով նախատեսված աշխատավարձերի վճարման համար պահանջվող գումարը գերազանցում է բյուջեի նույնիսկ 100%-ը, երբ սովորաբար բյուջեի 60-65%-ն է նախատեսվում աշխատավարձերի համար: Այսինքն` ի սկզբանե հասկացա, որ ոչ միայն առաջընթաց, բարելավում չի լինելու, այլև, հնարավոր է, աշխատավարձերի վճարումն էլ մի օր դառնար անհնար: Մնում էր, որ իմ հույսը դնեի ենթադրյալ արտաբյուջետային գանձումների վրա, որովհետև պետության նախատեսած բյուջեն եթե նույնիսկ 100%-ով վճարեի հաստիքացուցակով նախատեսված մարդկանց, չէր բավարարելու: Սակայն արտաբյուջետային գանձումներն անորոշ են, կարող են լինել շատ, կարող են լինել քիչ, արտաբյուջետային վճարումների դինամիկան անկանխատեսելի է, բացի այդ, հատկացումներ պետք է կատարեի նաև կոմունալ վճարումների, քիմիական ռեակտիվների, անհրաժեշտ նյութերի ձեռքբերման և այլ ծախսերի համար: Բնականաբար, բարձրացրեցի այս խնդիրը, բայց իմ բարձրացրած հարցը սվիններով ընդունվեց: Ես զգուշացրեցի, որ մենք կիսամյակից հետո, հնարավոր է, աշխատավարձի պրոբլեմ ունենանք:
 
- Պարոն Բախչագուլյանն ինչպե՞ս ընդունեց ձեր այս զգուշացումը:
 
- Նա տևական ժամանակ նույնիսկ զրույցներում չէր ցանկանում ինձ ուղղակի ասել, որ չեմ ցանկանում քեզ որպես աշխատող: Ընդամենը նրա գործողություններով էի ես հասկանում դա, նույնիսկ այդ տղամարդկությունը չկար, կամ չէր էլ կարող ասել, որովհետև գիտեր իմ անձը, ով լինելը, աշխատանքային ստաժը, անցած ուղին, պրոֆեսիոնալիզմը, մասնագիտական որակավորումը: Սակայն, կարծում եմ, դա էլ լրացուցիչ ազդակ հանդիսացավ իմ դեմ նրա տրամադրվածության և ներքուստ ինձանից ազատվելու որոշում կայացնելու: Բացի այդ, երբ նոր էի աշխատանքում վերականգնվել, ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների (որտեղ ձևակերպված էին դե յուրե ՊՈԱԿ-ում, բայց դե ֆակտո ծառայությունում աշխատող կամ գուցե չաշխատող անձինք) ղեկավարների կողմից զեկուցագրեր ստացա, որոնցով հենց այդ աշխատակիցներին ներկայացնում էին աշխատավարձի չափով խրախուսավճարի համար` այն դեպքում, երբ նրանց ՊՈԱԿ-ի հաստիքացուցակով աշխատավարձ տալն էր արդարացի չէր: Սակայն, ինչպես պարզ դարձավ, կազմակերպության հաստիքացուցակում խցկված աշխատակիցներին խրախուսավճար տալու այդ «ավանդույթը» սկիզբ էր առել ինձ աշխատանքից անօինականորեն ազատելուց հետո ծառայության պետի նշանակած ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից: Ի դեպ, ՊՈԱԿ-ի հաշվեկշռում կան մեկ տասնյակից ավելի մարդատար տրանսպորտային միջոցներ, կազմակերպության նպատակների համար իրականում շահագործվում էր միայն ինձ (տնօրենին) կցված մեքենան, որի վարորդին պաշտոնում վերականգնվելուց հետո միջոցների տնտեսման նպատակով ստիպված եղա աշխատանքից ազատել ու մեքենան վարել ինքս: Կարծում եմ, հասկանում եք, ոչ թե Բախչագուլյանի ղեկավարած ծառայության համար աշխատող վարորդներին, այլ միայն նրան կարող էի ազատել:
 
ՊՈԱԿ-ը փորձաքննություններ է իրականացնում և տեսչական ստուգումների, և ներկրման, արտահանման պարագայում և այլ դեպքերում: Տնօրենի պաշտոնում ինձ վերականգնելուց մի քանի օր հետո ներկրման, արտահանման համար վճարովի փորձաքննությունները, որոնք որոշ դեպքերում, գրեթե համոզված եմ, ուղղորդում է պետական տեսուչը, սկսեցին ՊՈԱԿ գրեթե չգալ, իրականացվել այլ լաբորատորիաներում: Կտրուկ զգացվեց այդ տարբերությունը: Միգուցե այստե՞ղ եղել է այդ  «ատկատ» կոչվածը, որոշակի շահագրգռվածություն: Ինչպե՞ս հասկանալ, որ իմ ղեկավարած և լիազոր մարմնի միակ պետական լաբորատորիա չեն ուղարկել: Կարծում եմ, պատճառը, որքան էլ անհեթեթ է, այն է, որ ես իր յուրայինը չէի… Եթե ինձ մոտ գային այդ փորձաքննությունները, «ատկատ» չէր կարող լինել, գումարներն ես առաջինը կուղղեի իմ աշխատողների աշխատավարձի բարելավմանը, որովհետև այնտեղ մարդիկ կան, որ տառապում, աշխատանք են կատարում ու ստանում ընդամենը 40-50 հազար դրամ աշխատավարձ` այն էլ իմ կատարած բարձրացումից 2 տարի հետո:
 
Ինչպես արդեն նշեցի, պետական բյուջեից ՊՈԱԿ-ին նախատեսված հատկացումն ուռճացված հաստիքների առկայության պատճառով անբավարար էր նույնիսկ աշխատավարձերի վճարման համար: Կազմակերպության բնականոն գործունեությունը կարող էի պահպանել միայն բավարար արտաբյուջետային միջոցներ ստանալու շնորհիվ, որոնք, սակայն, ՊՈԱԿ-ի բնականոն աշխատանքը խանգարելու այդ դիտավորության հետևանքով չէին ստացվում: Այս բոլոր հարցերը բարձրացրեցի պարոն Բախչագուլյանի առջև, մի օր էլ նա ինձ կանչեց, ասաց` չեմ ուզում դու աշխատես:
 
Ոչ մի ընդհարում, ուղղակի պարզ էր, որ ես իր համար ի սկզբանե ցանկալի չեմ: Հարցրեցի` ինչո՞ւ: Վերջապես նա մի պատասխան տվեց, բայց շատ տարօրինակ, ասաց` մեր բնավորությունները… Ես սկսեցի զարմանալ` մենք ամուսիննե՞ր ենք, ինչ է: Քանի որ Ազգային ժողովի ընտրություններից առաջ նախընտրական շրջան էր, նաև սկսեց ինչ-որ անհասկանալի շահարկումներ` կուսակցական և այլն: Չմանրամասնեմ, որովհետև դա չէ էականը, ես երբեք պետության դեմ չեմ աշխատել, պետականամետ եմ եղել: Ասացի` տարօրինակ է, դուք գնահատական տվեք ինձ վատ գործունեության, մասնագիտական անբավարար որակավորման համար, եթե կան այդպիսիք: Ասացի նաև, որ նույնիսկ զավեշտի է հասնում, եթե նույնիսկ ես ուզենայի հեռանալ, դուք որոշ ժամանակ չպետք է թույլ տայիք ձեր բարձր դիրքից ելնելով, որովհետև, կարծում եմ, թե կոլեկտիվը, թե բնագավառի մասնագետները, թե ձեր վերադասը, թե դատական համակարգը ձեզ համար պրոբլեմ կառաջացնեն: Մի խոսքով, ասաց` դիմում գրի, թե չէ կհեռացնեմ: Բացատրեցի, որ չեմ կարող հրաժարականի դիմում ներկայացնել, որովհետև խնդիրը ոչ թե աթոռից կառչելն է, ինձ էլ արդեն տհաճ է նման պայմաններում աշխատելը, այլ դրանից հետո ինձ պարզապես չեմ հարգի, չեմ կարողանա շիտակ նայել իմ երեխաների աչքերին ու պատասխանել, որ իրենց հորը ինձանից քառակի պակաս ստաժ ունեցող և ոլորտի համար բացարձակապես օտար տնտեսագետը գնահատական է տվել: Ես իմ չափահաս երեխաներին, իմ շրջապատին ի՞նչ պատասխան կարող եմ տալ: Ինձ աշխատանքից ազատելու դեռ առաջին դեպքն էր զարմանալի ամբողջ բնագավառում, որովհետև այդ ոլորտին առնչվողներն ինձ Հայաստանի մի ծայրից մյուս ծայրը գիտեն որպես մասնագետի: Ուշադրություն դարձրեք` «բեսպրեդելն» այն աստիճանի է, որ նույնիսկ այլ աշխատանք չառաջարկեց, հաշվի չառավ, որ ես 50 տարեկան էլ չկամ, դեռ շատ ժամանակ ունեմ մինչև թոշակի տարիքը, այդ մի մասնագիտությունն ունեմ, հղկվել եմ այդ մի բնագավառում, ինձ շատ դժվար կլինի այլ մասնագիտություն և աշխատանք ձեռք բերելը, քանի որ նաև շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Սա կարելի է անբարոյականություն չհամարել, եթե կա բարոյականության մեկ այլ գնահատական:
 
Իմ վերոնշյալ բացատրությունից հետո ասաց` շատ լավ: Հաջորդ օրը կանչեց, ասաց` դիմո՞ւմ եք գրում, թե ոնց: Պատասխանեցի` թե ոնց, ու գնացի իմ աշխատանքը կատարելու: Դրանից անմիջապես հետո իր արձակուրդի պահն էր, գնաց արձակուրդ, իրեն փոխարինողի` ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի միջոցով ստեղծեց հանձնաժողով, հանձնաժողովն եկավ, ինձ աշխատանքի վերականգնելուց հետո իմ փաստացի աշխատանքից մոտ 1 ամիս անց ինչ-որ շրջայց կատարեց, ասաց, որ խախտումներ է հայտնաբերել` մի քանի հոգի աշխատանքից 10-15 րոպե ուշացել են, կադրերի բաժնում «Արխիվացման մասին» օրենքի պահանջով չեն աշխատում, ընդհանուր բաժնում գրանցամատյան չի վարվում, մի խոսքով, նման բաներ: Ընդգծեմ, որ այդ խախտումները թույլ տված բոլոր աշխատողները ՊՈԱԿ են ընդունվել ոչ իմ պաշտոնավարման շրջանում:
 
Ինձանից բացատրություն ուզեցին, ես 8-9 թերթով բացատրություն ներկայացրեցի այդ ընթացքում պետի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Դավթյանին: Ապրիլի 27-ին նշանակված էր քննարկում, որն այդպես էլ տեղի չունեցավ, որովհետև տիկին Դավթյանն էլ, կարծում եմ, համոզված էր, որ իրենց կողմից կազմված և իմ նկատմամբ նկատողություն ենթադրող տեղեկանքն օրենքի հետ լուրջ հակասություններ ունի: Նա ձեռնպահ մնաց քննարկումից, սպասեցին մինչև պարոն Բախչագուլյանը մայիսի 7-ին, ընտրություններից անմիջապես հետո արձակուրդից եկավ: Նա նույն օրն էլ ինձ տվեց խիստ նկատողություն: Հետո, երբ հանդիպեցինք, ասաց` դե քեզ չասեցի՞, որ դիմում գրի, թե չէ կհեռացնեմ, դու էլ համաձայնեցիր հեռացվելու հետ, ես էլ քեզ պատժում եմ, որ հեռացնեմ: 
 
Ի դեպ, այդ շատ կարճ ժամանակաընթացքում էլ, ոչինչ հաշվի չառնելով, նորից լծվել եմ աշխատանքի, ամիսուկեսի ընթացքում մասնակցեցինք լաբորատոր փորձաքննության մրցույթներին, երկու մրցույթում էլ, չնայած բազմաթիվ խոչընդոտների առկայությանը, շահեցինք: Այս դեպքում այլևս չէին կարող ուղղորդել փորձաքննություններն այլ լաբորատորիաներ: 
 
Տեղեկացնեմ նաև, որ ստամոքսի խրոնիկ հիվանդություն ունեմ, այդ ժամանակաընթացքում լարվածությունից իմ առողջական վիճակը շատ վատացավ: Դիմում գրեցի և խնդրեցի իմ արձակուրդը (3 տարի արձակուրդ չէի գնացել): Նույնիսկ մերժեցին ինձ արձակուրդ տրամադրել` անհեթեթ, անհիմն պատճառաբանությամբ, թե պարոն Բախչագուլյանը կգա, նոր կորոշի: Բայց չէ՞որ ծառայության պետը փոխարինող ուներ, պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակված: Նա դիմումիս վրա մակագրեց, թե քննարկումից հետո արձակուրդ կտրամադրեն, քննարկումը չեղավ, իսկ երբ մայիսի 7-ին ինձ նկատողություն տալուց հետո նորից բարձրացրեցի այս հարցը, խնդրեցի ինձ հասանելիք արձակուրդը, դարձյալ չտվեցին: Դրանից մոտ մեկ շաբաթ անց առողջական վիճակս ավելի վատացավ (արյունահոսություն և այլն) և, առանց արձակուրդ ստանալու, սկսեցի բուժվել, մոտ երկու ամիս գտնվեցի «բյուլետենի» մեջ: Մինչ այդ, հենց հանձնաժողովի տեղեկանքին ծանուցվելու օրը, մինչև ինձ առաջին խիստ նկատողությունը տալը, հրավիրեցի ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործակարգավարական խորհրդակցություն: Կատարեցի իմ կազմակերպչական պարտականությունները և, նկատի ունենալով տեղեկանքում հանձնաժողովի արձանագրած խախտումները, մի քանի աշխատակիցների տվեցի նկատողություն ու խիստ նկատողություն, որպեսզի եթե կան էլ թերացումներ, խախտումներ, դրանք հետագայում իսպառ բացառվեն: 
 
Բուժումից վերադառնալուց հետո, երբ դեռ 1 օր էի աշխատում, եկավ գրություն` բացատրություն տալու պահանջով, թե ինչո՞ւ եմ ՊՈԱԿ-ի աշխատակիցներից չորսին նկատողություն տվել: Հուլիսի 21-ին երկրորդ խիստ նկատողությունը ստացա իմ աշխատակիցներին նկատողություն տալու համար: Այդ նկատողության 2-րդ կետով պահանջվում էր, որ անհապաղ չեղյալ համարեմ իմ տված այդ նկատողությունը: Սակայն ես, եթե նույնիսկ իմ աշխատակիցներին նկատողություններն անհիմն էի տվել, օրենքի սահմաններում իրավունք չունեի առոչինչ, չեղյալ համարել դրանք, որովհետև նկատողության իրավական գնահատականը տվողը ես չեմ: Այդ նկատողությունները վերացնելու իրավասություն ուներ և ունի ինքը` պարոն Բախչագուլյանը, կամ` դատարանը (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 228-րդ հոդված), սակայն Բախչագուլյանը դա չարեց, որպեսզի պատճառահետևանքային արհեստական կապ ստեղծի և իմ դեմ օգտագործի: Բացատրեցի, որ ես դա չեմ կարող անել, եթե գտնում են, որ իմ տված նկատողություններն անհիմն են, թող դիմեն դատարան: Երկրորդ խիստ նկատողության 2-րդ կետի պահանջը, այսինքն` անօրինական գործողություն չկատարելու համար նա ինձ հուլիսի 25-ին երրորդ խիստ նկատողությունը տվեց և նույն օրվա մեկ այլ հրամանով ինձ ազատեց աշխատանքից: Ընդգծեմ, որ մինչ ինձ հետ աշխատանքային պայմանագիրը լուծելը, հուլիսի 25-ի առավոտյան երկու կարգապահական տույժերի մասով արդեն դիմել էի դատարան ու նույն օրը նրան տեղեկացրել, որ երկու կարգապահականները բողոքարկման փուլում են, ուստի պետք է ժամանակավոր կասեցնի այդ ազատման հրամանը` մինչև դատարանի կողմից վերջնական դատական ակտի կայացումը, քանի որ օրենքի պահանջ է դա: Բացատրեցի, որ այդ պարագայում իրավունք չունի բողոքարկված երկու խիստ նկատողությունները հիմք համարելու, սակայն նա իմ ներկայացրած այդ իրավական փաստարկներն արհամարհեց: 
 
Ես արդեն հայցով, ապա նաև հայցի լրացմամբ ու համապատասխան փաստարկներ ներկայացնելով, դիմել եմ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Կարծում եմ, կատարվածը Բախչագուլյանի կողմից «բեսպրեդել» է, գուցե զորեղ հովանավոր ունի, չգիտեմ, կամ էլ բախտի հույսով է շարժվում: Սակայն միաժամանակ կարծում եմ նաև, որ վարչապետը Բախչագուլյանին այդ պաշտոնը նվեր չի տվել, որ, ումը ցանկանա, այդ «կոնֆետից» ինչ-որ բաժին նվիրի, թողնի աշխատել կամ թույլ չտա աշխատել: Ես, չգիտեմ ինչու, դեռ մի քիչ հույս ունեմ, որ վարչախմբում լիարժեք չգիտեն, որ նման կամայականություններ են կատարվում: Կարծում եմ նաև, որ դատական համակարգում ամեն ինչ կորած չէ, բարեխիղճ, արդարադատություն իրականացնող դատավորներ էլ կան, ինչն ապացուցում է իմ անցած ճանապարհը:
 

Մեկնաբանություններ (23)

Գոհար Հ.
Շատ աներևույթ են դատել վերադասները ազատելով Ավագյանին աշխատանքից : Հետո էլ ,Լուսինե , ես վստահ եմ ,որ Դուք այնքան էլ լավ չեք ճանաչում Արմեն Ավագյանին: Նա ոչ միայն Հայաստանի մասշտաբով լավագույն մասնագետներից է ,այլ նաև Աստծո կողմից շնորհված կառավարչական և լիդերական յուրահատուկ ձիրք ունի: Ինչ վերաբերում մարդ լինելուն ,կարծում եմ ,ավելնորդ է խոսել այդ թեմայով ,քանզի Արմեն Ավագյան մարդուն ,շատերը գիտեն,թե որպես Արմեն ընկեր ,թե որպես պարոն Ավագյան:
Emma
hetaqrqir joxovurd eq, inqy Armen Avagyany dem e mterimnerin gorci xckelu erevuytin, isk duq grum eq, te na azatvel e chnayac ayn hangamanqin, vor naxkin peti mterimn e exel, mi hat koxmnoroshveq inchi dem eq boxoqum
Seda
Վահրամին և մնացած հետքրքրվողներին,կարող եմ ասել նորից ասել,որ Լուսինեն,նույն ինքը Lusine Nikoգհosyanը ,ինչպես պարոն Ավագըանը նշել էր իրավամբ մեկն է այն աշխատողներից ,որ ուռճացրաց հաստիքներով ընդունվել էր կադրերի պետի պաշտոնում ու ակտիվ մասնակցություն ունի այ պատմությանը,իսկ արած չակերտավոր ԼԱՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մասին գիտեն այս պատմությանը քիչ թե շատ ծանոթ բոլորը,համոզված եմ թե փորեն շատերի կաբինետներից սկիլետներ դուրս կգան
Վահրամ
Ի դեպ ,Լուսինե ' ենքան կուզեի տեսնել քո բարետես դեմքը, որը պետք է իմ մոտ (և ոչ միայն իմ) վստահուտյուն ներշնչեր քո նկատմամբ, ու փորձեր համոզել գրածներիտ բովանդակության անշահականության մեջ: Բայց վախենում եմ ևս մի անգամ խաբված լինել, քանի վոր բավական հաճախ արտաքին գեղեցկության տակ թաքնվաշ է լինում ահավոր տգեղ , դատարկ էություն........ ԱՍՏՎԱՑ ՍԻՐԵՍ , ավելի լավա նկարտ չդնես.............
Վահրամ
Ինչ վերաբերվում է Ավագյան անհատին գնահատելուն, ապա հարկավոր է բազմակողմանի ճանաչել մարդուն, որպեսզի գնահատականն ել լինի արժանահավատ և բարոյաես անքննելի: Նա լավ զավակ է, օրինակելի ծնող, նվիրված ընկեր ու բարեկամ: Իսկ եթե կողք դնենք անձնականը, ու նայենք գործնական ու կազմակերպչական հատկանիշներին, ապա աշխատող մարդուն միշտ ել կարելի է փնովել , մանավանդ եթե խոսքը գնում է իրենից անհատ ներկայացնող ու սեփական դիրքորոշումը ուրիշների կամքով չբեկող մարդու մասին.....
Վահրամ
Նման պատմություններ դեռ շատ կլինեն, քանի դեռ Պետական ղեկավար պաշտոններում նշանակվելիս հաշվի չի առնվում մարդու մասնագիտական և որակական հատկանիշները, այլ դրանք նվիրատրվում են ինչ որ մեկի ,, ԲԱՐՁՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅԱՄԲ,, կամ ել կատարած ,,ԱՐԺԵՔԱՎՈՐ,, ծառայությունների դիմաց.......
Seda
նկարը մեկնաբանութըուններից հետո facbook յան գրառումներում երևում է կա ,բայց կասկածում եմ ,որ դա չի ասի նրա իսկական կերպարի մասին ոչինչ,քանզի մարդուն բնորոշում է նրա վարքն ու բարքը ոչ թե կարգը
Zorro
Շատ հետաքրքիր կլինի տեսնել Լուսինեի նկարը: Բայց կարծում եմ հարցը Լուսինեի մեջ չէ:
L.Meliqyan
Արմեն Ավագյան, այս հարցին հասարակական հնչեղություն տալու համար, գրեք բաց նամակ հանրապետության Նախագահին, գրեք, թող տեսնի, ովքեր են նշանակվում մասնագիտական հաստատություևններում ղեկավար պաշտոններում
Միլենա
Կան մարդիկ ովքեր տարիներ շարունակ իմացել են պրն Ավագյանին և որևէ բացասական արարք կամ պահվածք չեն նկատել նրա կողմից և ես ել այդ մարդկանցից մեկն եմ ով կարող է միայն դրական խոսքեր ասել նրա մասին: Ես կարծում եմ, որ մեր երկրի նման անօրեն երկրում նման կերպ հաճախ են վարվում այն մարդկանց հետ ովքեր ՞իրենցից՞ չեն և իրենց նման չեն պատկերացնում պաշտոնն ու կյանքը, այնպես որ այստեղ ոչ մի զոհի հարց չկա, ցավոք սա մեր երկրի բնութագիրն է: որքանով ես գիտեմ , իսկ ես հաստատ գիտեմ, որ պրն Ավագյանը միշտ էլ լավ է վերաբերվել իր աշխատակիցներին ու շատ բան է արել լաբորատորիայի բարեկարգման համար, այնպես որ այն մարդիկ ովքեր մեկ տարի է կառավարում են արդեն իսկ բարեկարգված հիմնարկը թող չքննադատեն Ավագյանին, դա նրա շնորհիվ է....
Վաչե
Սա լավ առիթ կարող է հանդիսանալ նախագահ Ս. Սարգսյանի համար` նախարարություններին պախարակելու ձևով սկսած նախընտրական քարոզարշավն այս ոլորտի բարեփոխումներին ուղղելու նպատակով: Հաշվի առնելով այն, որ սույն հոդվածում արծածված սուր թեմաներն արդեն սովորական են դարձել երկրի կառավարման մեխանիզմում, և այս խնդրին արդարացի լուծում տալը կդառնա նախադեպ հետագայում նմանատիպ ապօրինությունները բացառելու համար: Այն ժամանակ երբ երկրի Նախագան հայտարարում է, որ մեր երկիրը, չունենալով բնական հարուստ պաշարներ, պետք է հիմնվի խելացի և բանիմաց մասնագետների վրա, իշխանական կուսակցության որոշ կարյերիստներ իրենց նեղ շահադիտական նպատակները իրականացնելու համար փորձում են ազատվել սույն ոլորում ծանրակշիռ ներդրում ունեցող ղեկավարներից: Մենք պետք է քաջ գիտակցենք, որ այս խնդիրները ոչ միայն ապօրինության զոհ դարձած առանձին մասնագետներինն են, այլ նաև ողջ հասարակությանը և այս հարցի արդարացի լուծումը նաև բխում է մեր բոլորի շահերից: Կարծում եմ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, այլապես` կուսակցությունների շարքային ֆունկցիոներները, զբաղվելով ընտրութոյունների կազմակերպմամբ, սննդամթերքի անվտանգությամբ այդպես էլ չեն գտնում իրենց տեղն այս կյանքում:
GALUST
ԱԽՊԵՐ ՋԱՆ Բախչագուլյանը ընտրությյոււներին լուրջ է արել դու ինչ որ սննդի ստուգումով ես զբաղվել էն դեպքու երբ վաղուց արդեն նորմալ փող չլինելու պատճարով չգիտենք ինչ է նորմալ սնունդը,,,Մեր սնունդը դա ընտրություններն են,գօնե եդ օրը կուշտ կուտենք
Կարեն
Առաջարկում եմ առարկայական խոսել. Խնդրում եմ հրապարակել հրամանը, որից կերևա սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավական գիտելիքների մակարդկը:
Arman
Lusine jan targi kapik loxacnel@. Du hima nmanes xxchuk xexkataki. Avagyanin bavakanin jamanak e chanachum em nax ev arach vorpes mard, aynuhetev vorpes masnaget. U karoxem miayn drakan kraciqem dzerq berel tvyal mardu veraberyal.
XXX
Էտ վոր Գրիգոր Գրիգորյանը մի օրվա մեջ սաղ համակարգի լավ մասնագետնեռին հանեց մեկիտ մտքով չանցավ, որ ասի ես ինչ վատ եղավ: Են մարդիկս ել որ մնացինք վայ ետ մնալը....Ու հետո Գրիգոր Գրիգորյանը նույն բանը արեց իրա ամենամտերիմ ու հավատարիմ ու ... Արմեն Ավագյանի հետ
Կարեն
Լուսինե, կարծում եմ Դուք ինձ այլ անձի հետ եք խառնում: Ես տեղյակ չեմ և չեմ էլ ցանկանում ծանոթանալ Արմեն Ավագյանի կողմից տրված հրամաններին: Դրանք հնարավոր է ունենան շատ թերություններ, պարունակեն սխալ ձևակերպումներ, սխալ հղումներ, լինեն անհիմն կամ բացարձակապես անգրագետ: Սակայն այս պարագայում խոսքը գնում է Ավագյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանի մասին, որը չեմ կարծում, թե կարող է շատ տարբերվել Ձեր կողմից նշված Ա. Ավագյանի հրամաններից:
Ալվարդ
Նողկալի սակայն այնքան ծանոթ է հնչում այս պատմությունը...իր ինտրիգներով ու ամենաթողության մթնոլորտով....ճիշտ է որ հակառակ կողմի կարծիքը չեմ լսել բայց հասկացող մարդուն այսքանն էլ բավական է: Միայն կարող եմ հուսալ որ վարչապետի անձնակազմում կան քիչ թե շատ պարկեշտ մարդիկ ովքեր կամաչեն այս իրավիճակի համար եւ կջանան շտկել դրությունը: Առաջարկում եմ ամեն դեպքում այս հարցազրույցը նաեւ փոստով ուղարկել վարչապետին` որ հետո չասեն չգիտեինք: Երբ ենք վերջապես ազատվելու սովետական հոտած ոճով բյուջեն լափող նման բյուրոկրատներից ու համակարգում ներդնելու, խրախուսելու ժամանակակից, բանիմաց ու դինամիկ մարդկանց: Արմեն Ավագյանի խոսքում բավական շատ են դետալները որոնց դժվար է չհավատալ եւ հանցավոր կլինի կառավարության կողմից հետեւողական չլինել այս հարցում: Պրն Ավագյան, Ձեզ առողջություն եմ մաղթում` հաղթելու այս պայքարում: Բայց պետք է նաեւ զգոն լինել` որպեսզի ձեր կյանքն ու առողջությունը չզոհաբերեք այդ ճիվաղների պատճառով: Նրանց արմատները շատ խորն են ու նրանք շատ լավ գիտեն թե ինչպես կառչել այս հողից ու կլլել եղած բարիքները, կեղեքել այս խեղճ երկիրը:
Ա
Ճանաչելով Արմեն Ավագյանին թե, որպես մասնագետի և թե, որպես մարդու ունեմ շատ բարձր կարծիք և տեղյակ եմ այդ պատմությանը սկզբից մինչև վերջ, շատ անարդար է ամեն ինչ ի սկզբանե և չեմ կարծում թե մեր բարձրաստիճան այրերը տեղյակ չեն այդ մասին և եթե տեղյակ չեն ապա ավելի վատ քանի որ օրեցօր կորցնում են լավ մասնագետների տեղի տալով անգրագետ ու անտեղյակ կադրերի:Պարոն Ավագյան Ձեզ հաջողություն եմ մաղթում ամեն ոք պատասխան է տալիս իր կարատած յուրաքանչյուր արարքի համար, հուսով եմ կգտնվեն արդարամիտ մարդիկ այս խնդրին ճիշտ լուծում տալու համար:
Լուսինե
Ասեմ |Կարեն Ավագյանի ժամակահատվածի հրամանները նայեք , որոնք դուք եք ստորագրել որպես իրավաբանական բաժնի պետ տնօրենի փոխարեն եք ստորագրել, իսկ մնացածը կհրապարակեմ եթե զգամ դրա կարիքը կա: Ասեմ ավելին ձեր ժամանակահատվածում աշխատանքի ընդունված մարկանց աշծատանքային գրքույկները լրացված չեն եղել...
Լուսինե
Էս մարդու նկարն իր .... էության մասին ավելի շատ բան է ասում, քան խնամքով գրված այս պատվերով հոդվածը: Եթե միմյանց հաջորդած և կառավարման տարբեր մոտեցում ունեցող 2 անձիք փորձում են ազատվել նուն մարդուց նշանակում է Հետքի լրագրողին այլ բան չի մնում անել, քան շարունակել լրագրողական հետաքննությունը և բացահայտել Ավագյանի իրական դեմքը:
Կարեն
Կարծում եմ հետաքրքիր կլինի ընթերցել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը: Իրավական տեսանկյունից մի շարք խնդիրներ եմ տեսնում դրանում: Հնարավորության դեպքում խնդրում եմ հրապարակել այն:
Նարինե
Լուսինե ջան, ես չգիտեմ թե դուք ով եք, բայց ասեմ ձեզ, որ չարաչար սխալ ու թյուր կարծիք ունեք Արմեն Ավագյան մարդու և մասնագետի մասին: Նրա հետ աշխատողներից մեկն էլ ես եմ եղել ու կարող եմ ձեզ ու բոլորին էլ վստահեցնել, որ նման մասնագետ ողջ հանրապետությունում մատերի վրա կարելի է միայն հաշվել, բացի դա` նա մարդ է մեծատառով ու հոյակապ մասնագետ. Նման կադր ձեռքից բաց թողնելը խոսում է միայն փողի ու շահի հիվանդագին մոլուցքով տառապող անհայտ ծագման իշխանավորների անխոհեմությամբ ու շահամոլությամբ, նույն Գրիգորյանին, հիմա էլ Բախչագուլյանին ձեռնտու չէր բանիմաց մասնագետ ու գիտեք ինչու? մի պարզ պատճառով, որ հանգիստ լափեն պետական բյուջեի միջոցները, ու իրենց վարորդ-օգնականներին, բարեկամներին հենց այդ նույն ՊՈԱԿ-ում տեղավորելով , պետության հաշվին լավություն անեն, աստղաբաշխական պարգևատրումները գրպանեն ու էլի լիքը լիքը բաներ...կարծում եմ իրավապահ մարմինները շուտով դրանք էլ ի հայտ կբերեն...Ինչ վերաբերում է պարոն Ավագյանին, ապա Աստված առողջություն թող տա ու գոնե սա դառնա սկիզբ տականք-չինովնիկների մռութներին մի լավ հասցնելու համար.....իսկ պարոն Բախչագուլյանը ինտրիգների փոխարեն թող մտածի երկրի սննդի որակի ու ոլորտում չարաշահումների մասին, քանի որ երևի ինքն էլ չի պատկերացնում թե ինչ աղբ է ուտում.....մենակ բյուջեն դատարկելու համար չեն նշանակել, թող մի քիչ էլ աշխատի ու պայքարի իր կաշառակեր տեսուչների դեմ. դիցուք օրինակ` քրեական գործը....պարոն Ավագյան, մենք ձեզ հետ ենք մինչև վերջ....
Լուսինե
Ես կարծում եմ այն մարդիկ ովքեր Ավագյանին ճանաչեցին այս մի քանի ամիսների ընթացքում և աշխատեցին նրա ղեկավարած ժամանակ հիմա նստած կարդում և նաև ծիծաղում են այդ բառերի վրա, որովհետև այդ 24 տարիների աշխատած ժամանակաշրջանում նա այդպես էլ չդարձավ մասնագետ առավել ևս ղեկավար էլ չեմ ասում մարդ: Աշխատողների վրա անհիմն գոռալով, մարդկանց շանտաժի ենթարկելով ազատման դիմումներ կորզելով ՂԵԿԱՎԱՐ չեն դառնում: Ես կարծում եմ պետք չի իրենից զոհ դարցնել և այն մարդկանց ովքեր այս համակարգի համար մոտ մեկ տարի անում են ամեն ինչ վարկաբեկել նորանշանակ աշխատողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter