HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ասալ են` ոսկի կա, լիսալ եմ, բայց տեսալ չեմ» (վիդեո)

 Գորիսի տարածաշրջանի Հալիձոր գյուղի ոսկու հանքում անցյալ տարի հետախուզման աշխատանքներ են կատարվել: Հիմա հալիձորցիները սրտատրոփ սպասում են ուսումնասիրության արդյունքներին: Անհանգիստ են. եթե ոկու հանքը շահագործվի, «գյուղում մարդ չի մնա»:

«Մի օր` երեկոյան, երկու հոգի եկան մեր տուն և ասացին, որ ուսումնասիրություն են կատարում, ուզում են ճանապարհ գցել` հորատման աշխատանքներ իրականացնելու նպատակով, ինձ որևէ փաստաթուղթ ցույց չեն տվել, ասել են, որ եթե արդյունքները դրական լինեն, կվերադառնան:

Սա իմ լուծելու խնդիրը չէ, հարցը պիտի կառավարական մակարդակով լուծում ստանա, այնպես որ, հանքում աշխատել թողնելու և չթողնելու համար ես ոչինչ չէի կարող անել»,- ասում է Հալիձորի գյուղապետ Սամվել Ասրյանը:

Ոսկու հանքը գյուղից 1 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ Տաթևի վանական համալիրից` 1.5կմ: Գյուղացիների այգիների մեծ մասը` մոտ 8000 մետր, հանքի տարածքում է: Հալիձորցիներն իրենց հիմնական եկամուտը ստանում են այդ այգիներից` բանջարաբոստանային կուլտուրաներ մշակելով. նաև թթի այգիներ կան:

«Մեր գյուղում սնունդն էկոլոգիապես մաքուր է, իսկ տուրիզմի զարգացման նոր հնարավորությունները մեզ հույսեր են տալիս: Ճիշտ է` ճոպանուղին նոր է գործարկվել, գյուղացիները առանձնապես մեծ օգուտներ չեն տեսնում, բայց վստահ եմ, որ առաջիկայում կկարողանանք տուրիզմի զարգացմանը զուգահեռ զարգացնել մեր համայնքը»,- ասում է գյուղապետը: Նրա խոսքերով` հիմա ցանկանում են ճոպանուղու հարևանությամբ շուկա ստեղծել, որպեսզի գյուղացին իր բնամթերքը կարողանա վաճառել, զբոսաշրջիկին ներկայացնի իր աշխատանքի արդյունքը, եկամուտ ստանա:

«Տուրիզմի զարգացման  պարագայում, գյուղի համար նոր հեռանկարներ կբացվեն, իսկ եթե հանքը շահագործվի էստեղ ոչ մի տուրիստ չի գա, որ մի տուրիստը կուզենա էս գյուղից ջուր խմի, եթե իմանա, որ աղտոտված է: Աստված մի արասցե, եթե այստեղ գործարանի նման մի բան կառուցվի, էս գյուղի համար իսկական «կատաստրոֆ» կլինի»,- ասում է Սամվել Ասրյանը:

Հանքի հնարավոր շահագործման հանգամանքը դժգոհություններ է առաջացրել նաև հալիձորցիների շրջանում: 

«Սովետի  ժամանակ գյուղում աշխատել են, բայց ասել են, որ ոսկի  չկա. հայերը չեն ուզել Ռուսաստանի հետ կիսվել, մտածել են` թող մնա մեր սերունդների համար: Հիմա Հայաստանը գիտի` կհանի, թե չի հանի»,- ասում է Սաշիկ Զաքարյանը:

Հալիձորցիները դժգոհում են, որ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցնում:

«Ո՞վ ա մեզանից հարցնում. Կուզենան` կշահագործեն, կուզենան` ոչ, ո՞վ ա ժողովուրդից  կարծիք հարցնում` ուզում եք, թե չեք ուզում: Հա, հասկացանք` ոսկու հանք ա, կարող ա ուրան դուրս գա: Դա մեզ համար շատ վատ ա, բայց ո՞վ ա ժողովրդին հարցնում: էնքան որ վկա ենք, էլի: Դե որ աշխատատեղեր բացեցին, աշխատավարձ տվեցին, որ ուրան լինի, ինձ վնասի, ի՞նչ օգուտ դրանց տված աշխատավարձից: Հիմար մարդիկ կարողա ասեն` փող ենք ստանում, բայց դե փող ենք ստանում, դա ոչ մի նշանակություն չունի»,- մտահոգվում է Արտավազդ Առաքելյանը:

Երբ հանքում որևէ  հետախուզման աշխատանք է տարվում, հալիձորցիներից առաջինը Թամարա Հարությունյանն է տեղյակ լինում. Նրա տունը շատ մոտ է հանքին, և ամբողջ գործընթացին ականատես է լինում:

«Դեռ խորհրդային տարիներին, երբ ճանապարհ գցելու համար պայթեցում իրականացրին, մեր տան պատերը ճաքեցին,  պատուհանները ջարդվեցին, եկան նայեցին ու փոխհատուցում տվեցին, հիմա էլ ի՞նչ իմանամ` ինչ են անում,տեղյակ չենք, մենակ գիտեմ` մեր գյուղից երկու հոգի գնացել են հող փորել, բայց 100 մետրի համար 500 դրամ են տվել, հրաժարվել են, հիմա երկուսն էլ Ռուսաստան են գնացել»,-ասում  է Թամարա Հարությունյանը:

Ասում  է, որ եթե դեռ այն ժամանակ այքան վնաս են կրել, հիմա ի՞նչ կլինի: «Կարո՞ղ ա էնպես շահագործեն, որ մեզ վնաս չտան, բայց պարզ է, որ վնաս կլինի: Հա, ես էլ կուզեմ` իմ տանից էլ երկու հոգի աշխատեն, բայց տունս շատ մոտ ա: Եթե դա աշխատելու է, ինձ վնաս տա, ինչիս ա պետք, -ասում է  Թամարա Հարությունյանը և  ավելացնում, - գյուղում հի՞նչ ապրուստ ունենք, որ էդ կեղտի մեջ էլ ապրենք, ավելի լավ չի՞ մեր կովի թարմը կաթը խմեմ, թոթն օտեմ, քան փող ստանամ, բայց հիվանդ ինեմ»:

Հալիձորցիներն ասում են , որ ծանր տեխնիկան աշխատել է նաև Հարանց անապատի հարակից տարածքում: Սա նշանակում է, որ հանքի  շահագործման դեպքում վտանգի տակ կլինեն նաև պատմամշակութային արժեքները:

«Որ ստեղ հանքեր ինի, ստեղաս գյուղը քոչեցնելու են: Ստեղ մարդ չի մնալու»,-ասում է Ռուբիկ Սարգսյանը:

Ռուբիկ Սարգսյան Պայծառ Հարությունյան

 «2.5մլն մարդ ա մնացալ, սաղ հանքերը պանում են, հինչ ա տռնալու: Հոր են  բացում, մեկա պետական չի, մեր հետագա սերունդը  հի՞նչ պիտի անի, հենա եղածը բոլա, էլի»,- համագյուղացու խոսքն ընդհատում է  Սերոբ Սիմոնյանը:

Պայծառ տատը գյուղի տարեցներից է, ով ասում է, որ  բազմաթիվ անգամներ լսել է հալիձորում ոկու առկայության մասին:

«Ասալ են` ոսկի կա, լիսալ եմ, բայց տեսալ չեմ: Դե հալա, թույնը մույնը գիդում չեմ, բայց վնաս կտա, էլի:Մին օր ալ սենց խոսում են գյուղում, ասում են` մեր գյուղը կարողա փոխեն: Ասում են, բայց հալա գիդում չեմ»,-ավելացնում է Պայծառ Հարությունյանը:

Հալիձորի ոսկու հանքում երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա է ստացել  «Արեկլա լոկալ թրեյդինգ» ՓԲ ընկերությունը: Թե ինչպիսին են հետազոտության արդյունքները, դեռ հայտնի չէ: Հայտնի է մի բան, որ հալիձորցիների կարծիքով` հանքի շահագործումը  մեծ աղետ կլինի ոչ միայն գյուղի համար, այլև վտանգի տակ կդնի տուրիզմի զարգացումը, պատմամշակութային արժեքների պահպանությունը: 

Իրինա Յոլյան

 Հոդվածը պատրաստվել է «Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում՝ լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում

Մեկնաբանություններ (2)

Nelson
Հալիձոր և Բարձրավան տեղամասերում ոսկի չկա .....
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սյունիքը արագ տեմպերով վերածվում է հանքի ու պոչամբարի: Եթե սա շուտափույթ չդադարեցվի,Սյունիքի ապագան լավ չի լինելու: Սա ՊԱՐԶ կերպով ցույց է տալիս երկու բան. 1.ՀՀ-ի և Սյունիքի իշխանությունները ԱՆԿԱՐՈՂ են և/կամ շահագրգռված ՉԵՆ Սյունիքում մաքուր-երկարաժամկետ տնտեսություն զարգացնելու, 2. որ այստեղ գործ ունենք հանքային ԿԼԱՆԻ/ՄԱՖԻԱՅԻ հետ,որն ԱՄԵՆ ԳՆՈՎ փորձում է գերշահույթ ստանալ: Այլապես Ի՞ՆՉՈՒ Սյունիքի ընդերքը ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ չի տնօրինում/շահագործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter