HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Ռեգիստրի կեղծ փաստաթղթեր. փաստաբանը պնդում է, որ «Անելիք բանկը» «ՍՊՍ Սիգարոն»-ի տնօրենի հետ գործաքի է գնացել

Նախագահ Սերժ Սարգսյանը «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանին 2012թ. սեպտեմբերի 24-ին պարգևատրել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

«ՍՊՍ Սիգարոն» ընկերության հիմնադիր, մոսկվաբնակ գործարար Սեմյոն/Սիմոն/ Պողոսյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ «Անանիա Շիրակացու մեդալը Հայաստանի Հանրապետության պետական պարգև է և շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության ու տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի և հայտնագործությունների համար: Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են տնտեսության և բնագիտության ոլորտների գիտնականները, ճարտարագետները, գյուտարարները»:

Հայտնի չէ, թե Սամվել Ճզմաչյանը ՀՀ տնտեսության բնագավառում ակնառու ինչ գործունեության համար է ստացել այդ պետական պարգևը: Եթե դա «Անելիք Բանկ»-ի գործունեությամբ է պայմանավորված, ապա Սամվել Ճզմաչյանի կողմից ղեկավարվող «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն երբեմնի հանրահայտ «ՍՊՍ Սիգարոն» ընկերության  տնօրենի հետ գործարքի է գնացել, որի արդյունքում «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը փաստացի անվճարունակության է հասցվել, ներկայումս էլ բանկը փորձում է այդ ընկերության ունեցվածքը  վաճառել, այսինքն` դրանով վերջակետ դնել ժամանակին 370 աշխատող ունեցած և խոշոր հարկատու հանդիսացող «ՍՊՍ Սիգարոն» ընկերության գործունեությանն ու պատմությանը»,-ասում է «ՍՊՍ Սիգարոն» ընկերության հիմնադիր, մոսկվաբնակ գործարար Սեմյոն/Սիմոն/ Պողոսյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը սփյուռաքահայ ներդրողների պաշտպանության նախաձեռնող խմբի կողմից սեպտեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշել է, որ « «Անելիք Բանկ»-ը մի քանի վարկային պայմանագրերով 2010թ. դեկտեմբեր-2011թ. սեպտեմբեր ժամանակահատվածում, առանց «ՍՊՍ Սիգարոն» ընկերության մասնակիցների ժողովի որոշման, իբր «Ընկերության շրջանառու միջոցների համալրման նպատակով» ավելի քան $5.530.000  նպատակային վարկ է տրամադրել «ՍՊՍ Սիգարոն» ընկերության տնօրենին: Վարկի դիմաց գրավադրվել են ոչ միայն վարկի գումարը մի քանի անգամ գերազանցող, ընկերությանը պատկանող անշարժ գույքն ու հոսքագծերը, այլև` ընկերության անվամբ գրանցված մտավոր սեփականության օբյեկտ հանդիսացող թվով 57 արդյունաբերական սեփականություն հանդիսացող իրավունքները, այսինքն` ողջ բիզնեսը: Դրանից հետո բանկը ևս 225.000 եվրո վարկ է տրամադրել «ՍՊՍ Սիգարոն» ընկերության տնօրենին: Իսկ 2012թ. հուլիսի 18-ին դատավարական նորմերի խախտմամբ կայացված վճռով դատավոր Ն. Մարգարյանը որոշեց «ՍՊՍ Սիգարոն» ընկերության ունեցվածքի վրա բռնագանձում տարածել և դրա հաշվին ապահովել արդեն $6.500.000 դարձած վարկային պարտավորությունը: Այսինքն՝ «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը կվերանա»:

Ի դեպ, «ՍՊՍ Սիգարոն» ընկերությանը տրված վարկերի երաշխավոր է հանդիսացել հենց ընկերության տնօրենը, սակայն բանկը նրան որևէ պահանջ չի ներկայացրել: Մեկնաբանություններն ավելորդ են:

Ահա տնտեսության ոլորտում «Անելիք Բանկ»-ի ղեկավարության հեղինակած ակնառու գործունեության մի օրինակ:

Փաստաբան Լ.Հովհաննիսյանը դիմել է իրավապահ մարմիններին և միաժամանակ դատական կարգով վիճարկում է «Անելիք Բանկ»-ի և «ՍՊՍ Սիգարոն» ընկերության տնօրենի միջեւ կնքված գործարքը: 

ՊԵԿ-ի քննիչին են հանձնված անհերքելի փաստեր` գործարքը բանկի ղեկավարության, պետռեգիստրի ստորաբաժանման ղեկավարի և «ՍՊՍ Սիգարոն» ընկերության տնօրենի կողմից կեղծ տեղեկությունների հիման վրա իրականացված լինելու վերաբերյալ, որով ապացուցվում է, որ այդ գործարքով ընկերության համար կանխամտածված սնանկության հիմքեր են ստեղծվել:

Իսկ թիվ ԵԿԴ 1754/02/12 քաղաքացիական գործով զբաղվում է ոչ թե «Անելիք Բանկ»-ի իրավաբանական վարչությունը, այլ անձամբ պարոն Ճզմաչյանը: «Անելիք Բանկ»-ը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, այսինքն` հայցի դեմ չի առարկել, սակայն պետական պարգևը ստանալուց մի քանի օր առաջ պարոն Ճզմաչյանը իրավաբանորեն չհիմնավորված միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարան այն մասին, որ կիրառված հայցի ապահովումը վերացվի, որպեսզի օր առաջ «ՍՊՍ Սիգարոն» ընկերության ունեցվածքն օտարվի:

Վաղը Կենտրոնի դատարանում քննարկվելու է այս միջնորդությունը:

Մեկնաբանություններ (10)

Էլինա Մամիկոնյան
Ոնց հասկանում եմ, «Անելիք բանկը» ուզում է «Սիգարոնի» փայատեր դառնալ, ախր շատ ակնհայտ է մշակված սցենարը...
Երանուհի
Հայաստանը երբեք չի ծաղկի, քանի դեռ մեր բանկային համակարգը այսպիսի բարձիթողի վիճակում է գտնվում!!!
hayk
es el asumem ura korel sigarony es verchers. araj kargin haytni er u lav cxaxotnerer artadrum..pastoren et xexchi gluxnelen uzum uten kam arden kerelen
Ոչ անտարբեր ընթերցող
Հարգելի Anahit, եթե երկու եղբայրներից մեկն ընկերության 50 տոկոսի բաժնետերն է, իսկ մյուս եղբայրը ինչպես այդ ընկերության մնացած 50 տոկոսի բաժնետերը, այնպես էլ դրա տնօրենը, ապա ի՞նչ եք կարծում, տվյալ դեպքում նրանցից ո՞վ կարող էր հանդես գալ ու գործարքներ կնքնել ընկերության անունից...Պատասխանելով այդ հարցին` կպատասխանեք նաև նրան, թե ու՞մ «թեթև ձեռքով» այդ ընկերությունը կարող էր սնանկացման գնալ... Սակայն տվյալ դեպքում էականը Անելիք բանկի դերակատարությունն է...Արի ու տես, որ հազարավոր սուբյեկտների դրամական միջոցներն իր մոտ պահող և կառավարող հսկայական կառույցը` բանկը, գիտակցված կերպով օրենքի կոպիտ խախտում է թույլ տալիս իր գործարքում, որն ավելի քան շահեկան է իր համար, սակայն ճակատագրական` ընկերության համար: Եվ ամենաաբսուրդն այն է, որ որոշ «խելացիներ» փորձում են Անելիք բանկի կողմից թույլ տված ապօրինությունը որպես բարեգործություն ներկայացնել :)
fred
Hodvaziz ban chi haskazvum. sigaroni tnoren@ mitumnavor uzum e snankaznel sigaron@, te nran qzel en? Tnoren@ qani % baznemas uni. Myus bazneter@ ira yexpayr Seyrann e, nranz mej taradzaynutyunner kan?
Ոչ անտարբեր ընթերցող
Հարգելի fred, եթե ցանկանում եք հասկանալ, կարող եք հետևել այս հղումներին` http://hetq.am/arm/news/15531/tnoren-bank-datavor-pak-shrjan-ynkerutyan-sepakanatiroj-hamar.html, http://hetq.am/arm/articles/17802/aneliq-banki-aneliqy-kisat-mnac-.html ...Ցավալի է այն փաստը, թե ովքեր են Հայաստանում արժանանում պետական պագևների, այն էլ` Անանիա Շիրակացու մեդալին: Խեղճ Շիրակացի, լավ է` չի տեսնում, թե ինչ են անում` օգտագործելով իր բարձր անունը..., որ Սերժի «թեթև» ձեռքով միմիայն գումարի հոտ ճանաչող Ճզմաչյանները մեդալակիր են դառնում: Պարոն Ճզմաչյան, հավատացեք, երբ «Սիգարոն» ընկերության հետ կատարվածի համար մեղավորները բացահայտվեն, այդ մեդալը ձեզ չի փրկի!!!
Լեռնիկ Հովհաննիսյան
Հարգելի Fred, իրոք, Սիգարոնին կանխամտածված սնանկության տանելու գորընթաց է իրականացվում: Դրանով փորձ է կատարվում 50 տոկոս բաժնետեր Սիմոն Պողոսյանին հարկադրաբար զրկել իր բաժնեմասերից, քանի որ նա ցանկանում է նոր ներդրումներով ընկերությունը կրկին ոտքի կանգնեցնել: Մյուսները ընկերությանը նայում են, որպես գույքային համալիրի`շարժական և անշարժ գույքերի ամբողջության, որի վաճառքից կարող են մի 13-15 միլիոն դոլար գումար ստանալ: Իրականում ընկերության իրական գինը շուրջ 28-30մլն դոլար է: Ընկերության մյուս 50տոկոս բաժնեմասերի սեփականատեր և տնօրեն Սեյրան Պողոսյանը 2009թ.-ից հետո Սիմոն Պողոսյանին մեկուսացրել է ընկերությունից, միմյանց հետ չեն շփվում: Նման դեպքերում միշտ էլ երրորդ անձինք են շահում և դուք ճիշտ եք նկատել այս ամենը Սիմոնին «քցելու» նպատակով է կատարվում: Ավելացնեմ, որ այսօրվա դատական նիստի ժամանակ բանկը հրաժարվեց իր միջնորդությունից:
Fred
Hima haskaza, Seyran@ Simoni poxaren uzum e Anelik bankin darzni 50 tokosi bazneter kam partq@ verzni ir vra. Simonn el uzum e yevs 7-8 mln dollar verznel nor heranal. Indz tvum e yexpayrnerov karox en hamadzaynutyan gal.
Լեռնիկ Հովհաննիսյան
Հարգելի ararat, Հետք-ի հոդվածների մեկնաբանությունների բաժինը Աշոտ Արամյանի -ի «$6 МЛН-ДЫМ! $6 МЛН - В ДЫМ» հոդվածով ծանրաբեռնելն այնքան էլ կոռեկտ չեմ համարում: Եթե Դուք Անելիք բանկին ու նրա ղեկավարին http://www.golosarmenii.am/ru/20295/economics/20541/ գովերգող հոդվածագիրը չեք, ապա լավ կլիներ գոնե Ձեր անունից մեկ բառ գրեիք: Եթե լրագրող Աշոտ Արամյանն եք, ապա նախ խորհուրդ կտայի նման հնարքի փոխարեն այսուհետև դիմել Հետքի խմբագիր պարոն Բաղդասարյանին, մի գուցե` այսուհետ Ձեր հոդվածները տեղ գտնեն Հետքի կայքում: Ինչ վերաբերում է Ձեր լիրիկական ժանրի հոդվածին, ապա բանկը բարերարի կերպարով մի ներկայացրեք, դա բոլորի մոտ ծիծաղ կառաջացնի, իսկ «բանկիրների» մոտ` քմծիծաղ: Միայն մեկ փաստ նշեմ. Բանկից խնդրեք չլրացված տիպային վարկային պայմանագիր և ուշադրություն դարձրեք, թե վճարումներն ուշացնելու դեպքում/բոլորի հետ էլ կարող է պատահել/ օրական քանի տոկոս տույժ է արձանագրված և եթե այդ թիվը բազմապատկեք ամսվա օրերով, ապա կստացվի ամսական` 6%, չհաշված պայմանագրով նշված տոկոսները: Այսինքն անգամ լոմբարների սահմանած 4%-ից 50%-ով ավելին է: Սա լավություն կամ բարություն չէ, յուրաքանչյուր իրավաբանի հարցրում և նա կասի, թե այդ հարցը իրավունքի որ դաշտում է: Ինչ վերաբերում է «Սիգարոն»-ի վարկին, ապա`$6.500.000-ից ավել վարկային պարտավորության հաշվարկի մեջ ներառված է և’ տարեկան տոկոսը, և’ չարաբաստիկ տույժի ամսական` 6%-ը: Այդ հաշվարկով ընկերության տնօրենը ստացած գումարի 15%-ի չափով գումար արդեն վճարել է, իսկ վճռով մայր գումարից բացի ևս 15%-ի չափով գումար պետք է վճարի, իսկ ժամանակահատվածը 1,5 տարի է: Եվ, եթե ընկերության ղեկավարը, ինչպես հոդվածում է նշված, «արցունքներով խնդրում» էր վարկ տրամադրել/իհարկե այդ մասին Ձեզ բանկում են լուսաբանել/, իսկ բանկը գիտակցելով, որ որևէ հաշվարկով ընկերությունն այդ վարկը չի կարող մարել և դրանից հետո գործարք է տեղի ունենում, ապա կնքված գործարքը, բացի այն, որ կեղծ տեղեկանքի, առանց ժողովի որոշման է տրվել, նաև` ստրկացուցիչ գործարք է հանդիսանում/ՀՀ քաղ.օր. 313 հոդված/: Դա ոչ թե բարի գործ է, այլ` անվավեր գործարք, հետևանքը` կանխամտած սնանկություն: Որպես փաստաբան, օգտակար խորհուրդ կտամ, որ փաստաբանների դեմ որևէ նյութ կազմելիս հաշվի առնեք, որ Դուք մի կողմից ստացած թերի տեղեկատվությամբ եք առաջնորդվում, իսկ փաստաբանը իր զինանոցից ընդամենը մի քանի փաստ է ներկայացնում և Ձեր պայքարն ինքնազոհության է նման, թե հանուն ինչի` Դուք ասեք: Դատավորի հարցում, եթե իմ փոխարեն փաստաբանը բանկի իրավաբանական վարչության պետ, փաստաբան Անի Մովսիսյանը լիներ, համոզված եմ, որ Արդարադատության խորհուրդ էլ կդիմեր, բայց ինչ անի «դատավորը»: Իսկ եթե դատավորը բանկի նկատմամբ նման վարքագիծ դրսևորեր, ապա նրա համար հետևանքներն այլ կլինեին: Ազատ արտահատվում եմ, քանի որ դիտավորի դեմ իմ յուրաքանչյուր բառի տակ օրենքի և վճռաբեկ դատարանի տառն է: Այնպես, որ այսուհետ բանկային գործունեությունը լուսաբանեք, բայց մի գովերգեք, թե չէ` տարաբնույթ կասկածների տեղիք եք տալիս և ունքն ուղղելու փոխարեն աչքն եք հանում:
հայաստանցի
Հոդվածում և դրան նախորդող հրապարակումներում նկարագրվածը արդի հայաստանյան իրականության հստակ արտացոլումն է,իրականություն որտեղ տիրում է զզվելի բարոյահոգեբանական մթնոլորտ,որտեղ փողի հանդեպ ունեցած մոլուցքը այլևս չի ճանաչում ոչ մի սրբություն եվ բանսարկությունն ու դավաճանությունը դարձել են խաղի կանոն,որտեղ իշխող քաղաքական ու տնտեսական վերնախավի գործողությունները վաղուց արդեն դուրս են գտնվում օրենքի և սահմանադրականության շրջանակներից: Եվ մանկամիտ պետք է լինել մտածելու համար, որ նման փտած պետական կառավարման համակարգով և վերից-վար կոռումպացված հարաբերություններով երկրում որևէ մեկը ցանկություն կունենա այլևս ներդրում կատարել - ընդհակառակը, ցանկացած ողջամիտ մտածողություն ունեցող ոք օր առաջ կուզենա իր ունեցվածքը դուրս հանել երկրից,որտեղ ավարտական տեսքի է բերվում ''մեկ ընտանիքի պատկանող էկոնոմիկա'' պատկերը: Հայաստանցին այլևս հույսը կտրել է նորմալ երկիր ունենալուց և լքում է իր երկիրը...ու դա արդի հայաստանյան իրականության ամենացավալի ու վտանգավոր դրսևորումն է :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter