HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Թմրամոլություն. վերադարձ կյանք

Առողջապահության նախարարության կողմից  «Գլոբալ հիմնադրամի» ֆինանսավորմամբ մեթադոնային փոխարինող բուժման ծրագրով Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում բուժվում է 16 թմրամոլ՝ բոլորը Վանաձորից՝ չնայած մարզում 70 թմրամոլ է հաշվառված: «Մեթադոնը» սինթետիկ թմրանյութ է, որը փոխարինում է ափիոնային խմբի թմրամիջոցներին: Այն ընդունում են խմելու եղանակով, ոչ ներարկման ճանապարհով, ինչը բացառում է արյան միջոցով ինֆեկցիաների փոխանցումը, որոնք հաճախ լինում են թմրամոլների մոտ՝ ՄԻԱՎ,  հեպատիտ: «Մեթադոնը» բավականին փոխում է կյանքի որակը, առաջացնում է հասարակության կամ սեփական ընտանիքի նկատմամբ որոշակի օգտակարություն ցուցաբերելու ձգտում: Շահառուներից ոմանց մոտ արդեն նկատելի են նման դրական ազդեցություններ:

Վանաձորցի 34-ամյա Սարգիսը Լոռիում ներդրված մեթադոնային փոխարինող բուժման ծրագրի 16 շահառուներից  մեկն է, ով ամեն առավոտ դիսպանսերից ստանում է «Մեթադոնի» համապատասխան չափաբաժինը: Բոլոր 16-ի թվում՝ նա էլ ունի հեպատիտ C, որը կարող է լինել թմրամոլությամբ պայմանավորված հիվանդություն: Սարգիսը նախկինում նաև մի քանի անգամ դատված է եղել, որից մեկն էլ՝ թմրանյութի պատճառով: Նա պատմում է ափիոնի և դրան փոխարինած «Մեթադոնի» օգտագործման ու ազդեցությունների մասին:

Ինչպե՞ս սկսեցիր թմրամիջոց օգտագործել:

Դե, նենց էղավ, որ իմ կյանքը ուրիշ ձևով ա դասավորվել. մեծ մասը կյանքիս կալանքներում եմ անցկացրել՝ բռնված, ու շատ բան եմ տեսել: Ինձ ստուգեցին, ասին՝ դու աչքի խնդիր ունես, ու բանակից ազատեցին: Էկա էստեղ, ասին՝ 500 դոլար փող պետք ա տաս: Ես էլ ասի, եթե Երևանը ինձ ազատել ա, դուք ինչի՞ եք փող ուզում, չեմ գալիս, փախնում եմ բանակից. առաջին անգամ դրա համար եմ դատվել՝ 2 տարի, ու կյանքս տենց պղտորվել ա:

Հետո դուրս էկա, գնացի Ռուսատան, հիմի էլ ուրիշ բանով դատեցին, որ գողություն եմ արել. 3,5 տարի էլ Ռուսաստան տարբեր գաղութներում եմ նստել: Էնտեղ եմ սկսել սրսկվել. 18-19 տարեկան էի: Որ գնացի, էս սենյակի չափի սենյակ էր, մեն-մենակ նստել եմ էդտեղ: Ու էդ դեղը օգտագործել եմ, որ ապրեմ, հասկանո՞ւմ ես՝ որ չգժվեմ:

Դա նենց բաներ ա, որ սենց խոսալով դու դա չես կարա զգաս. մարդու հոգեբանության հետ ա կապված… Ասին՝ էս դեղը լավ բան ա, մի հատ սրսկվի, քեզ լավ կզգաս: Արեցի, զգացի, որ հաճելի ա, հետո, երբ հնարավորություն ա էղել, արել եմ: Ես կակաչ եմ օգտագործում: 

Հերոին օգտագործե՞լ ես, նույն խմբի թմրանյութ է:

Հա, գեռային օգտագործել եմ: Ռուսաստանում գաղութում բաժակով ա էղել մոտս: Գեռայիը սինթետիկ տեսակն ա. կակաչից են ստանում. մեջը քիմիական նյութ են լցնում, սևությունը սպիտակում ա, դառնում ա փոշի: Նույն բանն ա, ուղղակի ուժեղ ա: Թանկ ա, էստեղ գրամը 120 հազար ա իսկական գեռայինի: «Մեթադոնը» 300 դոլար ա գրամը՝ փոշին, սա չէ, որ խմում ենք, սրսկվելունը:

Բենզինի տարածված մեթոդից էլ ե՞ս օգտվել:

Ես դրանից չեմ արել, ասել եմ՝ ավելի լավ ա՝ 20 հազար դրամ տանեմ տամ, Երևանից առնեմ, մաքուր օգտագործեմ, քան թե էդ թույնը: Մի 3 տարի առաջ շատ էի օգտագործում. Օրական, եթե 1 գրամը 4 հոգով են անում, ես 6 գրամ էի անում՝ 24 հոգու դեղ: Պատկերացրա, որ 6 հատ էդ ձևի 20 հազար տվել առել եմ օրվա մեջ: Ոնց որ արդեն օրգանիզմդ սովորում ա դրան, ու որ գալիս ա մի հատ քանակություն, արդեն ուզում ես բարձրացնես , որ քեզ համար սովորական չեղնի(Տոլեռանդությունը՝ տանելիությունը, բարձրանում է նշված նյութի նկատմամբ և անհրաժեշտություն է առաջանում բարձրացնելու նաև դեղաչափը - հեղ.):

Բա որտեղի՞ց քեզ այդքան փող:

Չունեմ:  Դուրս եմ գալիս մի հատ գործ եմ անում, ունենում եմ: Ապրանք եմ ծախում. շատ ծանոթներ  ունեմ, գիտեմ՝ էս ինչ բանը քեզ պետք ա, ճարում եմ իմ փողով, տալիս եմ քեզ ու մեջը փող եմ աշխատում՝ մաքուր ձևով: Չէ, նարկոտիկը չեմ ծախում, մենակ իմ օգտագործելու համար եմ առնում:

Գիտեի՞ր, թե ինչ բարդություններ կարող են լինել, գերդոզավորումների մասին տեղյա՞կ ես:

Բա ոնց չգիտեի: Էղել ա, գեռայինից ես պերեդոզիրովկա եմ էղել, ուղղակի սրտիս պատճառով առողջ եմ մնացել: Կարող ա սրսկվես պրծնես, քեզ թվա, գեռայինի մասին ա խոսքը, լավ ես, չզգաս քնում ես, սենց նստած ուղղակի մի պահ աչքդ փակես ու էլ չվերկենաս: Էդ պահին ոչ մի բան չես զգում, գնում ես էն աշխարհ:

Ի՞նչ զգացողություններ ես ունենում, երբ թմրանյութի պահանջ է առաջանում:

Որ լավ սոված ես եղնում, ինչ ես զգում: Դա էլ էդ ձևի սով ա. առավոտ վեր ես կենում, մինչև դա չանես, հաց չես ուտի: Որ սիրահարված ես էղել, արթնացել ես առավոտ, չես զգացե՞լ, որ էդ մարդու կարիքը զգում ես, զուտ որ նստի հետդ խոսա: Դա էլ դրա պես մի բան ա, էլի: Դեղ անող մարդը, որ տարիներով սրսկվում ա, չէ, իրա համար աղջիկը գոյություն չունի, էղած-չեղած: Նա նրան նայում ա ուղղակի որպես մարդ, վերջ:  Ինչքան որ դեղը ազդում ա, նույն ձևի ես զգում: Բայց որ ազդեցությունը թողեց, արդեն ոչ թե հոգեպես, այլ մարմնով ցանկանում ես, որ ընդունես, զգում ես, որ չես կարում շարժվես:

Լոմկան էլ էն ա, որ չես կարում մի ձևի նստես, կես ժամվա մեջ դիրքդ տարբեր ձևի փոխում ես, պառկում, ծխում: Էդ շարժումները անում ես, որ ջանիդ ցավը թուլացնես: Ոնց որ քեզ վեր ունեն մզեն, ոնց են լվացքի շորը մզում: Կարող ա լոմկի վախտ մի բան դուրդ չգա, մարդավարի ասես՝ թարգը տուր, կարող ա գլխիդ լոլո կարդա, բաժակը վեր ունես, գլխին տաս. ցավերդ էնքան ուժեղ ա, վրեդ ազդում ա:

Մեթադոնային բուժման կուրս ես անցնում, ի՞նչ փոփոխություններ ես նկատել:

Նույն բանն ես զգում: Երկուսն էլ նարկոտիկ ա, սրա առավելությունն էն ա, որ էլ չես ուզում սրսկվես, չես ուզում խմես: Էստեղից մի գրամ դեղի համար հասնում էի Երևան, 4 ժամ տևում էր, իսկ հիմի գիտեմ, որ առավոտ 10-ին գնալու եմ խմեմ ու անցնեմ իմ նորմալ կյանքին: Փողը արդեն կարամ էրեխուս վրա ծախսեմ. հեծանիվ առնես, տետր կամ մի ուրիշ բան: Համ էլ որոշել եմ մի որոշ վախտ խմեմ ու սրանից էլ պրծնեմ, որ հետ դառնամ նորմալ կյանքին՝ առանց նարկոտիկի:

Երբ նոր էիր սկսել, չէի՞ր փորձում հետ կանգնել:

Որ նոր էր, չէի կարա. էդ վախտ չես ուզում: Ինքը էնքան դուրդ գալիս ա, որ ուզում ես շարունակես: Տհաճը էն ժամանակ ա սկսվում, երբ զգացնել ա տալիս, երբ որ արդեն մենակ դեղն ա ուղեղիդ մեջ, ուրիշ բան չկա:

Թմրամիջոց օգտագործելիս մենա՞կ ես լինում, թե՞ ընկերներիդ հետ:

Սիրում եմ նենց, որ ինչը վերաբերում ա դրան, մենակ ես իմանամ էդ մասին: Չեմ ուզում հետս մի քանի հոգի վեր ունեմ, որովհետև առաջին հերթին՝ ինչի՞ համար իմանան, համ էլ՝  ինչի՞ ես պատճառն էղնեմ, որ ինքը սրսկվի, ինչի՞ համար: Եթե ես ընկել եմ էս պրոբլեմի մեջ, խի՞ ուրիշին էլ հետս քաշեմ:

Կին ու երեխա ունես: Ի՞նչ հարաբերություններ են ընտանիքում:

Մի սիրուն էրեխա ունեմ, աղջիկ ա, 7 տարեկան: Իմ էրեխեն մինչև հիմի հենց գիտի ես բնաստեղծ եմ: Ես եմ գնում դպրոցից բերում տուն, դասերը սովորացնում: Ես ու աղջիկս իրար հետ ճաշ ենք սարքում: Կինս շատ ա էղել, որ ասի՝ թող, բայց ինքը իմ հետ կռվով չի խոսացել, կողքիս նստել ա, ասել ա՝ չես զգում՝ վախտն ա թողնելու:

Երբևէ մտածո՞ւմ ես, որ կյանքդ կարող էր այլ կերպ դասավորվել:

Չէ, տենց բան չեմ մտածում, որ խի եմ ապրում: Սաղ վախտ ել մտածում եմ, որ ամեն ինչ լավ ա էղնելու: Եթե ընդունակ ես լավություն անես, ինչ էլ անես, քեզ հետ ա գալիս կյանքում: Եթե էդ մտքով ապրում ես, խի՞ պետք ա հիասթափվես, որ:

Ինչի՞ց ես վախենում: Օրինակ՝ հիվանդությունից, ծերությունից, մահից:

Չէ, ծերությունից ինչի՞ պետք ա վախենամ, դա էլ իր քաղցրությունն ունի: Խի, որ կարող ա 2 հատ կնճիռ ավել էղնի երեսի վրա, հա՞: Բայց եթե դիմացի մարդը խելացի ա, խի՞ էդ մարդու հոգին չի գնահատում, հոգու ջահելությունը չի գնահատում, այլ գնահատում ա արտաքինը: Հիվանդությունից էլ չեմ վախում, որովհետև հավատում եմ, որ Աստված ա կյանքի երկարությունը տալիս՝ կապ չունի ինչ կյանքով ա ապրում:  Ինչքան տված ա, էնքան էլ ապրելու ա՝  ինչ ձևի հիվանդ ուզում ա էղնի:

Ես մենակ եմ հիմի: Ունեմ կին, երեխա, բայց ես մենակ եմ: Իմ կողքին նենց մարդ չկա, որ կարենա ինձ հասկանա: Ես ընգեր չունեմ, որի հետ կարենամ կիսվեմ: Իմ ընգերը իմ հարազատներն են էղել, հիմի իմ կողքին չեն: Չկան, մահացել են: 

Չկա մի մարդ, որ ինչ-որ հարց ինձ անհանգստացնի, կարենամ կիսվեմ, թևութիկունք չունեմ: Մենակությունը ոնց ա՝ լիքը մարդիկ կան, ամեն ինչ ունեն՝ յախտեք, սամալյոտներ, տներ, բայց իրանց կողքին հարազատ մարդ չունեն:

Ո՞ր պահից զգացիր այդ մենակությունը:

Էդ զգացել եմ 12 տարեկանից, երբ որոշել եմ ինքնուրույն ապրեմ, ոչ մեկից կախում չունենամ: Դրա համար էլ էսքանի միջով անցել եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter