HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ջավախքում կարծրատիպ կոտրվեց. այժմ գոնե 30%-ը ձայնը տվեց ընդդիմությանը. Շիրակ Թորոսյան

«Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ջավախքում ստերիոտիպ կոտրվեց. եթե առաջ ձայների գրեթե 100%-ը վերցնում էր իշխանությունը, ապա այժմ Վրաստանի ընդդիմությունը, ի դեմս Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքի, Ջավախքում հավաքեց ձայների շուրջ 30%-ը: Համեմատության մեջ սա լուրջ արդյունք է և վկայում է ջավախքցիների քաղաքացիական կեցվածքի մասին»,- կարծում է «Ջավախք հայրենակցական միության» նախագահ Շիրակ Թորոսյանը:

Նախկինում իշխանությունը նախընտրական խոստումներ չէր տալիս, իսկ ընդդիմությունն ընդհանրապես չէր գալիս Ջավախք՝ համոզված լինելով, որ այդտեղից չի կարող ձայն հավաքել: Ըստ Շ. Թորոսյանի, այժմ պատկերն այլ է. նախընտրական շրջանում ջավախքցիներին սկսեցին խոստումներ տալ: Եվ եթե իշխանության խոստումները հիմնականում սոցիալ-տնտեսական բնույթի էին, ապա ընդդիմությունն ակտիվորեն խոսում էր ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին, որոնք, իհարկե, չէին կարող չհետաքրքրել ջավախքահայերին:

Իվանիշվիլիի տված խոստումներից ամենակարևորը, թերևս, Ջավախքի հայկական դպրոցներում հայոց լեզվի ժամաքանակի վերականգնումն է, ինչը պետք է կատարվեր դեռ անցած տարվա սեպտեմբերին, բայց Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն, առանց պատճառաբանության, չէր կատարել այդ խոստացված փոփոխությունը: Ընդդիմության առաջնորդը խոստացել է նաև հայ-վրացական բարձրագույն ուսումնական հաստատություն բացել Ջավախքում:

Խոսելով Վրաստանի խորհրդարանում մեծամասնություն ձևավորած ընդդիմադիր դաշինքի առաջնորդի մասին՝ Շ. Թորոսյանը նշեց, որ վերջինս բիզնեսից է եկել քաղաքականություն և պրագմատիկ մարդ է, չունի հստակ ձևավորված քաղաքական համոզմունքներ, զերծ է ազգայնական ծայրահեղություններից, ինչը ձեռնտու կարող է լինել ջավախքահայերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter