HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Երբ երկիրը վերածվում է... մարդաորսի տարածքի

Անցած տարի՝ հունիսին հրավիրած խորհրդակցության ժամանակ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միգրացիոն հիմնախնդիրներին առնչվող իրավասու մարմիններից պահանջեց հանրությանը ներկայացնել արտագաղթին վերաբերող այնպիսի վիճակագրություն, որը ցույց կտա, թե մարդիկ ավելի շատ գալիս են Հայաստան, քան գնում այստեղից:

Դրանից հետո վարչապետը, Միգրացիայի գործակալության պետը մի քանի անհաջող փորձ կատարեցին՝ հանրությանը համոզելու, որ այն, ինչ քաղաքացիներն ամեն օր դեսպանատների առաջ տեսնում են իրենց աչքերով, ընդամենը մղձավանջային կոլեկտիվ երազ է: Բայց նախագահի բուն հանձնարարականը մեծ հաշվով ոչ ոք կատարել չկարողացավ:

Եվ ահա երեկ Հայաստանի պատկան մարմինների համակ լռության ֆոնին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն բացում է որոշ փակագծեր և ներկայացնում վիճակագրական տվյալներ, որոնք որևէ ձևով կարծես թե հերքման ենթակա չեն: Պարզվում է, որ 2007թ.-ից առ այսօր Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում Հայաստանից հեռացել է 5000 մարդ՝ ընտանիքով: Ըստ դեսպանի՝ նույն ժամանակահատվածում գրեթե նույնքան մարդ ընտանիքով հեռացել է ԱՄՆ Կառավարության կողմից իրականացվող «Գրին քարտի» ամենամյա խաղարկության արդյունքում:

Դեսպանն այս համեմատությունն անցկացրել է՝ ապացուցելու համար, որ «Հայրենակիցներ» ծրագիրը ավելի վատը չէ, քան ամերիկյան խաղարկությունը: Ինչ խոսք, նրա տրամաբանությունը և հիմնավորումը երկաթյա են: Բայց ուշադրություն դարձնենք թվերին: Եթե ընդունենք, որ հայաստանյան յուրաքանչյու ընտանիք միջին հաշվով կազմված է երեք անձից, ապա ստացվում է, որ անցած 5 տարվա ընթացքում միայն այս երկու ծրագրի «շնորհիվ» Հայաստանը մշտապես լքել է 10 հազար ընտանիք, այսինքն՝ 30 հազար մարդ: Կրկնում ենք՝ միայն այս երկու ծրագրի արդյունքում:

Ծրագրերը, որոնք ուղղված են այդ երկրների ժողովրդագրական հավասարակշռությունը պահպանելուն, միայն Հայաստանում չէ, որ իրականացվում են: Պարզապես դրանց հետևանքները կոնկրետ մեզ համար են դառնում աղետալի, ուստիև՝ շատ ցավոտ: Որովհետև խնդիրը ոչ միայն արդեն հեռացած 10 հազար ընտանիքն է, այլև, օրինակ, այն 20 հազար քաղաքացիները, որոնք դիմում են գրել ռուսական այդ ծրագրից օգտվելու համար, այսինքն՝ մշտական հիմունքներով ընտանյոք հեռանալու ցանկություն են հայտնել այն տասնյակ հազարավոր անձինք, ովքեր ամեն տարի մասնակցում են «Գրին քարտի» խաղարկությանը և ԱՄՆ տեղափոխվելու հույսեր փայփայում: Սակայն որքանով է դա, ի վերջո, այդ երկրների խնդիրը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անցած շաբաթ խորհրդարանում հայտարարեց, թե Կառավարությանը մտահոգում է «Հայրենակիցներ» ծրագիրը, և որ հարցը ռուս գործընկերների հետ քննարկվել է բոլոր ատյաններում, այդ թվում և միջկառավարական հանձնաժողովի նիստերում: «Մեր դիրքորոշումը հայտնի է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը: Հայաստանում «Հայրենակիցներ» ծրագիրն այլևս չի գործի: Հայաստանի Հանրապետությունում նման գործունեության կազմակերպումն անթույլատրելի է: Ռուս գործընկերները մեր փաստարկներն ընդունում են: Սովորական միգրացիոն գործընթացների կազմակերպման հարցում մենք կգանք ընդհանուր եզրակացության, սակայն ՀՀ-ից արտագաղթ կազմակերպելն անթույլատրելի ենք համարում»,- ասել էր Տիգրան Սարգսյանը: Սա նշանակում է, որ Կառավարությունը արտագաղթի խնդիրը լուծելու լավագույն միջոցը կամ գուցե դրանցից մեկը համարում է վարչական լծակների գործադրումը, որը մեր դեպքում ավելին չէ, քան հողմաղացի դեմ անողոք կռիվ տալը:

Նախ, եթե իսկապես ընտանիքներով երկրից հեռանալու այս վարակը կանգնեցնելու համար լավագույն միջոցը, օրինակ, Ռուսաստանին ստիպելն է փակել Հայաստանում «Հայրենակիցները», ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է վարչապետը թիրախ վերցրել միայն այս ծրագիրը: Նույն տրամաբանությամբ նա պետք է նաև ԱՄՆ-ին ստիպեր դադարեցնել «Գրին քարտի» խաղարկությունը: Եվ ընդհանրապես, պետք է Հայաստանում հավատարմագրված բոլոր երկրների դեսպանատներին, հյուպատոսարաններին ստիպի Հայաստանից դուրս գալ ցանկացող ոչ մի քաղաքացու վիզա չտրամադրել: Պետք է փակի սահմանը բոլոր ուղղություններով, որովհետև հեռանալ ցանկացողները դա անում են հնարավոր ու անհնար, օրինական ու ապօրինի բոլոր միջոցներով:

Բայց ինչպես ինքը՝ վարչապետն է ժամանակին թեկուզ կատակով խոստովանել, Կառավարությունը դա անելի չի կարող, որովհետև չի կարող թույլ տալ դժգոհ զանգվածների կուտակում սահմանափակ, ռեսուրսներ չունեցող երկրում, որի իշխանությունները ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական հիմնախնդիրները լուծելու բանալին տեսնում են մարդկանց արտագնա աշխատանքի ուղարկելու և երկիրը գործնականում տրանսֆերտների հաշվին պահելու մեջ:

Երկրորդ՝ հասկանալի չէ, թե ինչպես է Կառավարությունը կարողանալու արգելել նման ծրագրերը Հայաստանում: Ռուսաստանի դեսպանն, օրինակ, իր վերջին ասուլիսում, որի ընթացքում խոսել է «Հայրենակիցներ» ծրագրի մասին, ոչ մի կերպ ակնարկ անգամ չի արել, որ այն փակելու վերաբերյալ կա համաձայնություն ռուսական կողմի հետ, որ քաղաքական ղեկավարությունը տեղյակ է հայկական կողմի մտահոգություններին, որ նրանք ընդունում են վերջինիս փաստարկները և պատրաստ են փակելու ծրագիրը:

Եվ դա շատ օրինաչափ է թվում: Որովհետև եթե Կառավարությունը հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի բոլոր նիստերում հարկ է համարում բարձրացնել այդ խնդիրը, բայց Ռուսաստանի դեսպանատանը համապատասխան գրասենյակը չի փակվում, նշանակում է՝ կամ վարչապետն է, մեղմ ասած, թյուրիմացության մեջ գցում բոլորիս, կամ էլ ռուսական կողմն ուղղակի թքած ունի այդ անհանգստությունների, փաստարկումների, բացատրությունների վրա:

Նշանակում է, որ ինչպես նախկինում էին Ռուսատանի և ԱՄՆ-ի նման երկրները Հայաստանի նման երկրներին դիտարկում որպես իրենց ժողովրդագրական խնդիրները լուծելու մատակարար երկրի, այնպես էլ հիմա են դիտարկում, որովհետև այդ երկրի իշխանությունն ինքն է թե իրեն և թե երկիրը օբյեկտի վերածում: Ահա թե ինչու բացարձակապես զարմանալի չէ, թե ինչպես է կարողանում Ռուսաստանի դեսպանը ոչ միայն շրջանցել վարչապետի մտահոգությունները, ոչ միայն բացահայտ կերպով անուղղակիորեն ցույց տալ, որ վարչապետը, մեղմ ասած, ճշմարտությունը չի ասում, այլև հասկացնում, որ ծրագիրը չի դադարեցվելու:

Վարչապետը, ըստ էության, միգրացիոն առկա խայտառակ վիճակի պատասխանատվությունը փորձում է Կառավարության, իշխանությունների վրայից գցել այլ երկների, նրանց կողմից իրականացվող այսպիսի ծրագրերի վրա: Եվ դա հասկանալի է. շատ ավելի հեշտ է արդարանալ, որ խնդիրը չես լուծում քո նկատմամբ իրականացվող ինչ-որ վիրտուալ դավադրությունների պատճառով, քան խոստովանել խնդիրը գոնե մասամբ լուծելու հարցում սեփական անճարակությունդ: Տվյալ դեպքում իշխանությունը առաջնորդվում է այս «ոսկե կանոնով»:

Եվ վերջապես՝ երրորդ: Դեռ 2011թ. հանրապետության նախագահն էր աքսիոմատիկ ճշգրտությամբ բացատրել, թե ինչպես կարելի է դադարեցնել մարդկանց արտահոսքը: «Միակ գործոնը, որ կարող է իսպառ բացառել Հայաստանից մեկնողների ու ժամանողների թվաքանակի բացասական տարբերությունը, մեր երկրում այնպիսի պայմանների ստեղծումն է, ինչպիսի պայմանների համար մարդիկ հեռանում են երկրից»,- ասել էր նա:

Միգրացիոն և արտագաղթի խնդիրների վերաբերյալ նախագահն իր պաշտոնավարման ընթացքում ընդամենը մեկ խորհրդակցություն կամ քննարկում է ունեցել, այն էլ՝ ըստ էության հորդորելու համար, որ վիճակագրական աճպարարություններով մեղմեն արտագաղթի հոգեբանական ազդեցությունը: Ի՞նչ է արվել անցած ողջ տարվա ընթացքում այս ուղղությամբ, ոչ ոք չգիտի: Իշխանությունները զբաղված են եղել իշխանության վերարտադրությունը գլուխ բերելու շատ ավելի լուրջ գործով, որի համար, ի դեպ, խիստ անհրաժեշտ է երկրից բացակայող քաղաքացիների հնարավորինս մեծ ցանկ ունենալը:

«Արդյոք ինչ-որ մեկը հայերին Ռուսաստա՞ն է քաշում։ Արդյոք ինչ-որ մեկը բռնությա՞մբ է տանում այնտեղ։ Դուք կարծում եք՝ եթե փակեք ներկայացուցչությունը, մարդիկ չե՞ն գնա։ Արդյոք խնդիրը ներկայացուցչությո՞ւնն է,- ասել է դեսպանն ու ավելացրել:- Ինչո՞ւ են մարդիկ գնում Հայաստանից։ Գնում են, քանի որ նրանք ինչ-որ օբյեկտիվ պատճառներ ունեն, և դա, անշուշտ, կապ չունի Դաշնային միգրացիոն ծառայության հետ: Եթե փակենք ներկայացուցչությունը, միգրացիան չի դադարի։ Այստեղ այլ պատճառներ կան»:

Որքան էլ ցինիզմով լեցուն լինեն Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի այս հայտարարությունները, դրանք պարզ ճշմարտություններ են: Ողջ հարցն այն է՝ արդյոք դրանք Կառավարությանն ընդհանրապես հետաքրքրո՞ւմ են...

Լուս.՝ strategiirazvitiya.com կայքից

Մեկնաբանություններ (7)

patron
сюнин чишт а асум байц меронк эт дух@ чунен авели чишт эт духи тер мардканц вахуц эн стипел hеранал.иск русастанин дер петк а шноракал линен вор 2.5 млн hаи тех у ашхатанк а твел у айастани 2 млн эн паhум.вачапет@ дзевер а тапум анхелк анхелк у техин утум а коваленкои сарказм@
david
Ցինիզմ չկա;Ստրկամիտների երեսին պետք է ասել այն ինչ մտածում են;Երբվանից է վամպիր բոշացեղը վերածվել նրբանկատ ազգի; Երազախաբ վիճա*կ է;
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանից արտագաղթի արմատները դարերում են: Եթե առաջ Հայաստանից (գոնե թեև մի ոչ մեծ խումբ) արտագաղթում էր առևտրի նպատակներով,ապա այսօր դա այլևս համարյա չկա. այսինքն՝ այսօր Հայերին տանում են որպես ՀԼՈՒ ԳԼԽԱՔԱՆԱԿ- իրենց երկրներում ՑԱԾՐ գործեր անելու համար: Դուք մի նայեք,որ Հայաստանում Հայերի մի մասը աքլորացել/աքլորանում են: Դրսերում Հայերի/Հայաստանցիների ՄԵԾԱԳՈՒՅՆ մասը հլու-հնազանդ,քաշված-ընկճված, հազիվ մի պատառ քցող-թռցնող,ՇՈՒՏ ԱՍԻՄԻԼԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎՈՂ,հեզ քրիստոնյա ազգ է: Դե հլա մուսուլման արաբ ու թուրքին նայեք. ՆՈՒՅՆԻՍԿ 3-4 սերունդ հետո էլ դրսերում իրենցից ՈՉ ՄԻ ԲԱՆ չեն զիջում. իրենց Ղուրանը,իրենց մզկիթը,իրենց նիստ ու կացը,իրենց լեզուն,իրենց ...: Իսկ Հայը իր հույսը ՄԻՇՏ դրել է ուրիշի վրա՝ որ իրեն պաշտպանի,իսկ սեփական որդիներին ուղարկել է հեռու օտարության՝ մի փոր հացի փող հետ ուղարկելու: ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ: Լուծու՞ մը. ԿՈՏՐԵԼ այս ՀԻՎԱՆԴ ազգային (վախկոտ) մտածելակերպը: ՉՆԱՅԵԼ Սփյուռքին որպես կերակրող, Հույսը դնել ՄԻԱՅՆ Հայաստանի ՊԵՏՈՒԹՅԱՆ վրա, ՕՐԵՆՔՈՎ ԱՐԳԵԼԵԼ ԲՈԼՈՐ արտագաղթի ծրագրերը, ՓԱԿԵԼ Սփյուռքի նախարարությունը և տեղը բացել ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐԳԱՂԹԻ նախարարություն: Իսկ սրա համար նախ պիտի ԿՈՏՐԵԼ երկրի օլիգարխային-կլանային համակարգը,որովհետև իրենց ՁԵՌՔ Է ՏԱԼԻՍ ԱՐՏԱԳԱՂԹ. տրանսֆերտներով դրսից (իրենց փորարեն) երկիր են պահում ու իրենց դեմ հեղափոխություն անել կարող տղամարդկանց արտագաղթի եմ մղում: ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵՔ դրանց խոսքերին.դրանք միայն խոսքեր են:
Իրատես
, ցավոք, այս երկաթյա օրենքը վեր է ամեն տեսակ հայրենասիրությունից ու վեհ գաղափարից, եւ այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա: Դա բնության պահանջն է ու միգրացիան նույնպես բնական, ոչ դատապարտելի երեւույթ է: Պետք է ընդունել վերջապես, որ որեւէ մեկը չի կարող տեւականորեն քաղցած ու ստորացված լինելով, օգտակար լինել իր երկրին միայն գլխաքանակ լրացնելով: Այս երեւույթի դեմ պետք է աշխատի ոչ թե ուռա հայրենասիրությունն ու ուրիշին մեղադրելը, այլ ամենապարզ տրամաբանությունը: Եթե իսկապես չեք ուզում երկիրը դատարկել, ապա գոնե մի կտրեք գյուղացու ջուրը, որը սովետը ձրի էր տալիս եւ նույնիսկ ստիպում որ բոլորը ջրեն, պարարտանյութն ու սերմացուն էլ ձրի բերում թափում էին: Այսպես շարունակելով ու վերլուծելով, կարելի վստահաբար պնդել, որ ամենամեծ հանցավորները հենց դուք եք, պարոնայք անկուշտներ ու ճարպիկներ, որ իշխանություն ու ունեցվածք ձեռք գցելով՝ իրականում ձեր ստամոքսի ներսից եք դիտում ամեն ինչ: Ուրիշներին զրկելով ու ստորացնելով, էժանագին դերասանությումբ դուք փորձում եք դեմք պաշտպանել: Չի ստացվում արդեն՝ որովհետեւ ձեր խաղը ժամանակ ունի, վերջում դուք ամեն ինչ պիտի կործանեք - կորցնեք, միայն պատմական անեծքի բաժին դառնալով: Թողեք հեռացեք, եւ դա կլինի ամենամեծ նպաստն այս գործին որը դուք կարող եք կատարել ...
GAGIK
ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՍՈՒՄ Է ՈՐ ԼԱՎ Է ՈՐ ԳՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԵՐԿԻՐ ՈՒՐԵՄՆ ՄԵՐ ԳԼԽԱՑԱՎԻՑ ԿԱԶԱՏՎԵՆՔ ՄԻՏԻՆԳՆԵՐԻՆ ՔԻՉ ՄԱՐԴ ԿԼԻՆԻ,,,ՈՒՐԵՄՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԵԼՈՐԴ ԵՆ,,,ԼԱՎ ԿՅԱՆՔԻՑ ՉԵ ՈՐ ՄԱՐԴԻԿ ԼՔՈՒՄ ԵՆ ԵՐԿԻՐԸ....ՈՐՔԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԼՈԶՈՒՆԳՆԵՐՈՎ ԿԵՐԱԿՐԵՍ ԸՆՏԱՆԻՔԴ ?ԱՊՍՈՒՐԴԸ ԿԱՅԱՆՈՒՄ Է ՆՐԱՆՈՒՄ ՈՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԳՆՈՒՄ Է ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ ՎԱՍՏԱԿԻ ԻՍԿ ՈՐՈՇ ԱՆՀԱՏՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԹԱԼԱՆԱՑ ՓՈՂԵՐՈՎ ԴՐՍՈՒՄ ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ
Marina
Մի հասարակ բան է պետք, որ երկրից չհեռանան, կաշառակերության վերացում: Ռուսաստանի կամ Ամն ի դեսպանները մեղավո՞ր են որ Հայաստանը հոտում է կաշառակերությունից, անօրինականությունից, թալանից.... հայ մարդը այնքան խելացի է, որ առաջին հերթին իր երեխաների ապագայի մասին է մտածում, երկիրը օրինական երկիր դարձրեք, ոչ ոք էլ չի հեռանա, ուզում է հազարավոր ծրագրեր լինեն, մարդիկ Հայաստանի նման չքնաղ երկրից չեն հեռանա արտասունքները աչքերին...
GEGHAM
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԵՏՔ Է ԳՐՎԻ ՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ՈՒ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԳՈՆԵ ՄԻ ՓՈՐ ՀԱՑ ԱՊԱՀՈՎԻ...ՄԻԳՈՒՑԵ ԱՐՏԱԳԱՂԹԸ ՄԻ ՔԻՉ ՆՎԱԶԻ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter