Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Սաշա Դավթյանի բողոքի քննությունը։ Հիշեցնենք, որ Ս. Դավթյանը 2009 թ. մայիսի 8-ից գտնվում է կալանքի տակ: Նա մեղադրվում էր դուստրերին՝ անչափահաս աղջկան խոշտանգելու, իսկ մյուսին բռնաբարելու մեջ։
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2009-ի դեկտեմբերին Ս. Դավթյանին արդարացրեց անչափահաս աղջկան բռնաբարելու մասով եւ 4 տարվա ազատազրկման դատապարտեց խոշտանգման հոդվածով։
Ս.Դավթյանը դատաքննության ընթացքում պատմել է, թե ինչպիսի խոշտանգումների է ենթարկվել եւ ստիպված ստորագրել իրեն ներկայացրած փաստաթղթերը:
Դատարանում հաստատվել է, որ ոստիկանությունը խոշտանգումների արդյունքում է ձեռք բերել ցուցմունքները: Չնայած Սաշա Դավթյանը նշել է իրեն խոշտանգող ոստիկանների եւ քննիչների անուն-ազգանունները, սակայն որեւէ գործողություն չի կատարվել. նրանց մեղադրանք չի առաջադրվել եւ ծառայական քննություն չի անցկացվել:
Մեկնաբանել