HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակիչներն ու կոմունալ ծառայությունը աղբահանության շուրջ համաձայնության չեն գալիս. Կապան

Ավելի քան 7 շենքերի բնակիչներ գրեթե ամեն օր բերում, իրենց կենցաղային աղբը  թափում են Կապանի Շինարարներ թաղամասում գտնվող աղբատեղիներից մեկը: Արդյունքում` N 8 շենքի բնակիչներն են տուժում, ովքեր ճանճերի ու մոծակների հետ կռիվ են տալիս: Շենքի մերձակայքում տեղադրված աղբամանները գլխացավանք են դարձել:

Անդրանիկ պապը վրդովված պատմում է, որ ամռանը գարշահատությունը հասնում է մինչև տներ, պատուհաները չեն կարողանում բացել: «Ինչո՞ւ պետք է հենց ես շնչեմ այս հոտը»,- ասում է նա: Ծայրամասային համարվող այս թաղամասի յոթ շենքերի բնակիչների միջև  անլուծելի թվացող  խնդիրը տարիների պատմություն ունի: Ութերորդ շենքի բնակիչներն անընդհատ բողոքում են, որ աղբավայրը տեղափոխվի իրենց  տարածքից: Չնայած կոմունալ ծառայությունը վստահեցնում է, որ քաղաքում ամենօրյա աղբահանություն են կատարում, սակայն, ըստ բնակիչների, աղբահավաք մեքենա իրենց շենքում հազվադեպ են տեսնում: Աղբատեղին տվյալ տարածքից տեղափոխելու որոշումը, ըստ կոմունալ ծառայության  տնօրենի, վաղուց է կայացվել: Մնում է` բնակիչները համատիրության հետ փոխհամաձայնության գան և որոշեն, թե որտեղ դնեն աղբամանները:

Նոր աղբամանների տեղը որոշելու համար բնակիչները  իրար գլխի էին հավաքվել ու քննարկում էին. ինչպես ասում են, ամեն մեկն իր «կողմն էր քաշում» ու  իր տարբերակն առաջարկում:

Նախկինում աղբամանները տեղադրվել էին ճանապարհին մոտ: Տարածքը սեփականաշնորհվեց ու աղբավայրն էլ այնտեղից տեղափոխվեց: Կապանի կոմունալ ծառայության պետի` Արմեն Գևորգյանի խոսքով` իրենք չեն հրաժարվում տվյալ տարածքում աղբահանություն կատարել, բայց աղբահավաք մեքենան չի կարողանում հասնել աղբակետին:

Բնակիչները մինչ օրս ընդհանուր հայտարարի չեն եկել: Ոչ ոք չի ցանկանում իր բնակելիին  մոտ աղբակետ տեսնել: Համատիրությունն ու կոմունալ ծառայությունը հայտնվել են երկու քարի արանքում։ Բնակիչները պահանջում են, սակայն փոխզիջման գալ չեն կարողանում:

Կապանի մաքրությունն ապահովում  է 4 աղբահավաք մեքենա, ամբողջ տարածքում 116 աղբակետեր կան: Եթե կենտրոնական թաղամասերի աղբամանները դատարկվում են գրեթե ամեն օր, ապա  հեռավոր 6 թաղամասերում` Բեխ, Բաղաբուրջ, Բարաբաթում, Կավարտ, Վաչագան, Շղարշիկ, որոնք նախկինում բանավաներ էին կոչվում, կոմունալ ծառայության կողմից ընդհանրապես աղբահանություն չի կատարվում, համենայն դեպս բնակիչներն են այդպես ասում: Աղբարկղեր կամ աղբը թափելու համար նախատեսված վայրեր այստեղ չկան։ Որպես այդպիսին ծառայում են  թաղամասերի ձորակները։ Բարաբաթումի բնակիչները, օրինակ, իրենց աղբը թափում են գերեզմանոցի մերձակայքի ձորակում:

 «Աղբի սարերը», որ գոյացել են Բարաբաթումի ճանապարհներին  աչքի համար տգեղ տեսարաններ են: Այն հարցին, թե ինչու են բնակիչները ձորակներն աղբավայրերի վերածել, վերջիններս մեկ պատասխան ունեն. «Բա որտե՞ղ թափենք»:

Իսկ կոմունալ ծառայության տնօրենն էլ  պատճառաբանում է, որ հեռավոր թաղամասերում աղբահանություն  չի կատարվում այն պատճառով, որ բնակիչներն իրենց հետ պայմանագրեր չեն կնքում,  այսինքն` չեն գալիս այսպես ասած օրինական դաշտ,  դառնում  բաժանորդներ  և աղբի վարձ վճարում: Թաղամասի լիազորը  նշում է, որ կոմունալի կողմից նման առաջարկ երբևէ չեն ստացել:

Կապանի կենտրոնական աղբավայրը քաղաքից 8 կմ հեռավորության վրա է գտնվում։ Կենցաղային, շինարարական, արտադրական ցանկացած տեսակի աղբ առանց տեսակավորվելու պահեստավորվում է  նույն աղբավայրում։ Օրական 20-30 տոննա աղբ է  տեղափոխվում այստեղ։ Կոմունալ ծառայությունն այն չի վերամշակում։ Տարեցտարի աղբավայրի  ծավալները մեծանում են։

Դեռևս 60-ական թվականներից է  գործում քաղաքային աղբավայրը։ Այն միակն է քաղաքում, երկրորդ այսպիսին չկա։

Աղբավայրից ընդամենը  մի քանի  մետր հեռավորության վրա բնակվում են Արևիկ տատն ու իր ամուսինը։ Սեղանին  սնունդ հայտնվելուն պես սկսվում է «ճանճերի գրոհը»։ Թե ինչպես են ապրում նման պայմաններում, Արևիկ տատը պատասխանում է. «Բա ի՞նչ անենք»։ Անասնապահությամբ են զբաղվում, ստացած արտադրանքը` կաթ, մածուն, պանիր, իրացնում են քաղաքում։ Ասում է` մինչ այժմ բողոքներ չեն ստացել, իրենք էլ առողջության հետ կապված գանգատներ չունեն։

Արևիկ տատը վստահեցնում  է, որ մաքրությանը շատ են հետևում, անսաուններին էլ բաց չեն թողնում աղբավայր, սակայն շրջակայքում տարածված գարշահոտությունն ու ճանճերի զանգվածն էլ կարող են այս շոգ եղանակներին խոլերայի աղբյուր դառնալ։

Կապան քաղաքի շրջակա միջավայրի իրավիճակի վերլուծության փաստաթղթում  հաշվարկված է աղբահանման պահանջը` ըստ գործող նորմերի: Նաև ըստ այդ փաստաթղթի` ներդրումների առկայության դեպքում Կապանի գործող աղբավայրի մոտ անհրաժեշտ է կառուցել փոքր հզորության աղբամշակման գործարան: Չնայած երկրորդ աղբավայրն էլ չէր խանգարի:

 Մարզկենտրոնով հոսող երկու գետեր` Ողջին և Վաչագանը, նույնպես բնակիչների թեթև ձեռքով կորցնում են իրենց տեսքն ու աղբավայրի վերածվում։ Պլաստմասե շշեր, պոլիէթիլենային տոպրակներ, ինչ ասես հայտնում է գետի մեջ: Վաչագան գետի հունը վերջին 7 տարիների ընթացքում չորրորդ անգամ մաքրվել է։ Հիմա էլ Ողջին է մաքրվում տարիներով կուտակված աղբից: Հաստաբուն ծառեր, տարատեսակ կենցաղային աղբ, զգալի քարեր, ջրի բնական ընթացքին խանգարող բոլոր խորչընդոտները հեռացվում են: Բանվորները դեռ իրենց աշխատանքը չեն ավարտել, բայց Հունան Ավետիսյան փողոցի կամրջի շրջակայքում` ընդամենը երկու օր առաջ մաքրված հատվածում, քաղաքացիներից մեկը կրկին բերել, դատարկ արկղը նետել է գետը: Մինչդեռ գետը մաքրելու համար թե պետական, թե տեղական բյուջեից զգալի գումարներ են հատկացվում: Արդյունքում, եթե կատարված աշխատանքը չի պահպանվում, նշանակում է` միջոցներն անտեղի են ծախսվում:

Նելլի Միրզախանյան

Հոդվածը պատրաստվել է «Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում՝ լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նաև սեռական փոքրամասնություններին նույն սահմանադրական իրավունքներ տված «անբարոյական» Հոլանդիայից արդեն ստանում եք կարտոֆիլ,սերմ,անասուններ,տեխնոլոգիա, ֆինանսական օգնություն,...: Աղբահանության ձևն էլ իրենցից վերցրեք:Իսկ ահա իրենց ձևը. 1-Աղբահանության տեղական պետական-քաղաքային տուրք (կախված ընտանիքի անդամների թվից), 2-փակ աղբամաններ ( թուղթը,ապակյա իրերը ու սննդային աղբը առանձին), 3-աղբի վերամշակման (պետական) ձեռնարկություններ/տեղ,4- էկոլոգիական ոստիկանություն (Eco police), որը հսկում ու տուգանում է օրինախախտ քաղաքացիներին: Եթե այս ՊԱՐԶ մեխանիզմը չեն կարողանում կիրառել Կապանում (Հայաստանում) ,ապա ԴՈՒՐՍ ՎՌՆԴԵՔ պաշտոններից: ՄԻԼԻԱՐԴՆԵՐ դզեցին հանքեր փորելով ու հանքեր փորել տալով. թող հիմա էլ աղբ փորեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter