HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ազգային մրցունակության հիմնադրամում կյանքի են կոչում կորսված ծրագրերը

«Որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու»: Հարցս ուղղված է միջոցառման վայրում անսովոր հագուկապով հայտնված փոքրիկին: Ձեռագործ նախշուն գուլպաներ, կարմիր շալվար, կաշվե տրեխներ, կիսաթեւ բաճկոնակ ու պատկերն ամբողջացնող «պոպոզ» գդակ: Ձեռքի փայտե թուրը ճոճելով` 3-ամյա Հայկը նախ հայտարարում է, որ սպանելու է «Բելին», հետո անդրադառնում իմ տված հարցին. «Լավ տղա եմ դառնալու»:

Տաթեւ գյուղից դեպի վանական համալիր ձգվող ճանապարհի աջակողմյան հատվածում խմբված մեծահասակների ներկայությունն ամենեւին չի կաշկանդում փոքրիկին: Նրա համար ամենակարեւորը սեղանին դրված կոնֆետներով լի սկահակից իր բաժին քաղցրեղենը ստանալու գործընթացը բարեհաջող ավարտին հասցնելն է: Թող որ հավաքված մեծահասակները ծառ տնկեն ու ոգեւորված խոսեն Տաթեւ գյուղում հաջորդ տարի կառուցվելիք բազմաֆունկցիոնալ կենտրոնի մասին, իրենը կոնֆետն ու ընկույզն է, որ ոտքի թաթերի վրա մի կերպ ձգվելով կարողանում է թռցնել սեղանի վրայից: Ներողամիտ ժպտացող մեծահասակների հայացքի ներքո տղան վազում է համագյուղացի երեխաների խմբի մոտ` ցույց տալու ձեռք բերած «ավարը»: 3-ամյա Հայկի համար միայն շատ տարիներ անց հասու կլինեն 2012 թ.-ի հոկտեմբերի 14-ի իրադարձությունները, եթե իհարկե դրանք էլ թղթի վրա չմնան` կյանքի կոչվեն:

Երկու տարի առաջ, երբ շահագործման հանձնվեց ճոպանուղին, բարձրաձայնվեց նաեւ Տաթեւ գյուղի զարգացման ծրագրերի մասին: «Հետքը» «Տաթեւ գյուղի զարգացման ծրագրերից մեկի հետքերով» հոդվածում անդրադարձել էր «Գյուղական իջեւանատներ` մահճակալ եւ նախաճաշ» կոչվող ծրագրին, որը տեղական համայնքներում ներդրման ամենապարզ եւ արդյունավետ մոդելն էր լինելու: Ազգային մրցունակության հիմնադրամում մոտ 3 տարի առաջ միտք էին հղացել ստեղծելու շրջանառու հիմնադրամ Տաթեւ գյուղի այն ընտանիքների համար, որոնք ցանկանում են եւ կարող են իրենց տունը վերածել իջեւանատան: Ծրագիրը մեկնարկել էր, սակայն վերջնագծին այդպես էլ չէր հասել: Մեկ տարի առաջ Ազգային մրցունակության հիմնադրամում կադրային փոփոխություններ եղան, Բեկոր Փափազյանի փոխարեն տնօրեն նշանակվեց Արման Խաչատուրյանը:

Տաթեւ գյուղի զարգացման նախորդ ձախողված ծրագրերից Արման Խաչատուրյանը հրաժարվեց խոսել: «Չեմ ուզում անդրադառնալ նրան, ինչ եղել է անցյալում: Հիմա ներկան է, մենք մեծ եւ կարեւոր գործ ենք սկսել ներկայում եւ կարծում եմ, որ ապագայում լավ արդյունքներ կգրանցեք»,- իր դիրքորոշումը փոխանցեց հիմնադրամի տնօրենը: Այս տարվա մարտ ամսին ՀԱՄՀ-ի եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջեւ ստորագրվել էր զարգացման եւ փոխըմբռնման հուշագիր, որն ուղղված է Տաթեւում եւ հարակից գյուղերում համայնքային եւ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Տաթեւ գյուղի 2012-2015 թթ.-ի համալիր զարգացման ռազմավարությունը կազմվել է հիմնադրամի աջակցությամբ եւ բնակիչների անմիջական մասնակցությամբ:

«Մենք բազմաթիվ հանդիպում-քննարկումներ ենք ունեցել Տաթեւում, լսել ենք նրանց խնդիրները, առաջնահերթության կարգով ընտրել ենք դրանցից 13-ը, որոնք էլ կարծում եմ, մեր օգնությամբ տաթեւացիները հաջողությամբ կյանքի կկոչեն,- հավաստիացրեց Արման Խաչատուրյանը,- հաշվի առնելով համայնքի զարգացման ընտրված ռազմավարությունն ու համայնքի առջեւ ծառացած հիմնախնդիրները, համայնքի հնարավորությունները եւ հնարավոր շահագրգիռ կողմերի նախապատվությունները` սահմանվել են համայնքի զարգացման հետեւյալ ուղղությունները` համայնքային, տուրիստական ենթակառուցվածքների զարգացում եւ բնակիչների եկամուտների ավելացում»:

Գյուղում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ կենտրոնը բաղկացած է լինելու տեղեկատվական կենտրոնից, գրասենյակից, տեղական արտադրության մթերքների շուկայից, հուշանվերների եւ արհեստագործական իրերի վաճառքի կազմակերպման տաղավարներից: Մինչեւ 2013 թ.-ը նախատեսվում է Տաթեւում ստեղծել գյուղատնտեսական մանրածախ շուկա եւ արհեստագործական արտադրամաս-խանութ: Ծրագրի նախնական արժեքը 155 հազար ամն դոլար է: 2012-2013 թթ.-ին գյուղում պիտի կառուցվի թոնրի լավաշի թխման ցուցադրական արտադրամաս: Նախագիծը նախնական գնահատվել է 36 հազար 500 դոլար:

2013-14 թթ.-ին նախատեսված է 5,5 կմ երկարությամբ խմելու ջրագծի վերանորոգում, որի համար հարկ կլինի հայթայթել 237 հազար 500 դոլար գումար: 2014-15 թթ.-ին Տաթեւում աղբահանության եւ սանիտարական մաքրման համակարգի ստեղծման եւ շահագործման ուղղությամբ են աշխատանքներ տարվելու: Ծրագրի նախնական արժեքը 82 հազար 500 դոլար է: Նույն տարում պիտի բարելավվի կոյուղաջրերի հեռացման համակարգը, որի համար կպահանջվի 665 հազար դոլար:

Գյուղում, կապված զբոսաշրջության զարգացման հետ, կրկին առաջ են քաշել բարեկարգ հյուրատներ ունենալու գաղափարը: Համայնքի 10 առանձնատները զբոսաշրջային տների վերափոխելու եւ որակյալ հյուրատնային ծառայություններ մատուցելու նպատակով ոչ թե կընտրվեն հիմնադրամի կողմից, այլ հնարավորություն կտրվի ցանկացողներին հայտ ներկայացնելու: 179 հազար 500 դոլար նախնական արժեքով այս ծրագրի մեկնարկը տրվելու է 2012-ին, որպես ավարտ նշված է 2015 թ.-ը:  

30/70 համամասնությամբ (30 %-ը կներդնի բնակիչը) համաֆինանսավորման պայմանով հայտարարվելու է դրամաշնորհային մրցույթ եւ համապատասխան չափանիշներով ընտրվելու են վերանորոգման համար ենթակա առանձնատները: Պահանջվող 179 հազար 500 դոլարից, ծրագրում հրապարակված տեղեկության համաձայն, 39 հազար 490 դոլարը հայթայթված է: Նախորդ, այդպես էլ անհասկանալի ճակատագրի արժանացած ծրագրի արժեքը 250 հազար դոլար էր, որից 50 հազարն առկա էր, սակայն թե ինչ ուղղությամբ էր ծախսվել, այդպես էլ չբարձրաձայնվեց:

«Այս բոլոր ծրագրերը, որ մենք իրականացնելու ենք Տաթեւ գյուղում, պիտի ապահովի համայնքի բնակչի անմիջական մասնակցությունը: Մարդիկ պիտի իրենք էլ ներդրում ունենան, որ կարողանան գնահատել իրենց ձեռքբերումը, որովհետեւ նվերը փչացնում է մարդուն»,- համոզված է Արման Խաչատուրյանը:

Տաթեւ համայնքի վերընտրված համայնքապետ Մուրադ Սիմոնյանի կարծիքով այս ծագիրը նպաստելու է գյուղի զարգացմանը:

«Կարծում եմ, որ գյուղը լքած տաթեւացիներից շատերը կուզենան վերադառնալ, երբ հիմնադրամի, ՄԱԿ-ի ու մեր համագործակցության արդյունքում նախանշված բոլոր ծրագրերը իրականացվեն»,- հույս հայտնեց Տաթեւի համայնքապետը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տնտեսագետ, սոցիալական գծով մասնագետ Հռիփսիմե Մանուկյանի փոխանցամամբ իրենք ձգտելու են, որ մարդիկ իրականացվող ծրագրերի շնորհիվ ունենան նախնական գումարներ: Դա հնարավորություն կտա կատարել ներդրումներ` այլ ծրագրեր կյանքի կոչելու նպատակով: Հռիփսիմե Մանուկյանը վստահեցրեց, որ իրենք կլինեն տաթեւացիների կողքին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն սովորի «ինքնուրույն քայլել»:

Հ.Գ.-Ի դեպ, 2010 թ.-ին այս տարածաշրջանում պիտի իրականացվեր նաեւ «Խոհանոցի վերածնունդ» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ուներ խթանել կորսված խոհարարական բաղադրատոմսերի վերածննդի և նոր ճաշատեսակների ստեղծման գործընթացը` հիմնվելով հայկական մթերքի և ավանդույթների վրա: Ծրագիրը պիտի մեկնարկեր Սյունիքի մարզի վեց գյուղերում` Հայաստանի հարավային զբոսաշրջության առանցքի զարգացման շրջանակներում:

2010-11 թթ.-ին Նորվեգական փախստականների խորհրդի աջակցությամբ իրականացվող «Խոհանոցի վերածնունդ» ծրագիրը նպատակ ուներ ստեղծել տարբերանշանով բաղադրատոմսերի մի նոր շարք: Այն պիտի ներկայացվեր հանրությանը հատուկ կայքի և խոհարարական գրքի միջոցով: Ուսումնասիրությունների արդյունքում նպատակահարմար էր համարվել ծրագիրը սկսել Շինուհայր գյուղում, հետագայում ընդգրկելով նաեւ Խնձորեսկը, Խոտը, Հալիձորը, Տանձաթափը և Տաթևը:   Երկու տարի անց կարելի է ասել, որ այս ուղղությամբ էլ ոչինչ չի արվել, թեպետ ծրագիրը ներկայացվել էր հանրությանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոհանոցը ազգային մշակույթի կարեւոր մաս է կազմում եւ խոհարարական զբոսաշրջությունն ընդլայնվող ասպարեզ է զբոսաշրջության ոլորտում, ՀԱՄՀ-ՄԱԿ համատեղ իրականացվելիք ծրագրերում տեղ է գտել նաեւ «Տաթեւի խոհանոցի վերածնունդ» ծրագիրը: Ըստ նախնական հաշվարկների՝ ծրագրի իրականացաման համար կպահանջվի 32 հազար դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter