HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏելը» տուգանվեց 30 մլն դրամով. հայտնի են նաև 3 այլ ընկերությունների հանդեպ հարուցված վարույթների արդյունքները

Այսօր ՏՄՊՊՀ-ի նիստում քննվել են մի շարք քաղաքացիներից ստացված դիմում-բողոքները մի քանի խոշոր ընկերությունների նկատմամբ: Հանձնաժողովը ստացել է դժգոհություններ մասնավորապես «ԱրմենՏել», «Հայփոստ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների գործունեության վերաբերյալ:

30 մլն դրամ տուգանք «ԱրմենՏել» ընկերությունը. վերջինը, առանց տեղեկացնելու սպառողին, ինտերնետ ծառայություններից օգտվելու համար կիրառել է տարբերակված սակագին:

«Ալիաս» ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել Հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ իրենց ընկերության աշխատակիցները օգտվել են «ԱրմենՏելի» «Էքսկլյուզիվ բիզնես»  սակագնային փաթեթից: Ըստ «Արմենթելի» ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվության՝ այս սակագնային փաթեթով ինտերնետի 1 ՄԲ-ի արժեքը 49 դրամ է: Այսպես նշված է նաև տեղեկատվական բուկլետների վրա: 

«Ալիաս» ընկերության աշխատակիցները օգտվել են այս սակագնային փաթեթից՝ վստահ լինելով, որ սակագինը կազմելու է 49 դրամ: Սակայն որոշ ժամանակ հետո պարզվել է, որ իրենցից գանձվել է  1կ ՄԲ-ի համար ոչ թե 49 դրամ, այլ 90 դրամ: Ըստ «ԱրմենՏելի» բացատրությունների՝ սպառողները վճարել են ավելի բարձր սակագին, քանի որ նրանց նկատմամբ կիրառվել է «Ինտերնետ բոլորի համար» սակագնային փաթեթը, որի 1 ՄԲ-ը արժե 90 դրամ, իսկ «Էքսլյուզիվ բիզնես» փաթեթի համար այդ սակագինը չի կիրառվել, քանի որ դրա համար սպառողները պետք է հատուկ կարգավորումներ իրականացնեն:

Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ԱրմենՏելը» մոլորեցրել է սպառողներին, քանի որ նրանց չի տեղեկացրել երկու սակագնային փաթեթների տարբերության մասին: Սպառողներն էլ օգտվել են այն փաթեթից, որի գինը ավելի էժան է եղել, սակայն հետագայում նրանցից գանձվել է անհամեմատ բարձր գին:

Ըստ Հանձնաժողովի՝ «ԱրմենՏելի» վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, ինչի համար որոշվեց ընկերության հանդեպ կիրառել տուգանք՝ 30 մլն դրամի չափով:

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ բնակչին զրկելով էլեկտրամատակարարումից

ՏՄՊՊՀ-ը Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Ոսկանյանից դիմում-բողոք է ստացել այն մասին, որ դիմել է «ՀԷՑ»-ին՝ նշելով, որ իր բնակարանը զրկված է էլեկտրաէներգիայից և խնդրել է իր հետ կնքել մատակարարման պայմանագիր:  Ընկերությունը պատասխան գրությունում նշել է, որ բնակիչը տևական ժամանակ օգտվել է մեկ այլ քաղաքացու անվամբ գրանցված բաժանորդային քարտից, որի պարտքը կազմում է 645 հազար դրամ և միայն այդ պարտքը մարելուց հետո նրա հետ կկնքվի պայմանագիր:

Բնակչը դիմել է ՏՄՊՊՀ-ին՝ «ՀԷՑ»-ին գերիշխող դիրքի չարաշահման համար պատասխանատվության ենթարկելու նպատակով, ինչի հետ կապված հարուցվել է վարույթ:

Վարույթի շրջանակներում ընկերությունը Հանձնաժողովին տեղեկացրել է, որ, իբրև բնակիչը ժամանակին չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերը, ինչի հետևանքով էլ նրա հետ չի կնքվել պայմանագիր:

Պարզվել է, որ բնակիչը «ՀԷՑ»-ի հանդեպ չունի որևէ պարտավորություն և էլեկտրամատակարարում ստանալու համար պատշաճ կերպով դիմում է ներկայացրել՝ կցելով նաև անհրաժեշտ փաստաթղթերը: Սակայն «ՀԷՑ»-ը պահանջել է ներկայացնել նաև տարածքի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթուղթ, ինչի առկայությունը պարտադիր չի եղել:

ՏՄՊՊՀ վարույթի ընթացքում վերոնշյալ խնդիրը լուծվել է, ընկերության և բնակչի միջև կնքվել է պայմանագիր և վերջինը հնարավորություն է ստացել սպառել էլեկտրաէներգիա:  ՏՄՊՊՀ դիտարկմամբ, ընկերությունը անհիմն կերպով է մերժել բնակչի դիմումը, ինչի հետևանքով վերջինը տևական ժամանակ հնարավորություն չի ունեցել օգտվել «ՀԷՑ»-ի ծառայություններից:

Վրաստան հանգստի մեկնող հայ քաղաքացիները դժգոհ են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տոմսերի վաճառքի և վերադարձի համակարգից

Մի շարք սպառողներ դիմել են Հանձնաժողովին՝ դժգոհելով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունից: Խոսքը վերաբերում է մասնավորապես տոմսերի վաճառքի և դրանց հետ վերադարձի խնդիրներին: Ըստ բողոքների, եթե ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ է լինում տոմսը վերադարձնել, ապա ընկերությունը էլեկտրոնային տոմսերի դեպքում դրանք ընդհանրապես հետ չի վերցնում, իսկ թղթայինի դեպքում՝ գանձում է տուգանք՝ տոմսի արժեքի 15%-ի չափով:

Սպառողները նաև բողոքում են, որ «Հարավկովկասյան երկաթուղում» տոմսերի ձեռքբերման համակարգը այնպիսին է, որ թույլ չի տալիս միաժամանակ ձեռքբերել մեկնման և վերադարձի տոմսեր, ինչը լուրջ անհարմարություններ է պատճառում Վրաստան հանգստի մեկնողներին:

Բացի այդ՝ տոմսերի ձեռքբերման համակարգը թույլ չի տալիս սպառողներին վագոնում ազատ տեղերի միջև ընտրություն կատարել, սպառողների ընտրությունը վագոնում ազատ տեղերի առումով խիստ սահմանափակ է:

Սպառողները բողոքում են նաև էլեկտրոնային տոմսերի բարձր գներից: Հարուցված վարույթի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղին» վերոնշյալ խնդիրների հիմնական մասը լուծել է և գրավոր պարտավորություն է ստանձնել որոշակի ժամանակահատվածում շտկելու դեռևս այս պահին առկա խնդիրը, այն է՝ նորից իջեցնել էլեկտրոնային տոմսերի գները:

Հանձնաժողովը, հաշվի առնելով ընկերության կողմից խնդիրները արագ լուծելու փաստը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը տվեց խիստ նկատողություն՝ միաժամանակ հանձնարարելով հետագայում բացառել սպառողների շահերը վնասող վարքագծից, բացի այդ՝ պարտավորեցնել, որպեսզի ընկերությունը բարեփոխի տոմսերի վաճառքի և վերադարձման  համակարգը:

«Հայփոստն» իր վարքագծով խնդիրներ է առաջացրել մի շարք տնտեսվարողների համար. նամակները տեղ են հասնում ուշացումով և հաճախ ուղարկվում են սխալ հասցեատերերի

Հանձնաժողովը դիմում-բողոքներ է ստացել մի շարք տնտեսվարողներից, ինչպես նաև շարքային քաղաքացիներից այն մասին, որ «Հայփոստը» ժամանակին և պատշաճ չի կատարում իր պարտավորությունները: Մասնավորապես, ըստ բողոքների, առաքվող ծրարները տեղ են հասնում էական ուշացումներով, հանձնումը հավաստող հետադարձ ծանուցագրերում բացակայում են հանձման ամսաթիվը: Բազմաթիվ են նաև այնպիսի դեպքերը, երբ «Հայփոստի» աշխատակիցը նամակը կամ ծանրոցը առաքում է սխալ հասցեատիրոջ:

Արձանագրվել են նույնիսկ այնպիսի դեպքեր, երբ նույն հասցեով առաքվող նամակը հանձնվել է հասցեատիրոջը, սակայն հաջորդ առաքման ժամանակ հետ է վերադարձվել՝ «անհայտ հասցե» նշումով:

Վերոնշյալ խախտումները խոչընդոտում են հատկապես պետական մարմինների բնականոն աշխատանքին՝ ստեղծելով խնդիրներ նաև տնտեսվարողների համար: Նրանց մի մասը բարեխղճորեն կատարում է պետական կառույցներին տեղեկատվություն տրամադրելու իր պարտավորությունները, սակայն «Հայփոստի» վարքագծի պատճառով դրանք կամ ընդհանրապես տեղ չեն հասնում, կամ հասնում են պահանջվող ժամկետից զգալի ուշացումով:

Առկա են դեպքեր, երբ «Հայփոստի» նման վարքագծի արդյունքում տնտեսվարողները դիմել են դատարան:  Հանձնաժողովը խստորեն զգուշացրեց «Հայփոստին»՝ զերծ մնալ նման գործելաոճից, վերացնել խախտումները և սպառողներին մատուցել որակյալ և բարեխիղճ ծառայություններ:

Տեղեկացնենք նաև, որ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով, ՏՄՊՊՀ-ը մշակել է համապատասխան օրենսդրական առաջարկներ, որը կուղարկվի Տրանսպորտի և կապի նախարարություն:

ՏՄՊՊՀ մամուլի ծառայություն

Մեկնաբանություններ (3)

Vahagn
ԱրմենՏելին հասնում ա: Ամենաանորակ ընկերությունն ա, սաղ առումներով:
Վ. Առաքելյան
Որ «ԱրմենՏելը» մոլորեցնում է սպառողներին կարող եմ հաստատել նաև ես: Պատահաբար իմ ձեռքն ընկած պայմանագրում ասվում է, որ ,,ԱրմենՏել,,-ը մեզ է հանձնել մոդեմ, սակայն ընկերության աշխատակցուհիները պնդում են, թե իբր, ըստ պայմանագրի մոդեմ չի տրվում /խոսակցությունները տեսագրել եմ/: Իմ 2011-2012թ. երեք դիմումները ընկերության նախագահ Իգոր Կլիմկոյին գողության փաստի առիթով, մնացել են առանց պատշաճ պատասխանի:
Վ. Առաքելյան
Իմ կարծիքով այս 30 միլիոնանոց տուգանքները, կամ մի քանի թեթեվքաշային կաշառակերների նկատմամբ հարուցված քրեական գործերը, պարզապես նախագահական ,,ընտրությունների,, աջակցման աճպարարություններ են: Ընտրություններից հետո մոլորեցնելով թալանը անարգել կշարունակվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter