HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրտուալ տարածքում հրադադար չի կնքվել

Քրիստինե Աղալարյան
Անահիտ Դանիելյան
Քյամալ Ալի

«Հայկական կիբերբանակը» հակահարձակման անցավ

2012թ. սեպտեմբերի առաջին շաբաթը լեցուն էր հայ-ադրբեջանական «հայհոյախառը փամփուշտներով». փոխհրաձգությունը՝ համացանցի տիրույթում էր: Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Ռումինիայում դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձման, այնուհետև հայրենիքում ներում շնորհելու փաստը կիբերհարձակումների նոր առիթ տվեց: Ըստ տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի` հարձակվող կողմը Ադրբեջանն էր: Հարձակման տիրույթում էին «Արմենպրեսը», «Panarmenian.net»-ը, «Գալա TV-ն» և մի շարք այլ կայքեր: Ադրբեջանական ցանցահենները կորտեցին քաղցկեղով հիվանդ երեխաների համար ստեղծված հիմնադրամի կայքը՝ children.am-ը, ինչպես նաև մանկատան աջակցման բարեգործական և կրթական ծրագրեր իրականացնող manuk.am կայքը:

«Հայկական կիբեր զորքը» պատասխան գրոհի անցավ: «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ է», «Մահապատիժ Սաֆարովին» «Ինչպիսին հերոսներն են, այդպիսին ազգն է» և նմանատիպ տեքստերով՝ զուգորդված Ռ. Սաֆարովի, Գ. Մարգարյանի և Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարներով, հայ ցանցահենները գրոհեցին ադրբեջանական լրատվական ռեսուրսների վրա: “Konqi” և “LinuXoid” անվամբ ցանցահենները կոտրեցին մայրաքաղաք Բաքվում տեղաշարժմանն աջակցող կայքերը և տեղադրեցին Սաֆարովի և Մոնթե Մելքոնյանի լուսանկարները:  Սակայն հայ ցանցահենների թիրախում այս անգամ առավելապես ադրբեջանական պետական- պաշտոնական և լրատվական կայքերն էին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արդարադատության նախարարության, ինչպես նաև կապի և մշակույթի նախարարությունների պաշտոնական կայքերը, լրատվական trend.az-ը և այլն:  

Հարձակման ենթարկվեցին ոչ միայն կայքերը, այլ հոսթինգներ/սերվերներ տրամադրող և ինտերնետային կայքերի ձևավորման և մշակման մեջ մասնագիտացած ընկերությունները: Օգոստոսի 31-ին “B0T_25” և “AsSert” անվամբ ներկայացող ադրբեջանցի ցանցահենները կորտեցին e-works վեբ-ստուդիայի սերվերը: e-works.am-ն, ի դեպ, արդեն երկրորդ անգամ էր հարձակման ենթարկվում (առաջին անգամ ՝ 2010-ին AsSerT  անունով ցանցահենը կրկին կոտրել էր այն): Կոտրվեցին այդ թվում՝  http://designstudio.am, http://noyemberyan.am/, http://fcm.am/, http://gtlegal.am/, http://future.am/, http://tourorent.am/, http://yfa.am/, http://mebel.am/, http://interactivehr.am/, http://children.am/, http://marriottxmas.am/, http://grantthornton.am/ կայքերը:

Այսպիսով, համաձայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության՝ մեզ տրամադրած տվյալների` սեպտեմբերի 5-ի դրությամբ և դրան նախորդող 15 օրում հայաստանյան am տիրույթում հոսթինգ ունեցող 6 կայքէջ է վնասվել, ևս 40-ը`  am տիրույթի արտերկրում հոսթինգ ունեցողներից: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանն ասում է, որ վնասված կայքերը հայտնի կամ պաշտոնական կայքեր չէին, որոնք տնտեսական կամ քաղաքական իմաստով լրջորեն անդրադառնային հայաստանյան կյանքի վրա, դրա համար վնասված կայքերի թիվը հանրությանը հայտնի չդարձավ: Այդ կայքերը դարձել էին ոչ կենսունակ: Մի մասը վերականգնվել է, որոշները՝ դեռ ոչ, իսկ հարձակումները շարունակվում են:

«Սաֆարովի արտահանձնումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում վերջին 5 տարվա երևի ամենալուրջ մեդիա իրադարձությունն էր: Սա ավելի աղմկոտ պատմություն էր, քան հայ-թուրքկան համաձայնագրերը»,- ասում է տեղեկատվության անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը: Նրա խոսքով`  մեդիա իրադարձությունը էմոցիոնալ է, որը կամ ուրախացնում, կամ բարկացնում է մարդկանց, և նրանք սկսում են ինչ-որ գործողություններ անել: 10 տարի առաջ, եթե ադրբեջանցիները կայքեր էին կոտրում, տեղադրում էին Խոջալուի լուսանկարներից և ինչ-որ գրություն, որ, օրինակ, «դուք բոլորդ պատասխան եք տալու Խոջալուի համար», հիմա նրանք տեղադրում են Սաֆարովի լուսանկարը և նրան հերոս կոչում, որովհետև տեսնում են, որ Սաֆարովի լուսանկարը հայերին զայրացնում է:

Ըստ ադրբեջանական աղբյուրների` հարձակումը սկսել են հայերը 

Ըստ ադրբեջանական աղբյուրների` Սաֆարովի արտահանձնման եւ կալանքից ազատման մասին տեղեկատվության հաջորդ օրը փակվել են ադրբեջանական առաջատար կայքերի` 1news.az, Apa.az, Vesti,az, Day.az, Novosti.az մատույցները: Հաղորդվեց նախագահական կայքի կոտրման մասին, թեեւ որոշ ժամանակ անց ԱՀ նախագահի վարչակազմը հերքեց այդ լուրը:

ՏՏ մասնագետների շուրջօրյա լարված աշխատանքի շնորհիվ կայքերը վերականգնեցին իրենց աշխատանքը, իսկ հաջորդ օրը ադրբեջանական մամուլում ենթադրություններ հայտնվեցին առ այն, որ կայքերը հարձակման են ենթարկվել հայ ցանցահենների կողմից` որպես վրեժ Սաֆարովի վերադարձի:

Հայկական լրատվամիջոցները հաստատեցին այդ ենթադրությունը, հայտարարելով  «Armenian Cyber Army» հաքերային խմբի հարձակման մասին Ադրբեջանի առաջատար լրատվական գործակալությունների վրա: Կայքերի մատչելիության վնասման մեջ հայկական հետք գտել է նաեւ ադրբեջանական ինտերնետ-ֆորումի նախագահ Օսման Գյունդուզը: Պատասխանելով մեր հարցերին` նա առաջին հերթին մեղադրեց տեղացի վեբ-ադմինիստրատորներին այն բանի համար, որ նրանք կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկում (թեեւ, իմանալով քաղաքական իրավիճակը, դժվար չէր գուշակել նոր հարձակման սկիզբը), իսկ պետությանն էլ մեղադրեց այն բանում, որ չի օգնում մասնավոր վեբ-ռեսուրսներին:

«Այդ ռեսուրսների տերերը Սաֆարովի արտահանձնումից անմիջապես հետո պիտի կանխագուշակեին հերթական հաքերային հարձակումը: Ակնհայտ է, որ նման դեպքերում առաջին հերթին հարձակման են ենթարկվում այն կայքերը, որոնց ընթերցողների թիվը շուրջ 10 հազար է եւ ավելի»,- ասում է նա:

Կայքերի ավերումն այն բանի ապացույցն է, որ ադրբեջանական ինտերնետ-ռեսուրսները հագեցված չեն անվտանգության համակարգերով: Ռեսուրսների սեփականատերերը չեն ուզում միջոցներ ներդնել պաշտպանական ծրագրային համակարգերի ստեղծման, սերվերների ավելացման վրա, այլ պարզապես ուզում են շահույթ ստանալ ադ ռեսուրսներում գովազդ տեղադրելով:

Մյուս կողմից, գտնում է ադրբեջանցի փորձագետը, պետությունը նույնպես պիտի մասնակցի ինտերնետի պաշտպանության գործին: Պետությունն ամեն տարի մեծ գումարներ է հատկացնում տպագիր լրատվամիջոցներին, որոնք, սակայն, քիչ ընթերցողներ ունեն, բայց ահա անպաշտպան է թողնում հանրահայտ կայքերը, որոնց միջազգային նշանակությունն անհամեմատ մեծ է: Պետությունը պիտի հոգա ազգային նշանակություն ունեցող ռեսուրսների կարիքները` ներառյալ դրանց տեղադրումը պետական պաշտպանված սերվերներում:

«Ադրբեջանական ինտերնետ-ֆորումը պատրաստվում է միջազգային միջոցառման: Աշնանն անցկացնելու ենք միջազգային ինտերնետ-ֆորում, որում վերջնականապես հաստատելու ենք մեր դիրքորոշումը, ինչպես նաեւ մեր առաջարկությունները միջազգային IGF-ին: Ֆորումում մենք բարձրացնելու ենք հաքերային սպառնալիքներից ադրբեջանական կայքերի անվտանգության հարցը` անկախ նրանից, թե որտեղից է բխում վտանգը»,- հավելեց Գյունդուզը:

 Անդրադարձ անցյալին

Ինտերնետի տարածումը տարածաշրջանում 1994 թվականին կնքած կրակի դադարեցման մասին համաձայնագրից  հետո պատերազմական նոր «ճակատ» բացեց: Տեղեկատվության անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանն ասում է, որ կայքերը կոտրում են քարոզչական նպատակներով և տեղադրում քարոզչական բնույթի հաղորդագրություն: Ըստ փորձագետի` որպես կանոն, քարոզչական բնույթի հաղորդագրությունը տարբերվում է թե դիզայնով, թե ոճով, թե այլ չափորոշիչներով, և կոտրված կայք մտնողը տեսում է, որ այդ կայքում ինչ-որ բան կա տեղադրված, որը չպետք է լիներ: Նա հասկանում է, որ դա նորություն չէ, ոչ էլ հետաքննական լրագրության բովանդակություն: Եթե նախկինում ադրբեջանական ցանցահեններն էին հայկական կայքերը կոտրում, հիմա իրավիճակն այնքանով է փոխվել, որ հայ ցանցահենները նույնպես սկսել են կոտրել ադրբեջանական կայքեր:  Ռուբեն Մուրադյանն ասում է, որ այս ամենում մի լավ բան կա. կայքերը կոտրելով` ցանցահենները ինֆորմացիա չեն տեղադրում կամ փոփոխում: Մինչդեռ հայ-ադրբեջանական կիբերպատերազմների պատմության մեջ հայտնի է նաև դեպք, երբ կայքի կոտրման հետևանքով տարածվել են նորություններ` խուճապ առաջացնելով հասարակության շրջանում:  "Don't trouble trouble, until trouble troubles you". Այս կարգախոսը «փակցնելով» ադրբեջանական կայքերում հայ ցանցահենների «Liazor» խումբը 2000-ին ադրբեջանական ինտերնետը կաթվածահար էր արել, խուճապ առաջացրել տեղեկատվական դաշտում: Դա հաջորդել էր 2000 թվականի հունվարի 25-ի The Green Revenge եւ HijaK Teams անունների ներքո թաքնվող ադրբեջանցի հաքերների գրոհին, որի հետևանքով մի քանի հայտնի հայկական կայքեր էին շարքից դուրս եկել: Հայ ցանցահենները ավելի քան 20 կայք էին կոտրել, իսկ ռուսալեզու «Зеркало» թերթի առցանց տարբերակով տարաբնույթ տեղեկություններ շրջանառության մեջ դրել: «Зеркало»-ն հայտնել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական հանդիպումների ժամանակ մշակվում է հայերի կողմից գրավված հարավային տարածքների դիմաց Հայաստանին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության համապատասխան տարածքներ զիջելու տարբերակը»: Թերթը նաև գրել է, որ Թեհրանի նախաձեռնությամբ հետաձգվել է Հեյդար Ալիեւի այցը Իրան: Այս տեղեկությունները տարածվել են նաև ադևբեջանական այլ լրատվամիջոցներով: «Հետագայում սադրանքներ թույլ չտալու մասին Ադրբեջանի կառավարության տեղեկատվությունը ստանալուն պես Liazor խումբը որոշեց դադարեցնել նախատեսված գործողությունների իրականացումը», - հայտնել է Liazor խումբը հայկական «Մեդիամաքս» գործակալությանը:  Այս փաստը Ադրբեջանում մեծ աղմուկ էր բարձրացրել, փորձագետների կարծիքով, նույնիսկ ադրբեջանական դրամի արժզրկման պատճառ դարձել, և մի քանի պաշտոնյաներ հեռացվել էին աշխատանքից:

Ցանցահենները գրոհում են միմյանց ինտերնետ տիրույթ և հաճախ ցանցային խնդիրներ առաջացնում: Փոխնախարար Ալեքսանյանը հիշում է, որ  Հայաստանում անցկացվող շախմատի առաջնություններից մեկի ժամանակ ադրբեջանցի ցանցահենները հարձակվել են հայկական սերվերների վրա, որպեսզի շարքից դուրս հանեն դրանք` խոչընդոտելով արտերկրից հետևելու շախմատի առաջնությանը:  «Հենց մեր հարևանները զգում են, որ մեր մոտ ինչ-որ գրագետ միջոցառում է լինում, փորձում են ցույց տալ, որ իրենք էլ կան,- ասում է  Ա. Ալեքսանյանը: -Իրենք տարբեր տեղերից Հայաստան են ուղարկում մեծ քանակությամբ ֆայլեր, և մեր երկիր մտնող խողովակները չեն կարող դիմանալ, բացի դրանից` պրովայդերի մոտ, որի խողովակը փոքր է, պայթում է»:

Կիբերպատերազմների պատմության մեջ հանտնի են նաև այլ դեպքեր. 2008 թվականից ադրբեջանցիները am դոմեյնի տիրույթում գրանցել էին կայքեր, որոնք տեղեկատվություն էին տարածում որպես հայկական աղբյուր: Դրանցից էին xronika.am և versiya.am: Մոտ մեկ տարի տևած բողոքներից հետո  հայկական լրատվական դաշտում գործող ադրբեջանական 2 կայքերն էլ արգելափակվեցին: Xronika.am-ը դարձավ xronika.az և գործում է որպես ադրբեջանական լրատվական կայք:

Այս տարվա մարտին տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը իր բլոգում ահազանգել էր, որ ադրբեջանցիները կոտրել են մոտ երկու հարյուր հայկական օգտագործողների էլեկտրոնային հասցեները և բաց տեղադրել գաղտնաբառերը: Այսինքն` կիբերհրաձգությունն իրականացվում է բոլոր հնարավոր միջոցներով ու գործիքներով:

Կիբեռպատերազմներում հաճախ են իրականացվում DDoS գրոհներ, այն է` սերվերին մեծ քանակով կեղծ հարցումներ են ուղարկում, որի հետևանքով խափանվում է նրա աշխատանքը: ՏԱ փորձագետ Ս. Մարտիրոսյանը մտահոգիչ է համարում DdoS հարձակումները, որոնք կարծես ավանդական են դառնում: DdoS հարձակումները, ըստ Սամվել Մարտիրոսյանի խիստ վտանգավոր են. «Նույնիսկ լավ պաշտպանված կայքերը չեն կարողանում դիմակայել նման հարձակումներին։ Նման հարձակումներին նախապես պատրաստվելը կապված է լուրջ ֆինանսական ծախսերի հետ, ինչը հայաստանյան ԶԼՄ-ների մեծ մասի համար, միանշանակ, խնդիր է: Նման հարձակումների դեպքում, նույնիսկ եթե արագ պաշտպանական գործողություններ են կատարվում, անցնում է ժամանակը, որը, օրինակ, ընտրությունների ընթացքում, կարող է բախտորոշիչ լինել: DDoS հարձակումների պատվիրատուներին գտնել գրեթե անհնարին է, քանի որ նրանք օգտվում են ուրիշ երկներում գտնվող հաքերների ծառայություններից»,- գրել է ՏԱ փորձագետը:

Խոշոր DdoS հարձակման մասին հիշում է Սամվել Մարտիրոսյանը. 2005-ի ամռանը շուրջ 6 շաբաթ գրեթե բոլոր հայկական ֆորումները անհասանելի են եղել: DdoS հարձակումներ արձանագրվել են նաև այս տարի ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, հարձակման է ենթարկվել լրատվական 1in.am կայքը, blognews.am-ը, ընտրությունները ինտրեակտիվ լուսաբանող iditord.org-ը:

DDoS հարձակումների մասին պարբերաբար ահազանգում են հայկական զանգվածային լրատվամիջոցները: Սեպտեմբերի 6-ին հայկական news.am լրատվական-վերլուծական կայքի վրա ուղղորդված DDOS-հարձակում է իրականացվում ադրբեջանական, նաև Թուրքիայում, Պակիստանում և Ինդոնեզիայում գրանցված համակարգչային  IP-հասցեներից: Ոչ Ադրբեջանից տարածքից և այլ երկրի IP հասցեներից ուղղորդված գրոհները պատահական չեն: Անդրանիկ Ալեքսանյանը կարծում է, որ ադրբեջանական կողմը լուրջ հակերներին դրսում է վարձում: Դրա համար մեծ ռեսուրսներ է ներդնում: Հայկական կողմի իրականացրած հարձակումներին էլ մասնակցում են ոչ միայն Հայաստանի տարածքում գտնվող ցանցահեններ, այլ աշխարհով մեկ տարածված հայ հակերները. «Իրար ձեն են տալիս, ասում են` էս զոհի վրա հարձակում անենք»:   Տրանսպորտի և կապի փոխնախարարը կարծում է, որ այսքանով կիբերհարձակումները չեն վերջացել, առջևում դեռ հարձակումների երկրորդ փուլ կարող է սկսվել: Ադրբեջանական կողմը կներգրավի լուրջ մասնագետների:

Ռուբեն Մուրադյանի դիտարկմամբ` կիբերհարձակումները ակտիվանում են, երբ կա մեդիա իրադարձությունը (media-event): Նմանատիպ իրադարձություն լինում է, օրինակ, տարբեր մրցույթների ժամանակ, ասենք` Եվրատեսլի: Ակտիվությունը բարձրանում է նաև ապրիլի 24-ին, փետրվարի 20-ից հետո` Խոջալուի դեպքերին հաջորդող ժամանակահատվածում:

Արցախը՝ կիբերպատերազմների թիկունքում

ԼՂՀ տեղեկատվական տեխնոլոգիաների միության ղեկավար, «Արմինկո» ընկերության արցախյան գրասենյակի տնօրեն Սամվել Մայիլյանն ասում է, որ ադրբեջանցի ցանցահենները ղարաբաղյան կայքերը հաճախ չեն կոտրում, քանի որ դրանք այնքան էլ հայտնի չեն:  Շատ կայքերի մասին հակառակորդը նույնիսկ տեղյակ չէ, եւ այնքան ցածր հաճախություն ունեն, որ նույնիսկ չի զգացվում, երբ նշված կայքերից մեկը ջարդվում է։ Նրա հավաստմամբ՝ ադրբեջանցիները հիմնականում հարձակվում են պետական կառույցների կայքերի վրա՝ լինում է ամիսը մեկ կամ մի քանի անգամ։ Իսկ հիմնական հարձակումները լինում են կրկին Խոջալուի դեպերի օրը կամ Ղարաբաղում ինչ-որ հիշարժան օր։ Օրինակ` այս տարի Սումգայիթի դեպքերի օրը հակառակորդը փորձել էր ջարդել Ղարաբաղի զբոսաշրջության վարչության կայքը, սակայն շատ կարճ ժամանակում այն կանխվել է։ Ս.Մայիլյանի հավաստմամբ, այս կայքը փակելու և ջարդելու փորձերը հարևան երկրում պետական մակարդակով են անում՝ նույնիսկ տարբեր նամակներով դիմելով համապատասխան կազմակերպություններին։ 

Կիբերհարձակումները ադրբեջանցիները շատ կազմակերպված են անում՝ ունենալով հստակ նպատակ ու թիրախ։ Մասնագետի կարծիքով, հաքերների խումբն ադրբեջանցիներից չէ հիմնականում կազմված, այլ թուրքերից։ 27 հոգանոց խմբում ընդամենը 2-ն են ադրբեջանցի։ Այս խմբի կարծիքի հետ հաշվի են նստում հարևան երկրում, որտեղ ակտիվորեն հաքերներ են պատրաստվում, գումարներ ներդնում՝ մասանգետների՝ արտասահմանում վերապատրաստվելու եւ տեղում աշխատանքներն իրականացնելու գործում։ Այս մասնագետներն ամեն օր աշխատանքի են գալիս, գտնում հայկական կայքերի թույլ ու խոցելի տեղերը եւ հավաքում դրանք՝ մինչեւ հարմար առիթի դեպքում հարձակում իրականացնելը, եւ այդ ամենի համար նրանք բարձր աշխատավարձ են ստանում։

Այս ամենը, սակայն, Հայաստանում եւ Ղարաբաղում չի արվում։ Սյստեղ ամեն ինչ «մերկ խանդավառությամբ» է արվում։  Այստեղ միշտ չէ, որ կայքերի անվտանգությանը կարեւորություն են տալիս եւ նախընտրում են ավելի էժան ու թեթեւ գործիքներով պատրաստված կայքերը։ «Դա սխալ մոտեցում է։ Կայքի համար պետք չէ գումար խնայել։  Եթե խնայում ես՝ կայքդ խոցելի է լինում ու ցանկացած պահի կարող են այն ջարդել։ Եթե դուռը բաց ես թողնում՝ իսկույն մտնում են»,-ասում է Սամվել Մայիլյանը՝ խոստովանելով, որ իրենց էլ են նման կայքեր պատվիրում, որոնց սպասարկումն իրենց համար էլ է գլխացավանք դառնում։ 

Կիբերհարձակումների տեսակներից Ղարաբաղում ավելի տարածված են կայքերի ջարդումը եւ սփամերի ուղարկումը։ Կայքերի ջարդման դեպքում դնում են հիմնականում Ադրբեջանի դրոշի կամ Ալիեւի լուսանկարը։ Տարիների ընթացքում միայն այս ձևը չի փոխվել, ասում է Սամվել Մայիլյանը, ում խոսքերով, պետական մարմինների կայքերը համապատասխան մարմինները հետևում են, որ հնարավորինս քիչ լինեն հարձակումները:

«Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն մասնագետների պատրաստմանը, որ նրանք աշխատանքի գան, ամեն օր տեղ գտնեն մտնելու, ուսումնասիրեն հակառակորդի տեխնոլոգիաների զարգացմանը եւ այլն։ Հայաստանում ունենք մարդիկ, բայց նրանք Հայաստանով մեկ ցրված են, իսկ եթե հավաքես էլ՝ ո՞վ է ֆինանսավորելու: Համապատասխան մարմինը չի ֆինանսավորվում, քանի որ նա էլ է աղքատ։ Իսկ նման դեպքում ցանկալի հաղթանակի երբեք չես կարող հասնել։ Նախկինում հարեւան երկրի կայքերն ավելի հեշտ էր ջարդել, հիմա շատ բան է փոխվել՝ այնտեղ շատ են առաջ անցել,- ասում է Սամվել Մայիլյանը, ով գտնում է, որ հակառակորդին արժանի պատասխան պետք է տալ: -Եթե նա այդ գործիքը օգտագործում է՝ մենք էլ պետք է նույնը անենք»։

Ղարաբաղում հաքերներ չկան, բայց, Ս. Մայիլյանի կարծիքով, կան բազմաթիվ խելոք երեխաներ, ում կարելի է պատրաստել, ինչը անհրաժեշտություն է, քանի որ Ադրբեջանը վերջին տարիներին` հատկապես վերջին 3 տարում ավելի է ակտիվացել:

Բացի կիբերհարձակումներից, հայերն ու ադրբեջանցիները «պատերազմում են» նաեւ սոցցանցերում ու ֆորումներում՝ հաճախ նույնիսկ անցնելով բոլոր սահմանները՝ իրար հայհոյելով։ Պարզվում է, նման պատերազմներ լինում են նաև ինտերնետ խաղերում, որտեղ հայերի եւ ադրբեջանցիների թիմերը պատերազմում են։ Մարտերն ընթանում են խմբավորումների միջև: Մասնակիցները այս կամ այն երկրի անունով թիմեր են ձևավորում և հակամարտում` ունենալով կորուստներ ու հաղթանակներ: 

Ղարաբաղում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրված հանցագործությունների դեպքեր չկան: Այս մասին մեզ տեղեկացրել է ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։  Թե որքան հաճախակի են ղարաբաղյան կայքերի վրա հարձակումներ կատարվում, որ կայքերի վրա և այլն, կապի ոլորտը վերահսկող արտադրական ենթակառուցվածքների նախարարությունում ոչ մի վիճակագրություն  կամ տեղեկատվություն չկա։ Տեղեկատվություն ստանալ չկարողացանք նաեւ Ղարաբաղում կապի ոլորտի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելոկոմ» ընկերությունից, որտեղ նշեցին, որ որոշում ունեն՝ չպատասխանել ԶԼՄ-ների հարցերին։

Պետությունը եւ ցանցահենները 

2008 թվականի ամռանը  ադրբեջանցի ցանցահենները պետական մի քանի կայքեր կոտրեցին: Դրանից հետո պետական ու պաշտոնական կայքերի անվտանգությամբ ու պաշտպանությամբ սկսեց զբաղվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Փորձագետ Ռ. Մուրադյանն ասում է, որ ԱԱԾ-ն նոր պահանջներ առաջադրեց պետական կառույցների նկատմամբ, որ առաջին հերթին, բոլոր կայքերը, որոնք պետական կառույցների կողմից են ստեղծվում, պետք է  ունենան անվտանգության ապահովում:

ՀՀ ԱԱԾ կողմից մշակվեց և ստեղծվեց հատուկ  հանգույց, որը կազմված  է սերվերներից, հեռահաղորդակցական, պաշտպանական ծրագրային և տեխնիկական սարքավորումներից, որոնք համակցված են ՀՀ ինտերնետ պրովայդերների և պետական մարմինների ցանցերի միջև, ստեղծելով միջանկյալ անվտանգության գոտի: Ինտերնետային հոսքերը, անցնելով այդ գոտով իրական ժամանակում, ենթարկվում են մշակման` վիրուսային և այլ վնասակար ծրագրերի, ցանցային հարձակումների, չարտոնյալ ներթափանցումների փորձերի հայտնաբերման և վնասազերծման նպատակով, ապահովելով ՀՀ պետական մարմինների ցանցերի մշտական պաշտպանվածությունը ինտերնետային սպառնալիքներից: Գործող հանգույցը հնարավորություն է ընձեռում բարձրացնել տեղեկատվության հնարավոր արտահոսքի դեմ պայքարի հուսալիությունը, պետական մարմինների էլեկտրոնային  կայքերի անվտանգությունը և տեղեկատվության արտահոսքի հայտնաբերման դեպքում արագ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ` կանխման ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ  ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը տեղեկացրեց, որ այն բանից հետո, երբ ՀՀ ԱԱԾ-ն է զբաղվում պետական պաշտոնական կայքերի անվտանգությամբ, դրանք չեն կոտրվել:

«Հանգույցի շահագործման ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են բազմաթիվ վիրուսներ, ներառյալ լրտես ծրագրեր և ցանցային  որդեր, ինչպես նաև սերվերների և համակարգերի աշխատանքային չարտոնյալ միջամտումների իրականացմանը ուղղված բազմաքանակ ցանցային հարձակման և կայքերի աշխատանքներին չարտոնյալ միջամտելու փորձեր: Կարող ենք փաստել, որ այսօր պետական պաշտոնական կայքերը և ցանցերը առավելագույնս պաշտպանված են»,- մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Ընդհանուր առմամբ, ադրբեջանական կողմից հայկական կայքերի վրա հակերային հարձակումները նվազել են: Փոխնախարար Ալեքսանյանը համեմատությունը կոտրվող դռների հետ է անում: Եթե 2000-ականների սկզբներին ադրբեջանցի ցանցահենները 20 դուռ էին կոտրում, ապա հիմա` 5: Հայաստանում մասնագետների թիվն ավելացել է, եթե 2000-ին, ասենք, ցանցային 100 ադմինիստրատոր կար, ապա հիմա 10 անգամ ավելացել է: Ավելին, հասկացել են, որ պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնեն անվտանգության հարցերին:

Ռուբեն Մուրադյանն ասում է, որ որպես կանոն կայքերը կոտրվում են ոչ թե այն պատճառով, որ որևէ կայք վատ է գրվել, այլ այն պատճառով, որ ցանցային ադմինիստրատորը զուր աշխատավարձ է ստանում: Լրատվական կայքերը գրում են պրոֆեսիոնալները, որովհետև նրանք պետք է մեծ ծանրաբեռնվածություն ունենան, իսկ նման կայքեր գրելու համար պրոֆեսիոնալիզմի որոշակի աստիճան պետք է ունենալ: Այդ պատճառով լրատվական կայքերը որպես կանոն չեն կոտրում:

Ռուբեն Մուրադյանի կարծիքով, կիբերպատերազմում անհնար է չափել ուժերը, քանի որ չկա որևէ լուրջ ուսումնասիրություն, որի վրա կարելի կլիներ հիմնվել: «Հաճախ տեղեկատվության անվտանգությունը դիտարկում են որպես սպորտ, որտեղ պետք է հաղթել կամ պարտվել, դա անհնար է: Դա սպորտաձև չէ, մենք չենք կարող մկաններ ուռեցնել»,- ասում է Ռ. Մուրադյանը: 

Տեղացի եւ օտարերկրյա ցանցահենների ակտիվությունը գործի է դրել նաեւ Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական ռեսուրսների նախարարությանը, որտեղ որոշեցին հատուկ կառույց ստեղծել երկրում տեղեկատվական անվտանգության ապահովման համար: Այս մասին փոխնախարար Էլմիրա Վելիզադեի հայտարարությունը հնչեց ANN.az կայքում ազգային ինտերնետ-ֆորումի նախագահ Օսման Գյունդուզի հարցազրույցից երկու օր հետո, հարցազրույց, որում նա քննադատել էր ադրբեջանական կայքերի պաշտպանության համակարգը:

«Հաքերներ եղել են ու կլինեն` այսպիսին է ինտերնետի առանձնահատկությունը»,- կարծում է Գյունդուզը: Հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք մեր երկրում արդյունավետ միջոցներ են ձեռնարկվում ցանցահենության դեմ: Պետական կայքերի վրա հարձակումները ցույց են տվել, որ դրանց հուսալիությունն անբավարար է: Ադրբեջանում չեն պահպանվում ինտերնետի անվտանգության միջազգային չափանիշները:

Պետության խնդիրն է ուժեղացնել այն պետական սերվերները, որոնցում տեղակայված են պետական կայքերը: Մինչդեռ պետական որոշ գերատեսչություններ իրենց կայքերը տեղադրում են չպաշտպանված պորտալներում, նշում է փորձագետը:

Մեկնաբանելով հայերի մեղադրանքն առ այն, որ պետությունն աջակցում է հայկական կայքերի վրա ադրբեջանական հաքերների հարձակումները` Գյունդուզը նշեց, որ Ադրբեջանը միացել է կիբերհանցագործությունների մասին միջազգային կոնվենցիային, որի կատարման համար պատասխանատու է ազգային անվտանգության նախարարությունը: Բայց նրան հայտնի չէ ադրբեջանական կամ արտասահմանյան կայքերի վրա հաքերային սպառնալիքի պատճառով համապատասխան հատուկ ծառայությունների կողմից ադրբեջանցի հաքերի ձերբակալման կամ նախազգուշացման որեւէ դեպք:

Հատուկ ծառայությունները պիտի իմանան, թե քանի ադրբեջանական վիրտուալ օբյեկտ հատուկ պաշտպանության կարիք ունի եւ որ կողմից կարող է գալ վտանգը, որպեսզի պաշտպանեն այդ ռեսուրսները:

Գյունդուզի խոսքերով` Ադրբեջանում գործում են 5-10 հաքերային խմբեր եւ մի քանի անհատ հաքերներ, ովքեր քողարկում են իրենց անունները: Ադրբեջանական ինտերնետ-ֆորումը չի պաշտպանում ցանցահենությունը, քանի որ տեղի եւ արտասահմանյան օրենքներով դա հանցագործություն է համարվում: Ֆորումը հաքերներին առաջարկում է ոչ թե զբաղվել կայքերի ոչնչացմամբ, այլ օտարերկրյա հաքերներից ադրբեջանական կայքերի պաշտպանության աջակցությամբ: «Նրանց առաջարկում եմ ներխուժել մեր պետական կազմակերպությունների կայքեր, դրանցում գտնել թույլ տեղեր եւ այդ մասին տեղեկացնել պետությանը»,- հավելում է նա:

Օսման Գյունդուզը կարծում է, որ որոշ հասարակական կազմակերպություններ կամ հայրենասիրությամբ տոգորված անձինք կարող են, իհարկե, հաքերներին պատվիրել հայկական կայքի կամ պորտալի ավերում, բայց պետությունը դրանով չի զբաղվի:

Տեղակատվական անվտանգության մասնագետ Նայիլ Վելիեւը պնդում է, որ կայք (կամ փոստ) կոտրելու համար ադրբեջանական հաքերներին վարձահրավիրում են մրցակից առեւտրային կազմակերպություններ` արդյունաբերական լրտեսության նպատակով: Օգնության համար հաքերներին կարող են դիմել նաեւ դետեկտիվները, բայց հաքերները կարող են ուրիշների ռեսուրսներ սողոսկել նաեւ ինքնահաստատման նպատակով: Նրան հայտնի են նման երիտասարդների կալանման դեպքեր, բայց ահա տեղյակ չէ որեւէ դատավարության մասին:

Փորձագետը պնդում է, որ ադրբեջանցի հաքերները փորձի փոխանակում են անում արտասահմանյան իրենց գործընկերների հետ եւ անգամ մասնակցել են Թուրքիայում եւ Ուկրաինայում անցակացված սեմինարներին: Նրան երեք խումբ ու մի քանի անհատ հաքեր է հայտնի, որոնք մասնագիտացել են հայկական եւ հայամետ կայքերի վրա: «Որպես կանոն, բանը հասնում է կայքը կոտրելուն, երբ արդեն անհնար է լինում հակաադրբեջանական տեղեկատվության տարածումը, այդ թվում նաեւ ինտերնետի ադրբեջանական հատվածում: Նաեւ պիտի նշեմ, որ ամենեւին էլ ոչ բոլոր հարձակումներն են լիովին հաջողվում»:

Գնահատելով հայկական ռեսուրսների պաշտպանվածությունը` փորձագետը նշում է, որ եւ ադրբեջանական, եւ հայկական կայքերն աշխատում են կոնտենտի  կառավարման ստանդարտ համակարգերում, որոնք “Invision Power Services”, “Jelsoft Enterprises”, “Data Life Inc”, “Wordpress” եւ այլ ընկերությունների արտադրանք են: Քանի որ դրանք բաց ելակետային կոդով ծրագրեր են իրենցից ներկայացնում` յուրաքանչյուր գիտակ մարդ կարող է հետազոտել դրանք եւ ջարդելու եղանակները գցել ինտերնետ: Նման կայքերի վնասման համար կարող է պահանջվել 1-3 օր: Իսկ եթե համակարգը գրվել է որեւիցե մեկի կողմից ՙզրոյից՚, ապա հաքերը երբեմն կարող է աշխատել դրա վրա մեկ շաբաթից մինչեւ մեկ ամիս:

Վելիեւը նույնպես չի հավատում ադրբեջանական հաքերների հետ պետության համագործակցությանը: Հաքերները միշտ ձգտում են, որպեսզի իրենց ու պետության ճանապարները չհատվեն, քանի որ ադրբեջանական պետական պաշտոնյաների մեծ մասի կարծիքով “հաքեր” եւ “կիբերհանցագործ” հասկացությունները նույնն են:

Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական ռեսուրսների նախարարության տեղեկատվական հանրության զարգացման բաժնի վարիչ Իսֆենդիյար Ալիեւն ընդգծում է, որ քրեական օրենսգրքի “Կիբերհանցագործություններ” գլխում նախատեսված դրույթների կատարումը դված է ՆԳՆ-ի, այլ ոչ թե կապի նախարարության վրա:

Հայ-ադրբեջանական կիբերպատերազմները իրավական հարթություն չեն տեղափոխվել

ՀՀ քրեական օրենսգիրքը համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար պատիժ է սահմանում: Օրենքի 251-րդ հոդվածը սահմանում է, որ համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը (ներթափանցելը) պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը (252-րդ հոդված) պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Համակարգչային սաբոտաժը (Հոդված 253), այն է` համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելը, ուղեփակելը (մեկուսացնելը) կամ ոչ պիտանի վիճակի բերելը, համակարգչային սարքավորումները շարքից դուրս բերելը կամ համակարգիչը, համակարգչային համակարգը, ցանցը կամ մեքենայական կրիչները վնասելը (նենգադուլը) պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Եթե հանցագործությունը կրկնվում է, ապա պատիժը ավելանում կամ ուժեղանում է:

Սակայն այս հոդվածները չեն կիրառվում հայ-ադրբեջանական կիբերպատերազմներում: ՀՀ-ն 2006-ին վավերացրել է (Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2007 թ. փետրվարի 1-ին) 2001 թվականի նոյեմբերի 23-ին Բուդապեշտում ստորագրված  «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիան, բայց Հայաստան-Ադրբեջան կիբերպատերազմների պատմության ընթացքում որևէ նման նախադեպ չկա: Փորձագետի Ռուբեն Մուրադյանն ասում է, որ որպես կանոն, եթե կայքեր են կոտրվում, և չկան ակնհայտ կորուստներ, որևէ մեկը որևէ տեղ չի դիմում, որովհետև մարդուն մեղադրանք առաջադրել իմիջային կորստի համար որպես քրեորեն պատժելի արարք, շատ դժվար է: Վատագույն դեպքում, եթե գտնեն այդ մարդկանց, եթե դատեն նրանց, ապա մինիմալ տուգանք կկիրառեն: Տրանսպորտի և կապի փոխնախարարն էլ նշում է, որ եթե մարդու դեմ ուղղված հանցագործություն է, ասենք, մանկական պոռնոգրաֆիա և այլն, և եթե հայտնի է տարածող երկիրը, դիմում են ինտերպոլին, որի միջոցով էլ խնդիրը կանխվում է: Ա. Ալեքսանյանը կարծում է, որ տեղացի մասնագետները հմուտ են, արագ լուծում են առաջացած խնդիրը և բանը դրան չի հասնում:

Դժվար է հաշվարկել, թե որքան վնաս է կրում երկիրը հակերային հարձակումներից: Նման հաշվարկներ չկան, իսկ եթե կան, ապա չեն հրապարակվում: Փորձագետ Ռ. Մուրադյանն ասում է, որ եթե դեպքը բիզնեսով զբաղվող կայքին վերաբերեր, օրինակ, հողաթափեր վաճառող էլեկտրոնային խանութին, կարելի կլիներ ասել, որ հակերային հարձակման հետևանքով էլեկտրոնային խանութը չի աշխատել մեկ օր, իսկ մեկ օրվա ընթացքում, որպես կանոն, խանութը 100 զույգ հողաթափ է վաճառում, հետևաբար այն չի ստացել 100 հողաթափի եկամուտը, որը 200 դոլար է կազմում: Բիզնես կայքի դեպքում վնասը հեշտ է հաշվարկել, իսկ պետական կայքի կամ manuk.am-ի խափանման դեպքում ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կորուստներ է այն բերել:

2009 թվականի ամռանը հաստատվել է «ՀՀ տեղեկատվության անվտանգության հայեցակարգը», որը ներառում է տեղեկատվական ռեսուրսների պաշտպանվածությունը չթույլատրված հասանելիությունից, տեղեկատվության, կապի և հեռահաղորդակցության համակարգերի անվտանգության ապահովումը: Թե որքանով կնպաստի հայեցակարգը կիբերպատերզամների հետևանքով պատճառված վնասների նվազմանը, ցույց կտա ապագան: Իսկ այդ վնասները հակամարտող պետությունների կողմից չեն հրապարակվում:

Հոդվածը հայերեն հրապարակված է որոշ կրճատումներով, ամբողջական տարբերակը հասանելի է ռուսերենով:

Mediafairplay.org 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter