HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վարդան Ղուկասյանի «քաոսային» պարտքերի ժառանգությունը` Սամվել Բալասանյանին

1 մլրդ 200 մլն դրամի պարտք`ահա այսպիսի ժառանգություն է թողել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Այսօր քաղաքապետարանում հրավիրվել էր ավագանու արտահերթ նիստ, որին մասնակցում էին դեռեւս իրենց լիազորությունները չդադարեցրած ավագանիներից 9-ը եւ բաժինների հին ու նոր պետերը: Վեց կետից բաղկացած օրակարգի առաջնային հարցը, որ 6 դեմ, 3 ձեռնպահ, եւ ոչ մի կողմ ձայների հարաբերակցությամբ չընդունեց, վերաբերում էր ընդհանուր ֆինանսատնտեսական աուդիտորական ստուգումներ իրականացնելու անհրաժեշտությանը:

Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրապարակեց պարտքացուցակը: Միայն աշխատավարձերի պարտքը քաղաքապետարանի աշխատակիցներին եւ համայնքային կառույցի ենթակայության տակ գործող կառույցների`մանկապարտեզների, սպորտ դպրոցների, երաժշտական, նկարչական դպրոցների աշխատակիցներին, կազմում է 208 միլիոն դրամ: Հեռախոսային ծառայություն մատուցող ընկերությանը քաղաքապետարանը շուրջ 2,3 միլիոն դրամի պարտք ունի, որը մարվել է հոկտեմբերի 24-ին:

Քաղաքապետարանը պարտքեր ունի կուտակած էլեկտրաէներգիայի եւ գազի դիմաց: Միայն 826 մլն դրամ կազմում է կոմունալ վճարումների հետ կապված պարտքը: 59 մլն դրամ «Ախուրյան կոոպշին» եւ 94 մլն դրամ «Մերձմոսկովյան» շինարարական կազմակերպություններին չի վճարվել ասֆալտապատման աշխատանքների համար: 3 մլն 900 հազար դրամ քաղաքապետարանը պարտք է «Մագնոն> ՍՊԸ-ին, 41 մլն դրամ` «Վերելակային տնտեսություն» կազմակերպությանը: 3 մլն 700 հազար դրամի պահանջ քաղաքապետարանին ներկայացրել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի տնօրինությունը:

Դեռեւս 2008թ-ից «Վարդանանց» արձանախմբի համար կատարած աշխատանքների համար չի վճարվել քանդակագործ Արտուշ Պապոյանը`3 մլն 300 հազար դրամ: Պարտքատերերի ցուցակում են հայտնվել նաեւ քանդակագործներ Զավեն Կոշտոյանն ու Ֆերդինանդ Առաքելյանը: Նորընտիր քաղաքապետին սպառնում է դատի տալ «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ն, որ ասում են պատկանում է հենց Վարդան Ղուկասյանին եւ որին այս տարվա հուլիս ամսին կատարած փոսալցումների համար քաղաքապետարանը պարտք է մնացել 421 մլն դրամ:

Վերջին ամիսներին Գյումրիում 115 մլն դրամի չափով տարածքների օտարում է կատարվել, եւ բոլորն էլ շատ ցածր գներով: «Ինչ է նշանակում գնային այս վայրիվերումները, երբ, ասենք, 1000 քմ ծայրամասային Մուշ թաղամասում արժի 2 մլն դրամ, իսկ քաղաքի կենտրոնում նույն 1000 քմ գնահատվում է 200 հազար դրամ»,-նկատեց Սամվել Բալասանյանը:

Վերջինս հայտարարեց, որ օրակարգային այս կարեւորագույն հարցը կդրվի քննարկման նաեւ նորընտիր ավագանու նիստում եւ վստահ է, որ կընդունվի, որովհետեւ առանց աուդիտի հնարավոր չի լինելու պարտքերի այս քաոսի մեջ տարբերել կեղծն եւ իրականից:

Մեկնաբանություններ (2)

Gevorg
BA VARDANIK@ EDQAN @NTRUTUNNERIN VIZ E DREL HHK,i HAMAR HO MUFTA CHER
ԿԱՐԵՆ
ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ ԲՈԼՈՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՈՒ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՆ Է,ԲՈԼՈՐԸ ԻՐԱՐ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՆ ՈՒ ՔԱՆԴԵԼ ԷԴ ԿԾԻԿԸ ԱՆՀՆԱՐԻՆ Է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter