HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարկվող Այրքն ու «Համեր»-ով գյուղապետի ընդարձակ տնտեսությունը

Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում անցյալի հիշողություններով են ապրում, նրանց համար ապագան գյուղից հնարավորինս շուտ հեռանալն է: Գյուղացիների հիշողության մեջ տպավորված` նախկինում Դաշքենդ կոչվող գյուղը համարյա դրախտ էր` գազ, հեռախոս, մանկապարտեզ` ամեն ինչ կար այստեղ: Երիտասարդությունը շատ էր: Օրվա ընթացքում երկու անգամ ավտոբուս էր գնում-գալիս գյուղ: Այս պայմանները գրավիչ են եղել Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականների համար, և նրանք առանց տարակուսելու բնակություն են հաստատել Այրքում:  

Արցախից Այրք հարս եկած Անուշ Աղաջանյանը գյուղի պայմաններին դժվարությամբ է հարմարվել և պատմելիս անընդհատ իրենց գյուղն է հիշում` Հաթերքը:

 
                          Անուշի որդին 

«Հինգշաբթի օրը յառմառկի օր է, իջնում ամեն ինչ բերում ենք: Այրքում ավտոբուս չկա, տաքսի էլ չկա, պիտի զանգես, որ Վարդենիսից գա, էդ էլ 1500 դրամ է վերցնում: Կարճ ասած` 3000 դրամ պիտի տաս, որ քինաս կյաս»,- պատմում է Անուշը: 

Այրքի մի մասը խմելու ջուր էլ չունի, գյուղում 4-5 աղբյուր կա, և գյուղի սկզբնամասում ապրող բնակիչները պետք է հատեն գյուղի կեսը, որպեսզի հասնեն աղբյուրներից մեկին և տարաներով ջուրը հասցնեն տուն:

Բաքվից եկած Ժաննա Այդիյանցն էլ պատմում է, որ Այրքում խստաշունչ ձմեռ է լինում և գյուղ եկող ճանապարհը փակվում է, գյուղը կտրվում է արտաքին աշխարհից: «Հոկտեմբերից հետո ստեղ կյանք չկա: Ջուր չկա, տրանսպորտ չկա, ճանապարհ չկա, ոտով իջնում ենք ռայոնից բան-ման բերում»,- ասում է Ադրբեջանից բռնագաղթած մեկ ուրիշ գյուղացի: 

Մինչ գյուղացիներն իրենց դարդերն էին պատմում` գյուղում սկսեց պտույտներ տալ մի սև «Համեր»: «Կլորն է»,- նկատեց գյուղացի երեխաներից մեկը: Պարզվեց` Կլորը Այքի երիտասարդ գյուղապետ Արտյոմ Շաբոյանն է: Նրա «Համերը» մի արտից մյուսն էր գնում, հետո կանգ առավ խոտի դեզերով հարուստ ֆերմայի մոտ: Երեխաները պատմեցին, որ դա էլ հենց գյուղապետի ֆերման է, իսկ հարակից հողատարածքները ինքն է մշակում:

Ձախում երևում է գյուղապետի «Համերը»

«Մեծ ֆերմա ունի, սաղ հողերն էլ իրա ձեռքում են: Պռոստո ջահել ա, հլա չի հասկանում, հերը լավն էր, նայում էր ժողովրդին, իսկ ինքը ասում ա` мне, мне: Ամեն տեխնիկա, տրակտորներ, կոմբայններ` սաղ իրանն է»,- պատմեց գյուղացիներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը: Ա. Շաբոյանը հոր մահից հետո է գյուղապետ դարձել` 2008-ին, ինքն էլ Այքում չի բնակվում: «Գյուղապետը ստեղ ապրի՞»,- ծիծաղեցին գյուղացիները: Չնայած Ա. Շաբոյանը գյուղում չի ապրում, բայց, ըստ գյուղացիների, 3-4 տուն ունի գյուղում: «Գալիս է կեսօրի կողմերը, «Համեր»-ով ֆռֆռում է, գնում է»,- պատմում էին գյուղացիները: 

«Ստեղ 3 հատ կով ունենաս, չեն թողի առաջ գնաս, հողամաս էլ չեն տալու, որ խոտ քաղես, սպեցիալնի, որ կզես: Ստեղ տենց ա, ստեղ մարդ մի քիչ հարստանում ա, չէ՞, սկսում են նենց անել, որ նստես, тем более` փախստական, իրանք հարստանում են, դու խի՞ պիտի հարստանաս, գլխիդ խփում են, նստցնում»,- ասում է փախստական գյուղացիներից մեկը: 

Այրք մեր այցելության օրը գյուղապետ Շաբոյանի հետ խոսել չկարողացանք: Փողոցում նրա «Համերի» ճանապարհը կտրեցինք, ներկայացանք որպես լրագրողներ և ասացինք, որ ուզում ենք խոսել գյուղի խնդիրների մասին: Արտյոմ Շաբոյանը երկնքին նայեց, հետո` մեզ ու մեքենայից դուրս չգալով պատասխանեց. «Եղանակը լավ չէ, կարող է անձրև գա»,- ասաց նա ու շարունակեց ճանապարհը: Առաջիկա 3-4 ժամում անձրև չտեղաց, բայց, ըստ ամենայնի, գյուղապետին այդ պահին իր դաշտերն ու ֆերման էր հետաքրքրում: 

Գյուղապետի ֆերման

Արտյոմ Շաբոյանի հետ միայն երեկ կարողացանք հեռախոսով զրուցել: Նրա ասելով` գյուղի բյուջեն աղքատիկ է` 13 մլն դրամ, որով խոշոր ծրագրեր չեն կարող իրականացնել գյուղում: Այն բավարարում է միայն աշխատավարձերի վճարման և մի քանի այլ թեթև գործերի համար: «Չեն օգտվում ավտոբուսից: Ավտոբուս եղել է մինչև 2 ամիս առաջ: Գյուղացիները 80 տոկոսով ունեն իրենց սեփական տրանսպորտները, մնացածն էլ չի օգտվում, ավտոբուսը կանգնած` իրանք տաքսիներով են գնում-գալիս»,- ասում է գյուղապետը` անդրադառնալով գյուղացիների` տրանսպորտին վերաբերող դժգոհություններին: 

Գյուղապետ Շաբոյանն ասում է, որ գյուղացիները հող մշակում են` գյուղում մոտ 800 հա հող է մշակվում. «Ով ի վիճակի ա, կարում է մշակի, նենց չի, որ մեկն ուզում ա մշակի, հող չկա, որ մշակի»: Իսկ իր վարձակալած հողերի մասին մեր հարցերին սկզբում չէր ուզում պատասխանել: Գյուղապետ Շաբոյանին բացատրեցինք, որ հողերի մասին տեղեկությունը պետական գաղտնիք չէ, դրանք համայնքային նշանակության հողեր են, որի մասին մեր հարցերին ինքը պարտավոր է պատասխանել որպես համայնքի ղեկավար:

Անձամբ ինքը` Արտյոմ Շաբոյանը Այրքում վարձակալել է 200 հա հող, 3 հա էլ սեփականաշնորված հող ունի, չնայած գյուղացիներին հասանելիք մեկ փայաբաժինը 1.14-1.40 հա է: Համայնքային նշանակության մնացել է մոտ 200 հա-ն, որը գյուղացիները չեն օգտագործում, քանի որ այդ հողերից չեն կարող օգտվել. «Մոտ 20 տարի չի օգտագործվել, տեղը նենց ա, որ սարի գլխին ա»,- ասում է գյուղապետը: Նշենք, որ գյուղապետի անանսնապահական ֆերման և հողերը շատ հարմար տեղերում են` գյուղի հարթ մասում: 

Հ. Գ. Այրքում 213 հա հող է վարձակալել նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանին պատկանող «Մաքս կոնցեռնի» դուստր «Մաքս-ֆրուտ» ընկերությունը, որը երկար տարիներ չի մշակել այդ հողատարածքը, իսկ վերջին տարիներին չի վճարել նաև հարկերը: Գործը արդեն 2 տարի է` դատարանում է: Այս թեմային կանդրադառնանք առաջիկայում:

Լուսանկարները` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (2)

Arsen
Merorya feodalneri masin... Hammerov...gyughapety gyughum chi aprum ... Zzvelia
hasmik
էս սարն իմն ա, էս ծառն իմնա, էս համմեռը իմն ա, էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter