HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Հանքը թույլատրելի սահմաններում վնասում է շրջակա միջավայրին». բնապահպանության նախարարության ներկայացուցիչ

Բնապահպանները բարձրաձայնում են, որ Սարի Թաղում գաջի բաց հանք է շահագործվում: «Էկոլուր» ՀԿ-ի ներկայցուցիչներն այցելել են հանքավայր: ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը հավաստիացնում է, որ 4,7 հեկտար հանքի տարածքում մոտ կես մետր բարձրությամբ փոշու թանձր շերտ է գոյացել հանքարդյունահանման հետևանքով: Այդ փոշին տարածվում է մոտակա Ջրվեժ, Ողջաբերդ և Շոռաղբյուր գյուղերի վրա, իսկ Սարի Թաղը, որն ավելի մոտ է գտնվում հանքին, հանքշահագործման նախագծում ընդհանրապես նշված չէ:

Հանքավայրը կցված է  N 1  գաջի գործարանին և շահագործվելու է «Գաջեգործ» ՓԲԸ-ի կողմից: Հանրային լսումներ անց են կացվել ընդամենը 10 բնակչի մասնակցությամբ, ովքեր, ըստ Ինգա Զառաֆյանի տեղեկությունների, «Գաջեգործ»-ի աշխատակիցներ են եղել:

«Հետքի» հարցին, թե բնակչության քանի տոկոսը պետք է մասնակցեր հանրային լսումներին «քվորում ապահովելու» համար և մասնակցածներից քանի տոկոսի դրական արձագանքների հիման վրա պետք է կայացված համարվեր անցկացված հանրային լսումը, բնապահպանության նախարարության բնապահպանական փորձագիտության ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանն ասուլիսի ժամանակ պատասխանեց, որ օրենքով մեծ հաշվով չի կարգավորվում այդ գործընթացը, ազգային ժողովի օրինակով քվորում չի կարող իրականացվել, և հանրային լսումների գնահատականը որոշվում է «տրամաբանության սահմաններում»:

Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը նշեց նաև, որ իրենց նախարարությունն ինչ-որ առումով անզոր է հանքերի շահագործումը թույլատրելու կամ չթույլատրելու հարցում, քանի որ իրենք տալիս են միայն դրական կամ բացասական փորձաքննության եզրակացություն, իսկ հանքարդյունաբերություն իրականացնելու թույլտվություն տալիս է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության կապակցությամբ հանքի շահագործման նախագծում նշված է. «Հանքարդյունահանման աշխատանքների ժամանակ շրջակա միջավայրին լուրջ վնաս չի սպասվում: Աղտոտված օդի զգալի արտանետումները շրջակա միջավայրին մեծ վնաս չեն հասցնում, աղտոտված ջրերի արտահոսքեր չկան, տարածքի բուսական և կենդանական աշխարհին նշանակալի վնաս չի պատճառվում»: «Բնապահպանական փորձագիտություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն իր խոսքում ասաց. «Հանքը թույլատրելի սահմաններում վնասում է շրջակա միջավայրին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter