HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Ասատրյան

Կինը շշի մեջ

Արթնանում եմ սպասքի չխկչխկոցից: Սպիտակ գոգնոցավորը սուրճ է մատուցում, ու սկսվում է հաստուբարակ շուրթերի մկկոցը: Դրան հաջորդում է բարի ախորժակի մասին փնթփնթոց. սեղանի շուրջ քարացածները լռում են՝ լռելու արանքներում երբեմն-երբեմն սնվելով: Չփչփոցները լռեցնում են ստամոքսի կծկումները: Նյարդերս կուչ են գալիս:

Պատուհանիս ապակին ճանկռտում է քուչի արուների մլավոցը` «բադի հայացք» ունեցող կանանց  ու համաշխարհային ջրհեղեղի մասին: Դռան տակից տղամարդու խռռոցին խառնված երաժշտության խզզոց է լցվում սենյակս ու փաթաթվում բկիս: Առաստաղից ջուրը կաթկթում է գլխիս. մտածում եմ՝ ավելի շուտ գլուխս կծակվի՝ մահապատժի ենթարկված ճապոնացու գանգի պես, քան ջրի հոսքը կդադարի: Հյուրասենյակից լսվող քստքստոցը մոտենում է դռանս. Տանտերն է:

***

Տանտերը 254 տարեկան կին է: 254, որովհետև սեփական 70 տարիների ընթացքում հասցրել է ապրել դստեր կյանքի 44, մյուս դստեր՝ 40, թոռան՝ 20 ու իմ 21 տարիները:

Տանը ցանկացած գործողությանը նախորդում է Տանտիրոջ հրահանգը: Հրահանգերի արանքներում լռությունն է: Լռությունը կատարյալ դարձնելու համար երկու տարի առաջ շուն գնեցինք: Իսկական շուն: Հիմա մենք լուռ ենք ու բոլորիս վրա շունն է հաչում: Շան հաչոցը մարդու հաչոցից տարբերվում է նրանով, որ հաչելուց շունը ոչ միշտ ոսկոր նկատի ունի:

Տանը ցանկացած ավելորդ շարժում դատապարտված է. յուրաքանչյուր աղմուկ՝ պայթյունավտանգ: Այստեղ գործում են այն բոլոր կանոնները, որ կան աշխարհի բոլոր թանգարաններում ու մեռելատներում: Քնած ժամանակ զույգ աչքերը մտնում են սենյակս, քանդում թղթերս, կոտրում ծածկագրերս, ստուգում բոլոր նամակներս, ներսուդուրս զանգերս, տակնուվրա են անում ներքնազգեստերս, թուքումրում անցյալս, վերջնագիր ներկայացնում, հետո անհետանում: Այստեղ գործում են այն բոլոր կանոնները, որ կան աշխարհի բոլոր բանտախցերում:

Երբ փոքր էի, ակնոցավոր Տանտերը ձեռքին միշտ գիրք ուներ: Գրքի էջերն այնքան արագ էր թերթում, որ ես չոքում էի կողքին ու հաշվում ամեն թերթվող էջի հետ հոսող ժամանակը: Հիմա, նույն ռեկորդային արագությամբ, Տանտերն առավոտից երեկո մատները հեռուստացույցի վահանակով է վերուվար անում, իսկ նրա կողքին չոքածը միայն շունն է՝ ապուշ հայացքը՝ էկրանին:

Շենքի նկուղն ու առաջին երկու հարկերն ամբողջապես ջրի տակ են անցել: Վերջերս առաստաղից կաթկթացող ջուրը նաև մեր տուն է հասել:

***

Տան ուղղանկյունաձև ննջարանում արդեն 44 տարի փակված է Մայրը: Նա անկյունից անկյուն է պտտվում սենյակում՝ ուսերն անզորությունից պատերին հարվածելով: Դուռը միշտ շրջանցում է: Ամեն պտույտից հետո պատերը սեղմվում են, ու երբեմնի մեծ սենյակը արդեն մեկ շշի չափ է: Պատերին խփվելուց մոր ուսերը կախվել, հասել են ծնկներին, իսկ ոսկորներն այնքան են փափկել, որ անգամ շներին չեն գայթակղում: Երբ բոլորս սոված ենք լինում (հատկապես Տանտիրոջ շունը), Մայրը սեփական մսից մի կտոր է կտրում ու ճաշ եփում: Սրտխառնոց եմ ունենում, բայց ստիպված եմ ուտել, որովհետև ինքս չափազանց նիհար եմ սեփական միսս ուտելու համար:

Երբ առաջին կուրսի ուսանող էի, վարձի խնդիր առաջացավ: Մայրը կտրեց ձախ ձեռքը, փաթաթեց գունավոր ստվարաթղթով ու հետս դեկանատ ուղարկեց: Դեկանատի աշխատակիցները կարմրած ձեռքերով նայում էին կարմրած աչքերիս. ու ոչինչ չէր փոխվում: Վերջերս էլ Տղայի պարտքերի պատճառով ձախ ոտքը կտրեց: Արդեն քանի՜ տարի փակված սենյակում՝ անձեռուոտ պտտվում է ու արնահոսում:

Հույս կա, որ մի օր արնաքամ կլինի, բայց որքան արյան հոսքն առատանում է, այնքան բթանում է ցավը, ու ուրիշ ոչինչ չի կատարվում:

***

Մյուս սենյակում մինչև ծնկները ջրի մեջ նստած է կռնատ Մոր Քույրը: Նա բոլորիս պես վաղուց էլ գոյություն չունի, որովհետև նրա կյանքը ևս ապրում է Տանտերը: Մոր Քույրը նստած սենյակի կենտրոնում անվերջ գործում է: Նա համառորեն շարունակում է գործել իր բրդյա գույնզգույն տաբատները, շարֆերը, գլխարկներն ու վերարկուները, չնայած ոչ ոք դրանք երբեք չի հագնում:Երբեմն մեկ ամիս տևած աշխատանքը ավարտին հասցնելուց հետո քանդում ու նորից է սկսում՝ կարծես ոչինչ չկար: Թելը կծկում է ու սկսում նորը գործել: Փոքր ժամանակ զարմանում էի՝ ինչպես չի ափսոսում սեփական աշխատանքն ու ժամանակը: Հիմա հասկանում եմ. երբ մարդու կյանքի ժամանակն իրեն չի պատկանում, նա ափսոսալու ոչինչ չունի:

***

Երրորդ սենյակից տղամարդու խռռոց ու երաժշտության խզզոց է միշտ գալիս:

***

 Շարքում հաջորդ սենյակն իմն է: Այդ առավոտ արթնանալուց հետո զգացի, որ ոտքերս թմրած են, իսկ մազերիցս խոնավության հոտ եմ առնում: Փաստորեն ես Մոր ու Մոր Քրոջ պես դեռ անզգայացած չեմ: Տանտերը ևս, կարծում եմ, զուրկ է զգալու ունակությունից, որովհետև նա բացառապես գոյություն ունի միայն ուրիշների կյանքերում: Նկատեցի, որ ջրի մակարդակը բարձրացել է մեր ծնկներից ու հասել կոկրդներիս:

Իմ առավոտը սկսվում է դույլերով ջուրը պատուհաններից թափելով: Սենյակիս պատերի տակ շարված են տարբեր գույների դույլեր: Սպասքի չխկոցների, տղամարդու խռռոցի, երաժշտության խզզոցի, շան հաչի, չփչփոցի, էկրանից գոռացող ձայների ու իմ սենյակի լռության մեջ ես պատուհանից դուրս եմ թափում գիշերը կուտակված ջուրը, հագնում ջրում նավակի պես սուզվող ռետինե կոշիկներս ու դուրս վազում տանից: Հետո հերթով զանգում եմ ընկերներիս, մինչև կեսօր ապրում նրանցից որևէ մեկի չոր սենյակում, երբ նա վերադառնում է, շնորհակալություն եմ հայտնում ու դուրս գալիս: Երեկոյան կողմ զանգում եմ քեզ. տանն ե՞ս: Չէ, Ան ջան, մի երկու ժամից նոր կլինեմ, այգում նստի մինչև գամ: Այգում նստում եմ որևէ չոր նստարանի ու սպասում քեզ: 

Օրս ավարտվում է առաջին շնահաչի հետ: Շների առաջին հաչոցից հետո սենյակս եմ վերադառնում, դույլերով դատարկում եմ ավելացած ջուրն ու պառկում թաց անկողնուս մեջ:

Այդ առավոտ ջուրը մեր ծնկներից բարձրացել-հասել էր կոկորդներիս: Որոշում եմ կայացնում: Դուրս գալ է պետք շշից: Որոշում եմ գնալուց առաջ բոլորին լավություն անել: Կողպում եմ սենյակիս դուռը, որտեղ դույլերն էին, ու զանգում եմ քեզ. կարո՞ղ եմ տեղափոխվել քեզ մոտ. որոշել եմ. խեղդվում եմ, հիմա, երբ կյանքում առաջին անգամ գալու տեղ ունեմ, չեմ ուզում խեղդվել այստեղ: Լավ, արի, մենակ հետդ շատ բան չվերցնես, քիչ տեղ կա. վերջնական ե՞ս որոշել, բա չես վախենու՞մ, Ան: Չէ, սպասի, գալիս եմ:

***

Բարև: Քո առաստաղից ջուր չի կաթում, չէ՞: Կարող ենք հանգիստ քնել, չէ՞, չենք խեղդվի չէ՞: Դույլերս կողպել եմ սենյակումս. եթե քեզ մոտ էլ կաթկթի, ջրի տակ կմնանք: Գիտե՞ս՝ թոքերս կիսով չափ ջրով են լցված, բժիշկս ասաց՝ չոր սենյակ տեղափոխվեմ:

***

Պատուհանիցդ այն կողմ շնահաչը սկսվեց, բորվոքվեց ու հիմա արդեն հազիվ էր լսելի: Ես ոչ մի տեղ չունեի շտապելու: Մեր ձայները խառնվել էին շնահաչին ու մենք բոլորով ոռնում էինք: Հետո շները հոգնեցին: Մենք էլ: Ժամը չորսն էր: Առաստաղիցդ ջուր չէր կաթկթում, բայց անկողինը նորից թաց էր: Հիշեցի սենյակս, հավանաբար արդեն ջրասույզ անկողինս, թոքերիս ջուրը: Կծկվեցի (այս անգամ նյարդերից):

***

Լուսադեմին հեռախոսդ զնգաց.  խորն էիր քնած. բացեցի.կարճ հաղորդագրություն.

unknown number

« ……  .... ... .............  :* »

Կարդացի, զգույշ դուրս եկա ծածկոցիդ տակից, որ չարթնացնեմ քեզ, մտածեցի, որ շշից դուրս էլ է կյանքը շշի մեջ, զանգեցի տուն, միացա ավտոմատին.

Մա՜մ, լսում ե՞ք ինձ, մա՜մ: Մամ, ես չեմ գնացել, մա՜մ: Մա՜մ, դուք չեք խեղդվել, չէ՞. մամ, գնացել էի նոր դույլերի հետևից, դույլերը վերցնում եմ ու գամ ջուր դատարկելու, լսում ե՞ք. մա՜մ, չխեղդվեք, տուն եմ գալիս, դիմացե՜ք, մա՜...

Մեկնաբանություններ (12)

Լաո
ի՞նչ.... հեղինակը կամ հանճար է կամ խելագար... թերևս երկու դեպքն էլ վնաս են առողջությանը...
Vahag Amsterdam
Եթե «սեփական 70 տարիների ընթացքում հասցրել է ապրել դստեր կյանքի 44, մյուս դստեր՝ 40, թոռան՝ 20 ու (հեղինակ-հերոսի) 21 տարիները», ապա 254 տարի չի լինում, այլ 195: Իսկ դիտավորյալ չի նշված 59 տարեկան ինչ-որ մի անձնավորության մասի՞ն (254-195), թե Տանտերը այդ անձի 59 տարիները էականում չի ապրել.... Այս տեքստը առնվազն ընտանեկան տաղտուկ մթնոլորտի արտացոլում է՝ բարդ սոցիալական պայմաններից առաջացած: Միայն մի Երևույթ է ընթերցողին հասկանալի. դա հեղինակ-հերոսի անսահման անկարող լինելու հոգեբանական պարտադրված ինքնահամոզմունքն է (շատ իզուր իհարկե) և կանացի թույլ և անդիմադիր էություն ունենալու փաստը՝ տվյալ իրավիճակում կրկին հայտնվելու և այդ իրավիճակում միշտ և երկար ժամանակ բանտարկված մնալու տագնապը ուռճացնելու տենչը տեքստում (եթե իրական կյանքում՝ ուրեմն միանշանակ շատ իզուր): Այս տեքստը իր գրված ոճի սահմանում ընթեռնելի է, բայց միտքը, ընթերցողին տված ինֆորմացիան բարդ է՝ հասարակ տրամաբանություն ունեցողի համար դառնում է անհետաքրքիր: Փորձիր դրական լուծումներ գտնել տեքստում հերոսի համար, որ մյուսները կարդալով դա՝ դուրս գան այս ինքնասպանության դրդող տեքստի ճիրաններից:
lilik
Ապրես, Անի ջան, հետաքրքրությամբ կարդացի, զարմացրիր և ուրախացրիր ինձ, կսպասեմ․․․
Stella
Barvo apres . Henc girq tpes, ampayman karnem. Axr shat durs ekav .
Edgar
Hrashq Gorts..annkaragreli stexcagortsakan mitq u aprumner...Apres Ani..Hiacac em
Թափառական
Մռայլ էր,չափից դուրս մռայլ։
kot
Փշաքաղվեցի: էս ի՞նչ էր, քանի՞ տարեկանի գործ: Երկրորդ անգամ կարդալ չի լինում: Էսքան երիտասարդ ու էսքան ցա՞վ...
Tigran
Միայն առաջին մասում բառերի կույտը արդեն բավական էր... Նաև նկատենք, որ շունը չի , առավել ևս` չի կարող ունենալ.դրանք մարդուն են վերաբերում: Մի քիչ ներքև թերթեք և կհասկանանք ինչի մասին է խոսքը: Խնդրում է ճիշտ հասկանալ:
Tigran
Հարգելի խմբագրություն, մեկանաբանությունս ճիշտ չհասկացվեց /երևի չակերտների պատճառով/: Միայն առաջին մասում չխկչխկոց, մկկոց, փնթփնթոց, չփչփոց, մլավոց, խռռոց, խզզոց, քստքստոց բառերի կույտը արդեն բավական էր... Նաև նկատենք, որ շունը չի չոքում, առավել ևս` չի կարող ապուշ հայացք ունենալ. դրանք մարդուն են վերաբերում: Մի քիչ ներքև թերթեք Գայլի մահը և կհասկանաք ինչի մասին է խոսքը: Խնդրում է ճիշտ հասկանալ:
Օ. Հենրի
Հարգելի Տիգրան, ինչ խոսք՝ շունը չի կարող չոքել կամ ապուշ հայացք ունենալ. դա միայն մարդուն է հատուկ: Կուզենայի նաև ավելացնել Ձեր գրածին, որ կատուն էլ երբեք չի կարող գդակ կարել, խոզը՝ իրեն կոչել «Ձնագդի» ու ղեկավարել անասնաֆերման, սպիտակ ճագարը՝ ժամացույցին նայել ու ուշանալ, իսկ գորշ արջը՝ ջունգլիներում կորած տղային սովորեցնել կյանքի օրենքները: Այս ամենը, հարկավ, աննկարագրելի աբսուրդ է և աններելի հնարք՝ այնպիսի միատարր ու պարզունակ երևույթի մեջ, ինչպիսին է գեղարվեստական գրականությունը:
Tigran
Բայց դրանք տարբեր բաներ են, բարեկամս: Շունն ու կատուն բալլադ է, մյուսները`հեքիաթ: Խոսքը գրական ժանրի, պատկերավորության ու ռեալիզմի մասին է: Թումանյանի պատմվածքներում շներն ու կատուները այնպես են, ինչպես բնության մեջ:
MERI
bayc sa grakanutyun che, aravel evs gexarvestakan....inch gexarvest eq tesnum aystex??voch gexarvestakan xosq ka, voch el nyutn e gexarvestakan....karox er abstrakt mi klipi scenar darnal...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter