HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի հայ երիտասարդների համաժողով` Թբիլիսիում

Հոկտեմբերի 26-27-ին Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երիտասարդական բաժնի  նախաձեռնությամբ, կայացավ  վիրահայ երիտասարդների  համաժողով: 

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունների  աջակցությամբ  կայացած երկօրյա  համաժողովի  նպատակն էր  վիրահայ  երիտասարդությանը մերձեցնել միմյանց և ներգրավել հասարակական և եկեղեցական  կյանքում:  Համաժողովի աշխատանքին ընդգրկվել էին ինչպես քաղաքամայր Թբիլիսիի, այնպես էլ Վրաստանի տարբեր տարածաշրջանների հայկական երիտասարդական  կազմակերպությունների  և  կառույցների ներկայացուցիչներ:

Համաժողովն  աշխատանքը սկսեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում աղոթքով: Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում  կայացած  երիտասարդական համաժողովին  ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր  Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության  խորհրդական Լևոն Թորգոմյանը, Վիրահայոց թեմի  հոգևոր հայրերը:

Բացելով  համաժողովը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի  երիտասարդական բաժնի պատասխանատու Միքայել Ավագյանը  ներկայացրեց համաժողովի աշխատանքի ծրագիրը, որը միտված էր մայրաքաղաքի և տարածաշրջանի հայ երիտասարդության  հիմնախնդիրների վերհանմանը և դրանց լուծման ուղիների որոնմանը:  

Օրհնության և բարեմաղթանքի խոսքում, Վիրահայոց թեմի առաջնորդը երիտասարդությանը անվանելով  մեր ապագայի  կառուցողներ, կոչ արեց իրենց գործունեությունում  լինել հաստատակամ, վստահորեն ձգտել առաջադրված գաղափարին, չընկրկել  դժվարությունների առջև և ընթանալ դեպի նպատակը` վեր դասելով  հայ լինելու հանգամանքը:

Թբիլիսիից Մարինե Խաչատուրովայի և Ախալքալաքից՝ Ջեյներա Պետրոսյանի զեկուցումները նվիրված էին  մայրենի և պետական լեզվի տիրապետման խնդիրներին, կարևորելով մայրաքաղաքի և տարածաշրջանի հայ երիտասարդների շրջանում դրանց տարբեր լինելու պահը: Միանշանակ ընդգծվեց մայրենի լեզուն պահպանելու, այն յուրաքանչյուր հայ երիտասարդի գոյության մաս դարձնելու  անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորվեց երկրի պետական լեզվի տիրապետման հարցը, որը հեշտացնում է երիտասարդության ինտեգրումը վրաց հասարակությանը:

Համաժողովի  աշխատանքում հավուր պատշաճի  էր դրված երիտասարդության կյանքում Հայոց եկեղեցու և  Հայոց եկեղեցու մեջ երիտասարդության դերի հարցը: Հանգամանորեն վերլուծվեց և արժանի գնահատական տրվեց  երկրում տարածված տարբեր  աղանդներից զերծ մնալու, Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբվելու և երիտասարդության դերը  Հայոց եկեղեցու մեջ ճիշտ  պատկերացնելու հարցերին:

Զեկուցումների շուրջ ծավալված թեժ քննարկումների ժամանակ իրենց հիմնավորված  մեկնաբանություններով և իրավացի  մոտեցումներով երիտասարդությանը ճիշտ կողմնորոշվելուն նպաստում էին հոգևոր հայրեր՝ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի, Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, Տեր Սամվել քահանա Թորոսյանի  ելույթները: Իսկ բանախոսներ՝ «Հայարտուն« կենտրոնի  համակարգող Լևոն Չիդիլյանը, Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպության հիմնադիր մարմնի անդամ Սլավա Մեժդոյանը միանշանակ  արժեվորեցին  Հայոց եկեղեցու  շուրջ համախմբված, միասնական  ուժերով և հայապահպան գործունեությանը նվիրվելու գաղափարը: 

Նման հանդիպումները նաև տարածաշրջաններում կազմակերպելու, ավելի լայնորեն ծավալվելու, երիտասարդության ըստ մասնագիտության և կրթության տեղեկատվական բազա ստեղծելու որոշումներով Վիրահայ երիտասարդական համաժողովն ավարտեց իր աշխատանքը:

Համաժողովի օրերին մասնակիցները  այցելեցին Խոջիվանքի «Մեծաց մեծերի պանթեոն» և տեսան  Թբիլիսիի խոնարհված հայկական եկեղեցիները, Հովհաննես Թումանյանի  տունը,  դիտեցին Թբիլիսիի տեսարժան վայրերը:

Վիրահայոց թեմի մամլո դիվան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter