HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատմության թանգարանում բացվել է «Նոր Ջուղա. հայոց տպագրության օրրան» ցուցահանդեսը

Հոկտեմբերի 31-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Նոր Ջուղա. հայոց տպագրության օրրան» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ցուցադրության են ներկայացվել Հայաստանի պատմության, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանների, Մատենադարանի հավաքածուների բացառիկ բնօրինակներ, այդ թվում՝ Նոր Ջուղայում ստեղծված, 17-րդ դարի ձեռագիր մատյաններ, 1638-1641 թթ. հրատարակված գրքեր, Նոր Ջուղայի հոգևոր կյանքին, մշակույթին, կենցաղին բնորոշ նմուշների ընտրանի: Ցուցադրված են Կալկաթայում տպագրված հնատիպ գրքերի նմուշներ և 1794 թ. Մադրասում հրատարակված հայերեն առաջին պարբերականը՝ «Ազդարարը»:

17-18-րդ դդ. Նոր Ջուղան հայկական մշակույթի, ինչպես նաև Իրանի, հետագայում նաև Հնդկաստանի հայերի հոգևոր կենտրոնն էր: 1638 թ. Սբ. Ամենափրկիչ վանքի միաբանները Խաչատուր Կեսարացու գլխավորությամբ Նոր Ջուղայում ստեղծել են ինքնաշեն տպարան: 1638-1641 թթ. տպարանում հրատարակվել է հայերեն չորս գիրք՝ «Սաղմոսարան», «Հարանց վարք», «Խորհրդատետր», «Ժամագիրք ատենի»: Այս ձեռնարկը տպագրության հայկական գյուտն էր և առաջին տպագրությունը Իրանում ու ամբողջ Միջին Արևելքում:

18-րդ դ. կեսերին Նոր Ջուղայից դեպի Հնդկաստան արտագաղթի արդյունքում՝ Հնդկաստան է տեղափոխվել նաև հայկական տպագրությունը նախ Մադրաս, ապա Կալկաթա:

Հայկական առաջին տպարանը հիմնադրվել է 1772 թ. Մադրասում Շահամիրյանների կողմից: Հրատարակվել են հայ ազատագրական մտքի ծրագրային ուղենիշ համարվող «Նոր տետրակ, որ կոչվի յորդորակ» և «Որոգայթ փառաց» երկերը:

1794 թ. Մադրասում Հարություն քահանա Շմավոնյանը հրատարակել է հայերեն առաջին պարբերականը՝ «Ազդարարը», այնուհետև Պորփյուրի «Ներածությունը», Պաղտասար Դպիրի «Քերականությունը» և այլն:

Մադրասից հետո հայկական տպագրության մյուս հանրահայտ կենտրոնը Կալկաթան էր: Այստեղ 1796 թ. Հովսեփ Ստեփանոսյանի հիմնած տպարանում տպագրվել է Աբրահամ Կրետացու «Պատմություն անցից» գիրքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter