HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Դա ավելի շատ վիրավորում է ինձ

38-ամյա Սամվել Հովսեփյանն ինքնակամ հրաժարվել է այն օգնությունից, որ ստանում են ղարաբաղյան պատերազմի ընթացքում վիրավորված մարտիկները: Սամվելը 1992-1994 թթ.-ի ընթացքում վիրավորվել է երկու անգամ, երկրորդ անգամ, կորցնելով ոտքը, դարձել է առաջին կարգի հաշմանդամ:

«Պաշտպանության նախարարությունից ամեն ամիս ես ստանում էի 45.000 դրամ հաշմանդամության թոշակ, բայց ես շատ լուրջ առողջական եւ բնակարանային խնդիրներ ունեմ, չունեմ կայուն աշխատանք եւ ընտանիք, ի՞նչ պիտի անեմ այդ 45.000 դրամով: Դա ավելի շատ վիրավորում է ինձ: Ավելի լավ է իմանամ, որ ոչինչ չունեմ ստանալու: Ես հրաժարվել եմ այդ թոշակից, որովհետեւ էլ չեմ ուզում այդ կառույցի հետ որեւէ կապ ունենալ»,- ասում է Սամվելը:

1988 թ.-ին Սամվելի ընտանիքը Բաքվից եկավ Հայաստան: Երկու եղբայրները գնացին Ռուսաստան, Սամվելը մեկնեց Մարտակերտ: «Այդ օրվանից մեր ընտանիքն այլեւս երբեք ամբողջական չդարձավ: Հայրս, երբ ծանր վիրավոր էի, թաքուն գիշերով հավաքեց իրերն ու անհետացավ, եղբայրներս մնացին Ռուսաստանում, մայրս` անտուն,- պատմում է Սամվելը,- պատերազմը քանդեց ամեն ինչ»: Մինչեւ 2002 թ. Սամվելն ու մայրն ապրում էին վարձով: 2002 թ.-ին պաշտպանության նախարարության միջնորդությամբ նրան հատկացրին «Նոր-Նորք» ուսանողական հանրակացարանի 2-րդ մասնաշենքի նախկին կանացի զուգարանը, որտեղ նա ապրեց մինչեւ 2005 թվականը:

«Երբ նախարարություն էի դիմում` խնդրելով աջակցել բնակարանս վերանորոգելու համար, որովհետեւ առնետներից պրծում չկար, ասում էին` ապացուցիր, որ սենյակը վթարային է: Ասում եմ` ինչպե՞ս ապացուցեմ, երբ ոչ մի անգամ չեք եկել ու չեք տեսել: Տասնյակ նամակներ եմ գրել ու պատասխան չեմ ստացել: Մի հոգի չեղավ, որ նույնիսկ հետաքրքրվի, թե ո՞վ է էս կորած մարդը, որ գրում-գրում է, մենք էլ մերժում ու մերժում ենք: Ասում եմ` գոնե գիտեք էս շքանշանները ո՞ւմ եք տալիս, ասում են` հա, գիտենք: Ասում եմ, բա նույն մարդն եմ, ինչի՞ եք մերժում...»,- վրդովվում է Սամվելը:

Սամվելն արժանացել է Անդրանիկ Օզանյանի անվան շքանշանի, ունի Երկրապահ կամավորականների միության անդամատոմս: Երեք տարի ապրելով սենյակ դարձրած նախկին զուգարանում` 2005 թվականին, արդեն ճարահատյալ վիճակում, Սամվելը կոտրում է հարեւան դատարկված սենյակի դուռը եւ հաստատվում այնտեղ: Մասնաշենքի տնօրինությունը դատի է տալիս նրան` ապօրինի սենյակ զբաղեցնելու համար, բայց դատարանը թույլատրում է նրան մնալ այդ սենյակում` հաշվի առնելով, որ նախկին սենյակը պիտանի չէ բնակության համար:

«Առաջին անգամ վիրավորվեցի 1992 թ.-ին Մարտակերտում: Ձեռքս բարձրացրի, որ զգուշացնեմ հրանոթների լույսն անջատելու համար, կրծքիս մոտ հարված զգացի, թուլացա ու ընկա: Ինձ տարան Ստեփանակերտ, վերքս ստուգեցին, ասացին, որ փամփուշտը մարմնիս մեջ է: Այն ժամանակ ասացին, որ վիրահատությունը 350 դոլար արժե, բայց այդքան գումար չունեի, այդպես էլ փամփուշտը մնաց, մինչեւ հիմա կրծքիս մեջ է,- պատմում է Սամվելը,- երկրորդ անգամ` 1994 թ.-ին, հանկարծակի հանդիպեցի երեք թուրքի: Նրանցից մեկը կրակեց ու փախան, ոտքիս էր կպել փամփուշտը: Հետո չեմ հիշում ինչ եղավ: Վիրավոր տեղափոխեցին Երեւան, սխալ վիրահատության պատճառով ոտքիս վիրավոր մասում փտախտ սկսվեց ու ստիպված ոտքս կտրեցին»:

Սամվելն ասում է, որ կրծքում մնացած փամփուշտը շատ է նրան անհանգստացնում, մանավանդ երբ աշխատում է նստած, տեղաշարժվում կամ անհարմար դիրքով պառկում: Վիրավորվելուց հետո Սամվելը զբաղվել է փայտամշակությամբ, հետո սովորել Երեւանի ոսկերչական գործարանում: Որոշ ժամանակ աշխատել է գործարանում, բայց հետո հրաժարվել է աշխատանքից, քանի որ ինչ-որ մեկը ղեկավարությունից չէր հանդուրժում «բաքվեցի հային»: Հիմա Սամվելի փոքրիկ սենյակի կեսը զբաղեցնում է ոսկերչական աշխատանքների համար նախատեսված սեղանը, որի վրա նա պատվերով ոսկերչական զարդեր է պատրաստում: Պատվերները, նրա ասելով, շատ են, բայց շատ ժամանակ գումարը չի բավարարում զարդի համար անհրաժեշտ հումք եւ գործիք գնելու համար:

«Այս տարածքի շենքերի համարյա բոլոր տղաներն իմ պատրաստած մատանիներն են դնում: Պատվերները շատ են, բայց հիմա էլ այն պահն է, որ ոսկի եւ արծաթ գնելու փող չունեմ: Ստիպված եմ հեռախոսս գրավ դնել, ուրիշ ճար չունեմ ու էսպես ծայրը ծայրին եմ հասցնում: Ամենաշատը հիմա ուզում եմ սենյակս մի քիչ վերանորոգեմ, ընտանիք կազմեմ: Եղբայրներիս 10 տարի չեմ տեսել: Նրանց երեխաներն արդեն մեծացել են, իսկ ես նրանց համար դեռ բան չեմ արել: Եղբայրներիս համար էլ է դժվար ապրել Ռուսաստանում, մի օր գործ կա, մյուս օրը չկա: Բայց ամենաշատն առողջական խնդիրներն են անհանգստացնում: Նախարարությունում շատ լավ գիտեն` ով եմ ես, երբ եմ վիրավորվել, որ դա տեղի է ունեցել մարտական գործողությունների ժամանակ, բայց դա նշանակություն չունի, իմ նամակները նրանց չեն հասնում...»,- ասում է Սամվելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter