HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևմտյան Հայաստանից հող են վերցնում ոչ միայն հայերը (վիդեո)

Վանի խորհրդանիշը և հայ ժողովրդի անցյալի լուռ վկան

Գագիկ թագավորը հրամայեց իր հանճարեղ ճարտարապետին, որ տաճարն ունենա 40 կանգուն երկարություն (մոտ կես մետր), 40 կանգուն լայնություն, նույնչափ էլ բարձրություն։ Տաճարը ահեղ և զարմանալի տեսք ուներ, երեք քայլաչափ էին պատերի հաստությունը, քար ու կրաշաղախով այնպես էին ձուլված, որ նման էին պղնձի և կապարի ձուլվածքի։ Առանց սյուների կանգնած էր տաճարը և այնչափ բարձր, որ մարդիկ ստիպված էին գլխարկները ցած առնել գմբեթի միջի և ուրիշ տեղերի նկարազարդությունը դիտելու համար։

10-րդ դարի պատմիչ Թովմա Արծրունին այսպես է նկարագրել Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, երբ պատմել է դրա կառուցման մասին:

Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով և նկարիչ, ճարտարապետ, Մանվելի կողմից կառուցված եկեղեցում դեռ պահպանվում են պատերի զարդաքանդակներն ու նկարները` Աստվածաշնչի թեմաներով որմնաքանդակները, Ադամի և Եվայի առասպելը, Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները, Գրիգոր Լուսավորիչը, իսկ պատերից մեկում պատկերված է խաղողի մշակման ընթացը` որթը հողում տնկելուց մինչև գինի պատրաստելը:

«Թուրքիայում դուք չեք գտնի բաց երկնքի տակ նման զարդանախշ եկեղեցի, ինչպես Սուրբ Խաչն է, որի վրա թեմատիկ տարբեր նախշեր ու քանդակներ կան»,- ասում է մեզ ուղեկցող քուրդ էքսկուրսավար Ֆերզանը: Նա զբոսաշրջիկների իր խմբերին պարտադիր բերում է կղզի` Սուրբ Խաչ եկեղեցին ցույց տալու համար:

Աղթամար կղզին հայտնի տեսարժան վայր է նաև Թուրքիայում, հատկապես գրավիչ է իր ճարտարապետությամբ: Ֆերզանը կղզին ու եկեղեցին Վանի «սիմվոլն» է համարում: Ասում է, որ բոլորն էլ ուզում են տեսնել Աղթամարն ու Սուրբ Խաչը, քանի որ դրա մասին թուրքական հեռուսատաընկերություններն ու համացանցը շատ են երիզներ ցուցադրում ու գովազդում:

Ֆերհատն իր կրպակումՎանի բերդաքաղաքի, կամ ինչպես տեղացիներն են անվանում` «Հին Վանի» մոտ արծաթեղենի և հուշանվերների կրպակատեր Ֆերհատ Շիմշենն էլ հպարտությամբ ցույց տվեց մեզ իր զարդերից մեկը, որի վրա Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու անհետացած խաչն է: Սակայն ոչ թե բնօրինակը, այլ փոքր կրկնօրինակը` որպես զարդ վաճառվող մատանու վրա: «Այս ձեռքի մատանու վրա Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին է: Խաչը հենց այն խաչն է, որը հայտնի չէ, թե որտեղ է հիմա»,- ասում է Ֆերհատը: Երբ հարցնում ենք, թե արդյոք Ֆերհատը հայկական արմատներ ունի, որ մի քանի բառ հայերեն գիտի և հպարտությամբ է խոսում Աղթամարի և Վանի հայերի արծաթագործ լինելու մասին, էքսկուրսավար Ֆերզանը վստահեցնում է, որ Ֆերհատը քուրդ է, բայց երբ իրեն ենք հարցնում, պատասխանում է. «Այս շրջանում ապրող ժողովուրդը մի քիչ հայ է, մի քիչ քուրդ, մի քիչ էլ թուրք»:

Քրդական երգն ու Վանա տառեխը

Մինչ Աղթմար կղզի հասնելը` Գևաշի ափեզրին տառեխը հայտնի ուտեստ է, հատկապես հայ այցելուների համար, չնայած տարվա այս ժամանակահատվածում տառեխի որսն արգելված է Վանում, բայց երբ շատ ես պնդում, հրամցնում են: Իսկ քուրդ երաժիշտն իր նվագով է զարմացնում հյուրերին: Երբեմն տարբեր ազգեր ներկայացնող զբոսաշրջիկները միասին են շուրջպար բռնում Վանա լճի ափին, ինչպես մեր այցելության օրն էր` քրդական և հայտնի «Սարի գելի» երգի տակ պարեցին հայ և քուրդ այցելուները: 

Գևաշի ափեզրից մարդկանց տեղափոխումը դեպի Աղթամար կղզի նավակով երկու հիմնական ընկերություններ են կազմակերպում: Էքսկուրսավարն ասում է, որ դրանք կոոպերատիվ ընկերություններ են, որոնք կառավարությանն են ենթարկվում: Յուրաքանչյուր այցելու կղզի հասնելու և ետդարձի համար թուրքական 7 լիրա է վճարում:

Նավակով կղզի հասնելը շուրջ 30 րոպե տևեց, երիտասարդ քուրդ նավավարը դանդաղ էր վարում, ասաց, որ եղանակն անբարենպաստ է: Հասնելուն պես կղզում եղանակն էլ փոխվեց, բարեխառն դարձավ ավելի: Այստեղ արդեն զբոսաշրջիկներ կան, իսկ բարձունքում` hայ ժողովրդի անցյալի լուռ վկան` Սուրբ Խաչը: Եկեղեցին հսկում են անվտանգության աշխատակցիները, լուսարձակիչով լուսանկարել չեն թույլատրում, իսկ տեսագրելու համար նախօրոք հատուկ թույլտվություն է անհրաժետշ ստանալ: Եկեղեցու շրջակայքը մաքուր է ու խնամված: Տեղադրված են աղբարկղեր, կա նաև հանրային զուգարան:

Պապի հետքերով

Թրքուհին երկար նստած հմայվում էր Վանա լճովԱռաջին զբոսաշրջիկը, որի հետ զրույցի ենք բռնվում, թրքուհի է: Գիտի, որ Սուրբ Խաչ եկեղեցին հայկական է: Շատ է լսել նաև Աղթամարի մասին, հատկապես տպավորվել է Վանա լճով. «Այնքան մեծ է, որ ծովի տպավորություն է թողնում»: Չնայած ինքը մուսուլման է, բայց չի կաշկանդվում քրիստոնեական վայրեր այցելելուց: Խոստովանում է, որ սիրում է այլ մշակույթների հետ ծանոթանալ, եղել է շատ եկեղեցիներում, այդ թվում նաև` Ստամբուլում:

Քիչ հետո հանդիպում ենք Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների խմբին: Վլադիմիր Զոսն էլ է նրանց հետ, ազգությամբ ղազախ է, չնայած շատ է ճամփորդել, բայց չի թաքցնում այն փաստը, որի համար ցանկացել է անպայման այցելել Աղթամար, Վան, Կարս և այլ վայրեր.  Վլադիմիր Զոսը Մոսկվայից հասել է Արևմտյան Հայաստան` իր պապի զոհվելու վայրը տեսնելու:

Վլադիմիրը պատմում է, որ 1916 թվականին, երբ ղազախները ազատագրել են այս տարածքները, պապը` Պյոտոր Լեոնտևիչը զոհվել է: «Պապս կռվել է Հայաստանի ազատագրման համար, բայց արի ու տես, որ այս հողերն այժմ Թուրքիայինն են»,- ասում է Վլադիմիրը:

Մինչ մենք զրուցում ենք` մեր խմբից մի քանիսը կղզում` ծառի տակից փորելով հող էին վերցնում: Դա աննկատ չմնաց նաև Վլադիմիրից: «Տես ոնց է փորում,-մեր նկարահանող օպերատորին ցույց տալով` ասաց,-Ես էլ եմ հող վերցնելու»:

Վլադիմիրը, սակայն, չգիտեր իր պապի գերեզմանի հստակ տեղը, միայն նրա ընկերներից լսել է, որ Պյոտոր Լեոնտևիչը մահացել է Կարսի կողմերում. «Ես Կարսից եմ հող վերցնելու»:

Աղթամար-Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter