HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրանքների անվտանգությունը չի երաշխավորվելու

Նույնիսկ 1 միլիոն եվրոյով թվինինգ «պարելուց» հետո

Վտանգավոր և անորակ խաղալիքներ, էլեկտրական լամպեր, գեղահարդարման միջոցներ, անորակ կոշկեղեն, ռադիոտեխնիկա, կենցաղային տեխնիկա: Այս թվարկումը դեռ երկար կարելի է շարունակել: Իհարկե, կան նաև որակյալ և անվտանգ ապրանքներ, բայց Հայաստանում, ընդհանուր առմամբ, բավարար չափով ապահովված չէ ոչ միայն սննդամթերքների, այլև ոչ պարենային ապրանքների անվտանգությունը: Որակի և անվտանգության առումով ոչ պարենային ապրանքների շուկայում նույնպես խայտառակ վիճակ է: Եվ, ահա, հիմա Եվրամիությունը 1 միլիոն եվրո է հատկացրել, որպեսզի Հայաստանում, եթե հավատանք նրանց, բարելավվի շուկայի վերահսկողությունը և սպառողների շահերի պաշտպանությունը:

Հայաստանի և Եվրամիության միջև ԵՄ թվինինգ ծրագիրը, որ վերջինիս կողմից իրականացվում է մասնավորապես «Հյուսիսային Իռլանդիայի միջազգային համագործակցություն (NI-CO)» ընկերության կողմից` Լիտվայի էկոնոմիկայի նախարարությանն առընթեր ոչ պարենային ապրանքների պետական տեսչության աջակցությամբ, 2012 թ. հունիսից արդեն մեկնարկել է: «ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում և ներդաշնակեցում ԵՄ չափանիշներին» կոչված այդ ծրագրի տևողությունը 18 ամիս է: Ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնությունների ղեկավար Ժան Կրիստոֆ Գայրանի, թվինինգ ծրագրի նպատակն է Եվրամիության փորձը, նախաձեռնություններն այդ ծրագրի միջոցով փոխանցել շահառու պետությանը, որպեսզի դրա արդյունքում շահառուն արդեն ունենա վարչական բոլոր հմտությունները, որոնցով կբավարարի Եվրամիության պահանջներին:

Է, շատ լավ, ուզում են փոխանցել, թող փոխանցեն, բայց մի՞թե դրա համար 1 մլն եվրո է պետք կամ, թեկուզ, դրա 10 տոկոսը: Ստացվում է, որ ԵՄ-ն գումարը տվել է, որպեսզի դրա մի հսկայական մասով եվրոպացի բազմաթիվ չինովնիկներ գան ու գնան, գրեթե զբոսաշրջային ուղևորություն հիշեցնող այցելություննե՞ր կատարեն Հայաստան` ԵՄ-ի փորձը մեզ փոխանցելու համար: Դեռ միայն «Շուկայի վերահսկողության և սպառողների շահերի պաշտպանության կազմակերպում» թեմայով անցյալ ուրբաթ կազմակերպված սեմինարում, որը 1 մլն եվրո արժողության վերոնշյալ ծրագրի բաղկացուցիչն է, ելույթ են ունեցել եվրոպացի առնվազն 6 պաշտոնյաներ, թե քանիսն էլ դահլիճում էին նստած` չգիտեմ:

Էլ ի՞նչի համար է տրվելու այդ 1 մլն եվրոն… Պարզվում է, ծրագրի մյուս նպատակն էլ Հայաստանի օրենսդրությունը ներդաշնակեցնելն է սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա ԵՄ չափանիշներին:  ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է մշակի նշված չափանիշներին ներդաշնակ օրենսդրական նախագծեր, եթե խոսքը կառավարության որոշումների կամ օրենքների նախագծերի մասին է, ներկայացնի կառավարություն, հետո կառավարությունը նույնությամբ կամ որոշ փոփոխություններ կատարելուց հետո հաստատի դրանք կամ հավանության արժանացնի, օրենքների նախագծերի պարագայում դրանք ուղարկի ԱԺ, որ վերջինս քննարկի, քվեարկի և ընդունի:

Թերևս ավելորդ է հիշեցնել, որ այս բոլոր աշխատանքների կատարման, օրենսդրությունը բարելավելու համար նախարարության համապատասխան չինովնիկներն աշխատավարձ են ստանում պետական բյուջեից, հետևաբար բնավ կարիք չկար նման հսկայական գումար հատկացնել, որպեսզի նրանք կատարեն իրենց սովորական աշխատանքային պարտականությունները: Էլ չենք խոսում այն մասին, որ դեռ հարց է և միայն ծրագրի ավարտից հետո է երևալու` օրենսդրությունը բարեփոխվե՞ց, թե չարեփոխվեց…

Հնարավոր է, մեզ առարկեն, թե այդ 1 մլն եվրոյից եվրոպացի փորձագետներին, նախարարության համապատասխան աշխատակիցներին կամ տեսչությանը գումար չի տրվելու օրենսդրության բարեփոխման նպատակով նախագծերի մշակման համար, այդ մասով գումարը հիմնականում ծախսվելու է եվրոպացի պաշտոնյաների` Հայաստան, և հիշյալ տեսչության աշխատակիցների` Եվրոպա գնալ-գալու վրա, այսինքն` գործողումների նպատակով, որպեսզի ուսումնասիրվեն սպառողների շահերի պաշտպանության ոլորտում Հայաստանի  օրենսդրությունը և տվյալ ոլորտում առկա ԵՄ չափանիշները, դրանք ներդաշնակեցվեն միմյանց: Ծրագրի արդյունքում ակնկալվում է ունենալ շուկայի վերահսկողության մասին նոր օրենք: Բայց, հարգելիներս, ախր ո՞ր դարն է, միմյանց հետ զրուցելու, տվյալներ փոխանակելու, հարցեր տալու և պատասխաններ ստանալու համար հեռախոս կա, ֆաքս կա, համացանց և էլեկտրոնային կապ կա, այսինքն` բնավ պարտադիր չեն այդ բազմաթիվ ու շատ թանկարժեք գործողումները:

Ի վերջո, փորձի, հմտությունների փոխանցումից և օրենսդրության համապատասխանեցումից բացի, ծրագրի մյուս նպատակը հանրային իրազեկվածության աստիճանը բարելավելը և տնտեսվարող սուբյեկտների ու սպառողների համար տեղեկատվության հասանելիությունն ապահովելն է:

Բնականաբար, հարց է առաջանում` իսկ 1 մլն եվրո արժեցող կամ, ավելի ճիշտ, այդքան գնահատված (իրական արժեքը կարող է մի քանի անգամ ցածր լինել) ծրագիրը սկսելուց առաջ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությանը և, ընդհանրապես, նախարարությանն ի՞նչն էր խանգարում, որ կատարեին իրենց աշխատանքային տարրական պարտականությունները և բարելավեին հանրային իրազեկվածության աստիճանը, ապահովեին տեղեկատվության հասանելիությունը: Չէ՞որ դրա համար նախարարությունը պետական բյուջեի հաշվին վարձատրվող տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին ունի, նախարարն ունի նաև մամուլի քարտուղար: Ստուգումների տարեկան ծրագիրը, տարեկան 12 անգամ (ըստ ամիսների) ստուգումների ամփոփ հաշվետվությունը և էլի մի քանի փաստաթղթեր նախարարության կայքում հրապարակելու համար մի՞թե Եվրամիության հսկայական գումարներն էին անհրաժեշտ կամ ԵՄ պաշտոնյաների առկայությունը Հայաստանում: Իհարկե՛ ոչ:

Ըստ Ժան Կրիստոֆ Գայրանի, ծրագրի վերջնական նպատակը հետևյալն է` տեսչությունն արդեն տեղյակ կլինի, թե ինչպիսի անվտանգ ապրանքներ են տեղակայված շուկայում, կունենա բոլոր այդ ապրանքների ցանկը, և դրանով արդեն կապահովի սպառողների պաշտպանվածությունը:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ ոչ միայն արդիական և արդյունավետ գործող ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչություն, այլև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների մասնակցության և ազդեցության բարձրացում շուկայի պատշաճ վերահսկողության և սպառողների շահերի պաշտպանության գործում: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս, և տարածաշրջանային կազմակերպությունների թվում կարո՞ղ են լինել նաև թուրքական և ադրբեջանական կազմակերպություններ…

Այնուամենայնիվ, 18 ամիս տևողության հիշյալ ծրագիրը, ինչպես նշեցինք, գործում է արդեն այս տարվա հունիսից, և ելնելով նրանից, թե նշված տեսչությունը որքանով է դարձել արդիական և արդյունավետ գործող, կարող ենք եզրակացնել, թե ծրագրի արդյունքում որքանով կիրականանան նաև մյուս ակնկալությունները:

Վերոնշյալի առումով բանը հասավ նույնիսկ զավեշտի. Էկոնոմիկայի նախարարության, NI-CO ընկերության և Հայաստանում Եվրամիության պատվիրակության տարածած երկլեզու (հայերեն և անգլերեն) մամուլի հաղորդագրությունում նշված է, որ ծրարի «Արդյունքում ակնկալվում է ունենալ արդիական և արդյունավետ գործող ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչություն», իսկ Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնությունների ղեկավար Ժան Կրիստոֆ Գայրանը սրան անտեղյակ կամ մոռանալով այդ հավաստման մասին, օրերս կազմակերպված ճեպազրույցում ասաց. «Ծրագիրը նպատակ չունի, որպեսզի տեսչության արդյունավետությունը փոխի կամ տեսչության կառույցը փոխի…»: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:

«Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը Հայաստանում սպառողների պաշտպանության մակարդակը, ընդհանուր առմամբ, գնահատում է վատ:

- Առաջընթաց կա, բայց շատ հեռու է բավարար լինելուց,- ասաց նա և հավելեց, որ ծրագրի արդյունավետության առումով ինքն առանձնապես ոգևորված չէ:

Ըստ հիշյալ հկ-ի նախագահի, մեզ համար առավել անհրաժեշտն ու կարևորը անվրեպությունն է, որպեսզի որևէ ապրանքատեսակ չմնա ուշադրությունից դուրս, վտանգ չներկայացնի, բայց այդ առումով դեռ հեռու ենք տվյալ խնդիրը լուծելուց:

Կարող է թվալ, թե քանի որ այդ 1 մլն եվրոն վարկ չէ, Հայաստանը չի վերադարձնելու, ապա ԵՄ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան պաշտոնյաներն ինչի վրա ուզում են, թող օգտագործեն: Այսինքն` բնավ կարևոր չեն առաջնահերթությունները, նշված հսկայական գումարի ծախսմամբ կատարված աշխատանքի արդյունավետությունը, այդ 1 մլն եվրոն կամ դրա մի մասը կարող են նույնիսկ մսխել: Մենք, սակայն, այս կարծիքին չենք և անթույլատրելի ենք համարում Հայաստանի անունով, Հայաստանին իբր օգնելու համար թեկուզ Եվրամիության միջոցներից հսկայական գումարներ դուրս գրելը և, ըստ էության, մեծապես վատնելը: Դրանով մեր երկիրը բաց է թողնում ոչ պարենային ապրանքների շուկայում կարգուկանոն հաստատելու, այդ շուկայի պատշաճ վերահսկողություն ապահովելու և սպառողների շահերի պաշտպանության այն հնարավորությունը, որ կարող էր ստանալ ԵՄ-ից: Իր սպառողների շահերի պաշտպանության մասին մտածող որևէ երկիր դժվար թե համաձայներ նման ձևական ծրագրի իրագործմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter