HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ֆլորա Մարտիրոսյան. «Ես չեմ ուզե, օր աղջիկներս հոգեկան տրավմա ստանան»

Անի թաղամասի Չարենցի փողոցի 5 հարկանի շենքերից մեկի ձեղնահարկում է ծվարել Մարտիրոսյանների 6 անձից բաղկացած ընտանիքը: 32-ամյա Ֆլորա Մարտիրոսյանը 5 երեխաներին միայնակ է մեծացնում: 1994 թ.-ին 14 տարեկան հասակում ամուսնացել է 25-ամյա Ալբերտ Հախվերդյանի հետ: «Ավելի ճիշտ՝ փախցրել է,- նկատում է Ֆլորան,- մենք անգամ ԶԱԳՍ-ի գրանցում չունենք»: Համատեղ կյանքի ընթացքում ծնված 5 երեխաներից միայն երեքի հայրությունն է ճանաչել Ալբերտը: 9-ամյա Անժելան եւ 4-ամյա Քրիստինեն կրում են մոր ազգանունը: «Հայրությունն էլ ճանաչել է միայն երրորդ երեխայի ծնվելուց հետո»,- տեղեկացնում է միայնակ կինը: 

Երկու փոքրիկ սենյակից (ընդամենը14 քմ) եւ կոմունալ հարմարություններից զուրկ ձեղնահարկի իրենց բնակարանում Մարտիրոսյանները բնակվում են կենվորի կարգավիճակով: Այստեղ տեղափոխվել են 1996 թ.-ին: Ֆլորայի ամուսինը փոքրիկ Քրիստինեի ծնվելուց հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, եւ արդեն 4 տարի է, ինչ կինը ոչ մի տեղեկություն չունի նրանից: Ֆլորայի փոխանցմամբ` ամուսինն իր բնակարանը տվել է վարձակալությամբ, երեխաներին որեւէ կերպ չի օգնում, իրենք գոյատեւում են պետության կողմից տրվող 52 հազար դրամ սոցիալական նպաստի գումարով:

Ֆլորայի նեղլիկ բնակարանում է ապրում նաեւ նրա 2-րդ կարգի հաշմանդամ մայրը` 63-ամյա Մելանյա Հովհաննիսյանը: Կինը վարում է նստակյաց կյանք, քանի որ վնասված է ողնաշարը: Տիկին Մելանյան, որքան էլ, որ տարօրինակ է, փեսայի մասին միայն բարի խոսքեր ասաց: «Իմ փեսես լավ տղա էր, մենակ էդ խմելն որ չեղներ, մեկ էլ, որ թասիբ չուներ: Շատ անթասիբ տղա էր,- նկատեց Մելանյա Հովհաննիսյանը,- ես կհիշեմ, թե ինչխ մե օրմ ինքը տան դուռը գործ էր բերել կեներ, որի համար 2000 դրամ պիտի տային, իսկ ընկերները պատի տակ պպզած կսպասեին, թե երբ պիտի պրծնի, օր էրթան խմելու: Ու իմ փեսես փոխանակ էդ աշխատած փողին երեխեքին հաց առներ, գնաց ընկերների հետ խմելու»: 

Ֆլորայի ավագ զավակը` 16-ամյա Արամայիսը, 8-րդ դասարանն ավարտելուց հետո դուրս է եկել դպրոցից եւ հիմա փորձում է ինչ որ կերպ օգնել մորը: Տղան մասնավորի մոտ ընդունվել է աշխատանքի` օրը 1500 դրամ վճարով բանվորի աշխատանք է կատարում: Ֆլորան որեւէ մասնագիտություն չունի: Վերջերս փորձել է շուկայում կարտոֆիլ ու կանաչի վաճառել, որի դիմաց օրը սկզբում 2000 դրամ են խոստացել վճարել: Խոստումը բանջարեղեն մատակարարող անձը պահել է միայն առաջին աշխատանքային օրը, հաջորդ օրերին գումարը նվազել է մինչեւ 700 դրամ, եւ Ֆլորան հրաժարվել է աշխատանքից: «Ես շատ կուզենայի աշխատել,- ասում է Ֆլորա Մարտիրոսյանը,- բայց մենակ սրճարաններն ու ռեստորանները աշխատանք կառաջարկեն: Էն էլ գործը կպրծնի կեսգիշերն, բա իմ երեխեքին ով նայե: Դրա համար էլ էդ տեսակ գործերից կհրաժարվիմ»:

Սոցիալական ծանր պայմաններից դրդված Ֆլորան այս տարի սեպտեմբերին 12-ամյա Սաթենիկին եւ 8-ամյա Անժելային տեղավորել է Գյումրիի թիվ 2-րդ գիշերօթիկ հաստատությունում («Հույս» մանկատուն): Շաբաթ, կիրակի օրերին աղջնակները տանն են գիշերել, շաբաթվա մնացած օրերն անցկացրել գիշերային խնամքի հաստատությունում: Նոյեմբերի 2-ից Ֆլորան երեխաներին այլեւս չի ուղարկում գիշերօթիկ: Սաթենիկն ու Անժելան չեն կարողանում հարմարվել օտար միջավայրին եւ խնդրել են մորն իրենց այեւս չտանել գիշերային հաստատություն: Մարտիրոսյանների համար սկսվել է բավական բարդ մի շրջան` գիշերօթիկ հաստատությունը հրաժարվում է երեխաներին վերադարձնել ընտանիք: «Կպատճառաբանեն, օր անպայման պիտի մարզպետի անունով դիմում գրեմ, օր նոր երեխեքիս տան ընձի»,- պարզաբանում է Ֆլորան:

Խնդրով հետաքրքրված է նաեւ «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը: ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանը Մարտիրոսյանների ընտանիքին, այսպես ասած, հայտնաբերել է «Աջակցություն անապահով ընտանիքներին» ծրագրի շրջանակներում: Ամերիկահայ Էլվիս Մադաթյանի տրամադրած աջակցությունից օգտվել է նաեւ Ֆլորայի ընտանիքը: «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կայքում տեղադրված տեսանյութից հետո Մարտիրոսյաններին օգնելու ցանկություն են հայտնել նաեւ այլ բարերարներ:

«Ինձ համար շատ ողջունելի կլիներ, եթե գիշերային հաստատությունների բեռնաթափում տեղի ունենար, որ մարդիկ ձգտեին իրենց զավակներին կողքներին պահել,- նկատում է Վահան Թումասյանը,- սոցիալական պայմաններից ելնելով Ֆլորան երկու աղջիկներին տարել է նախկին մանկատուն, որ հիմա գիշերօթիկ է կոչվում: Երեխաները երկու ամիս գնացել են, բայց մեծ դժվարությամբ, չեն կարողացել հարմարվել: Հիմա երբ Մարտիրոսյաններին աջակցում են, մայրն ուզում է երեխաներին բերի իր մոտ: Միթե այդքան վատ ցանկություն է դա, որ կնոջը չեն ընդառաջում, փորձում են համոզել, որ երեխաներին չտանի գիշերօթիկից: Ես հասկանում եմ, որ դպրոցները ֆինանսավորվում են աշակերտ թվով, այդ թվում եւ՝ գիշերօթիկները, բայց դա չի նշանակում, թե պիտի դեմ գնան ծնողի ցանկությանը»:

Հոդվածը պատրաստելու ընթացքում տեղեկացանք, որ Ֆլորա Մարտիրոսյանը դիմել է Շիրակի մարզպետարանի  աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Լուսինե Գինոսյանին: Վերջինս էլ կնոջն առաջարկել է դիմում գրել ողղված մարզպետ Աշոտ Գիզիրյանին: Հեռախոսազրույցի ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանը «Հետքին» փոխանցեց, որ իրեն խոստացել են ընթացք տալ դիմումին եւ ինքն առանց խոչընդոտների կստանա երեխաների փաստաթղթերը: «Երեխեքիս թղթերն օր տան, ես իրանց արդեն հնարավորություն կունենամ տեղավորելու մեր թաղի դպրոցներում, էլ ստիպված չեմ լինի տրանսպորտով տանել-բերելու: Համ էլ երեխեքս կողքիս կեղնին, չնայած դուք էլ տեսաք, քնելու տեղ էլ չունինք, բայց չեմ ուզե, օր աղջիկներս հոգեկան տրավմա ստանան»,- զրույցն եզրափակեց Ֆլորան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter