HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-վրացական սահմանի չլուծված խնդիրները և դատարկվող հայկական գյուղերը (վիդեո)

Վերջին մեկ տարվա ընթացքում  հայ-վրացական պետական սահմանի  սահմանազատման և սահմանագծման  շուրջ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել: «Ինչպես հայտնել էինք նախօրոք, բանակցությունների արդյունքում միջև այժմ  225 կմ սահմանային գծից նախնական համաձայնություն է ձեռք  բերվել  միայն 160 կմ-ի շուրջ և դեռևս չհամաձայնեցված է մնում 65կմ-ը»,-«Հետքի» հարցումներին պատասխանել է ԱԳՆ-ի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Պատասխանի մեջ նշված է նաեւ, որ հայ-վրացական սահմանին տեղակայված Ջիլիզա համայնքում սահմանային անցակետի շինարարական աշխատանքները չեն սկսված, իսկ Ջիլիզա և Վրաստանի Չանախչի գյուղերի միջև ընկած վայրում գտնվող Խորակերտի 12-13 դարերի եկեղեցական համալիրի տարածքը դեռևս համաձայնեցված չէ:  

Հայաստանի և Վրաստանի  սահմանային անլուծելի խնդիրների պատճառով  տուժում են հայ-վրացական սահմանամերձ հայկական գյուղերի բնակիչները: Ընդամենը 100 մետր հեռավորությամբ բնակվող հայ գյուղացիները միմյանց հետ շփվելու համար Բագրատաշենի ու Սադախլոյի անցակետերով պետք է հատեն առնվազը 120 կմ ճանապարհ:

Վրաստանի սահմանային Աղքյորփի և Չանախչի գյուղերի խմելու ջրագծերը խորհրդային տարիներին սնվել են հայկական կողմի լեռնային աղբյուրներից: Սահմանային խստացված ռեժիմի պատճառով դրանք երկար տարիներ չեն վերանորոգվել: Լալվար գետից 100 մետր անդին գտնվող իրենց ջրագծերի մոտ հայտնվելու և վթարները վերացնելու համար Չանախչիի և Աղքյորփիի գյուղացիները պետք է հատեն Սադախլոյի և Բագրատաշենի  անցակետերով Բագրատաշեն-Ալավերդի-Ջիլիզա 120 կմ երկարությամբ ճանապարհը:

«Դրա համար մենք ուզում ենք այնպիսի ջրագիծ կառուցել, որ ջրագծի ակունքը լինի մեր տարածքում: Այդ դեպքում սահմանը անօրինական հատելու խնդիր չի առաջանա»,- ասում է աղքյորփեցի Գիգոլ Աթաբեկյանը, ով 12 տարի ղեկավարում է Վրաստանի Մառնեուլի շրջանի Աղքյորփիի վարչատարածքային միավորումը: Չանախչիի  200 և Աղքյորփիի 1000 բնակիչների  խմելու և ոռոգման ջրի խնդիրը 16 տարի շարունակ Վրաստանի կառավարության ուշադրության կենտրոնում չի հայտնվում: Գիգոլ Աթաբեկյանն ասում է,որ  Չանախչիում և Աղքյորփիում հայ գյուղացիները չեն զբաղվում հողագործությամբ: Աղքյորփիի 98-ամյա  բնակիչ Բեգլար Հակոբյանը  աղքյորփեցիների կյանքը շատ վատ է գնահատում, որովհետև Հայաստանի հետ կապ չունեն: «Եթե Հայաստանի հետ կապ ենք ունենում, մեր ազգաբնակչության մեծ մասը Հայաստանում է, ընդիան  կկարողանանք իրար քոմագ անենք, ապրենք: Հմի  Հայաստանի ճամփենին փակել են, կարում չենք գնանք, գանք: Հայաստանի գրանիցիայի  փակերը չիմ հանեցեք»,- պահանջում է 98-ամյա գյուղացին:

Բեգլար  Հակոբյանը չի ուզում հասկանալ, թե իր տանից ընդամենը 100 մետր այն կողմ գտնվող իր հայրենիքի` Հայաստանի անտառը, թթու ջուրն ու լեռնային  մյուս աղբյուրները  ինչու պետք է իր և մյուս հայ գյուղացիների համար անմատչելի լինեն: «Ընդամենը 10 մետր է հեռավորությունը, որ ջուրը անցկացնենք, բերենք: Հենայ, գնացեք ջուրը նկարեցեք, թագավորի աղաքին վեր դրեք, որ իմանա  հայկական գեղը  ջրի կարիք ունի, ջուրն էլ հլե նհե գնում  ա հասնում Բոլնիս Խաչեն»,- ասում  է Բ.Հակոբյանը: Հայաստանի հետ շփման գործում Աղքյորփիի վարչատարածքային միավորման ղեկավար Գիգոլ Աթաբեկյանը կարևորեց Պրիվոլնիի անցակետը:

Գիգոլ Աթաբեկյան Աղքյորփիի գյուղապետարանը

«Վերջինիս  ծառայությունները դժգոհություններ են առաջացնում բնակչության մեջ»,- ասաց նա և տեղեկացրեց, որ  անցած տարիներին գյուղի երիտասարդների  և սահմանապահների միջև ընդհարումներ է եղել, նույնիսկ զենք են փորձել օգտագործել: Գիգոլ Աթաբեկյանը իր դժգոհությունը հայտնեց նաև անցակետով  վրացական պետհամարանիշով ավտոմեքենաների մուտքը Հայաստան արգելելու համար: Սադախլո–Չանախչի  Աղքյորփի  25,5 կմ երկարությամբ ճանապարհով անցնելիս  անհնար է չնկատել, թե  Վրաստանի համար իրենց հոգսերով  որքան  2-րդական և օտար են հայկական գյուղերը:

«Անցած տարիներին 25,5կմ երկարությամբ մեր  ճանապարհից վերանորոգվել է  ընդամեն Սադախլոյի 2,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը»,-ասում է Գիգոլ Աթաբեկյանը: Աղքյորփեցի Սուրիկ Մարտիրոսյանն ասաց, որ  հատկապես ձմռանը, Չանախչի և Աղքյորփի գյուղերի հղի կանայք Մառնեուլի ծննդատուն տեղափոխվելիս շատ դեպքերում ծննդաբերում են  ճանապարհին, հենց ավտոմեքենայում, իսկ Մառնեուլի շտապօգնության ծառայությունները ճանապարհի անանցանելիության պատճառով  խուսափում են  ընդունել Աղքյորփի, Չանախչի և հայաբնակ  մյուս գյուղերի բնակիչների շտապօգնության կանչերը: Վրաստանի իշխանությունները իրենց անտարբերությամբ նպաստում են սահմանամերձ հայկական  գյուղերի հայաթափմանը, իսկ Հայաստանի կառավարությունը ժամանակ չունի մտածելու  հայ–վրացական սահմանի վրա գտնվող հայկական գյուղերի մասին: 

Մեկնաբանություններ (3)

հայ մարդ
Մեր մեծարգո այրերը հարյուրավոր միլիարդներ են առանձնացրել, որ ևս մի քանի հեռավորագույն երկրներում դեսպանատներ բացեն, որ ևս մի խումբ յուրայիններ բիզնես ծաղկեցնեն, իրենք ոնց -ժամանակ գտնեն ձեր բարձրացրած ըստ իրենց մանր- մունր հարցերով զբաղվելու; Էս հարցերի մասին մտածելիս միայն մնում է ծիծաղել, որ լաց չլինենք, լաց չլինենք բարձրաձայն...
ՈՒսուցիչ
Հայոց լեզվի ուսուցիչներ, ձեր գործելակերպը ուղղակի աններելի է, որ ձեր աշակերտներին չեք սովորեցրել ՀՀ օրհներգը;Դուք լարիներ կարող էիք վաստակել առևտրով կամ մի այլ ձևով, իսկ ձեր տեղը պիտի զիջեիք այնպիսի մարդկանց, որոնք հասկանում են, որ հայերենի ուսուցիչը հայռենասիրության զինվորն է և հայ մշակույթի դեսպանը արտերկրի դպրոցներում;
մանկավարԺ
Հարգելի տնօրեն, ոչ թե պետք է համոզես, որ դասերից հետո գոնե տասը րոպե կամ օրհներգ սովորեցնեն կամ հայոց պատմությունից որևէ բան, այլ ուրիշ գործելակերպ ունենաս; Նախ, տասը րոպեում ոչ մի լուրջ գործ չի արվի, հետո էլ հազար հոգս ոնեցող ուսուցիչը իհարկե պիտի տուն շտապի; Դուք կարող եք միջոցառունների կիսամյակային հստակ ծրագիր մշակել և ուսուցիչներին տալ կոնկրետ հանձնարարություններ; Այդ դեպքու ոչ մեկը չի կարող հրաԺարվել հանձնարարությունը կատարելուց;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter