HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդան. վիրավոր ջրեր

Վաղը ուշ կլինի

Երեւանցիների սիրելի հանգստավայրերից մեկի` Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը մտահոգող է: Դա պայմանավորված է ոչ միայն բնակչության հիմնական մասի սոցիալ-տնտեսական ծանր վիճակով, էկոլոգիական խնդիրների անիրազեկությամբ, այլեւ` էկոլոգիական հիմնահարցերի, օրենսդրության պահանջների անտեսմամբ ու շրջանցմամբ, ինչպես նաեւ պետական կառույցների եւ համայնքային իշխանությունների կողմից համապատասխան հսկողության բացակայությամբ: Երեւանյան հատվածում Հրազդան գետի աղտոտումը դրա կենդանական ու բուսական աշխարհի գոյությանը սպառնալուց բացի, սննդի համար ոչ պիտանի կամ մարդկանց առողջության համար վտանգավոր է դարձնում այդ գետում դեռ մնացած ձկները, որոնք որսում եւ օգտագործում են սիրողական ձկնորսությամբ զբաղվողները: Նույնը վերաբերում է նաեւ գյուղատնտեսական այն մթերքներին, որոնք աճեցվում են Հրազդանի ջրերով ոռոգվող տնամերձերում կամ առանձին հողատարածքներում:

Ինչպես եւ ինչու է աղտոտվում Հրազդանը

Մարդկային անշրջահայաց, անփույթ գործունեության հետեւանքով այս գետն աղտոտվում է մինչեւ Հրազդանի կիրճի երեւանյան հատվածին հասնելը: ՀՀ բնապահպանության նախարարության ՀՀ շրջակա բնական միջավայրի մոնիտորինգի կենտրոնը Հրազդան քաղաքից 13 կմ վերեւ, Գեղամավան գյուղի մոտ Հրազդան գետից վերցրած ջրի նմուշների լաբորատոր վերլուծությամբ պարզել է, որ նիտրիտի իոնը 2001թ. մարտին սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) գերազանցել է մոտ 2,5 անգամ, իսկ պղնձի իոնը` 6 անգամ: Նույն վայրում 2001թ. դեկտեմբերին, նիտրիտի եւ պղնձի իոնները ՍԹԿ-ն գերազանցել են համապատասխանաբար 3,5 եւ 12 անգամ:

Գետի աղտոտումը, սակայն, առավել սաստկանում է երեւանյան հատվածում: Հրազդան գետի երեւանյան հատվածի երկարությամբ են գտնվում ՙԿոկա-կոլա բոթլերս Արմենիա՚ ձեռնարկությունը, Լուսատեխնիկական իրերի (էլեկտրալամպերի) գործարանը, ՙԵրԱԶ՚ ավտոգործարանը, ՙԱրմենԱլ՚-ը (ալյումինի գործարանը), կաշվի եւ ՙՀայէլեկտրո՚ գործարանները, ՙՆաիրիտ 1՚ ընկերությունը եւ այլ գործարաններ: ՀՀ բնապահպանության նախարարության տվյալների համաձայն, Հրազդան գետի վրա այսպես թե այնպես ազդեցություն ունեցող 24 գործարանները արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններ ունեն, որոնցից, սակայն, ընդամենը չորսն են գործում: Ըստ Երեւանի քաղաքապետարանի ՙԵրեւանի էկոլոգիական անվտանգության եւ հսկողության կենտրոն՚ ՊՓԲԸ-ի տնօրեն Խաժակ Կարայանի, օրինակ, ՙՆաիրիտի՚ մաքրման կայանը չի գործում, գործարանի կեղտաջրերն ուղղակի Հրազդանի մեջ են թափվում: Մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Թամար Հովհաննիսյանն իր հերթին տեղեկացնում է, որ անմիջապես գետ են լցվում ՙՀայէլեկտրո՚ գործարանի արտահոսքերը:

- Եթե մենք համեմատենք մինչեւ 90-ականների հետ,- ասաց Թ. Հովհաննիսյանը,- որոշ պարամետրեր բավականին նվազել են: Դա կապված է, ասենք, գործարանների` ոչ լրիվ ծավալով աշխատելու հետ, շատ գործարաններ նույնիսկ արտահոսքեր չունեն: Շատացել է կախված մասնիկների քանակը, որովհետեւ հաճախ անփութորեն ամեն ինչ լցնում են գետը:

Հրազդան են լցվում նաեւ Դավիթաշեն եւ Շահումյան թաղամասերի կոյուղաջրերը: Գետի հոսանքն ի վար, ավելի ներքեւ Հրազդանին է միանում Գետառը, որը Հրազդան է բերում Երեւանի տարբեր մասերում իր մեջ թափված կոյուղաջրերն ու արդյունաբերական կեղտաջրերը: Արդյունաբերական ձեռնարկություններից եւ բնակելի թաղամասերից բացի, գետի մեջ իրենց կոյուղաջրերն են լցնում նաեւ Հրազդանի կիրճում եւ նրա ազդեցության գոտում տեղակայված տնտեսվարող սուբյեկտները: Հիշյալ վայրում գտնվող տնտեսվարող սուբյեկտների քանակը, ըստ ՙԵրեւանի էկոլոգիական անվտանգության եւ հսկողության կենտրոն՚ ՊՓԲԸ-ի տնօրենից ստացած ցուցակի, 2001թ. վերջի դրությամբ 60-ից անցել է: Նրանցից միայն երեքն են (հասարակական սննդի օբյեկտներ) ունեցել կոյուղաջրերի կուտակման հորեր: Վեց տասնյակը գերազանցող տնտեսվարող սուբյեկտներից (գերակշիռ մասը` մասնավոր) ավելի քան 15-ը հասարակական սննդի օբյեկտներ են` ռեստորաններ, ճաշարաններ եւ այլն, 8-ը բենզալցակայան, 1-ը` գազի լցակայան, 2-ը` ավտոտեխսպասարկման արհեստանոց, 3-ը` բուժհաստատություն, 6-ը` արտադրական ձեռնարկություն: Վերջիններս զբաղվում են թղթի եւ ստվարաթղթի, երշիկի, սպիրտի արտադրությամբ, փայտամշակմամբ եւ սարքաշինությամբ: Կան նաեւ շինարարական երկու ձեռնարկություններ, ավտոլվացման երեք կետեր, որոնցից մեկը նաեւ բենզալցակայան է, մեկ ավտոշարասյուն, երկու շոգեբաղնիք, մեկ հյուրանոց, հանգստի համալիրներ, կենտրոններ եւ այլն:

Ինչպես նշված է հիշյալ ՊՓԲԸ-ի տնօրեն Խ. Կարայանի տեղեկանքում, 2001թ. մայիս-դեկտեմբեր ամիսներին ուսումնասիրված վերոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել են բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման բազմաթիվ փաստեր: Ըստ այդ տեղեկանքի, ՙՈւսումնասիրված 60 տնտեսվարող սուբյեկտներից 48-ը կամ 80%-ը խախտել են ՀՀ ջրային օրենսդրությունը: Նրանցից 20-ը կամ 33%-ը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չեն անցել, 17-ը կամ 28%-ը աղբահանության համար չունեն կնքված պայմանագրեր, 30-ը կամ 50%-ը չունեն կանաչապատման կամ բարեկարգման նախագծեր (չնայած հողհատկացման որոշման մեջ այդ նախագծի մշակումը պարտավորեցված է), կան նաեւ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների խախտման այլ փաստեր (հողազավթում): Ինչպես նշվեց, 60 տնտեսվարող սուբյեկտներից 48-ը չունեն ջրօգտագործման համաձայնություն եւ ջրահեռացման թույլտվություն, սակայն ՙՋրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ հետ պայմանագրեր չունեն ընդամենը 4 կազմակերպություններ: Համաձայն գործող կարգի` ՙՋրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ-ն պայմանագիր պետք է կնքի ջրօգտագործողի հետ միայն բնապահպանության նախարարության կողմից համապատասխան նորմատիվային փաստաթղթեր ստանալուց հետո՚: Առանց ջրօգտագործման համաձայնության եւ ջրահեռացման թույլտվության, տնտեսվարող սուբյեկտների հետ վերոհիշյալ պայմանագրերի կնքումը, ինչպես նշել է պարոն Կարայանը, ՙջրօգտագործման գործընթացը դարձնում է անվերահսկելի ու նպաստավոր պայմաններ է ստեղծում տարբեր չարաշահումների համար՚: Ավելին. ՙՋրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ-ն խախտել է նաեւ ՀՀ կառավարության 13.03.1999թ. որոշմամբ հաստատված ՙՋրամատակարարման եւ ջրահեռացման օրինակելի պայմանագրի՚ պահանջը: Ըստ այդմ, ՙԱբոնենտի կողմից ընկերության ջրահեռացման համակարգ լցվող կեղտաջրերի կեղտոտվածության աստիճանը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության սահմանած նորմերը՚: Եթե այս կամ այն տնտեսվարող սուբյեկտի համար այդպիսի նորմեր սահմանված չեն եղել եւ նրան ջրահեռացման թույլտվություն տրված չի եղել, ապա ՙՋրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ-ն ինչպե՞ս է պայմանագրեր կնքել նման տնտեսվարող սուբյեկտների հետ:

Ներկայացնենք որոշակի փաստեր: Առանց ջրօգտագործման համաձայնության եւ ջրահեռացման թույլտվության, ՙՋրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ-ն 2001թ. պայմանագրեր է կնքել Հրազդանի կիրճում եւ նրա պահպանության գոտում գտնվող ՙՊետրոս Ասիրյան՚ ԱՁ-ի, ՙԱրտ Սերգեյ՚, ՙԱՍԿ՚, ՙԱիդա Էմիլ՚, ՙՆիգալանջ՚, ՙՁորագյուղ՚ (վերջինի անժամկետ պայմանագիրը դեռ 1998-ից է), ՙՈսկե պատառաքաղ՚ ՍՊԸ-ների հետ, որոնք բոլորն էլ հասարակական սննդի օբյեկտներ են: Դարձյալ, չնայած համապատասխան փաստաթղթերի բացակայությանը, պայմանագրեր է կնքել ՙԱբսեռ Արտ՚ եւ ՙՍաուդթրեյդինգ՚ ՍՊԸ-ների (ավտոտեխսպասարկման կայաններ), ստվարաթղթե տարաների պատրաստմամբ զբաղվող ՙՏարա՚ ընկերության, ՙԾիծեռնակ 8՚ եւ ՙՎեստ պլյուս՚ ՍՊԸ-ների (սպասարկման օբյեկտներ), ՙԴեմիրճյանի կենտրոն՚ մարզահամերգային համալիրի, ՙՈստան կառուցող՚ ՍՊԸ-ի (շին. ձեռնարկություն), ՙՄուլտի Լեոն՚ ՍՊԸ-ի (գազի լցակայան), ՙՄիկա Արմենիա թրեյդինգ՚-ի, ՙԳոռ նան՚ ՍՊԸ-ի (բենզալցակայաններ) եւ այլ կազմակերպությունների հետ:

Անշուշտ, ՙՋրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարի նորմատիվային փաստաթղթի ուժ ստացած հրամանի խախտմամբ պայմանագրեր չէր կնքի, եթե ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը` իրենց համապատասխան կառույցներով հանդերձ, դեռ 1999թ. կամ գոնե 2000թ. սկզբից անհրաժեշտ հսկողություն իրականացնեին, հայտնաբերված խախտումների կապակցությամբ ժամանակին ձեռնարկեին համապատասխան միջոցներ: Մի՞թե ՙԵրեւանի ջրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ-ն կհամարձակվեր 2001թ. նոր պայմանագրեր կնքել, եթե նրա թույլ տված խախտումների խնդիրը ժամանակին քննարկման առարկա դառնար Երեւանի քաղաքապետարանում, իսկ անհրաժեշտության դեպքում` ՀՀ կառավարությունում, եւ արդյունքում այդ ընկերության ղեկավարությունը ենթարկվեր կարգապահական պատասխանատվության:

Խախտումներն առաջիկայում էլ բացառված չեն

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ նույնաբնույթ խախտումներն առաջիկայում էլ բացառված չեն, քանի որ Երեւանի քաղաքապետարանը, ՀՀ բնապահպանության նախարարությունը կամ նրա տեսչական ծառայությունը որեւէ միջոց չեն ձեռնարկել ՙԵրեւանի ջրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ-ին պատասխանատվության ենթարկելու համար: Մինչդեռ, նշված ընկերությունը, մեր կարծիքով, խախտել է ոչ միայն ՀՀ բնապահպանության նախարարի վերոհիշյալ հրամանով սահմանված պահանջը, այլեւ ՀՀ ջրային օրենսգրքի 61-րդ եւ 63-րդ հոդվածների պահանջները:

Ինչու՞ ... Բաժանորդների հետ ջրամատակարարման եւ ջրահեռացման պայմանագրեր կնքելով, չգիտես ինչ հիմքով, Հրազդան գետն իր ջրահեռացման համակարգը համարելով եւ պարտավորվելով դրանով հեռացնել ու մաքրել բաժանորդի կեղտաջրերը, ՙԵրեւանի ջրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ-ն նույն պայմանագրով նախատեսել ու գանձել է որոշակի վարձավճարներ եւ, այդպիսով, ինքը նույնպես հայտնվել ջրային օբյեկտը (Հրազդան գետը) օգտագործողի դերում:

Որեւէ երաշխիք չկա նաեւ, որ Հրազդանի կիրճի տարածքում գտնվող տնտեսվարող սուբյեկտներն եւս առաջիկայում չեն խախտի բնապահպանական օրենսդրության պահանջները: Երեւանի քաղաքապետարանի ՙԵրեւանի էկոլոգիական անվտանգության եւ հսկողության կենտրոն՚ ՊՓԲԸ-ի եւ ՀՀ բնապահպանության նախարարության ՀԲՊՏ Երեւանի տարածքային բնապահպանական պետական տեսչության 2001թ. համատեղ ստուգումներով պարզվել է, որ Հրազդանի կիրճի երեւանյան հատվածի մոտ գտնվող տասնյակ կազմակերպություններ են խախտում բնապահպանական օրենսդրության պահանջները: Չնայած դրան, տեսչությունն այդ կապակցությամբ ընդամենը 7 տնտեսվարող սուբյեկտի վերաբերյալ է կազմել համապատասխան ակտեր եւ տուգանել նրանց, քանի որ մնացած օբյեկտներում տեսչության աշխատակիցները, չնայած ՀՀ բնապահպանության նախարարի հետ համաձայնեցված միջոցառումների պլանի, չգիտես ինչու, ուսումնասիրություններին չեն մասնակցել:

Ի պատասխան մեր նամակի, Հ. Ասատրյանը 60 տնտեսվարող սուբյեկտների կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների չկատարման վերաբերյալ հայտնել է. ՙՍտուգված տնտեսվարող սուբյեկտների գերակշռող մասը հանդիսանում են հասարակական սննդի օբյեկտներ: Համաձայն շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին ՀՀ կառավարության 30.03.99թ. թիվ 193 որոշման, նշված հասարակական սննդի օբյեկտները ենթակա չեն շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության՚:

Այսպիսով, Հ. Ասատրյանը գուցե փորձել է պատասխանել ինքնաբերաբար ծնվող այն հարցին, թե ինչու ընդամենը 7 տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ են կազմվել համապատասխան ակտեր` այն դեպքում, երբ բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ թույլ տվածները մի քանի տասնյակի են հասնում: Իրականում, սակայն, ստուգված թվով 61 տնտեսվարող սուբյեկտների գերակշռող մասը հասարակական սննդի օբյեկտներ չեն հանդիսանում, վերջիններս մոտ քսանն են: Ճիշտ այդքան են կազմում այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք, ըստ քաղաքապետարանի ՙԵրեւանի էկոլոգիական անվտանգության եւ հսկողության կենտրոն՚ ՊՓԲԸ-ի տնօրեն Խ. Կարայանի 17.12.2001թ տեղեկանքի, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չեն անցել, ինչից կարելի է հասկանալ, որ ենթակա են եղել այդպիսի փորձաքննոթյան, սակայն շրջանցել են: Երկրորդ. այդ փորձաքննության դրական եզրակացության բացակայությամբ գործունեություն ծավալելը չէ միայն, որ բնապահպանական օրենսդրության պահանջների խախտում է: ՀՀ ջրային օրենսգրքի 61, 62, 63-րդ հոդվածների պահանջների խախտումը, որ թույլ են տվել 40-ից ավելի տնտեսվարող սուբյեկտներ, նույնպես բնապահպանական օրենսդրության պահանջների խախտում է: Սակայն այդ խախտումների, համենայնդեպս, նրանց 80%-ից ավելիի վերաբերյալ տեսչությունը համապատասխան ակտեր չի կազմել, դրանց հեղինակները պատասխանատվության չեն ենթարկվել: Տեսչության պետ Հ. Ասատրյանը ՀՀ ջրային օրենսգրքի պահանջների խախտումը կապել է միայն ՙՋրմուղ-կոյուղի՚ ՊՓԲԸ-ի հետ` անտեսելով կամ ՙչնկատելով՚ այդ խախտումների անմիջական հեղինակներին` տնտեսվարող սուբյեկտներին: Կարճ ասած, վերջիններիս թույլ տված օրինախախտումների մասին նախընտրել է լռել, իսկ առաջիկայի վերաբերյալ, կարծում ենք, ստանձնել է այդ օրինախախտների հովանավորի դերը: Դարձյալ մեջբերում կատարենք տեսչության պետի վերոհիշյալ պատասխանից. ՙՄիաժամանակ պետք է հիշատակել, որ Հրազդանի կիրճում գոյություն չունի կոյուղու ցանց: Երեւանի քաղաքապետի 13.03.01թ. թիվ 210 որոշման համաձայն հանձնարարվել էր Կոմունալ տնտեսության վարչությանը եռամսյա ժամկետում կազմել կոյուղի անցկացնելու նախագծային փաստաթղթեր, սակայն համապատասխան գումար չլինելու պատճառով, քաղաքապետի 31.07.01թ. թիվ 839 որոշմամբ այդ հանձնարարությունը չեղյալ է համարվել: Տնտեսվարող սուբյեկտների կողմից ջրօգտագործման եւ ջրհեռացման բնապահպանական պահանջները կիրականացվեն միայն Հրազդան գետի կիրճում համապատասխան կոյուղագիծ անցկացնելու դեպքում՚ (ընդգծումը` մերն է):

Ստացվում է, որ ըստ պրն Ասատրյանի, քանի դեռ չկա այդ կոյուղագիծը (իսկ այն, ֆինանսական պատճառներով, հավանաբար, երկար ժամանակ չի լինի), տնտեսվարող սուբյեկտներն իրենց կեղտաջրերն անարգել լցնելու են գետը: Այսինքն` պետությունը նրանցից այլ կերպ չի կարող պահանջել եւ չի պահանջելու ջրհեռացման բնապահպանական պահանջների իրականացում:

Հազար ու մի հիմնախնդիր ունեցող քաղաքային տնտեսության կամ պետբյուջեի հաշվին պետք է կոյուղագիծ կառուցել նաեւ զորբաների՞ համար: Խոսքը Հրազդանի կիրճի տարածքում առանց հողհատկացման որոշման, հողազավթմամբ տարբեր օբյեկտներ կառուցածների մասին է: Նաեւ հողհատկացման որոշումներով, ինչպես եւ այդ փաստաթղթերում սահմանված չափերի գերազանցմամբ կառուցված այն բազմաթիվ օբյեկտների մասին է, որոնք խախտում են բնապահպանական օրենսդրության պահանջները: Չէ՞ որ օրենսդրության եւ բարոյականության պահանջը ոչ թե նրանց համար կոյուղագիծ կառուցելն է, այլ հողազավթմամբ կառուցված օբյեկտների տերերին, թեկուզ եւ դատական կարգով, դրանց քանդումը պարտադրելը: Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետա-շինարարական վերահսկողության վարչությունն այս առումով առայժմ անգործության է մատնված: Ինչ վերաբերում է եղած հողհատկացման որոշումներին, ապա դրանց շարքում քիչ չեն անթույլատրելիորեն, հետեւապես կասկածելի հանգամանքներում տրվածները:

Շրջակա միջավայրի մոնիտորինգը` լուսանցքում

Մեր հանրապետության մակերեսային ջրերի (այդ թվում եւ` Հրազդան գետի), դրանց որակի բազմաթիվ եւ պարբերական հետազոտություն կատարող, անհրաժեշտության դեպքում պատկան ատյաններին ահազանգող միակ մարմինը ՀՀ Բնապահպանության նախարարության ենթակայության ներքո է գտնվում: Խոսքը ՀՀ շրջակա բնական միջավայրի մոնիտորինգի կենտրոնի մասին է, որի տնօրեն Թամար Հովհաննիսյանի հետ մեր զրույցից տեղեկացանք, որ այդ հաստատության վիճակը վերջին տասնամյակում գնալով շարունակաբար վատանում է: Ֆինանսավորման բացակայության պատճառով, 2001թ. հոկտեմբերին եւ նոյեմբերին Հրազդանից փորձանմուշներ չեն վերցվել, ուսումնասիրության ենթակա 29 պարամետրերից որեւէ մեկը չի ուսումնասիրվել: Ընդհանրապես, կարեւոր պարամետրերը, որ պետք է հետազոտվեն, ըստ Թ. Հովհաննիսյանի, 34-ից ավելին են: Ընդ որում, կենտրոնը 29-ի շարքում ներառում է նաեւ ֆիզիկական չափումները: Եւ եթե միայն զուտ քիմիական անալիզները նկատի ունենանք, ապա ջրում 10 անուն նյութերի պարունակությունն էլ պետք է հետազոտվի, որը կենտրոնը չի անում քիմռեակտիվներ, այլ միջոցներ եւ համապատասխան սարքավորումներ չունենալու պատճառով: Հրազդանի, ինչպես եւ ՀՀ մյուս գետերի ջրերում կենտրոնը ծանր մետաղներից միայն պղնձի եւ ցինկի պարունակությունն է պարբերաբար ուսումնասիրում, մինչդեռ նորմատիվային պահանջը կամ նախատեսվածը վերաբերում է 7-8-ին: Թ. Հովհաննիսյանի հավաստիացմամբ, ջրում քիմիական մեկ միացության պարունակությունը պարզելու կամ մեկ պարամետրի ստացման նվազագույն արժեքը 1000 դրամ է կազմում, մոտ 40 մլն դրամ է անհրաժեշտ տարվա ընթացքում ՀՀ ջրային բոլոր օբյեկտների համապատասխան հետազոտություններն անցկացնելու համար:

Նույնիսկ մասնակի տվյալներով

Հրազդանից ջրի նմուշները վերցնում են նույն տեղից, ընդ որում, աշխատում են վերցնել եւ հիմնականում վերցնում են նույն օրը, ինչ-որ տեղ նույնիսկ` նույն ժամին: Իսկ հնարավո՞ր է, որ տնտեսվարող տարբեր սուբյեկտներ սա իմանալով, իրենց վտանգավոր արտահոսքերը գետ են բաց թողնում այլ օրերի եւ ժամերի: Ըստ կենտրոնի տնօրենի, իրենց կեղտաջրերը գետ լցնող օբյեկտների տերերը կամ աշխատակիցները կարող են իմանալ, որ մոնիտորինգի կենտրոնը հնարավորություն չունի յուրաքանչյուր տաս օրը մեկ ջրի փորձանմուշ վերցնելու: Նրանք հիմնականում իրենց արտահոսքերը Հրազդան են բաց թողնում այն ժամանակ, երբ գետում քիմիական ինչ-ինչ միացությունների անթույլատրելի առկայությունը հնարավոր չէ ֆիքսել: Չնայած 2-րդ աստիճանի աղտոտվածությանը, որ պաշտոնապես ունի Հրազդանի երեւանյան հատվածը, ջուրը ըստ կարգի կամ սահմանված հաճախականությամբ (10 օրը մեկ անգամ) չի հետազոտվում: Պատճառը դարձյալ հանգում է ֆինանսների խիստ անբավարարությանը: 2000թ. տվյալներով, Հրազդանի ջրում (Երեւանից 6 կմ ներքեւ) ամոնիում իոնի միջին տարեկան խտությունը սահմանային թույլատրելիին գերազանցել է 5,1 անգամ, նիտրիտի իոնինը` 6,4 անգամ, նավթամթերքներինը` 3,6 անգամ, պղնձի իոնինը` 19,8 անգամ: Ըստ վերոհիշյալ կենտրոնի տրամադրած տեղեկանքի, Հրազդանի երեւանյան հատվածում 2001թ. դեկտեմբերին պղնձի իոնի պարունակությունը սահմանային թույլատրելի խտությանը (0,001 մգ/դմ3) գերազանցել է մինչեւ 22 անգամ: Ամոնիումի իոնի խտությունը Գետառի թափման կետից 150 մ ներքեւ ընկած հատվածում սահմանային թույլատրելիին գերազանցել է 3,3 անգամ: Մագնեզիում իոնի խտությունը Քանաքեռ ՀԷԿ-ից 500 մ վերեւ ընկած հատվածում եղել է 1,2 անգամ թույլատրելի նորմայից բարձր, եւ 1,7 անգամ բարձր` ՀԷԿ- ի գլխավոր հանգույցի պատվարից 150 մ ներքեւ: Նիտրիտ իոնի խտությունը ՀԷԿ-ի գլխավոր պատվարից 150 մ ներքեւ եւ Հրազդան թափվող Գետառի (կաշվի գործարանից 50 մ վերեւ) հատվածներում սահմանային թույլատրելի խտությունը գերազանցել է 1,8 անգամ, իսկ Գետառի թափման կետից 150 մ ներքեւ ընկած հատվածում` 3 անգամ: Ավելին. ըստ մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Թ. Հովհաննիսյանի, Հրազդան գետում, Երեւանյան լճից հետո իրենք 2001թ. վերջին ամիսներին հայտնաբերել են թթվածնի խիստ անկում: Դա, հասկանալի է, առանց պատճառի տեղի չի ունեցել եւ կարելի է կարծել, որ քիմիական ինչ-ինչ միացության կամ միացությունների կողմից թթվածնի կլանման հետեւանք է:

Թունավորելուվ բացի, Հրազդանը վարակում են

Հրազդանը բացի քիմիական միացություններով թունավորելուց, մարդիկ գետը վարակում են նաեւ մանրէներով: Դա հիմնականում պայմանավորված է Դավիթաշեն թաղամասի եւ Հրազդանի կիրճի տարածքում գտնվող բազմաթիվ օբյեկտների կոյուղաջրերով, որոնք առանց մաքրվելու եւ անարգել լցվում են գետ: Ըստ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Հովհաննիսյանի, Հրազդան գետում լողացող անձը լրջորեն վտանգում է իրեն, քանի որ մեծ է վարակիչ հիվանդությունների հարուցիչներով հիվանդանալու, նույնիսկ մակաբույծ որդերի ձվերը կուլ տալու հավանականությունը: Ինչպես նշեցինք, գետ են լցվում նաեւ բնակելի թաղամասերի կոյուղաջրերը, իսկ այդ թաղամասերում կամ տներում կան հիվանդներ, որոնցից տարբեր հիվանդությունների հարուցիչները կոյուղաջրի միջոցով փոխանցվում են գետ: Դրանք մարդուն կարող են անցնել նաեւ Հրազդանի ջրով երեւանյան հատվածում եւ հետո ոռոգված հողատարածքների բանջարեղենի անլվա կամ վատ լվացված վիճակում օգտագործելուց: Սանէպիդ ծառայության պատասխանատուները յուրաքանչյուր ամառ ահազանգում են Հրազդան գետի երեւանյան հատվածում լողալու վտանգավորության մասին: Հասկանալի է, որ այս իրավիճակում կիրճի նշված հատվածը չի կարող լիարժեք հանգստի գոտի լինել, քանի որ գետում լողալը հակացուցված է: Առաջիկա ամռանը գետում լողալ ցանկացողները, ինչպես նաեւ երեխաների ծնողները սա պետք է նկատի ունենան:

Միաժամանակ ցավով պետք է արձանագրենք, որ սանիտարական հսկողության պետական մարմինները Հրազդանի ջրում վտանգավոր մանրէները երբեմն-երբեմն հայտնաբերելուց եւ ահազանգելուց բացի, գետի առնչությամբ ուրիշ գրեթե ոչինչ չեն անում: Մինչդեռ, կարծում ենք, նրանք պետք է բարձրացնեն նաեւ այն տնտեսվարող սուբյեկտների պատասխանատվության խնդիրը, որոնք վարակում են գետը` չունենալով ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմնի (ՀՀ բնապահպանության նախարարության) թույլտվությունը եւ իրենց (սանիտարական հսկողության մարմնի) համաձայնությունը:

Հրազդանի ջրերն երբեւէ քիմիական մաքրման չեն ենթարկվել, կենսաբանական մաքրման ենթարկվել են ժամանակին, իսկ այժմ կատարվում է միայն մեխանիկական մաքրում, այն էլ` թերի:

-Աղտոտման աղբյուրից հետո պետք է գործեն մաքրման համակարգերը, թեկուզ` մեխանիկական,- մեր զրույցի ժամանակ ասաց ՀՀ շրջակա բնական միջավայրի մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Թամար Հովհաննիսյանը:- Այսօրվա դրությամբ Հրազդանը մաքրող Քաղսիի մաքրման կայանը բացարձակ չի աշխատում: Մեխանիկական մաքրման ժամանակ կախյալ մասնիկները նստել, բարձրացել են, կայանը լիքը լցվել է: Դա պետք է հանվի, ինչն այսօրվա դրությամբ չի արվում: Նստվածքները, աղբը լցվել են այնքան, որ եթե հանկարծ ջուրը մի քիչ էլ ավելի է լինում, մի բան էլ մնացածը (եղած մասնիկները, կեղտը) լվանալով, հետը տանում, նորից մտցնում է գետի մեջ: Մաքրման գործն այսօր ամբողջությամբ բարձիթողի վիճակում է:

Հրազդան գետին առնչվող եւս մեկ մաքրման կայան կա` Աէրացիայինը, որը շահագործվում է 1972-ից: Ըստ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի պատասխանի, այդ ՙԿայանը ընդունում է Երեւանի, Աբովյանի, Չարենցավանի, Բյուրեղավանի, Նոր Հաճնի, Եղվարդի եւ Արզնի քաղաքի կեղտաջրերը: Կայանի հզորությունը կազմում է 600 հազ. մ3/օր: Կայանը կառուցվածքների եւ սարքավորումների ֆիզիկական եւ բարոյական մաշվածության պատճառով ներկայումս աշխատում է ոչ լրիվ հզորությամբ եւ կատարում է միայն մեխանիկական մաքրում՚:

Կոյուղաջրերը դրանից հետո լցվում են Հրազդան: Ի դեպ, գետի աղտոտվածությունը երեւանյան հատվածում եւ դրանից հետո այնքան բարձր է, որ այն չի կարող մաքրվել բնական ճանապարհով, այսինքն` չի կատարվում ինքնամաքրում:

Քիմիական աղտոտման վտանգը

Հասկանալի է, որ եղած մաքրման կայանները Հրազդան գետում քիմիական միացությունների վտանգավոր պարունակությունը չեն նվազեցնում: Նույնիսկ մասնակի եւ համեստ հետազոտությունների արդյունքների համաձայն, դրանցից որոշները սահմանային թույլատրելի խտությունները գերզանցում են մի քանի, իսկ պղինձը նույնիսկ 22 անգամ:

Աղտոտվածությունն ի՞նչ վտանգ է ներկայացնում գետի ձկներով սնվողների եւ այդ ջրով ոռոգված հողատարածքների բերքն օգտագործողների համար: Կարելի՞ է սնվել դրանցով: ՀՀ շրջակա բնական միջավայրի մոնիտորինգի կենտրոնի տնօրենը, որը 36 տարի աշխատում է բնապահպանության ոլորտում, դժվարացավ մեր այս հարցերին պատասխանել:

Մինչդեռ, Հայաստանի կանաչների միության նախագահ, քիմիական գիտությունների թեկնածու Հակոբ Սանասարյանի կարծիքով, պղինձը դասվում է բարձր թունավոր հատկություն ունեցող մետաղների դասին, եւ նրա միացությունների մեծ քանակությունները թունավոր ազդեցություն են գործում բուսակենդանական աշխարհի վրա: Պղնձի միացությունները խիստ թունավոր են ջրային բոլոր տեսակի բույսերի եւ կենդանիների համար: Առավել զգայուն են ձկները, որոնց համար առանձնապես թունավոր են պղնձի քլորիդներն ու նիտրատները: Սահմանային թույլատրելիից բարձր խտությունների դեպքում պղինձը մարդկանց մոտ առաջացնում է լորձաթաղանթի գրգռվածություն, քաղցր համի զգացողություն, գլխացավ, թուլություն, սրտխառնոց, ցավ` մկաններում, դող, ջերմության բարձրացում, թոքերի այտուց, թոքաբորբ: Պղնձով եւ նրա աղերով խրոնիկ թունավորումները առաջացնում են նյարդային համակարգի, լյարդի եւ երիկամների ֆունկցիոնալ խանգարումներ, ինչպես նաեւ այլ հիվանդություններ:

Հողում պղնձի եւ նրա միացությունների մեծ քանակությունների առկայության պայմաններում խաթարվում է հողի կառուցվածքը, խախտվում ջրաթափանցելիությունը, վատանում են հողի ջրային եւ օդային ռեժիմները: Պղինձը, ինչպես նաեւ նրա միացություններն առանձնապես, թունավոր են հողի միկրոֆլորայի համար: Այդ նյութերով հողը մշակելու դեպքում հողում ընդհանուր միկրոօրգանիզմների քանակությունը նվազում է 21-72%-ով, ինչը հանգեցնում է հողի բերրիության անկման:

Ընտրությունը միայն իրավունք չէ, այլեւ` պատասխանատվություն

Ընտրությունը բոլորինս է, բայց նախեւառաջ` իշխանություններինը: Ինչպե՞ս վարվել, հանդուրժե՞լ այս ամենը, թե՞... Հասարակությանն իրազեկել այս ամենի մասին եւ մարդկանց զգուշացնել իրենց առողջությանը սպառնացող վտանգի մասին, անշուշտ, անհրաժեշտ է, բայց ոչ բավարար:

Շատ խնդիրներ կլուծվեն, եթե կատարվեն օրենսդրության պահանջները: Մանավանդ, եթե առաջիկայում այն կատարելագործվի: Այսօրվանից արդեն պետք է պահանջել, որ Հրազդանի կիրճի տարածքի այն օբյեկտներում, որոնք գետն աղտոտում են` չունենալով մաքրման կայաններ կամ հարմարանքներ, պարտադիր տեղադրվեն եւ շահագործվեն այդպիսիք: Հակառակ պարագայում դրանց գործունեությունը պետք է արգելվի: Միաժամանակ եթե ապօրինի, հողազավթմամբ կառուցված օբյեկտները գետին վնաս են պատճառում, դրանց տերերին պետք է պարտավորեցնել քանդել այդ կառույցները: Անելիք կա նաեւ հասարակության էկոլոգիական կրթվածությունը բարձրացնելու առումով:

Հոսում է Հրազդանը` տխրամած հառաչելով: Անտարբե՞ր կլինենք, թե՞ կլսենք այդ հառաչանքը եւ կդադարենք վնասել` կոյուղի դառնալու հեռանկարից փրկելով գետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter