HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Մենք թույլ չենք տալու, որ Գյումրին և ընդհանրապես տարածաշրջանն իշխանությունները վերածեն քաղաքական պոլիգոնի»

Դեկտեմբերի 2-ին թիվ 35 ընտրատարածքում սպասվում են Աժ պատգամավորի նոր ընտրություն: Առաջադրված պատգամավորության թեկնածուներից Մուրադ Գրիգորյանը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ է, իսկ մյուս թեկնածուն`Արման Սահակյանը վայելում է ՀՀԿ-ի աջակցությունը: Մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում երկու թեկնածուներն էլ առաջադրվել էին թիվ 34 ընտրատարածքում, սակայն հաղթանակը բաժին հասավ երրորդ թեկնծուին` ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին:

 «Այն ժամանակ հաղթեց գյումրեցիների հավաքական կամքը,-վերլուծելով անցած ընտրությունների արդյունքները` նկատում է Մուրադ Գրիգորյանը,-ես կարծում եմ, որ այս անգամ էլ թիվ 35 ընտրատարածքի ընտրողները նույն կերպ կվարվեն»:

Եթե թիվ 34 ընտրատարածքն ընդգրկում է միայն Գյումրի քաղաքը, ապա թիվ 35 ընտրատարածքը միատարր չէ: Այս ընտրատարածքում ընտրություններին մասնակցելու են Գյումրի քաղաքի մի հատվածի եւ Ախուրյանի նախկին տարածաշրջանի 16 գյուղական համայնքների բնակիչները:

«Մենք թույլ չենք տալու, որ Գյումրին եւ ընդհանրապես տարածաշրջանն իշխանությունները վերածեն քաղաքական պոլիգոնի: Ինչու պոլիգոնի, որովհետեւ իշխանությունների կողմից փորձարկվում է ընտրովի մարմինների դաբրոներով կանխորոշված ընտրության արդյունքները: Իշխանությունները հերթական անգամ փորձելու են` նախանշանները տեսանելի են, բոլորիս քաջ հայտնի մեթոդներով կորզել քվեներ, պարտադրել լուծումներ, պարտադրելով սցենարներ`գյումրեցիներից խլել ներկայացուցչական մարմին ձեւավորելու իր իրավունքը: Մենք դեմ ենք դուրս եկել այդ սցենարին, վճռական ենք ու պատրաստակամ վիժեցնելու այն»,-իր առաջադրումն է հիմնավորում Մուրադ Գրիգորյանը:

Ըստ թեկնածուին` թիվ 35 ընտրատարածքի ընտրությունը յուրահատուկ է: ՀՀԿ-ն պարտություն կրելով թիվ 34-ում, ցանականում է ռևանշ վերցնել: Մուրադ Գրիգորյանի համար իդիալական տարբերակ կլիներ, եթե առաջադրումները չսահմանափակվեին 2 թեկնածուով, այլ եւս 3-4 հոգի փորձեին պայքարել մանդատի համար:

«Կլինեին կուսակցականներ, կլինեին անկուսակցականներ, հասարակական ոլորտի փորձված անհատականություններ, այնքան էլ էական չէ,-նկատում է Մուրադ Գրիգորյանը,-ցավոք սրտի իշխանությանը հաջողվեց հասնել նրան, որ բոլոր հնարավոր հավակնորդների հետ, մեղմ ասած, ընդհանուր լեզու գտնելով`թույլ չտվեցին առաջադրվելու, համենայն դեպս` իմ ունեցած ինֆորմացիան այդպիսին է:  Իդիալական կլիներ, եթե ես էլ չառաջադրվեի, բայց քանի որ չկարողացան այսպես ասած ընդհանուր հայտարարի գալ իմ անձի հետ, առավել եւս Հայ ազգային կոնգրեսի հետ, ես խառնելով նրանց խաղաքարտերը` առաջադրվեցի»:

Մուրադ Գրիգորյանը ցավում է, որ Գյումրիի նման քաղաքականապես հասուն, աշխույժ քաղաքում առաջադրվողների դուետ ձեւավորվեց: Շատ ավելի հետաքրքիր կլիներ, եթե առաջադրումները երկուսից ավելին լինեին: Դա կլիներ իրական մրցակցություն, իրական ընտրարշավ, այնպիսին, ինչպիսի գոնե պատկերացնում են ՀԱԿ-ի ներկայացուցիչները: «Պետք է վերջ դնել մեկ թեկնածուի մասնակցությամբ, այսպես ասած` մեկ հոգանոց միջոցառումներին , որ չգիտես ինչու իշխանությունները կոչում են ընտրություն»,- ասում է Մուրադ Գրիգորյանը:

Լինելով լավատեղյակ թե գյուղաբնակների, թե քաղաքաբնակների խնդիրներին`Մուրադ Գրիգորյանը համոզված է, որ իր ներկայությունը խորհրդարանում առավել օգտակար է լինելու: Մասնագիտությամբ տնտեսագետ թեկնածուն ծնունդով Ախուրիկ գյուղից է, 1985թ.-ից աշխատել է Ախուրյանի տարածաշրջանում, հետագայում նաեւ Գյումրիում: Վստահ է, որ մարդիկ լավ են հիշում այդ տարիները, դրանում համոզվել է քարոզարշավի օրերին գյուղերում եւ ընտրատարածքն ընդգրկող քաղաքային թաղամասերում ընտրողների հետ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ:

«Իմ ծրագրերն առաջին հերթին վերաբերում են երկրին: Ես չեմ ընդունում այն տեսակետը, որ Աժ-ի պատգամավորության թեկնածուն կոչված է միայն գյուղերում խմելու ջրի ծորակ նորոգել, փողոցի փոսերը ավազով լցնել, աղբի համար նախատեսված արկղեր տեղադրել, դպրոցներում սեպտեմբերի մեկին մատիտ ու քանոն բաժանել,-ասում է պատգամավորության թեկնածուն,-դա պատգամավորի պարտականությունների մեջ չի մտնում, նույնիսկ հարիր չէ: Դա չարչիություն է, որ բարեգործություն անվան տակ`քվեներ փախցնելու նպատակով կատարում են մեր իբր քաղաքական գործիչ`իրականում բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր որ փորձում են խցկվել քաղաքականության մեջ, իշխանության մեջ, իսկ դա հակասահմանադրական է»:

Ըստ Մուրադ Գրիգորյանին` պատգամավորի կերպարը անցած տարիների ընթացքում հասցրել են խեղել, պղծել կեղծ կնունքներով, մուրաբաներ, սերմացու դիզվառելիք բաժանելով: Պատգամավորին ժողովուրդն ընկալում է կամ որպես բարեգործ, իսկ որ ավելի վատ է, համեմատում ընտանի մի կենդանու հետ, որից «մազ պոկելը քյար է»: Պատգամավորության թեկնածու Մուրադ Գրիգորյանը հասցրել է լինել գյուղական 10 համայնքներում եւ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում ընդգրկված թաղամասերի մի մասում, ունեցել բակային հանդիպումներ, նախընտրական հանդիպումներ են կազմակերպվել նաեւ դպրոցներում:

«Այս հանդիպումների ընթացքում մի օրինաչփություն նկատեցի, ցավոք սրտի,-ասում է ՀԱԿ ներկայացուցիչը,-գյուղերից այդ հանդիպումներ ժամանակ բացակայում էին համայնքապետերը, դպրոցներում`տնօրենները: Բայց դա չէ խանգարում, որպեսզի մարդիկ գային հանդիպման, հատկապես գյուղերում»: Մուրադ Գրիգորյանին  գյուղացիները մանրակրկիտ ներկայացրել են իրենց համայնքի խնդրները, վերլուծել դրանք, անգամ լուծումներ առաջարկել:

«Արտագաղթը, հողերի չմշակումը, գյուղատնտեսության ոչ օգտավետությունը, մենաշնորհները` ահա հարցեր, որ բարձրացնում էին գյուղացիները հանդիպման ժամանակ: Նրանք ակնկալում են, որ երկրում մոնոպոլիաները վերացնելով հնարավոր է գյուղատնտեսությանը շնչելու հնարավորություն տալ: Դժգոհում էին, որ թեպետ իրենք առաջինն էին, որ սեփականություն ունեցան երկրում, բայց հիմա դրա օգուտը չեն տեսնում: Քաղաքից եկած օլիգարխները հարյուրավոր հեկտարներ վարելահողեր գնելով` դառնում են կալվածատեր, իսկ իրենք մնում են լավագույն դեպքում էդ կալվածատիրոջ ձեռքի տակ, որպես օրավարձով աշխատող մշակ,-հանդիպումներից ստացած տպավորություններն է փոխանցում Մուրադ Գրիգորյանը,-ազատամարտիկները դժգոհեցին, որ 1998թ.-ից սկսած նախագահ Քոչարյանի թեթեւ ձեռքով վերացվել են արտոնությունները կոմունալ-կենցաղային վճարումների: Ինչպես քաղաքում, այնպես էլ գյուղերում ամենացավոտ հարցը երիտասարդ ընտանիքների արտագաղթն է»:

Մուրադ Գրիգորյանի համար ուրախացնողն այն է, որ մարդիկ վերջապես հասկացել են. պատգամավորը պիտի զբաղվի օրինաստեղծ գործունեությամբ, իրենց կյանքը բարելավելու ուղիներ մտածի, ոչ թե ինչ-որ բաներ բաժանելով ընտրվի: «ԱԺ պատգամավորի ընտրությունն, այո, քաղաքական ակցիա է, իսկ պատգամավոր դառնալու դեպքում գերխնդիրը մեզ համար երկրում իշխանափոխություն իրականացնելն է,- խոսքն եզրափակում է պատգամավորության թեկնածուն,-վերջապես մարդիկ պետք է հասկանան, որ գյուղը, քաղաքը, մարզը, վերջապես երկիրը որեւէ մեկի բոստանը չէ»:

Մուրադ Գրիգորյանը չի ընդունում տեսակետը, որ ԱԺ պատգամավորն արդեն իսկ նշանակված է եւ հետագա պայքարն անիմաստ է: Համոզված է, որ ժողովուրդն այլեւս համակերպվելու, համբերելու, ընտարակաշառքով ընտրություն կատարելու ուղին չի բռնելու: Թեկնածուն նշեց, որ առանց վարանելու մտնելու են իրավական դաշտ, ունենալու են իրենց սեփական փաստական բազան եւ ընտրակաշառքի ամենափոքր փորձի դեպքում դիմելու են իրավապահ մարմիններին:

«Կոռուպցիան սկսվում է ընտրակաշառքով ընտրություններից: Պետք է հենց դա բացառել: Ես այդ ակտիվիստներին կուզենայի հիշեցնել, որ այս իշխանությունները նմաններին ոչ թե պատժում, այլ ճզմում են: Կարող եմ հիշեցնել անուններ ոստիկանական համակարգից Թամամյան, Մարգար Օհանյան, ՀՀԿ ակտիվիստ երիտխորհրդի նախագահ Վազգեն Խաչիկյան: Այս իշխանության երախտամոռության ամենափայլուն դրսեւորումն եղավ հենց մեր քաղաքում: Տեսանք, թե տարիներ շարունակ ՀՀԿ –ին քվեներ ապահոված, ջանք ու եռանդ չխնայած պաշտոնյաներին ու անձերին ինչպես են պատժում իրենց կոնյուկտուրային շահերից ելնելով:   Համախմբվելու ենք օրինական ընտրություններ անցկացնելու նպատակով: Համախմբվելու ենք Աժ պատգամավորի ընտրությունը իրոք ընտրովի պաշտոն դարձնելու նպատակով»,-խոսքն եզրափակում է թիվ 35 ընտարատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Մուրադ Գրիգորյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter