HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյուղապետ Գագիկ Վահրադյան. «Կառավարությունն ուզում է մի մեծ կողպեք կախել Կարմրաքարի վրա» (վիդեո)

Ծովի մակերևույթից 1800 մետր բարձրության վրա գտնվող Կարմրաքար գյուղը Շիրակի մարզում բնակչության թվաքանակով ամենափոքրերից է` 52 բնակիչ, 13 տնտեսություն: «Փոքրն ենք, բայց ոչ երես առած, ինչպես տան փոքրն է լինում, մի բան էլ ճնշված ենք»,- բողոքում են կարմրաքարցիները: «5 հազարամյա գյուղս դատարկվում է: Կառավարությունն ուզում է մի մեծ կողպեք կախել Կարմրաքարի վրա»,- բարձրաձայնում է համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանը:

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում 2008թ. մայիսի 19-ին կառավարության առաջարկած փոփոխությունը վերաբերում է նաև Կարմրաքարին: Համայնքի սեփականություն հանդիսացող հողաբաժինները պակասելու են որոշման արդյունքում. 27 հա ջրովի հողատարածքների սեփականատերերն այսուհետև հարկատու են դառնում Մայիսյան համայնքին:

«Կարմրաքարում հարկատու են մնում հինգ սեփականատեր, սեփական եկամուտներս 365 հազար դրամից կրճատվում է մինչև 105 հազար դրամի: Անհասականալի մի գործընթաց է սկսվել, որ մսաղացի նման սաղիս առել է բերանն ու աղում է մեծ թե փոքր: Լավ, որոշումը կայացրին, բայց մի՞թե չկային մարդիկ, որ ասեին՝ հըլը սպասեք, բերեք մի հատ վերլուծենք, հասկանանք, թե արդյունքում ինչ ենք ունենալու,- հարց է տալիս Գագիկ Վահրադյանը:- Ես 4 տարի է, էս մասին բարձրաձայնում եմ, նամակներ գրում, իսկ ինձ մարզպետարանից ասում են՝ Վահրադյան, կառավարության որոշումները չեն քննարկում, այլ կատարում են: Բա եղա՞վ: Չէ՞ որ էդ որոշումները գյուղացին իրա մաշկի վրա ավելի լավ է զգում, քան կայացնողը»:

Կարմրաքարի 900 հա վարչական տարածքից ընդամենը 57 հա-ն է ջրովի վարելահող: 1999թ. համայնքի սեփականություն հանդիսացող 30 հա-ը տրվել է Գյումրի քաղաքին, մնացած 27 հա-ն էլ 2008թ. մայիսի 19-ի որոշումով պիտի հանձնեն Մայիսյան համայնքին: Մնացած անջրդի տարածքները հիմնականում որպես խոտհարք են ծառայում, գյուղատնտեսական այլ նպատակներով դրանք անհնար է օգտագործել:

48-ամյա Երվանդ Մաթևոսյանը ծնված օրից ապրում է Կարմրաքարում, երբեք չի լքել գյուղը և չի էլ պատրաստվում: 2 հա 2000 մետր ջրովի հողատարածք ունի, կառավարության որոշումով այսուհետև հարկատու է դառնում Մայիսյան համայնքին: «Բայց որպես ինչ,- հարցնում է Երվանդը,- Մայիսյանի գյուղապետն ընձի համար ճամփա կսարքե՞, ջուր կքաշե՞, հոգսս կհոգա՞, օր ես էլ էդ փողը տանիմ տամ Մայիսյանի գյուղապետարանին: Էնող են, իրանց համար կենեն, հո մեզի համար չեն էնե, մենք փողը կուտանք ու մեզի համար հեչ բան էլ չենք կրնա պահանջե: Էսօրվա օրով իշխանությունն ինքը կստիպե, օր գյուղը վերանա, «Խնդրում ենք ձեզանից ազատվել մեզանից» վերնագրով դիմումը դրել են դեմներս, կըսեն՝ ստորագրեք»:

Կարմրաքարի մեկ այլ բնակիչ Մանվել Մաթևոսյանը 8 հա անջրդի, 2 հա էլ ջրովի սեփականաշնորհած հողատարածք ունի: Տարեկան 40 հազար դրամի չափով հարկ է մուծում Կարմրաքարի համայնքապետարան: Կառավարության կայացրած որոշումը վերաբերում է նաև կարմրաքարցի Մանվելին: Նախատեսված հարկի 50 տոկոսը` 20 հազար դրամը, Մաթևոսյաններն այսուհետև փոխանցելու են Մայիսյանի համայնքապետարանին:

«Ես ընձի համար որոշում եմ կայացրել,- ասում է Մանվել Մաթևոսյանը,- ցանկություն չունեմ էդ գումարը ուրիշ համայնքի տալու: Իրանց տամ, ումի՞ց պահանջեմ: Ես վերջ-առաջ կշարունակեմ Կարմրաքարում ապրել, բայց դե եթե էլ պիտի հարկ չտամ իմ գյուղապետին, կնշանակե՝ պահանջելու բան էլ չպիտի ունենամ: Հըմի ես գուզեմ, օր գյուղի մեջ գոնե մե 5 տեղ լույս քաշեն: Վահրադյանից արդեն չեմ կրնա պահանջել, իսկ արդյոք Մայիսյանի գյուղապետն էլ էդ գործերը գուզենա էնել, արդեն հարց է»:

Խորհրդային տարիներին Կարմրաքարը միացված է եղել Հացիկ գյուղին: Երկրաշարժից հետո գյումրիաբնակ նախկին կարմրաքարցիներից շատերը վերադարձան հայրենի գյուղ: 1990-ականներին Կարմրաքարում արդեն 26 տնտեսություն կար, ու գյուղն էլ առանձնանալով Հացիկից սկսեց հանդես գալ որպես առանձին միավոր: Գյուղի դպրոցն ու մշակույթի տունը երկրաշարժի ժամանակ կանգուն են եղել: Նշված շինությունները քանդել են հետագայում ինչ-որ մեկի ծրագրով, իբրև թե նոր գյուղ հիմնելու նպատակով: Քանդածն այդպես էլ չի վերականգնվել, և հետագայում կարմրաքարցի փոքրիկները միջնակարգ կրթություն ստանալու համար ստիպված էին ոտքով կտրել-անցնել 3 կմ ճանապարհ հարևան Հացիկ գյուղի դպրոց հասնելու համար:

«25 երեխա ոտքով, տարիներ շարունակ դպրոց են գնացել Հացիկ գյուղ: Վերջին 5 տարին հնարավոր եղավ երեխաների համար տրանսպորտ ապահովել՝ այն էլ անընդհատ դիմելու, գրելու, բարձրաձայնելու արդյունքում միայն,- պատմում է համայնքապետը:- Ես Գիտության և կրթության նախարարություն 5 տարի առաջ նամակ էի գրել, որ օգնեն միկրոավտոբուս գնենք երեխաներին հարևան գյուղ դպրոց տանել-բերելու համար: Իմ ուզածն ընդամենը էդ էր, բայց ինձ գալիս է լրիվ այլ պատասխան, թե նպատակահարմար չենք համարում գյուղում դպրոց կառուցել: Թե ո՞վ էր իրենցից դպրոց ուզել, մնաց անհայտ: Էդ նամակից անցնում է 3 ամիս, ես ստանում եմ գրություն, որ վերապատրաստման նպատակով երեք ուսուցչի Կարմրաքարից ուղարկենք Երևան: Դպրոց չունեցող Կարմրաքարում ի՞նչ ուսուցիչ: Հիմա հասկանում ենք, թե ինչ եմ ասում. աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Ու էդ տրամաբանությամբ էլ ձեռնամուխ են եղել էս չարաբաստիկ որոշման կատարմանը»:

Կարմրաքարի համայնքապետ Գագիկ Վահրադյանի համոզմամբ՝ կառավարության այս որոշումը հեռահար նպատակ է հետապնդում: Նման գործելակերպով իշխանությունները համայնքների միավորման իրենց ծրագիրն են իրականացնում:  Թուլացնում են համայնքերը` նախ զրկելով սեփական եկամուտներից, հետագայում արդեն ստեղծված պայմաններից ելնելով` մարդիկ իրենք են հոժարակամ համաձայնվում հարևան համայնքի հետ միավորման մտքին: «Մտածեցին, որ եթե համայնքներն ունեն սեփական բյուջե, կարող են իրանց գլուխը պահել, ուրեմն պետք է զրկել հենց դրանից, որ հեշտանա միացնելը: «Բաժանիր, որ տիրես» բիսմարկյան գործելակերպն է էստեղ գործում»,- ասում է Գագիկ Վահրադյանը:

Կարմրաքարը Գյումրիից հեռու է ընդամենը 8 կմ, սակայն Գյումրի-Հացիկ-Կարմրաքար երթուղին շահագործող ընկերությունը հրաժարվում է գյուղ մտնելուց: Պատճառը 3 կմ անբարեկարգ ճանապարհն է: Միկրոավտոբուսի վերջին կանգառը Հացիկում է, ճանապարհի մնացած մասը կարմրաքարցիները շարունակում են կամ ոտքով, կամ գյուղ գնացող ծանոթների մեքենաներով: Երկար պայքարելուց հետո հնարավոր եղավ ավտոբուսային 5 ուղերթներից մեկը հասցնել Կարմրաքար, բայց դա էլ խնդրի լուծում չէ:

«Ճանապարհի 1 կմ-ն ընդհանրապես անանցանելի է, մնացած հատվածը համահունչ է մեր երկրին` կիսաքանդ է,- պատկերավոր ներկայացնում է համայնքապետը:- Էս հարցը քննարկվել է անգամ փոխվարչապետի մակարդակով: Ես ընդամենը տեխնիկա եմ խնդրել, որ ճանապարհին կից հատվածից կրային հողաշերտով մեծ փոսերը լցնենք, պնդացնենք, սարքենք անցանելի: Մենք չենք ասում՝ նոր ճանապարհ սարքեք, մենք ասում ենք՝ ընդամենը տեխնիկայով օգնեք, էդ էլ չեն ուզում անել»:

Կարմրաքարի շուրջ ստեղծված իրավիճակը համայնքապետն իր կուսակցական պատկանելիության հետ չի կապում: Ասում է՝ եթե իր՝ ՀՀՇ կուսակցության անդամ լինելը պիտի պատճառ դառնա գյուղի քանդման, ինքը պատրաստ է հրաժարվել գյուղը ղեկավարելուց: «Բայց այդ հարցը ոչ բացահայտ, ոչ թաքնված չի շոշափվում,- տարակուսում է Գագիկ Վահրադյանը:- Թող ասեն՝ «եղբայր, քո պատճառով է գյուղը քանդվում, ավելի լավ է՝ թողնես գնաս», ես պատրաստ եմ գնալու, թող գյուղն իրանք պահեն, բայց իմ քաղաքական հայացքներն առ այսօր որևէ վնաս համայնքին չեն հասցրել»:

Իսկ ի՞նչ կշահի Կարմրաքարը, որի երկրորդ հատվածում գտնվող հողերը օրենքի փոփոխության արդյունքում անցնելու են Մայիսյան համայնքին, իսկ ապագայում նրան սպառնում է միավորում մեկ այլ համայնքի` Հացիկի հետ: «Ընդգրկվելով Հացիկի կազմում, սակայն շարունակելով մնալ հարկատու Մայիսյանին՝ կարմրաքարցիներին կմնա միայն մի բան` արտագաղթել, իսկ Հայաստանը նվեր կստանա ևս մեկ լքված բնակավայր»,- զրույցն եզրափակում է համայնքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter