HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պանրում միայն աղիքային ցուպիկներ չեն եղել. եղել են նաև կոռուպցիայի ցուպիկներ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է զբաղվել Հայաստանում արտադրվող պանրի որակն ու անվտանգությունն ապահովելու գործով: Ընդ որում, վարչապետը նոր չէ, որ զբաղվում է այդ խնդրով, զբաղվում է առնվազն արդեն 2 տարի՝ 2010 թ. աշնանից սկսած, բայց քանի որ Հայաստանը չափազանց խորն է թաղված կոռուպցիայի ճահճում, ինչպես զանգվածային խախտումներ արձանագրած վերջին ստուգումները վկայեցին, արդյունքներ դեռ չկան:

ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստը վարող վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը անդրադառնալով սննդի անվտանգության խնդիրներին, որոշ ուշագրավ բացահայտումներ է արել. «Մեզ դիմել են նաև պանրագործներ, որոնք այսօր ապահովում են ստանդարտներին համապատասխան պանրի արտադրություն, և իրենց դժգոհությունն են հայտնում այն պանրագործներից, որոնք փորձում են խուսափել պատասխանատվությունից»,- ասել է Տ. Սարգսյանը:

Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչու են իրենց դժգոհությունը հայտնում, ինչի համար ժամանակ են գտել ու դիմել նույնիսկ կառավարություն: Եվ, ընդհանրապես, ովքե՞ր են նրանք: Սպառողների՞ անվտանգության ու շահերի մասին են մտածում, թե իրենց անձնական շահերի... Դատելով նրանից, որ վերջերս հայտնաբերված խախտումների առնչությամբ հրապարակված ցուցակում հիմնականում պանրի փոքր, մի քանի հատ էլ միջին արտադրությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերի և ընկերությունների անուններն են, կարծում ենք, սխալված չենք լինի, եթե եզրակացնենք, որ կառավարությանը դիմել են պանրի խոշոր արտադրողները կամ նրանցից մեկը:

Այս առումով ավելորդ չենք համարում մեկ-երկու մեջբերում անել ՀՀ կառավարության նոյեմբերի 8-ի նիստի սկզբում գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի ասածից.

«Պետք է նշեմ, որ սրանք այն ընկերություններն են, որոնք ունեն փոքր արտադրական ծավալներ, փոքր ձեռնարկություններ են և չեն ապահովում սանիտարահիգիենիկ նորմերը, որոնք ներկայացված են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ… Խոշոր արտադրողների մոտ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքում պարզ դարձավ, որ նրանք պարտաճանաչ են, և նման խնդիրներ իրենց կողմից արտադրած արտադրանքում չեն առաջանում, քանի որ նրանք ներդրել են անվտանգության համակարգեր և կարողանում են սանիտարահիգիենիկ պահանջների նկատմամբ հսկողություն ապահովել»:

Հասկանալի է, որ եթե խախտումների հայտնաբերման արդյունքում փոքր ու միջին տնտեսվարողները տուգանվում են, բացի դրանից՝ ստիպված են լինում ներդրումներ կատարել՝ արտադրություններում անվտանգության համակարգեր ունենալու և պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովելու համար, վերջիններս կարող են բարձրացնել պանրի գները, ինչն էլ մրցակցային տեսանկյունից ձեռնտու է հենց պանրի խոշոր արտադրողներին: Գուցե այստեղ է գաղտնիքը, թե Տիգրան Սարգսյանն ինչու է իր ուշադրությունը բևեռել պանրին, նշանառության տակ առել միայն պանրի արտադրությամբ զբաղվողներին (ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի տեղեկացմամբ՝ պանրի արտադրությամբ զբաղվող թվով 59 տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումները սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կատարվել են վարչապետի հանձնարարությամբ):

Մինչդեռ սննդամթերքի անվտանգությունը միայն պանրի անվտանգությունը չէ, կան բազմաթիվ այլ սննդամթերքներ, այդ թվում նաև՝ առաջին անհրաժեշտության, որոնց հետ կապված և հասարակությանն արդեն հայտնի խախտումները սպառողների առողջության համար ավելի վտանգավոր են, քան պանրում հայտնաբերված աղիքային ցուպիկները:

Վերը ասվածն, իհարկե, չի նշանակում, թե պանրի արտադրությամբ զբաղվողների մոտ տեսչական ստուգումներ չպետք է կատարվեին, սակայն նույնաբնույթ ստուգումներ պետք է կատարվեին նաև հաց, կարագ, կաթ, զովացուցիչ ըմպելիքներ, բնական հյութեր, սուրճ և այլ սննդամթերքներ արտադրողների մոտ:

Նոյեմբերի 15-ի նիստի սկզբում վարչապետն ասել է նաև. «Մեր նպատակը հետևյալն է. մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի։ Մենք խստացրել ենք վերահսկողությունը. նահանջ այս դաշտում չի լինելու ոչ մի պատճառաբանությամբ։ Մենք թույլ չենք տալու, որ առողջության համար վտանգավոր պանիր հայտնվի հայկական ընտանիքների սեղաններին։ Սա մեզ համար անթույլատրելի է, և որևիցե ճնշում այդ առումով մեզ վրա չի ազդելու։ Հակառակը՝ մենք խստացնելու ենք հսկողությունը սննդի անվտանգության նկատմամբ։ Եվ իմ գործընկերներին խնդրում եմ այսօր հանդիպել ԶԼՄ-ների հետ և մանրակրկիտ պարզաբանումներ տալ՝ մանավանդ այն տեղեկությունների առումով, որոնք փորձում են խեղաթյուրել իրավիճակը։ Մենք էլ չենք նահանջելու, խստացնելու ենք վերահսկողությունը»:

Տիգրան Սարգսյանն, այսպիսով, փաստորեն խոստովանել է, որ նախկինում նահանջել են, և որպեսզի մենք և հանրությունը հեռուն գնացող ենթադրություններ չանենք, թե ինչու են նահանջել, լավ կլինի, որ որոշակի դեպքերը նշելով, անունները տալով՝ պատճառներն ինքը բացատրի: Իսկ վարչապետի ասածը, թե «մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի», լավագույն դեպքում ընդամենը բարի ցանկություն է, որովհետև իրականությանը չի համապատասխանում նրա այն հավաստումը, թե «մենք խստացրել ենք վերահսկողությունը»: Մեր ձեռքի տակ եղած բազմաթիվ փաստեր, որոնց մի մասն արդեն հրապարակել, մի մասն էլ կհրապարակենք առաջիկայում, վկայում են ճիշտ հակառակը:

Ինչպես արդեն նշեցինք, տեսչական ստուգումները կատարվել են պանրի արտադրությամբ զբաղվող 59 տնտեսվարողների մոտ, և ուշագրավն այն է, որ նրանցից բոլորի մոտ էլ, առանց բացառության, հայտնաբերվել են խախտումներ, որոնք, Ա. Բախչագուլյանի տեղեկացմամբ, «վերաբերում էին թե սանիտարահիգիենիկ, թե մակնշման, թե պահման պայմանների չկատարման հետ կապված խնդիրներին»: Կամո Վահանյան, Գարեգին Քոչինյան, Սուսան Ղազարյան, Արմեն Սուքիասյան, Էդիկ Բոզոյան, Սամվել Թունյան, Սամվել Բալոյան անհատ ձեռնարկատերերի և «Անի-Մերի», «Ամասիայի գլխավոր պանրագործարան», «Վարդանուշ», «Սեդրակ և Տիգրան», «Կալինինո կաթ››, «Դումիկյան Եղբայրներ», «Մաստարաչեդո», «Իգիթ», «ԱՄՄ», «Կյորու», «Կաթնամթերք Վան» ՍՊԸ-ների մոտ տեսչական ստուգումների ընթացքում վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ մեծ մասամբ չանախ պանրի արտադրատեսակում: Դժվար թե խախտումներն այդքան լայնամասշտաբ լինեին, եթե վարչապետը և նրա վերահսկողական ծառայությունը ժամանակին չթաքցնեին ու հրապարակեին պանրին առնչվող էլ ավելի խայտառակ խախտումների հեղինակների անունները:

2010 թ. աշնանը 36 մեծ ու փոքր խանութից ձեռք բերված 47 արտադրողի 115 պանրանմուշի լաբորատոր հետազոտությամբ պարզվել էր, որ 12 ընկերության արտադրած պանրի 15 նմուշ մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգի պահանջներին, մասնավորապես պարունակում է աղիքային ցուպիկի խմբի և այլ մանրէներ, որոնք վտանգավոր են սպառողների առողջության համար: Ավելին, պանրում հայտնաբերվել էին նաև խմորասնկեր, որոնց առանձին տեսակներ, ի դեպ, մարդու առողջության համար ավելի վտանգավոր են, քան աղիքային ցուպիկները: Վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար Սարգիս Գրիգորյանն այն ժամանակ մամուլին հայտնել էր. «Ասենք, խմորասնկերի նորմատիվը 100 միավոր պետք է լինի, ոչ ավելի: Լաբորատորիան ցույց է տվել անգամ 100 հազար միավորի առկայություն»:

Բացահայտվել էին նաև պանրի ֆիզիկաքիմիական հատկանիշների խախտումներ: Մասնավորապես, պանիրների ինչպես խոնավությունը և աղի քանակը, այնպես էլ յուղայնությունը չէին համապատասխանել սահմանված նորմերին և դրանց պիտակներում կամ մակնշման մեջ եղած տվյալներին: Օրինակ, «Լոռի» պանրի յուղայնությունը, որ պետք է 50% լիներ, իրականում 17,2% է եղել, իսկ խոնավությունը, որ 44%-ը չպետք է գերազանցեր, եղել է 54,1% է: Սա ուղղակի նշանակում է գերշահույթներ ստանալու նպատակով սպառողների գրպանը մտնել, խարդախությամբ, խաբեությամբ և առանձնապես խոշոր չափերով հափշտակել նրանցից: Խարդախներից որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության 2011 թ. մարտի 24-ի նիստը բացելով և անդրադառնալով հայկական պանրի որակի և անվտանգության խնդիրներին, տեղեկացրել էր հենց վերոնշյալ խախտումների բացահայտման մասին: «Վեց ամիս առաջ վարչապետի վերահսկողական ծառայությունը սննդի անվտանգության վարչության հետ հետազոտություններ է կատարել պանրի արտադրության ոլորտում և հայտնաբերել լրջագույն խնդիրներ»,- ասել էր վարչապետը՝ ընդ որում չբացատրելով և անհասկանալի թողնելով, թե դեռ 2010 թ. աշնանը բացահայտված լրջագույն խնդիրների մասին ինչու է հայտնում 6 ամիս ուշացումով՝ 2011 թ. գարնանը:

Տիգրան Սարգսյանը նույն ելույթում ասել էր նաև. «Մենք բյուջեից գումարներ ծախսեցինք, տասնյակ խանութներից հավաքեցինք պանիրը և անցկացրինք լաբորատոր ստուգումներ։ Եվ արդյունքներն իսկապես խիստ մտահոգիչ էին, ուստի այն ժամանակ կիրառվեցին համապատասխան պատժամիջոցներ և հանձնարարականներ։ Պետք է նորից անդրադառնանք այս խնդրին և այս անգամ արդեն հրապարակային ներկայացնենք մեր ստուգումների արդյունքները»:

Պարզվում է՝ վարչապետը շատ լավ էլ հասկացել է ստուգումների արդյունքները, այսինքն նաև՝ իրավախախտների անունները հրապարակայնորեն ներկայացնելու դերն ու ազդեցությունը, սակայն, դրանով հանդերձ, ոչ նա, ոչ նրա վերահսկողական ծառայությունը, ոչ էլ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կամ նրան նախորդած համապատասխան տեսչությունը 2010 կամ 2011 թվականին դա չեն արել: Ինչո՞ւ… Նահանջե՞լ են, և միայն հիմա՞ է ասում. «Մենք էլ չենք նահանջելու»:

«Սննդամթերքի անվտանգությունը մեզ համար ունի էական նշանակություն, և Եվրամիության հետ համագործակցության մեր 4 ուղղություններից մեկը հենց վերաբերում է սննդի անվտանգությանը,- կառավարության 2011 թ. մարտի 24-ի նիստը բացելով՝ ասել էր Տիգրան Սարգսյանը:- Մենք պետք է կարողանանք պատշաճ կանոններ հաստատել, որոնք կհամապատասխանեն Եվրոպայի լավագույն ստանդարտներին, որպեսզի սննդամթերքի համար բացվեն եվրոպական շուկաների ճանապարհները։ Անհրաժեշտություն կա, որ 6 ամիս անց մենք ևս մեկ անգամ կրկնենք այս գործառույթը և տեսնենք, թե վերացվե՞լ են թե ոչ նախորդ ստուգումներով բացահայտված խախտումները, թերությունները, որովհետև այն փաստերը, որ արձանագրվել էին, խիստ վտանգավոր էին և մտահոգիչ»։

Պարզ թվաբանական հաշվարկը վկայում է, որ վերոնշյալ 6 ամիսը լրանում էր 2011 թ. սեպտեմբերին, սակայն պանրի հետ կապված ստուգումներն իրականացվել են դրանից մեկ տարի ուշացումով՝ 2012 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին: Պանիր արտադրող բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ էլ, օգտվելով նրանից, որ իրենց անուններն այն ժամանակ չհրապարակվեցին, վարչապետն էլ չպահեց 6 ամիս անց տվյալ ոլորտում ստուգումները կրկնելու անհրաժեշտության վերաբերյալ իր խոսքը, չեն զգուշացել և պանրի արտադրության գործընթացում արել են լայնամասշտաբ խախտումներ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter