HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվայի էթնոմշակութային վրացական դպրոցում սովորում են նաև հայեր և ադրբեջանցիներ

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կառավարության ֆինանսավորմամբ գործում է թիվ 1331 միջնակարգ, էթնոմշակութային (վրացական ուղղվածության) դպրոցը: Այստեղ հիմանկանում սովորում են վրացիներ, կա մեկ խմբակ ադրբեջանցիների համար, սովորում են նաև հայեր: Հայերը, կարելի է ասել, փոքրամասնություն են: Դպրոցում սովորում է շուրջ 400 աշակերտ, որից, ըստ դպրոցի տնօրեն Աննա Կերեսելիձե-Պերեկրեստի, 20-25-ն են հայեր: 

Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից հրավիրված լրագրողներին դպրոցը որպես լավագույն օրինակ են ներկայացնում, որտեղ կողք կողքի սովորում են տարբեր ազգեր: Բոլոր դասարաններ մտնելիս երեխաները ոգեշնչված հայրենիք Վրաստանի կամ Թբիլիսիի մասին բանաստեղծություններ են ասմունքում ու երգում վրացերենով: Գործում է նաև ադրբեջանցի երեխաների համար առանձին խմբակ, որտեղ վերջիններս իրենց լեզուն, գրականությունն ու պատմությունն են սովորում: 

Դպրոցի տնօրեն Աննա Կերեսելիձե-Պերեկրեստն ասում է, որ նախկինում դպրոցը միայն վրացական ուղղվածության էր, և սովորում էին հիմնականում վրացիներ: 10 տարի է` ադրբեջանցիների երեխաներ են հաճախում դպրոց, սակայն երբ առաջին անգամ գաղափար է ծագել ընդունել ադրբեջանցիներին և բացել առանձին խմբակ, տնօրենին խորհուրդ են տվել զերծ մնալ այդ գաղափարից, քանի որ «դպրոցը սպանդանոց կդառնա»` տարբեր կրոնների դավանելու պատճառով: Աննա Կերեսելիձե-Պերեկրեստն ասում է, որ ինքը ստանձնեց այդ պատասխանատվությունը, և անցնող 10 տարիների ընթացքում բախման որևէ դեպք երեխաների միջև չի եղել: Հակառակը, հաշտ ու խաղաղ են սովորում միմյանց կողքին: Ադրբեջանցիներն ու հայերը նույնիսկ սկսել են վրացերեն հասկանալ ու շփվել: 

Տնօրենն ասում է, որ հայերը հիմնականում Վրաստանից Մոսկվա տեղափոխվածներն են, բայց քանի որ նրանք քիչ են, նրանց համար առանձին` հայերենի խմբակ չկա: Բացառություններ ևս կան: 11-րդ դասարանում է սովորում Ջեմմա Ահարոնյանը: Նրա ծնողները Երևանից են տեղափոխվել Մոսկվա, ինքը ծնվել է Մոսկվայում: Ջեմման նախկինում ռուսական դպրոց է հաճախել և էթնոմշակութային դպրոց տեղափոխվել է երեք տարի առաջ: Ռուսական դպրոցը, որտեղ նա սովորել է, փակվել է, իսկ 1331-րդ դպրոցում ծանոթներ են ունեցել, որոնք խորհուրդ են տվել Ջեմմային տեղափոխել այստեղ: «Վրացերեն մի քիչ հասկանում եմ,- ասում է Ջեմման,- հայերեն գրել կարդալ գիտեի, բայց մոռացել եմ»: Հայերենը տանն է սովորել, իսկ վրացերենին սկսել է փոքր-ինչ տիրապետել դպրոցից ու դասընկերների հետ շփումից:

Պատմության ուսուցչուհի Լալի Մգալոբլիշվիլին ասում է, որ երեխաները սովորում են Ռուսաստանի պատմություն, ընդհանուր պատմություն, Վրաստանի պատմություն, իսկ ադրբեջանական խմբակը նաև` Ադրբեջանի պատմություն: 

Այս լուսանկարը վերնագրած է. «Խորհրդային միության հայ այլազգի հերոսները»

             Լուս.՝ Ելենա Շուվաևայի

Տնօրեն Աննա Կերեսելիձե-Պերեկրեստը հայերի մասին մեր հարցումներից հետո ցույց է տալիս Խորհրդային միության հայազգի հերոսների նկարներից բաղկացած պաստառը, որը շուտով պետք է փակցվի դպրոցի միջանցքի պատին: «Պատերզմը մենք բոլորով ենք հաղթել»,- ասում է նա ու ցույց տալիս այդ միակ պաստառը: Իսկ նույն սենյակում մեկ այլ պաստառ է կախված` «Без Карабаха нет Азербайджана» գրությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter