HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սպանվածը» կնոջ հետ լքել է Հայաստանը

20.09.2001թ. Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը Սարգիս Փաթաթյանը դատապարտեց 12, Նորայր Ղազարյանին եւ Հովհաննես Հովհաննիսյանին 3-ական տարի ժամանակով ազատազրկման:

Այս քրգործի հիմքում Մուշեղ Մինասյան-Բիրգի «սպանությունն» է: Առաջին ատյանի դատարանը մարդկանց դատապարտել է ազատազրկման նրանց մեղադրելով Մ. Մինասյան-Բիրգի սպանության մեջ: Սակայն չկա դիակը, զենքը որով կատարվել է սպանությունը: Ըստ ամբաստանյալ Սարգիս Փաթաթյանի հոր` Կարո Փաթաթյանի, «սպանվածը» կնոջ` Մելիցա Բիրգի հետ լքել է Հայաստանը: Այս փաստը հաստատում է ՀՀ մաքսային վարչության գրավոր տեղեկանքը: Նախաքննությունը տարիներ առաջ ի լուր ամենքի հայտարարեց, որ հայտնաբերել են Մ. Մինասյան-Բիրգի «դիակը»` «Օ-2» հեռուստահաղորդմամբ ցուցադրելով Սովետաշենի աղբանոցից հայտնաբերած ոսկորները: Սակայն հետագայում պարզվեց, որ աղբանոցից հայտնաբերված գանգոսկրը, ըստ փորձագետների, պատկանում է տարեց կնոջ: Ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերքննիչում բազմիցս հնչեց այն միտքը, որ Մ. Մինասյան-Բիրգը սպանված չէ: Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենց վրա կիրառվել են ֆիզիկական ճնշումներ:

Հուլիսի 9-ին քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի հերթական նիստում ամբաստանյալ Նորայր Ղազարյանը հայտնեց, որ նախաքննւթյան ընթացքում իր բոլոր ցուցմունքները տվել է ծեծի ու բռնությունների ազդեցության տակ: «Ցուցմունքները Սարգիս Փաթաթյանի դեմ, թե իբր նա է սպանել Մուշեղին, սուտ են եւ իրականությանը չեն համապատասխանում», մի քանի անգամ դատախազի եւ դատավորների հարցերին պատասխանելիս նշեց Ն.Ղազարյանը: Պաշտպան Զառա Դանիելյանի այն հարցին, թե ինչն է ստիպել նրան նման ցուցմունքներ տալ Ս. Փաթաթյանի դեմ, Ն.Ղազարյանը պատասխանեց, որ քաղմասում եղած ժամանակ այնտեղի միջանցքներում տեսել է կնոջն ու որդուն: Որդու թեւերը կապած բերել են մոտը եւ սպառնացել: Նորայրը չի բացառում, որ ցուցմունք տալու ժամանակ նրա վրա ազդել են ոչ միայն ծեծն ու խոշտանգումները, այլ նաեւ որդու ներկայությունը: Ն. Ղազարյանը պատմեց, որ իրեն ծեծել են 5-6 հոգով` « ոտքերս կապել են աթոռին ու հարվածել բոբիկ ոտքերիս: Ոտքերի հարվածներով ջարդել են ողերս, սնունդ չեն տվել, միայն ջուր էին տալիս: Քնելու ոչ պայմաններ, ոչ էլ հնարավորություն կար, կողքիս միշտ մարդ է եղել»: Մեկ անգամ, երբ նա շտապ օգնություն է խնդրել, նրան օղի են առաջարկել: Այն փաստը, որ նախկին ցուցմունքներում Ն. Ղազարյանը պնդել է, թե ինքն է սպանել Մուշեղին, նա պատճառաբանեց հետեւյալ կերպ. «Մտածում էի, որ ավելի լավ է ասեմ ես եմ սպանել, քան մեղքը բարդեմ Սարգիսի վրա»: Սակայն Ն. Ղազարյանը չկարողացավ հիշել, թե իրեն ստիպել են, թե կամովին է մեղքը իր վրա վերցրել: Զ. Դանիելյանի հարցին, թե նա ինչու է հրաժարվել իր կողմից սպանությունը կատարելու տարբերակից, պատասխանեց, որ իրեն ստիպել են մեղքը Սարգիսի վրա բարդել: Իրեն ծեծողների անուները Ն. Ղազարյանը չի իմանում, բայց տեսնելու դեպքում կճանաչի: Նա չկարողացավ մտաբերել, թե քանի օր են իրեն անօրինական կերպով պահել Էրեբունու քաղմասում: Էրեբունու քաղմասից Ն. Ղազարյանին տեղափոխել են Նուբարաշեն: Ըստ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի` փոխգնդապետ Խ. Սարգսյանի եւ բուժսպասարկման պետ Գ. Խաչատրյանի 03.06.2002թ. հունիսի երեքին գրության «մարմնական զննման ժամանակ Ն. Ղազարյանի մոտ հայտնաբերվել են հետեւյալ մարմնական վնասվածքները` աջ եւ ձախ թիակային եւ բազկային շրջանների կապտա-կանաչային տարածված արյունազեղումներ, երկու սրունքների բազմակի քերծվածքներ»:

Դատապաշտպան Զ. Դանիելյանի հարցին, թե ինչպես է ստացվել, որ գնացել են հենց Թոխմախի գերեզմանը «դիակը» գտնելու համար, վկան պատասխանեց, որ ինքն է ասել: Ն.Ղազարյանը չհիշեց կամովի է ասել, թե սպառնալիքի ազդեցության տակ: Դատարանում տված ցուցմունքների համաձայն Նորայրը «սպանվածին» Մուշեղ Մինասյան-Բիրգին ճանաչում էր որպես հարեւան եւ հենց ինքն է նրան ծանոթացրել Սարգիսի հետ: Մուշեղի կինը հաճախակի օգտվում էր Նորայրենց հեռախոսից ու սառնարանից: Բակում Մուշեղի հետ օղի խմելու ժամանակ նա Նորայրին պատմել է, թե ինչպես է Սերբիայում աշխատել վարձու զինվոր` նշանառու: Հայտնել է նաեւ, որ 150.000 դոլար ունի ստանալու: Այդ փողը սառեցված էր, բայց հիմա գումարը ստանալու ժամանակն էր: Մի օր ուշ ժամին Սարգիսը գալիս է Նորայրենց տուն եւ խնդրում կանչել Մուշեղին:

Նորայրի ընտանիքի անդաները տանը չէին, քանի որ նրանց հարաբերությունները լավ չէին: Մուշեղը գալիս է: Նստում են, օղի խմում, սակայն Սարգիսը հրաժարվում է պատճառաբանելով, թե վատ է զգում եւ, ընդհանրապես, վերջին ժամանակները մոտ չի գալիս ոգելից խմիչքին: Սարգիսի եւ Մուշեղի միջեւ վեճ է ծագում: Նորայրի խոսքերով ինքը հարբած էր, հեռուստացույց էր նայում եւ իրեն չէր հետաքրքրում վեճի առարկան, ուստի եւ չէր լսում: Սարգիսը 20 րոպե անց հեռանում է: Սարգիսի գնալուց մոտ 15 րոպե անց Մուշեղը զանգահարում է ինչ-որ մեկին, եւ ռուսերեն լեզվով սկսվում է հայհոյախառն խոսակցություն: Հետո դիմում է Նորայրին, թույլտվություն խնդրելով, նրա տանը ընդունելու մի քանի հոգու: Նորայրը համաձայնվում է: Մոտավորապես 20-30 րոպե անց գալիս են երկու տղամարդ մեկը վրացական գլխարկով: Նորայրը ճանաչել էր նրանցից մեկին. մի քանի օր առաջ Մուշեղի կինը գիշերով եկել եւ խնդրել է Նորայրին օգնել, քանի որ Մուշեղը տանը ոմանց հետ վիճում է, եւ վիճողներից մեկը Նորայրենց տուն եկողն էր: Նորայրը օղի է առաջարկում: Նրանք հրաժարվում են, իմիջիայլոց ասելով, որ գինուց չեն հրաժարվի: Մոտավորապես 30 րոպեների ընթացքում Նորայրը Մուշեղի խնդրանքով գնում է նրանց տուն կնոջից գինի վերցնելու: Փողոցում նկատում է սեւ մեքենա, որ մակնիշը չի կարող մտաբերել եւ որի մեջ կար եւս մեկ հոգի, եզրակացնում է, որ հյուրերը այդ մեքնայով են եկել: Այնուհետեւ Մուշեղի եւ եկածների միջեւ վեճ ու քաշքշուք է ծագում, որ ուղեկցվում է ռուսերեն եւ վրացերեն հայհոյանքներով: Նորայրը դարձյալ չկարողացավ հիշել, թե ինչ թեմայի շուրջ են վիճում: Մուշեղը Նորայրին խնդրում է, որ նա կնոջը տեղյակ պահի իր մի քանի օրով Թիֆլիս մեկնելու մասին ու հեռանում է հյուրերի հետ: Առավոտյան մոտավորապես ժամը 9-ին Նորայրը Մուշեղի կնոջը տեղեկացնում է, որ նա մեկնել է Թիֆլիս: Երեք օր հետո Նորայրը խանութի պատուհանից նկատում է, թե ինչպես միլիցիայի աշխատակիցները մտնում են Մուշեղի տուն: Նախկինում թմրանյութերի համար երկու անգամ դատապարտված Նորայրը անհանգստանում է: Մանավանդ, որ միլիցիայի աշխատակիցները սպառնացել են նրան, թե յուրաքանչյուր հարցով քաղմաս ընկնելը նրա համար ճակատագրական կլինի: Նա մի քանի օր ապրում է Սարի Թաղում մտերիմ Թաթուլի տանը: Հետո 500 դոլարով վաճառում մորից հիշատակ մնացած միակ մատանին, տոմս գնում եւ մեկնում Կիեւ: 2 տարի մուրացկանի կյանք վարելուց հետո ձեռբակալվում է: Ձերբակալելիս նրան ոչ մի փաստթուղթ չի ներկայացվել, իսկ միլիցիայի աշխատակիցները նրան անազատության մեջ պահելը չեն պատճառաբանել ասելով, որ նրան «կգան, կտանեն»: 2 ամիս անց հունիսի 26-ին ներքին գործերի աշխատակիցները նրան բերել են Երեւան: Օդանավակայանից նրան տեղափոխում են Էրեբունու քաղմաս, որտեղ էլ տեղեկացնում են, որ իր ձերբակալումը կապված է Մուշեղի սպանության հետ եւ ստիպում են տալ նախնական ցուցմունքները: Դատապաշտպան Զ. Դանիելյանի հարցին, թե Ն. Ղազարյանը անձամբ է գրել ցուցմունքը պատասխանեց, թե, քանի որ ինքը ի վիճակի չէր գրելու, միայն ստորագրել է:

 

Դատախազ Լավրենտ Դավթյանի այն հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Էրեբունու քաղմասում Կարո եւ Սարգիս Փաթաթյանների հետ առերես հարցաքննությունը դադարեցվել է Կարո Փաթաթյանի գործողությունների հետեւանքով, որը Նորայրին, իր ցուցմունքները պնդելու համար, անվանել է գիժ ու հոգեկան հիվանդ: Ն. Ղազարյանը հրաժարվեց պատասխանել: Դատախազի հարցը, թե ինչու Նորայրը հատկապես Մուշեղի սպանությունից հետո է մեկնել Կիեւ, նույնպես մնաց անպատասխան:

Ամբաստանյալը հիշեց իրեն խոշտանգողներից մեկի ազգանունը

Հուլիսի 18-ին քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի հերթական նիստում շարունակվեց Նորայր Ղազարյանի հարցաքննությունը, որի ժամանակ Ն. Ղազարյանը հրաժարվեց պատասխանել դատախազ Լ. Դավթյանի նախնական ցուցմունքներին վերաբերող հարցերին պատճառաբանելով, որ ինքը բազմիցս նշել է, որ այդ ցուցմունքները տվել է սպառնալիքի ազդեցության տակ, եւ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Հաշվի առնելով Ն. Ղազարյանի ցուցմունքներում եղած հակասությունները դատապաշտպան Զ.Դանիելյանը առաջարկեց անցկացնել առերես հարցաքննություն Ն. Ղազարյանի, նրա կնոջ, որդու եւ քրոջ հետ: Ն. Ղազարյանը այս անգամ կարողացավ հիշել Էրեբունու քաղմասում իրեն խոշտանգող քննիչներից մեկի ազգանունը` Կարապետյան: Չհիշելով մյուսների անուները ավելացրեց, որ այդ ամենը կատարվել է քննիչ Կարապետյանի ղեկավարությամբ: Բացի այդ Ն. Ղազարյանը դատարանին ներկայացրեց 4 թերթից բաղկացած գրավոր ցուցմունք, որտեղ եւս մեկ անգամ հաստատեց իր նախնական ցուցմունքների սուտ լինելը: Սարգիս Փաթաթյանը Ն. Ղազարյանի ցուցմունքների վերաբերյալ արեց հայտարարություն, որտեղ ժխտվեց այն փաստը, որ Ն. Ղազարյանի տուն Մուշեղի զանգից հետո չէր կարող գալ Ծիտո մականունով ոմն անձը, քանի որ նա մահացել է 1992թ. եւ որի հիշատակին կանգնեցված ցայտաղբյուրը այժմ գտնվում է Բութանիա հանրախանութի հարեւանությամբ:

Նույն նիստի ժամանակ հարցաքննվեց նաեւ ամբաստանյալ Հովհաննես Հովհաննիսյանը: Ըստ Հ. Հովհաննիսյանի տված ցուցմունքների ինքը ենթադրյալ սպանության օրը չի տեսել Մուշեղին: Այդ օրը նա Ս. Փաթաթյանի հետ ավտոմեքենայով ուղեւորվել է Վրաստան: Մեքենայի անսարք լինելու պատճառով ստիպված է եղել վերադառնալ Երեւան, որտեղ, ըստ պայմանավորվածության, Սարգիսի մորից վերցրել է 130 ԱՄՆ դոլար մեքենան վերանորոգելու համար: Երկու օր հետո Սարգիսի մեքենան վերադարձնելու ժամանակ, Հ.Հոհաննիսյանը իմանում է, որ Ս.Փաթաթյանը ձերբակալվել է խուլիգանության համար: Հինգ ամիս հետո Ս. Փաթաթյանը Հ. Հովհաննիսյանին պատմում է, որ իրեն հարցաքննել են Մուշեղի մասին: Այնուհետեւ Հովաննեսը Սարգիսի հետ մեկնում է Գագրա բանակի ընկերոջը այցելության, որտեղ էլ 2000թ. հունիսի 1-ին առանց որեւէ փաստաթղթի ձերբակալվում է տեղի ոստիկանների կողմից: Անազատության մեջ գտնվելու 6-րդ օրը ոստիկանները հայտնում են, որ նրան ձերբակալել են անձի իսկությունը ճշտելու համար: Գագրայում բազմիցս հարցաքննվել է «ՖՍԲ-ի աշխատակից Դավթյանի կողմից», որն առաջարկել է հետեւյալը «Ասա Սարգիսի տեղը, եւ քեզ ազատ կարձակենք, դու մեզ պետք չես»: Վերջինս էլ պատասխանել է, որ Սարգիսը գործով մեկնել է Երեւան: Բացի այդ Դավթյանը ներկայացրել է գործին վերաբերող որոշ մանրամասնություններ, թե իբր Հովաննիսյանը ենթադրյալ սպանության մասին պատմել է Հունան Մինասյանին, նա էլ պատմել է Սերոբ Ղազարյանին, որն էլ իր հերթին պատմել է Մացոյին եւ իբր Հ.Հովաննիսյանը եւ Կարո Փաթաթյանը սպանել են Մուշեղին եւ դիակը պարտակել: Տեղափոխվելով Երեւանի Էրեբունու ՆԳ բաժին քննիչ Ա.Երեմյանը հարցաքննության ժամանակ Հովաննիսյանին ներկայացրել է մյուս ամբաստանյալների տված ցուցմունքները, որտեղ ի հայտ էին հակասող փաստեր, թե իբր Հովաննեսը դիակը պարտակել է Ս. Փաթաթյանի հետ: Այս ամենը ներկայացնելով Երեւան քաղաքի դատախազության քննիչ Երեմյանը առանց թաքցնելու հայտնել է, որ Հովաննիսյանի հորը մեկ շաբաթ պահել են Էրեբունու քաղմասում` նրա տեղը պարզելու համար: Այնուհետեւ խոստացել, որ նույնը կկրկնվի նաեւ հիմա եւ նրան կառաջադրվի մեղադրանք 99 հոդվածով. այն է, անչափահասի բռնաբարություն: Ըստ Հովաննիսյանի Ա.Երեմյանի նպատակը իրենից Սարգիսի դեմ սուտ ցուցմունքներ կորզելն էր: Միայն 14-րդ օրը Հովաննիսյանից կորզվեց Երեմյանի կողմից թելադրված եւ շարադրված ցուցմունքներ: Մինչեւ մեկուսարան տեղափոխվելը մերժվել է նրան փաստաբան տրամադրելու եւ մյուս ամբաստանյալների հետ առերես հարցաքննություն անցկացնելու պահանջը: Բացի այդ նրան չեն հայտնել ցուցմունքներ չտալու իր իրավունքի մասին եւ ստիպել ստորագրել քրեական գործին ծանոթ լինելու փաստաթուղթ: Մեկուսարանում Ս. Փաթաթյանի հետ առերես հարցաքննության ժամանակ փաստաբան Սոս Գրիգորյանի ներկայությամբ Հ. Հովհաննիսյանը հրաժարվել է նախնական ցուցմունքներից: Այնուհետեւ հոկտեմբերի 31-ին Ա.Երեմյանը Էրեբունու ՆԳ բաժնի ՔՀԲ պետի տեղակալ, միլիցիայի մայոր Յու. Դավթյանը եւ օ/լիազոր, միլիցիայի փ/գնդապետ Ա. Պողոսյանը Հովհաննեսի պաշտպան Հ. Բաղդասարյանի հետ ներկայացնում են կնքված եւ ստորագրված փաստաթուղթ, որտեղ նա 99 հոդվածով մեղադրվում է անչափահասի բռնաբարության մեջ, խոստանում կրկնել Էրեբունու քաղմասում կատարված խոշտանգումները եւ ստիպում տալ նոր ցուցմունքներ: Հովհաննիսյանը հրաժարվում է Ս. Փաթաթյանի հետ առերես հարցաքննության ժամանակ տված ցուցմունքներից եւ տալիս նորը պատճառաբանելով, որ ինքը «կաշկանդվել» է Սարգիսի ներկայությունից: Այս ամենից հետո Հովհաննիսյանի փաստաբան Բաղդասարյանը 1-ին ատյանի 2-րդ նիստից հետո անհայտանում է: Այնուհետեւ Հ. Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը իրեն մեղավոր չի ճանաչում եւ պատրաստ է կրել սուտ ցուցմունքներ տալու համար իրեն հասանելիք պատիժը: Դատապաշտպան Զ.Դանիելյանի հարցին, թե ինչու միայն հիմա է տալիս այդ ցուցմունքները, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց, որ այլեւս կորցնելու ոչինչ չունի, քանի որ նրա հայրը մահացել է չդիմանալով դեպքերի ծանր վիճակին:

Դատաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter