HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահազանգ. վերսկսվել է Գանձասարի միջնադարյան եկեղեցու պարսպի տխրահռչակ երեսպատումը (վիդեո)

PanARMENIAN.Net-ը հայտնում է, որ Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում վերսկսվել է Գանձասարի միջնադարյան եկեղեցու պարսպապատերի երեսպատումը: PanARMENIAN Photo-ի լուսանկարիչը շտապել է ահազանգի հետքերով և արձանագրել երեսպատումը: Բնակիչներն ասել են, որ երեսպատումը վերսկսվել է մոտ մեկ շաբաթ առաջ:

PanARMENIAN.Net-ը տարածել է ՀՀ պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի վարչության անդամ, ՀՀ ճարտարապետների միության անդամ Մանուշակ Տիտանյանի նամակը դեպքի առնչությամբ:

«Մի տարուց մի փոքր ավելի է անցել այն օրից, երբ Գանձասարի երեսապատման խայտառակ պատմության առաջացրած բուռն կրքերի ալեկոծությունից հետո հրապարակեցի ճարտարապետիս և քաղաքացուս մտորումները փաստի վերաբերյալ: Այն ժամանակ միամտաբար կարծեցինք, թե պետությունը և ակտիվ մտավոր հասարակությունը համատեղ ջանքերով հաղթանակ են տարել տգիտության, անճաշակության և անօրինության դեմ: Բայց պարզվում է, որ ոչ:

Աշնան մառախլապատ ու ցուրտ օրերին նենգաբար և գողեգող վերսկսվել է ծաղրուծանակը Գանձասարի շքեղ վանքային համալիրի նկատմամբ: Հավանաբար հույս ունեին, թե ձմռանը ոչ ոք չի այցելի սրբատեղին, և աննկատ իրենց սև գործը կավարտեն:

Այսքանից հետո արդեն հույս էլ չկա, թե ինչ-որ բան կարելի է անել: Պարզվում է, որ մեր ավանդական և ազգային արժեքները մենք ի վիճակի չենք պաշտպանել, քանզի դրանում շահագրգռված չեն ոչ իշխանավորները, ոչ էլ, ցավոք սրտի, եկեղեցականները (բայց ոչ եկեղեցին): Այսօր նորից կանգնել ենք կոտրած տաշտակի առջև, ուր իրենց կեղտոտ լվացքն են անում անդեմ ու օտարամոլ բարերարները:

Նախորդ նամակում աշխատել եմ չանձնավորել տեղի ունեցածը: Բայց հիմա վերջնականապես պիտի ասեմ իմ կարծիքը, որ նման բարերարությունը թքած ունի թե պետության, թե հասարակության վրա: Բարերարը սկզբունքորեն որոշել է երեսապատել վանքը` հաստատելու իր գերիշխանությունը հայկական երկու պետությունների նկատմամբ, որոնք որոշում էին ընդունել խայտառակությունը դադարեցնելու վերաբերյալ:

Ես հույս ունեմ, որ Աստված մեզ կօգնի: Դրանց արած անորակ երեսապատումը երկար չի ապրի: Իսկ երբ այս գործի տերերը կհայտնվեն Աստծո դատաստանի առաջ իրենց արած «մեծ գործերի» համար, մեր զավակները կշտկեն, կվերականգնեն այլանդակվածը, իսկ բարերարների երբեք չեն էլ հիշի, որ իզուր նրանց մասին վատ բան չխոսեն: Տերը մեզ հետ: Ամեն»:

Հիշեցնենք, որ միջնադարյան վանքի երեսպատումը անցյալ տարվա ամռանը սկսել էր ռուսաստանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանը: Հասարակությունն ու մասնագետերը մեծ աղմուկ բարձրացրին երեսպատման դեմ, ինչից հետո Լևոն Հայրապետյանը դադարեցրեց շինարարությունը: Անցյալ ամռանը ճարտարապետները նաև համոզմունք հայտնեցին, որ պարսպի երեսպատված սալիկներն անպայման պետք է քանդել, սակայն սալիկները քանդվելու փոխարեն երեսպտումը, փաստորեն, վերսկսվել է:

Գանձասարի վանքը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է և Արցախի ամենից շատ այցելվող հնավայրերից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter