HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանում բացվել է «Թբիլիսիի հայկական եկեղեցիները՝ երեկ և այսօր» ցուցահանդեսը

«Թբիլիսիի հայկական եկեղեցիները՝ երեկ և այսօր» խորագրով ցուցահանդես բացվեց դեկտեմբերի մեկին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Ցուցահանդեսը նվիրված էր հայ եկեղեցու հիմնադիր երկու առաքյալների՝ Սուրբ Թադեոսի և Բարդուղիմեոսի տոնին:

Ցուցահանդեսի մտահղացումը պատկանում էր թբիլիսահայ անվանի նկարիչ վաղամեռիկ Վարուժան Խաչատրյանին (Ժան Խաչ): Միջոցառումը կազմակերպել էին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը, Վրաստանի հայ նկարիչների միությունը և Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվը՝ ՀՀ մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ:

Մինչև 1930 թվականը Թբիլիսիում գործել է 26 հայկական եկեղեցի, որոնց մի մասը ավերվել է խորհրդային իշխանության կողմից, իսկ մի մասն էլ 1990-ականներին վրացականացվել է և գործում է իբրև վրացական եկեղեցի: Ցուցահանդեսի գաղափարական հենքը մինչ 1990-ական թվականները Թբիլիսիում գործող, բայց ներկայումս խոնարհված, վրացականացված կամ չգործող եկեղեցիները կտավի վրա պատկերելն էր: Ցուցահադեսին մասնակցում էին ոչ միայն հայ, այլև վրացազգի ստեղծագոծողներ ինչպես Թբիլիսիից, այնպես էլ տարածաշրջաններից:

Միջոցառման պատվավոր հյուրերն էին Վրաստանի Պատրիարքության Սուրբ Անդրեյ Նախակոչի անվան վրացական համալսարանի ռեկտոր Սերգո Վարդոսանիձեն, Վրաստանի մուսուլմանական վարչության ղեկավար շեյխ Վագիֆ Ակպերովը: Ցուցահանդեսին ներկա էին բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի ներկայացուցիչներ,հայ և այլազգի մտավորականներ, արվեստի աշխատողներ, սովորական քաղաքացիներ:

Բացելով ցուցահանդեսը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը նշեց, որ այս ցուցահանդեսին ցուցադրվել են 15 նկարիչների այն աշխատանքները, որտեղ պատկերված են պատմականորեն Թբիլիսիում եղած բոլոր 26 եկեղեցիները:

Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը հանգամանալից խոսեց Թբիլիսիի պատմականորեն հայկական եկեղեցիների մասին, որոնց մի մասը ցայսօր փլված ու կիսաքանդ է և շարունակում է մնալ բռնագրավված, չվերադարձվելով իր օրինական տիրոջը: Նա հիշատակեց ավերված վիճակում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին (Կարմիր Ավետարան) և Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցիները և Սուրբ Նշան տաճարը, որի զանգակատունը փլվել է:

Վիրահայոց համայնքի և Թբիլիսիի հայկական եկեղեցիների պատմությանն էր նվիրված պատմաբան Ենոք Թադևոսյանի ելույթը:

ՀՀ ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը ներկաներին իրազեկեց այն գիտական աշխատանքի մասին, որ ծավալել է ՀՀ ազգային արխիվը Թբիլիսիի հայկական եկեղեցիների պատմական անցյալը վերհանելու և հանրությանը անաչառ ներկայացնելու ուղղությամբ: Նա ներկայացրեց նաև Երևանից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ կառավարության մշակութային կապերի վարչության պետ Սամվել Մուրադյանը, արխիվի փոխտնօրեն Սոնյա Միրզոյանը, գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ավագյանը:

Այնուհետև ելույթ ունեցան Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի հանդուրժողականության կենտրոնի ղեկավար Բեքա Մինդիաշվիլին, հայտնի նկարիչ Ջիովաննի Վեփխվաձեն, հնագետ Սարգիս Դարչինյանը, ովքեր միանշանակ նշեցին, որ հարգանքը եկեղեցական հուշարձանների պահպանության հանդեպ յուրաքանչյուր քաղաքակիրթ և ժողովրդավարական պետության պարտականությունն է:

Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը օրհնության և գնահատանք բերեց կազմակերպիչներին, աջակիցներին, Հայաստանից ժամանած և գոհունակություն հայտնեց երջանկահիշատակ Ժան Խաչի բարի մտահղացումը իրականացնելու համար:

«Ապրելով Վրաստանի հողի վրա, մենք պետք է մեր բարի խոսքն ասենք այս երկրի ժողովրդին և պետությանը, բայց պետք է նաև Վրաստանի իշխանություններից պահանջենք, որպեսզի նրանք ապահովեն խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված և ներկայումս չգործող վեց տաճարների հարցի լուծումը: Այդ տաճարները, որոնցից հինգը գտնվում են Թբիլիսիում, իսկ մեկը՝ Ախալցիխեում, վերադարձվեն իրենց տերերին՝ դա է պատմական արդարության ձայնը, դա է Վիրահայոց Թեմի խնդրանքը»,- հավելեց Սրբազան Հայրը:

Թեմակալ Առաջնորդը երախտագիտություն հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանին Թբիլիսիի հայկական եկեղեցիներին նվիրած շարքը երեք լեզուներով հրատարակելու համար:

Վերջում ցուցադրվեց շուրջ 150 սլայդ «Սուրբ Նորաշեն» եկեղեցու անցյալ և ներկա վիճակի տեսագրությամբ և ներկաներին բաժանվեց Սամվել Կարապետյանի «Սուրբ Նշան» գրքույկի հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակները: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկտեմբերի տասը:

Վիրահայոց մամլո դիվան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter