HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

ՅՈւՆԻՍԵՖ-ը մատնանշում է հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները Հայաստանում

Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների զգալի մասը հավատացած է, որ իրենց երեխան չի կարող դպրոց հաճախել. ՅՈւՆԻՍԵՖ

ՅՈւՆԻՍԵՖ-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված մամլո ասուլսի ժամանակ հայտարարեց իրենց կողմից իրականացված հետազոտության արդյունքները և մատնանշեց հաշմանդամություն ունեցեղ երեխաների խնդիրները Հայաստանում.

«Հայաստանում հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից մեկը բոլորովին դպրոց չի հաճախում. գյուղական վայրերում այդ թիվն ավելի բարձր է. 4 երեխայից մեկը չի հաճախում դպրոց:  Այդ երեխաների ծնողների 51 %-ը մարզերում և 36 %-ը Երևանում հավատացած է, որ իրենց երեխաները չեն կարող դպրոց հաճախել:

Հայաստանում աղքատության մեջ է ապրում բնակչության 35%-ը. հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում այդ թիվը կազմում է 65 %»,- նշեց ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիտ Արենսը:

Համաձայն ՅՈւՆՆԻՍԵՖ-ի «Խոսքը ներառման մասին է» զեկույցի` հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր 6 երեխայից մեկն ապրում կամ սովորում է մանկատանը կամ հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցում: Հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում ընկերներ ունենալու և համայնքային կյանքի միջոցառումներին մասնակցելու հավանականությունը քիչ է. 12 %-ն ընդհանրապես ընկերներ չունեն, 33 %- չի մասնակցում իրենց համայնքում կազմակերպվող միջոցառումներին: ՅՈւՆԻՍԵՖ-ն իր հետազոտության արդյունքում պարզել է, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաներին և իրենց ընտանիքներին մատուցվող ծառայությունների հսկայական պակաս կա: Հաշմանդամություն ունեցող երեխաների 81 %-ը բացի հաշմանդամության համար սահմանված 18 հազար 200 դրամ թոշակից որևէ սոցիալական ծառայություն չի ստանում:

ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը նշեց նաև, որ չնայած բոլոր խնդիրներին Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել. այսօր հաշմանդամություն ունեցող 8000 (ոչ պաշտոնական տվյալներով` շուրջ 12000) երեխաներից 1700-ը սովորում են մոտ 100 ներառական դպրոցներում: Կան նաև 4 ցերեկային խնամքի կենտրոններ, որոնք գործում են Տավուշի մարզում. դրանք մասնագիտացված ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող մոտ 600 երեխաների:

Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները պատշաճ կերպ իրականացնելու համար ՅՈւՆԻՍԵՖ-ը քարոզում է հաշմանդամության բացահայտման և գնահատման ընթացակարգերի բարելավումը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը նշեց, որ կառավարությունն օրենքի մեջ փոփոխություն է մտցնելու, որպեսզի պաշտպանվեն ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլ նաև հատուկ խնամքի կարիք ունեցող, բայց հաշմանդամության կարգ չունեցող երեխաների իրավունքները. ըստ գործող օրենքի այժմ Հայաստանում հաշմանդամություն ունենալը պայմանավորված է կենսագործունեության սահմանափակությամբ: Նոր օրենքի համաձայն՝ որպես չափորոշիչ նախատեսվում է կիրառել նաև երեխայի ակտիվության և մասնակցության չափը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter