HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Դրսում «վստահություն» մուրացողները

Նոյեմբերի 30-ին, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին և Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը ժամանում էին Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք ԵԺԿ արևելյան գործընկերության երկրորդ համաժողովին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախապատրաստական աշխատանքներն էր կատարում Բրյուսել մեկնելու համար:

Դա պատասխան քայլ էր, որով Գագիկ Ծառուկյանը անուղղակի հասկացրեց, որ ԵԺԿ-ի համաժողովը լիարժեքորեն ընկալում է որպես Սերժ Սարգսյանի նախագահական ընտրարշավի խոշորամասշտաբ PR միջոցառում՝ գործող նախագահին Արևմուտքի լիակատար աջակցությունը ընտրազանգվածի գիտակցությանը տեղ հասցնելու համար: Բայց այդ քայլով Գագիկ Ծառուկյանը նաև անուղղակիորեն հաստատեց, որ ինքը տանուլ է տվել ոչ միայն այդ, այլ նաև ռուսական «ֆրոնտում», որտեղից սատարելու համարժեք ազդակներ չստանալու պատճառով էլ հենց նորից հայացքը Բրյուսելին է հառել:

Դա էր պատճառը, որ հապճեպորեն մշակվեց Ծառուկյանի բրույսելյան այցը՝ առանց փոքրիշատե հասկանալի դարձնելու, թե ի վերջո ի՞նչ է կորցրել այնտեղ ԲՀԿ ղեկավարը, ի՞նչ արդյունքներ է ակնկալում այդ այցից, և վերջապես այդ ակնկալիքներն անձնապես ի՞ր համար են, իր բիզնեսի՞, ԲՀԿ-ի՞, թե՞ երկրի:

Անցած տարի ԵԺԿ-ն մեծ շուքով իր շարքերն ընդգրկեց հայտ ներկայացրած հայաստանյան 4 կուսակցությունից երեքին՝ ՕԵԿ-ին, «Ժառագությանը» և հատկապես իշխող ՀՀԿ-ին: Մերժվեց միայն ԲՀԿ-ի հայտը, որն, ի դեպ, ոչ միայն մնացածներից շուտ էր դիմել, այլև այդ նպատակով նույնիսկ դրանից 3-4 ամիս առաջ իր ծրագրային հիմնադրույթներում ու կանոնադրության մեջ փոփոխություններ էր կատարել՝ դրանք համապատասխանեցնելով ԵԺԿ-ի չափորոշիչներին ու պահանջներին:

ԲՀԿ-ն մերժվեց՝ ոչ միայն ակնհայտ ռուսամետ կողմնորոշում ունենալու, այլև Եվրոպայում «պերսոնա նոն-գրանտա» հռչակված Բելառուսի նախագահի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ անձնական ու տնտեսական «քիրվայության» համար:

Մերժումից հետո անցած 1-1,5 տարվա ընթացքում ԲՀԿ-ն եվրոպական արժեքների որդեգրման, վերափոխման ուղղությամբ ոչ մի քայլ չի իրականացրել: Այն ոչ թե փորձել է ապացուցել իր նվիրվածությունը Եվրոպական արժեհամակարգին, այլ արել է ճիշտ հակառակը՝ հնարավորինս ընդգծել է իր գրեթե գենետիկ անհամատեղելիությունն այդ աշխարհըմբռնմանը և մշակույթին:

Հայաստանյան կուսակցություններից ԲՀԿ-ն միակն էր, որ առանց այլևայլությունների, գրեթե միարժեքորեն պաշտպանեց ԵՎՐԱԶԵՍ-ի հենքի վրա Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու և դրան Հայաստանի միանալու պուտինյան գաղափարը: Մի գաղափար, որը Բրյուսելում ընկալում են որպես Եվրամիությանը հակակշռելու և դրան հետխորհրդային երկրների ու հատկապես Արևելյան գործընկերության մաս կազմող վեց պետության հետագա ինտեգրացիան խափանելու միջոց:

Ըստ էության, Ծառուկյանը Բրյուսել է գնացել՝ ոչինչ չունենալով ոչ առաջարկելու եվրոպացիներին, ոչ էլ ստանալու: Ինչպես նախկինում էր ԲՀԿ-ն ԵԺԿ-ին միանալու հայտը ներկայացնում՝ զուտ իր տձև նեոբոլշևիկական էությունը եվրոպական պաստառով ծածկելու համար, այնպես էլ հիմա, այսինքն՝ դա գալիս է ոչ թե վերափոխվելու ներքին անհրաժեշտության գիտակցումից, այլ պարզապես մարտավարական նկատառումներից: Հակառակ դեպքում Գագիկ Ծառուկյանն առնվազն Բրյուսել պետք է գնար ոչ թե իբրև ԲՀԿ-ի սեփականատեր, այլ որպես դրա սովորական ղեկավար:

Չի բացառվում, որ Ծառուկյանը Բրյուսելից կգա ինչ-որ եվրաէմիսարների, չինովնիկների հետ հանդիպումների մասին հարուստ կամ աղքատիկ տեղեկատվությամբ: Սակայն դա ոչինչ չի կարող փոխել: Որովհետև իրավիճակը հասել է այն մակարդակին, որ մինչ Ծառուկյանն է վազում «բրյուսելներ», Բրյուսելն ինքն է Բարոզուի ու Մարթենսի կերպարանքով գալիս Հայաստան՝ գործող վարչակազմին իր անվերապահ աջակցությունը հայտնելու:

Եվրամիությունը եկավ Հայաստան՝ պնդելու, որ անկախ Հայաստանի քաղաքացիների կատարած ընտրությունից, դեռ ընտրությունները չմեկնարկած, արդեն իսկ ճանաչում է Սերժ Սարգսյանի հաղթանակը: Վերապահում, իհարկե արվում է. եթե գործող նախագահը չկատարի ամենաժողովրդավարական հերթական ընտրություններն անցկացնելու անվան տակ անցնցում ու առանց լուրջ ռեզոնանսների իր վերընտրվելու խոստումը, Հայաստանը չի տեսնի այն ֆինանսական օգնությունը, որը համեղ պատառի նման պտտեցնում են ֆինանական նոր ներարկումների ծայրահեղ անհրաժեշտության առջև հայտնված մեր երկրի իշխանությունների աչքերի առաջ: Եվ Սերժ Սարգսյանը, ինչ գնով էլ լինի, պետք է հենց նման ընտրություններ անցկացնի:

Նրա հնարավորությունները չափազանց մեծ են: Ավանի և Գյումրու մեծամասնական ընտրատարածքներում կայացած Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունները փարատեցին բոլոր կասկածները. իշխանությունը կարող է ինքն իր համար ստանալ ցանկացած այնպիսի արդյունք, որը հարմար կհամարի: Բայց ամենակարևորը՝ չի լինի որևէ ուժ, որը կկարողանա վիճարկել այդպիսի ընտրությունների արդյունքները, որովհետև չի ունենա ընտրախախտումների մասին վկայող և ոչ մի առարկայական ապացույց:

Եվրոպային ոչ թե ժողովրդավարական, այլ անցնցում ընտրություններ են պետք, ինչը հավասարազոր է նրան, որ Բրյուսելին ոչ թե ժողովրդավարական կամ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա խարսխված Հայաստան է անհրաժեշտ, այլ կայուն, կանխատեսելի և հարմարվողական: Պետք է մի պետություն, որը ոչ թե իր պետական շահերով է առաջնորդվում, այլ միջազգային հանրությանը համակարծիք լինելու առաջնայնությամբ: Այլ կերպ ասած՝ Եվրամիությունը Հայաստանում ժողովրդավարության պատրանք, կեղծ եվրոպական արժեհամակարգ է ստեղծում, իսկ դա պահանջում է, որ Սերժ Սարգսյանը ևս մեկ շրջան մնա նախագահական աթոռին, որովհետև նրանից լավ ոչ ոք այդ խնդիրը լուծել չի կարող:

Առավելևս, երբ Հայաստանում չկա որևէ այլընտրանքային ուժ, որը կարող է հանրային մոբիլիզացման բավարար ռեսուրս ունենալ և միաժամանակ բավարար վստահելի լինել: Այս հարցում ԵՄ-ի, ԵԽ-ի և Հայաստանի իշխանությունների միջև կա լիակատար փոխըմբռնում: Հանրապետական կուսակցությունը նեքուստ նույնքան անհամատեղելի է ժողովրդավարական արժեքների ու մշակույթի հետ, որքան ԲՀԿ-ն: Այն նույնքան նեոբոլշևիկյան է, որքան ԲՀԿ-ն: Բայց երկուսի համար կեղծ ժողովրդավարությունն այն ճահիճն է, որտեղ կարող են լողալ սրտների ուզած չափով:

Դեկտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Այնտեղ է լինելու նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ում հետ Սերժ Սարգսյանը հանդիպելու է առանձին: Դա նրա համար առանձնակի կարևորություն ունի. մի կողմից ԵԺԿ-ական համաժողովի և դրա ընթացքքում արված շեշտադումների ազդեցությունը մեղմելու, իսկ մյուս կողմից՝ վերջապես Պուտինից Հայաստան այցելելու համաձայնությունն ստանալու համար, որն իր նշանակությամբ Սերժ Սարգսյանի համար պակաս կարևոր չէ, քան Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուի կայացած այցը:

Եթե դա նրան հաջողվի, ապա ի վերջո կկարողանա վերածվել «բոլոր կենտրոնների նախընտրելի» նախագահացուի: Հարցն այն է՝ բավարա՞ր է դա արդյոք նաև Հայաստանի քաղաքացիների նախընտրելի նախագահացու լինելու համար, կամ ընդհանրապես այդպիսին լինելու խնդիր գործող նախագահը դնո՞ւմ է իր առջև, թե՞ ոչ:

Անկախ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի ընտրած մարտավարությունից՝ երկուսն էլ փաստացի փորձում են վստահություն և հենման կետ գտնել դրսում: Տվյալ դեպքում էական չէ՝ Բրյուսելո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, թե՞ Վաշինգտոնում: Էականն այն է, որ Հայաստանի երկու ամենաազդեցիկ կուսակցության, ընդհանուր առմամբ «քաղաքական էլիտայի» համար դրսից ստացած «դաբրոն» ավելի մեծ նշանակություն ունի, քան սեփական ժողովրդին ապավինելը: Որքան էլ սա արհամարհանք լինի սեփական ժողովրդի նկատմամբ, օրինաչափ է. հնարավոր չէ հարգել մի ընտրազանգվածի, որին արդեն «հաճախորդ» են դարձրել:

Մեկնաբանություններ (13)

Մազմանըան Մարիամ
հարգելիներս, հերիգ չի ոչինչ չասող, անիմաստ ,ինքներդ ձեզ վարկաբեկող հրապարակեք... հանգստացեք, ու վերջիվերջո ընդունեք այն պարզ ճշմարտությունը, որ Գագիկ Ծառուկյանը հարգանք և ժողովրդականություն է վայելում ոչ միայն Հայաստանում այլև միջազգային հեղինակավոր ասպառեզներում:
Mane
Ժող. նյութը կարդում եմ ու մտացում, սա ինչ է??? մի թե ՀՀԿ-ն ընկճախտի մեջ է ու փրփուրներից է կախվում??? Հասկանում ենք բոլորս էլ, որ Գագիկ Ծառուկյանը եթե դնի իր թեկնածությունը, ապա ՀՀԿ-ն անելիք չի ունենա անելու: Իշխանություն է ներկայացնում սակայն Գ.Ծառուկյանը այնքան բան է արել, որ մինչև հիմա դրա գոնե 50% չի արել լինելով իշխանություն
Կարեն
Ինձ ուղակի մի բան ա հետաքրքրում...էս նյութի հեղինակը պայծառատես ա թե ոչ...եթե այո ու իրականում մեր հասարակությունը հասել է էն աստիճանի, որ նման երևույթների ենք սկսել հավատալ, ապա ողբամ զքեզ ով ազգ իմ հայոց, եթե ոչ, ինչին ես ավելի հակված եմ, կարծում եմ սա հերթական, մարդկանց հիվանդ երևակայության պորթկումն է...ինչևէ մի բան խորհուրդ տամ, չեմ ուզում երկար մեկնաբանել, թե չէ շատ բան կասեմ նյութի հեղինակի ինտելեկտի մասին, իսկ դա կարծում եմ կվիրավորի իրեն, չնայած դառը իրականությունը միշտ էլ ցավոտ ա լինում, հարգելի նյութի հեղինակ, լավ կանեք Ձեզ արդար լրագրողի կարգավիճակում պահել, թե չէ ծախված լինելը էնքան էլ պատիվ չի բերում թե Ձեզ թե Ձեր կայքին. Շնորհակալություն.
Սերոբ
Կպատասխանեմ Մանեի հարցին. Մանե ջան այս նյութը գրվել է պարապությունից, ոչինչ չասող և միաժամանակ հայ ժողովրդի գիտակցության մեջ գամվող այս նյութը պարզապոս ՀՀԿ կուսակցության PR է հանդիսանում, եթե ԲՀԿ-ի մասին ժողովուրդը խոսում է ստույգ գործերի միջոցով, ապա ՀՀԿ-ն ուրիշ բան ու գործ չունի, այդ իսկ պատճառով գրվում են նմանատիպ հոդվածներ.........
Լուսինե
Էլի ԲՀԿ-ի երիտթեւը ակտիվացել է: Բավական է հոդվածի ետեւում պատվիրատուի ականջներ փնտրեք:
Գագո
Հետք, ընկար PR գրասենյակի ջահելների ձեռը, ավելի ճիշտ ջահելի ձեռը, նկատում եք գրելու ոճի նմանությունը, օգտագործած արտահայտությունները, գրելաձըևը, բալիկներ ջան, մի խառնվեք իրար, մարդը շատ խորը վերլուծությունա արել, մի հատ խելքներտ հավաքեք, աշխարհի վերջը չի.վերջնականապես էս երկիրը կործանման ու խայտառակելու եք տանում. ինչ ընդհանրություն կարող են ունենալ եվրոպական արժեքներն ու Ծառուկյանը, էդ Ֆ կարգի պաշտոնյային որտեղից են եռնկառնացիա արել.
Gayane
Որքան արժեզրկվել է «էլիտա» բառը:
Կարինե
սարսափելին գիտեք ինչն է, այս զոմբիացված երիատսարդները . որոնք մի ամսը եթե ճիշտ եմ հասկանում ուսանողներ են. Մի տեսեք ով է սրանց կուռքը, մի տեսեք առաջնորդի ինչ տեսակի են երկրպագում էս մարդիկ, տեսել եք երբ առաջնորդը մտնում սրանցով լցված դահլիճ, ինչ է կատարվում էդ դահլիճում. Այո մեր երկրում իսկապես առաջնորդների պակաս կա, գործող առաջնորդներն էլ չեն արդարացնում ժողովրդի սպասումները, բայց միթե դա պատճառ է եվրոպային մոտենալու փոխարեն մոտենալ Թուրքմենիային
Gagik
Տրամաբանությունից զուրկ մեկնաբանություն.........Հերթական ծախված լրագրողը:Երևի ձեր նման մարդկանց ձեռնատու է հայաթափության այս ահագնացող տեմպերը:ԱՄՈԹ Է:
մարզի բնակիչ
Էս հոդվածը գրողին չի հուզում ոչ ահագնացող արտագաղթը, ոչ ահագին թվով մարդկանց թշվառությունը, ոչ սովորական բազմահազար թոշակառուների մոլորված վիճակը;Թոշակառուներ, որ հույս ունեին, թե այս նոր տարում գոնե որոշ չափով կբարձրանան իրենց աղքատիկ թոշակները; Նա իր հասանելիքը ստացել, պատվերը կատարել է; վերջ...
Կարինե
Gago ev Մառզի բնակիչ-Էդ ահագնացող արտագաղթը, թշվառւթյունը,թոշակառուների մոլորվելու պատճառը մեր երկրի կլանաօլիգարխիկ համակարգն է, որի ամենացայտուն ներկայացուցիչներից մեկը Ծառուկյաննն է, որ իր հովանավորի ՝ Քոչարյանի ժամանակ, գուղցե նաև հիմա , իր նմանների հետ , առանց հարկ ու մաքս մուծելու կուտակում էր ու կուտակում, դրա պատճառով ժթղովուրդը թշվառացավ, թոշակառուն մոլորվեց և սկսվեց արտագաղթը. երևի սպասում եք որ կբացվեն ձեր առաջ կերակարատաշտին մոտ լինելու հեռանկարները, ամոթ է, էս ժողովրդին կրակից մի գցեք ջուրը և լռեք գոնե
ընթերցող
Հարգելի նախորդ մեկնաբանությունը գրող, բա ինչու չես բացատրել, թե որքանով է կրակում այրվելը ջրում խեղդվելուց լավ??????????
GB
This become to my attention, that Armenia will become a very interesting country among ex-Soviet States, base on learning values of democracy and freedom of speech!!Keep it up Armenia, you are climbing the ladder and people will go with you!! Press freedom ranking among 179 countries: 77-Armenia 148-Turkey 104-Georgia 162-Azerbaijan 142-Russia

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter