HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնյաները նվաճել են Հրազդանի կիրճը

«Ինձ անհասկանալի է Հրազդանի կիրճի շուրջ բարձրացված աղմուկը: Այնտեղ որեւէ լուրջ բան չի կառուցվել: Մի քանի օբյեկտներ էկոլոգիային չեն կարող վնասել»,- կիրճի շինություններին վերաբերող հարցին այսպես պատասխանեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Այսօր Հրազդանի կիրճում գործող օբյեկտների քանակի եւ օրինականության մասին քաղաքապետարանը առայժմ տեղեկատվություն չի տրամադրում: Փոխարենը գլխավոր ճարտարապետը փորձում է համոզել, որ օբյեկտների անօրինականության հարցը բարձրացնելով` էկոլոգներն այլ խնդիր են լուծում: Հրազդանի կիրճն, ըստ Նարեկ Սարգսյանի, ապականվել է դեռեւս հետպատերազմյան տարիներին,երբ բազմաթիվ արտադրական օբյեկտներ են կառուցվել: Ահա թե որտեղ պետք է որոնել բարձրացված հարցի լուծումը, հուշեց գլխավոր ճարտարապետը: Հրազդանի կիրճի կարգավիճակը վերջնականապես լուծել նա խոստանում է Երեւանի նոր հատակագիծն ավարտելուց հետո: Կիրճի ճակատագիրը որոշելիս` հաշվի է առնվելու 15 տարի առաջ ճարտարապետ Ֆրիդոն Ասլանյանի նախագիծը` այն համապատասխանեցնելով այսօրվա շուկայի պահանջներին: Ըստ այդ նախագծի կիրճում պետք է կառուցվեր ճոպանուղի, մարզական կենտրոններ, բացօթյա սրճարաններ, այդտեղով էր անցնելու Կիեւյան կամրջին հարող մետրոյի կանգառը: Կիրճով պետք է անցներ նաեւ Երեւանի մայր կոյուղին, որը միանգամից կլուծեր այստեղ եղած բոլոր օբյեկտների կոյուղաջրերի խնդիրը:

Հրազդանի կիրճում նախատեսված էր կառուցել անգամ գերեզմանոց: Իհարկե, սա Ֆ. Ասլանյանի նախագիծն է, եւ այսօր Ն. Սարգսյանի համար այն ամբողջովին ընդունելի չէ: Գլխավոր ճարտարապետը պնդում է, որ իր պաշտոնավարության ընթացքում կիրճը չի վնասվել, որեւէ ապօրինի շինություն չի կառուցվել, քաջ գիտակցելով, որ այս հայտարարությամբ հակադրվում է իր վերադասին` քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին:

Հիշեցնենք, որ վերջերս քաղաքապետ Ռ. Նազարյանը հեռուստատեսությամբ հայտարարեց. «Իմ պաշտոնավարության ընթացքում Հրազդանի կիրճում որեւէ հողահատկացում չի կատարվել, բոլոր շինություններն ապօրինի են»: Նարեկ Սարգսյանին այլ բան չի մնում, քան հակադրվել քաղաքապետին, որովհետեւ ապօրինությունների հեղինակն ինքն է: Այսօր աղմուկ բարձրացրած շինությունների հողահատկացումները հիմնականում եղել են քաղաքապետ Ալբերտ Բազեյանի պաշտոնավարության ընթացքում` 1999 թ-ից, իսկ Ն. Սարգսյանը քաղաքի գլխավոր ճարտարապետն է այդ տարիներից:

«Շինությունների կառուցման հարցում գլխավոր ճարտարապետի դերն անհամեմատ ավելի մեծ է, քան քաղաքապետինը, նա է պատասխանատու յուրաքանչյուր մետր հողի վրա կառուցվող շինության օրինականության համար»,- մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին քաղաքապետ Ա. Բազեյանը, ավելացնելով, որ որեւէ ապօրինի հատկացում իր կողմից չէր կարող կատարվել: «Քաղաքացին դիմում էր քաղաքապետարան` հողահատկացման, կամ տարածքն ընդլայնելու դիմումով: Բոլոր համապատասխան մարմիններից դրական պատասխան ստանալուց հետո միայն ես ստորագրել եմ որոշման տակ: Շինարարության օրինականության համար պատասխանատու է ոչ թե քաղաքապետը, այլ գլխավոր ճարտարապետը: Եթե փաստեր կան, որ ապօրինություն է տեղի ունեցել, ինչ-որ բան այնպես չի եղել, թող դիմեն դատարան»,- ասաց Ա.Բազեյանը:

Առաջին հողահատկացումները Հրազդանի կիրճում

Վահագն Խաչատրյան. Երեւանի քաղաքապետ(1992-96թթ): «Իմ պաշտոնավարության ընթացքում հողահատկացում չի կատարվել: Կիրճն այսօր հանգստի վայր չէ, այն վերածվել է ռեստորանային համալիրների շարքի, որոնց կոյուղաջրերը լցվում են գետն ու այն ավելի ապականում: Վիճակը սարսափելի է»:

Վարդան Հարությունյան. քաղաքապետարանի Հողի, գույքի եւ ունեցվածքի վարչության պետ (1996-97թթ): «Ես աշխատել եմ քաղաքապետ Վանո Սիրադեղյանի պաշտոնավարության ընթացքում: Այդ տարիներին կիրճում հողհատկացումներ ընդհանրապես չեն եղել: Մեր առաջ կանաչապատման խնդիր էր դրված»:

Գուրգեն Մուշեղյան. Երեւանի գլխավոր ճարտարապետ (1982-89թթ, 1996թ): «Հողահատկացում եւ շինարարության թույտվություն իմ օրոք չի եղել: Այդ ժամանակ կիրճում սննդի սպասարկման 2 օբյեկտ կար` «Փարվանան» ու «Հրազդան» մարզադաշտի ճաշարանը: Հանգստի գոտում որոշ քանակությամբ սպասարկման օբյեկտներ պետք են, բայց դրանց պետք չէր թույլ տալ այդքան գետին մոտենալ»:

Հողահատկացման գործընթացը սկսվել է քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի օրոք (1998-99թթ): «Իմ օրոք 2 հողահատկացում է եղել 300 քմ եւ 500 քմ, սակայն գլխավոր ճարտարապետի` Համլետ Խաչատրյանի կողմից շինարարություն սկսելու թույլտվություն չի եղել: Ես նրա առաջ խնդիր էի դրել քաղաքաշինական նշանակություն ունեցող տարածքները չփչացնել, երեւանցուն ձորից չօտարել: Այսօր կիրճին սպառողի հոգեբանությամբ են մոտենում: Իմ ժամանակ էլ են ճնշումներ եղել, սակայն քաղաքապետի ամենակարեւոր հատկանիշը պետք է լինի սրան-նրան չհաճոյանալը»:

Համլետ Խաչատրյան. Երեւանի գլխավոր ճարտարապետ (1997-2000թթ): «Իմ ժամանակ 2 հատկացում է եղել 300 քմ եւ 500 քմ` դեմ-դիմաց բացօթյա սրճարաններ կառուցելու համար: Սակայն տարածքների տերերից միայն մեկն է շինարարություն կատարել»: Հ. Խաչատրյանի նշած տարածքում կառուցվել է «Մոնտե-Քրիստո» ռեստորանային ամրոց-համալիրը: Այն բնականաբար 500 քմ չէ: Տարածքն ընդլայնվել է քաղաքպետ Ալբերտ Բազեյանի օրոք եւ դարձել 1850 քմ:Ա. Բազեյանի եւ Ն. Սարգսյանի օրոք են տեղի ունեցել նաեւ Հաղթանակի կամրջից մինչեւ Կիեւյան կամուրջն ընկած տարածքում աչքի ընկնող օբյեկտների հողահատկացումները: Եւ հենց այս օբյեկտներն է քաղաքապետ Ռ. Նազարյանը համարում ապօրինի: Ն. Սարգսյանը հարցին այլ տեսանկյունից է մոտենում, բացատրելով, որ օբյեկտների տերերը ահռելի աշխատանք են կատարել, սակայն իրավաբանական փաստաթղթերի մի մասը ավարտին դեռ չեն հասցրել: Ն. Սարգսյանը նկատի ունի այն հանգամանքը, որ թեեւ Ռ. Նազարյանը օբյեկտների տարածքներն ընդլայնելու վերաբերյալ դրանց տերերի դիմումները մերժել է, սակայն նրանք հարցը որոշել են լուծել այլ կարգով: Թե «Գեղամա» եւ թե «Մոթել» համալիրների տերերը դիմել են դատարան, որն էլ նրանց կառույցները ճանաչել է օրինական: Այս երկու օբյեկտներն էլ իրենց տարածքներն ընդլայնել են առանց համապատասխան թույլտվության, եւ նոր դիմել դատարան: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, ճանաչելով հայցվորի սեփականության իրավունքը, քաղաքպետարանին «պարտադրել է» «Գեղամա» ռեստորանային համալիրին պատկանող 500 քմ տարածքին ավելացնել եւս 680 քմ, որի վրա առանց թույտվության «Գեղամայի» տնօրինությունը արդեն ապօրինի շինարարություն էր իրականացրել:

Նույն քաղաքականությամբ է առաջնորդվել «Մոթել» հյուրանոցային համալիրի տնօրինությունը: Դատական կարգով օրինական է ճանաչվել նաեւ «Մոթելի» հարեւանությամբ կիսկառույց նավը: Այս կառույցների ապօրինության վերաբերյալ քաղաքապետ Ռ.Նազարյանի վրդովմունքը մի փոքր կասկած է ներշնչում, քանի որ օբյեկտները օրինական են ճանաչվել միայն առաջին ատյանի դատարանի կողմից: Քաղաքապետը թույլ է տվել, որ վճիռները օրենքի ուժ ստանան` 15 օրվա մեջ չի բողոքարկել վերին ատյաններ:

Ովքեր են հայտնի օբյեկտների տերերը

Քաղաքապետարանը շարունակում է խնամքով թաքցնել Հրազդանի կիրճում աչքի ընկնող օբյեկտների տերերի ինքնությունը: «Հետաքննող լրագրողների ընկերակցությունը» համապատասխան մարմիներից որեւէ պաշտոնական տեղեկատվություն դեռ չունի` չնայած բազմաթիվ նամակներ է հղել: Այս տարվա ապրիլի 17-ին ընկերակցությունը դիմել է քաղաքապետ Ռ. Նազարյանին. «Խնդրում ենք տեղեկացնել, թե կիրճի երեւանյան հատվածում քանի օբյեկտ է գործում, նրանցից քանիսն են ապօրինի կամ օրինականացման ճանապարհին: Արդյո՞ք կան նոր օբյեկտներ կառուցելու թուլտվություններ, եթե այո` քանիսն են եւ որտեղ»: Գործող օրենսդրության համաձայն, քաղաքապետարանի նշված վարչությունը մեկ ամսվա ընթացքում պետք է պատասխաներ նամակին: Պատասխանի փոխարեն ընկերակցության նամակը ուղարկվել է «Հրազդանի կիրճ» ՓԲԸ: Նորաստեղծ այս կառույցը, որն առանձնապես որեւէ լծակ չունի, գրավոր տեղեկացրել է. «Հայտնում եմ, որ Հրազդանի կիրճի հետ կապված հարցադրումների վերաբերյալ «Հրազդանի կիրճ» ՓԲԸ-ն քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը տեղեկատվություն չի տրամադրել»:

Ի տարբերություն պաշտոնական աղբյուրների` հասարակության մեջ պտտվող լուրերը հիմնականում համապատասխանում են իրականությանը: Համաձայն այդ լուրերի «Մոնտե-Քրիստո» ռեստորանային համալիրի տերը քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Լեւոն Հարությունյանն է.«Այո, այս օբյեկտն իմն է: Անձամբ չեմ լսել քաղաքապետի այն հայտարարությունը, թե բոլոր օբյեկտներն անօրինական են, բայց կարող եմ ապացուցել, որ իմ կառույցը օրինական է: Գտնում են, որ նման օբյեկտներ ձորում կարելի է կառուցել: Մենք ամեն տարի փուլառփուլ առաջ ենք գնում»: Լ.Հարությունյանը ներկայացրեց իր կառույցին վերաբերող բոլոր փաստաթղթերը:

Նրա հավաստմամբ շինարարության ընթացքում որեւէ ծառ չի հատվել, կոյուղաջրերի եւ աղբի համար ստեղծված են հատուկ հորեր, գետը լցվող միակ ջուրը ջրավազանինն է, որն գետի ջրից անհամեմատ մաքուր է: «Մոնտե-Քրիստոյի» նկատմամբ իր վերաբերմունքը չի թաքցնում գլխավոր ճարտարապետը` Ն. Սարգսյանը: Ինչպես պարզվեց հետագայում, նա «Մոնտե-Քրիստոյի» շինարարության համար արտոնյալ պայմաններ է ստեղծել, ազատություն է տվել կառուցապատման ընթացքում եւ այսօր իր բոլոր հյուրերին այնտեղ է հրավիրում: Նույն «Մոնտե-Քրիստոյի» մասին այլ կարծիքի է նախկին գլխավոր ճարտարապետ Հ. Խաչատրյանը. «Աշխարհի ոչ մի ազգ ձորի ցածր տեղում ամրոց չի կառուցում, իսկ մեր Մոնտե-Քրիստոն չգիտես ինչու հայտնվել է ձորի ամենացածր վայրում»:

Աչքի ընկնող եւ այցելուներով հարուստ օբյեկտներից է նաեւ «Գեղամա» ռեստորանային համալիրը: Այստեղ են այցելում գրեթե բոլոր բարձրաստիճան զինվորականները: Բացի ռեստորանից, համալիրը նաեւ գարեջրատուն ունի: Պտտվող լուրերի համաձայն, այն պատկանում է Ռազմական ոստիկանության պետի տեղակալ Ռազմիկ Խանզրադյանին: Հեռախոսազրույցի ընթացքում պարոն Խանզրադյանը չհերքեց իր կապը ռեստորանի հետ, սակայն նշեց, որ տերը ոչ թե ինքն է, այլ հարազատ եղբայրը` Խաչիկ Խանզրադյանը:

«Գեղամայի» հարեւանությամբ է գտնվում «Մոթել» հյուրանոցային համալիրը: Տարածքներն ընդլայնելու հարցում «Գեղամայի» ու «Մոթելի» անցած ճանապարհը նույնն է: Սակայն «Մոթելի» ծառայությունները մի փոքր տարբերվում են: Սա միակ հյուրանոցային համալիրն է: Այցելուի ինքնությունն այստեղ գաղտնի է մնում: Այցելուն «Մոթել» է մտնում մեքենայով եւ միանգամից բարձրանում երկրորդ հարկ: Այցելուն մեկուսացված է շրջակա բնությունից եւ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում իրեն կանաչ գոտում զգալ չի կարող: «Մոթելի» եւ նրա հարեւանությամբ կառուցվող «ձորում մխրճված» նավի տերը, ըստ բավականին վստահելի աղբյուրների, հայտնի գործարար Արայիկ Հայրապետյանն է (Լավանդայի Արայիկը):

Ա.Հայրապետյանը մեզ տեղեկացրեց, որ վերջին շրջանում, ընդհանրապես սովորություն է դարձել, իր բոլոր հարազատների ունեցվածքներն իրեն վերագրել: «Մոթելն ու նավը իմ քրոջ որդունն են` Տիգրան Հարությունյանինը».- ասաց նա: Կիրճում տիրող վիճակն առանձնապես չի անհանգստացնում բնապահպանության նախարարությանը: Փոխնախարար Արտաշես Կիզիրյանը վերջերս ասուլիսում իր «անհանգստությունն» այսպես արտահայտեց .«Ես չեմ գտնում, որ այդ օբյեկտները պետք է քանդել եւ չեմ կարծում, որ գտնվի մի մարդ, որի ձեռքը գնա եւ քանդի այդ կառույցները»:

Նշված այս բոլոր կառույցներն այսօր էլ շարունակում են ընդլայնվել: Հատկապես կեսգիշերից հետո կյանքը Հրազդանի կիրճում «եռում» է: Միամտություն կլինի կարծել թե քաղաքապետի կամ որեւէ մեկի, ասենք հանրապետության նախագահի հայտարարությամբ, ինչ-որ մեկը կհամարձակվի դրանք քանդել ու վերականգնել ձորի երբեմնի տեսքը: Առավելեւս, որ «քանդողները» այդ օբյեկտների մշտական հաճախորդներն են:

Մեկնաբանություններ (1)

Բ.Ռ.Ս.
ԱՌԱՋԱՐԿ------Էկեք Հրազդանի կիրճը ամբողջությամբ երեսապատենք պարսկական սալիկներով----------ԿԱՏԱԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter