HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչու է Ադրբերջանը խոսում ԼՂ միայն խաղաղ կարգավորման մասին

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կայանալու է 2013 թ. հունվարին: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դրա համաձայնությունը տվել են Դուբլինում այս օրերին ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանի շրջանակներում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետ առանձին հանդիպումներից հետո: Թե կոնկրետ երբ ու որտեղ է լինելու արտգործնախարարների բանացկությունների հերթական ռաունդը, դժվար է ասել:

Նախորդ շաբաթ հակամարտության գոտի կատարած այցից հետո համանախագահներն իրենց ամփոփիչ հայտարարության մեջ նշել էին, որ կողմերը համաձայնել են բանակցային գործընթացը շարունակել արտգործնախարարների մակարդակով: Հաշվի առնելով անցած տարի ամռանը Կազանում կարգավորման հիմնարար սկզբունքների ստորագրման տապալումից հետո հակամարտության գոտում լարվածության կրիտիկական մեծացումն ընդհուպ լոկալ բախումների ու դիվերսիոն հարձակումների մակարդակի, սա կարելի է համարել անցնող տարվա ընթացքում Մինսկի խմբի համանախագահների ամենամեծ ձեռքբերումը:

Դրանով նրանք փարատեցին միջազգային հանրության մոտ Ադրբեջանի գործադրած ջանքերի շնորհիվ հասունացող այն կասկածները, թե ՄԽ-ն և նրա հենքի վրա կառուցված բանակցային այս ձևաչափը կատարելապես սպառել են իրենց: Իսկ երբ նրանք այս տարվա հոկտեմբերին վերջին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին ներկայացրին կարգավորմանը կամ լարվածության թուլացմանն ուղղված նոր գաղափարներ, իսկ մեկ ամիս անց տարածաշրջանային այց կատարեցին՝ դրանց վերաբերյալ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի պաշտոնական դիրքորոշումներին ծանոթանալու համար, Բաքուն կորցրեց ՄԽ-ից ազատվելու՝ նրա անարդյունավետության շահարկման խաղաթղթից:

Ներկայումս Ադրբեջանին չի թողնվել որևէ այլ ելք, քան արտգործնախարարների մակարդակով բանակցությունների շարունակումը, ինչի մասին է վկայում նաև Հայաստանի և ԼՂՀ-ի հետ շփման գոտում վերջին շրջանում ռազմական սադրանքներից խուսափելու մարտավարությունը, հայական դիրքրերի գնդակոծման ինտենսիվության զգալի թուլացումը:

Պատահական չէ, որ Դուլբինում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ունեցած իր ելույթում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, կրկին առաջ քաշելով հանդերձ կարգավորման հիմնարար սկզբուքնների փաստթղթի ստորագրման փոխարեն միանգամից հաշտության մեծ պայմանագրի մշակման աշխատանքներն սկսելու գաղափարը, որը մերժվում է թե համանախագահների և թե հայկական կողմից, այնուամենայնիվ, ըստ «Ռեգնում» գործակալության, ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Մամեդյարովի սույն հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ ընդամենը շաբաթներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտում էր, որ եթե միջնորդները չկարողանան կամ չփորձեն Հայաստանին պարտադրել կոնֆլիկտի՝ իրենց համար ցանկալի լուծմանը, ապա Ադբեջանն իրեն իրավունք է վերապահելու դիմել ռազմական լուծման: Ադրբեջանի նախագահի նախկին և արտգործնախարարի ներկայիս մոտեցումների միջև առկա հակասությունը ոչ այնքան խոսում է տակտիկական նրբությունների մասին, որքան բացահայտում է Ադրբեջանի իսկապես անելանելի վիճակը:

Դուբլինյան խորհրդաժողովի շրջանակներում երեկ տարածվել է ԼՂ հիմնահարցի կապակցությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագող երկրների դիվանագիտական կորպուսների ղեկավարների՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Բեռնար Կազենևի համատեղ հայտարարությունը, որն աչքի է ընկնում հատկապես իր զսպողական նշանակությամբ: Նախ՝ նրանք հղումներ են կատարում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների 2009թ. լ’Աքուիլայի, 2010թ. Մուսկոկայի, 2011թ. Դովիլի և 2012թ. Լոս Կաբոսի հայտնի համատեղ հայտարարություններին, որոնցում շեշտվում է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հայտնի երեք սկզբունքների հիման վրա կարգավորելու անհրաժեշտությունը:

Դրանով հերթական անգամ փաստվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ընդհանուր առմամբ միջազգային հանրության համար, որպես կարգավորման  իրավական բազա, հիմք է հանդիսանում հենց Հելսինկյան եզրափակիչ ակտը, որտեղ տարածքային ամբողջականության, ժողովրդների իրավահավասարության և ինքնորոշման, ուժի և դրա սպառնալիքի անթույլատրելիության սկզբունքները դրսևորված են որպես իրավահավասար կատեգորիաներ:

Այսպիսով, գոնե այս փուլում արգելափակվում են 1992-93 թթ. ՄԱԿ-ի ընդունած հայտնի՝ էությամբ հայկական շահերը շրջանցող չորս բանաձևերը, և դրանց անընդհատ հղում կատարելու Ադրբեջանի փորձերը: Սա առավել քան թափանցիկ ակնարկ է առ այն, որ միջազգային հանրությունն արդեն առարկայորեն է համակերպվում ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի հետ:   

Հայտարարության մյուս կարևոր շեշտադրումն այն է, որ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է մարդկանց նախապատրաստեն այն օրվան, երբ պետք է նորից ապրեն որպես հարևաններ, այլ ոչ թե թշնամիներ՝ հարգելով միմյանց մշակույթը, պատմությունը և ավանդույթները»: Եթե նկատի ունենանք պատմական փաստերի աղավաղման և Հայաստանի տարածքի, մշակութային արժեքների նկատմամբ հավակնությունների համար պատմական արհեստական նախադրյալներ ստեղծելու՝ Ադրբեջանի նախագահի կողմից բացահայտորեն քաջալերվող փորձերը, դուբլինյան հայտարարությունը կարելի է ընդունել որպես առավելաբար հենց Բաքվին ուղղված զգուշացում: 

Դուբլինյան հայտարարությունը, սակայն, ևս մեկ ուշագրավ ենթատեքստ ունի: Բանն այն է, որ դրանում միջնորդ երկրներն ափսոսանք են հայտնում այն կապակցությամբ, որ չեն արդարացել խաղալ կարգավորմանն արագ հասնելու վերաբերյալ 2012-ի հունվարին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունից բխող ակնկալիքները, որի փոխարեն «կողմերը շատ հաճախ բանակցային գործընթացում փնտրել են միակողմանի գերազանցություն՝ չձգտելով գտնել համաձայնություն՝ հիմնված փոխըմբռնման վրա»:

Սոչիի այդ հայտարարությունը, սակայն, ոչ այնքան ուղղված էր խաղաղ կարգավորմանն արագորեն հասնելուն, որովհետև դրանից 6 ամիս առաջ Կազանում՝ ամենավճռական պահին արդեն Ադրբեջանը, մեզ համար բարեբախտաբար, տապալել էր փաստաթղթի ստորագրումը, այլ հատկապես երկու կողմերի միջև փոխվստահությանն ուղղված միջոցառումների ձեռնարկմանը, մասնավորապես հումանիտար կապերի ընդլայնմանը և շփման գծում արձանագրվող ողբերգական դեպքերի միջազգային հետաքննության մեխանիզմների մշակմանը:

Դրանց ավելի ուշ ավելավեց նաև փշման գծից դիպուկահարների հեռացման պահանջը: 2012-ի հուլիսին, սակայն, Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնապես հայտարարեց, որ իրենք հրաժարվում են դիմպուկահարներին ետ կանչել և մասնակցել հետաքննության մեխաիզմների մշակմանը՝ քանի դեռ հայկական կողմը իր զինված ուժերը չի հեռացրել «գրավված» տարածքներից:

Ակնհայտ է, որ «գերազանցության ձգտման» և բանակցությունները խափանելու դուբլինյան հայտարարության քննադատությունն ուղղված է առավելապես Ադրբեջանին:

Թե բանակցային գործընթացի ներկայիս զարգացումները, թե Դուբլինում արված հայտարարության բովանդակությունը ցույց են տալիս, ընթանում է Ադրբեջանին բանակցությունների շարունակմանը «կամավոր պարտադիրության» սկզբունքով հարկադրելու պրոցես: Դա հայկական կողմի համար ունի երկու նշանակություն: Նախ՝ այսպիսով զսպվում է պատերազմի վերսկսումը և միջազգային հանրությունը փորձում է հասնել նրան, որ Ալիևն ընդհանրապես մոռանա այդ տարբերակի մասին:

Երկրորդ՝ չնայած ստատուս քվոն փոխելու պահանջին՝ այնուամենայնիվ, հակամարտության կարգավորումից շեշտադրումները դեպի պատերազմի վերսկսման բացառումը տեղափոխությունը ինքնին նշանակում է առկա ստատուս քվոյի պահպանում: Ավելին՝ դրանով ստատուս-քվոյի պահպանման պատասխանատուն դառնում է ոչ թե Հայաստանը, այլ հենց Ադրբեջանը՝ կարգավորման բանակցությունները տապալելու միջոցով:

Սա աստիճանաբար հասունացնում է այն գաղափարը, որ ստսուս քվոն նույնիսկ անհրաժեշտություն է՝ թե ինքնին պատերազմի վերսկսումը բացառելու և թե հատկապես ԼՂ-ի բնակչության անվտանգությունը երաշխավորելու իմաստով: Սա հայկական կողմին առժամանակ ազատում է «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևի պարտադրանքին ենթարկվելուց և «պատերազմից խուսափման հեռանակար՝ կարգավիճակը զիջելու դիմաց» բանաձևով առաջնորդվելուց, որովհետև ուղղակիորեն աշխատելով Ադրբեջանին զսպելու վրա՝ թե ԵԱՀԿ ՄԽ-ն և թե միջազգային հանրությունն արդեն հստակ պատասխանատվություն են ստանձնում ռազմական լայնամասշտաբ գործողությունների ինչպես վերսկսման, այնպես էլ այն բացառելու համար:

Այնպես որ, ՄԽ-ն, ստանձնած այդ պատասխանատվությամբ, աստիճանաբար միջնորդից վերածվում է հակամարտության յուրօրինակ կողմի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter