HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անկախության 20 տարում Կաթնաղբյուրում որևէ հիմնախնդիր չի լուծվել (տեսանյութ)

Լոռու մարզի մոտ 1000 բնակիչ ունեցող Կաթնաղբյուր գյուղը գտնվում է Ստեփանավանից 18 կմ արևելք: Ստեփանավանից Կաթնաղբյուր տանող ճանապարհը գրեթե անանցանելի է: Կաթնաղբյուրցիներն ասացին, որ անկախության տարիներին գյուղի զարգացման որևէ հիմնախնդիր չի լուծվել: Կաթնաղբյուրը ջրառատ գյուղ է, սակայն գյուղացիների բնակարաններում ջուր չկա: Գյուղի կանայք դույլերով ջուր էին  կրում փողոցների ջրի ծորակներից:

Համայնքի նորընտիր ղեկավար Արթուր Սավթալյանն ասաց, որ գյուղի մոտ 350 հա վարելահողերի հազիվ 30%-ն է մշակվում: Գյուղացիների 80%-ն արտագնա աշխատանքի է մեկնում իրենց ընտանիքների գոյատևման համար: «Կաթնաղբյուրը ծերանոց է դարձել, երիտասարդները գնում են Ռուսաստան, արտասահման, ուր պատահի»,- ասաց երիտասարդ Ռաֆայել Հովհաննիսյանը:

Գյուղից հեռացել են նաև 77-ամյա Նազիկ Սարգսյանի 5 երեխաները: Ծեր կինը չի կարողանում այլևս պահպանել իր գոյությունը:

«Հինգ երեխա ունեմ, ամենքը մի երգրում են: Մեր գյուղի նման խեղճ գյուղ չկա»,- ասաց Նազիկ Սարգսյանը:

Կաթնաղբյուրը գազիֆիկացված չէ, անբարեկարգ են ներհամայնքային ճանապարհները: Գյուղացիները Կաթնաղբյուրի ծանր վիճակի համար մեղադրում են երկրի նախագահին:

«Քյասիբ գյուղ, ամեն ինչից զրկունք, ոչ մի բան էլ չունենք: Աստծո եսիր ու գերին ենք: Սերժ Սարգսյան զուտ մեր գյուղին չէ նայել: Ամոթ է: Գոնե մեր գեղին բան չըրէցին, որ ասենք`էս մի բան ըրեցին: Ամենաեսիր գյուղն է մեր գյուղ, որովհետև չնայեն մեր գյուղին»,- ասաց կաթնաղբյուրցի 80-ամյա Գալյա Հակոբյանը:

Գալյան նաև հավելեց. «Կուզեի Սերժ Սարգսյանը մեր գյուղ եկող ճանապարհները սարքի, մեր գազը քաշի, մի քիչ օգնություն տա ժողովրդին»:

Կաթնաղբյուրցի Ջոն Կիրակոսյանը գյուղի ամենահրատապ լուծում պահանջող խնդիրը համարեց Ստեփանավանի հետ Կաթնաղբյուրին կապող ճանապարհի բարեկարգումը: Երիտասարդ գյուղատնտեսը կարծում է, որ ճանապարհի բարեկարգման դեպքում նախ կավելանա գյուղի ելումուտը, հետո կնվազի Ստեփանավան-Կաթնաղբյուր ճանապարհածախսը:

«Ստեփանավանից մինչև Տաշիր տաքսին 1200 դրամով է ուղևոր փոխադրում, Ստեփանավանից մինչ մեր գյուղը 4 հազար դրամ է տաքսին գնահատում, երեկոյան ժամերին 5 հազար դրամ են ուզում, գիշերը ռաստ գաք` կարող է 10 հազար դրամ ուզեն»,- ասաց Ջոն Կիրակոսյանը:

Նա նշում է, որ Ստեփանավան-Կաթնաղբյուր անբարեկարգ ճանապարհի պատճառով գյուղից տեղափոխվող ապրանքի ինքնարժեքը բարձրանում է, բացի դրանից՝ գնորդներին անանցանելի ճանապարհի պատճառով Կաթնաղբյուրը չի ձգում:

Կաթնաղբյուրի նախկին համայնքապետ Սերոժ Հակոբյանն այս տարի կամովին չի առաջադրել իր թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնի համար: Նախկին համայնքապետն իր պաշտոնավարման անցած 4 տարին անարդյունավետ է աշխատել գյուղի հրատապ խնդիրների լուծման գործում: «Դե, գյուղապետին պետությունը պետք է միջոցներ տա: Մարդիկ ինչ անեն, գնան Ռուսաստանից փող բերեն, որ հարկեր տա՞ն, ոնց կլինի»,- ասում է Ջոն Կիրակոսյանը:

Կաթնաղբյուրցիները թերահավատ են ցանկացած պաշտոնյայի խոստումների նկատմամբ: Նորընտիր համայնքապետ Արթուր Սավթալյանից էլ գյուղում միայն շոշափելի աշխատանք են ակնկալում: «Բռնած նախարարներից, բռնած երկրի նախագահից էս 20 տարի է խոստումներով կերակրում են: Խոստումների վրա էլ ուշադրություն դարձնող չկա»,- ասում է Ջոն Կիրակոսյանը:

Կաթնաղբյուրի համայնքապետարանում գյուղի զարգացման 2009-2012թթ. քառամյա ծրագիրը մեզ չտրամադրեցին: Ասացին, թե հաշվապահի չհրկիզվող պահարանում փակված է, հաշվապահն էլ գյուղում չէ: Ֆիզիկայի ուսուցիչ, ներկայիս համայնքապետ Արթուր Սավթալյանը ծանր մարտահրավերների առաջ է կանգնած. նա կարծում է, որ առաջին հերթին պետք է լուծել գյուղի գազիֆիկացման, Ստեփանավանին կապող  գյուղի ճանապարհի և Կաթնաղբյուրի խմելու ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման խնդիրները:

Հրատապ խնդիրների լուծման հարցում համայնքի ղեկավարն անկնկալում է Լոռու մարզպետարանի աջակցությունը: Ա. Սավթալյանը հայտնեց, որ Կաթնաղբյուրի 2013-2016 թթ. քառամյա զարգացման ծրագիրը քննարկման փուլում է: Շուտով այն ներկայացնելու է ավագանու հաստատմանը:

Կաթնաղբյուրում տներից մեկի բակում փայտ ջարդող մի կին գրավեց ուշադրությունս: Երբ մոտեցա, ձայնս լսելով՝ գլուխը թեքեց: Կինը` կաթնաղբյուրցի Էմմա Պողոսյանն, ասաց, որ արդեն 10 տարի տառապում է փսորիազ հիվանդությամբ:

Երիտասարդ կնոջ դիմագծերը չէին երևում անտանելի վերքերի տակ: Թվում էր, թե կնոջ աչքերից ուր որ է, արյուն է հոսելու: «Մի քանի օր առաջ հեռախոսով դիմեցի  Երևան, որ ինձ օգնեն: Բժիշկն ասաց` «մարդ ուղարկի, գա դեղ տանք` քսես դեմքիդ», ես էլ մարդ չունեմ, որ ուղարկեմ դեղն ստանա»,- ասաց Էմման:

Հիվանդությունը կանխելու համար աղքատ գեղջուկը ֆինանսական միջոցները չի ունեցել: Էմման ասաց, որ 16 հազար դրամ հիվանդության իր թոշակով կերակրում է 4 անձից կազմված իր ընտանիքը: Էմմային խորհուրդ տվեցի բուժման համար ֆինանսական օգնություն խնդրել համայնքապետից: «Է~, իրենց աթոռի համար ընտրություն կանեն, ընտրվեցին` էլ տեր չեն»,- պատասխանեց նա:

Գյուղից հեռացա ծանր զգացողությամբ, ճանապարհի ոլորաններից երևում էր մթնշաղի մեջ թաղվող Կաթնաղբյուրը: Աչքիս առջեւ Կաթնաղբյուրի անուշադրության մատնված սրտաբաց մարդիկ էին, իսկ ականջիս հնչում էր կաթնաղբյուրցի Նազիկ Սարգսյանի ձայնը. «Մեր թագավորի աննունն ի՞նչ է, հա, Սերժ Սարգսյան: Է~, որ թագավոր չկարաց մեր էրգիր սարքե, մեր գյուղապետն ինչ կարա ընե»:

Մեկնաբանություններ (1)

Vahan
Karavarutjan hetevic vazox ergichnerin asenk tox gan gjuxum hayrenik, ser, barekecitjun ergen tox joxovrde havata vor poxvelu e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter