HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

90-ամյա Ժերանյանը խորհուրդ է տալիս կանգնել իր նկարած կնոջ դիմանկարի առջեւ (վիդեո)

Կյանքի 90-րդ հոբելյանական տարում իր անհատական ցուցահանդեսով Հայաստանում էր ճանաչված նկարիչ Ռիշար Ժերանյանը: Ֆրանսահայ նկարչին հյուրընկալել էր Հայաստանի ազգային պատկերասրահը:

Ռիշար Ժերանյանը ծնվել է Սեբաստիայում, այնուհետեւ տեղափոխվել Մարսել, որտեղ էլ ստացել է ակադեմիական կրթություն, այնուհետեւ սովորել է Փարիզի Ժյուլիեն և Գրան Շոմիեր ակադեմիաներում ։  Իր նախորդ ցուցահանդեսը Հայաստանում կազմակերպվել է գրեթե կես դար առաջ` 1964 թվականին:

Այն պարգեւները, որ նա ստացել է, աշխարհի տարբեր թանգարանների կողմից իր աշխատանքների ձեռքբերումները, Բեյրութից մինչեւ Կարակաս, Նյու Յորքից մինչեւ Ժնեւ կամրջվող արվեստի սրահների մրցակցությունը նրա աշխատանքները ցուցադրելու համար մատնանշում են այն տեղը, որ նա արդեն վաղուց գրավել է այսօրվա գեղանկարչության առաջին շարքերում:

Նրա ստեղծագործություններում կարելի է տեսնել Հայաստանի սարերը, եկեղեցիները, ամրոցներ Լիբանանից, աշտարակներ, եկեղեցիներ Կապադոկիայից, Փարիզի կամուրջները:

Ռիշար Ժերանյանը խորհուրդ է տալիս երկար կանգնել իր նկարած կնոջ դիմանկարի առջեւ, հետո նայել տարբեր անկյուններից: «Կնոջ հայացքը թվում է, թե միշտ քեզ է ուղղված»,-  տարբեր նկարների մոտ հանկարծ հիշեցնում է ժերանյանը: 90 տարին  բոլորած նկարիչը մեծ ոգեւորությամբ ներկայացնում է յուրաքանչյուր աշխատանք, ուղղորդում դեպի իր ստեղծած կերպարները, ուշադրություն հրավիրում փոքրիկ դետալների վրա:

Առանձին սրահում ներկայացված էին նրա այն աշխատանքները, որոնք արված էին երաժշտության մոտիվներով: Առհասարակ` ողջ ցուցադրության մեջ կարելի էր տեսնել նկարչի փնտրտուքների ճանապարհը` տարբեր ոճերի մեջ նրա փորձերն ու նվաճումները:

«Ռ. Ժերանյանի կտավների թեմատիկ, ժանրային, ոճական ընդգրկումը չափազանց լայն է ու բազմազան: Խիստ ընդհանրական կերպով միայն կարելի է ուրվագծել նկարչի նախապատվությունները` իրապաշտական, սեզանական-կուբիստական պատկերային մտածողությունից մինչև սյուրռեալիզմ»,- բնորոշել է արվեստաբան Լիլիթ Սարգսյանը: Երեք սրահներում ներկայացված էին արվեստագետի ստեղծագործական տարբեր ժամանակաշրջանների ու ոճերի 50 աշխատանքներ, դրանց թվում էին նաեւ Ազգային պատկերասրահի ֆոնդերում պահվող  5 աշխատանքները: Ցուցադրությունից հետո նկարիչը Ազգային պատկերասրահին նվիրաբերեց 14 աշխատանք` 11 գեղանկար եւ 3 գրաֆիկական աշխատանք:

Արվեստագետն իր ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում (Փարիզ, Մարսել, Բեյրութ, Թեհրան, Ժնև, Մյունխեն, Նյու Յորք, Վաշինգտոն, Դալլաս, Երևան, Գյումրի (ԽՍՀՄ-ի ժամանակ) և այլն), արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` բնանկարի Հոնֆլյորի մրցանակի, Դովիլ քաղաքի Մեծ մրցանակի, Փարիզ քաղաքի արծաթե մրցանակի, Արվեստի և գրականության մրցանակի, Շատո դը Սկո, Պալե Ռոյալ, «Արվեստները Եվրոպայում» ցուցահանդեսի, Գծանկարի Եվրոպայի 1-ին, Մարտիրոս Սարյանի անվան Հայաստանի նկարիչների միության մրցանակների:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter