HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Սասուն Միքայելյանը ողջունում է երկխոսությունը, բայց լավ բան չի սպասում

«Մի թիզ հող տալուն դեմ եմ, ուրիշ հարց է` նորից ազատագրենք»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, համաներմամբ ազատ արձակված նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը:

Հունսի 25-ին Կազանում տեղի ունենալիք Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Միքայելյանը նշեց, որ հարցի հանգուցալուծման տարբերակ չի տեսնում, և մեր իշխանությունները դեռ չեն հասել այն բանին, որ իրենք Ղարաբաղին կարգավիճակ տան: «Ղարաբաղի հարցում ոչ մի փոխզիջում չկա,- ասաց Միքայելյանը:- Այսօր իշխանություններն ինչ-որ տեղ թույլ են բանակցային հարցում»:

Նա նշեց, որ որպես ղարաբաղյան պատերազմի մասնակից` հավանական է համարում, որ հարցը կարող է լուծվել պատերազմի միջոցով: «Ավելի լավ է` մենք մեր քաղաքական վիճակը կարգավորենք, եթե ուզում ենք պատերազմի վերսկսումից խուսափել: Պատերազմը չեմ բացառում, մենք միշտ էլ պատրաստ ենք պատերազմի»,- հայտարարեց Միքայելյանը:

Նրա խոսքերով` չպետք է վախենալ Ադրբեջանից և մտածել, թե այն հզոր է: Սակայն այժմ քաղաքական դաշտում խոսում և գործում են մարդիկ, ովքեր չեն անցել պատերազմի միջով, իսկ պատերազմածները հետին պլան են մղվել: «Ամեն մարդ չի հասկանում` այդ հողերը ոնց են ազատագրվել: Ով կենդանի է մնացել, թող չմատծի` ամեն ինչ վերջացավ»,- ասաց Միքայելյանը:

«Ես փոխզիջման դեմ եմ: Ընդհանուր միտք է առաջարկել մեր ղեկավարը (նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանին – հեղ.), որ կարելի է գնալ փոխզիջման, բայց ես իշխանական թևի կողմից չեմ տեսնում ոչ մի առաջընթաց, որ փոխզիջման ճանապարհով հօգուտ Ղարաբաղի մենք ինչ-որ հարց լուծենք»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Ըստ նրա` մեր երկրում դեռ չեն գնահատում պատերազմի հաղթանակի արժեքը:

«Մինչև հիմա իրար բզկտում ենք: Այս երկիրը ոչ Սերժ Սարգսյանին է, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանինն է, ոչ էլ Սասուն Միքայելյանինն է: Այս երկիրը մեկ տեր ունի, դա ժողովուրդն է»,- ասաց նա:

Միքայելյանը նշեց, որ չնայած Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերն է` այնուամենայնիվ, քաղաքականության մեջ եկավ մի պահ, որ իրենց հայացքները չհամընկան. «Ես ասել եմ, որ եթե նման թիմով գնաք ընտրության, ես չեմ մասնակցի, ու չեմ մասնակցել: Արդյուքում` 3 տարի 3 ամիս»:

Միաժամանակ Սասուն Միքայելյանը կողմ է իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությանը, և ըստ նրա` մինչև այս շաբաթվա վերջ պարզ կլինի, թե դա ինչ հանգուցալուծում կստանա: «Առաջին անգամ իշխանությունները երկխոսության առաջարկ են արել: Ողջունում եմ, բայց լավ բան չեմ սպասում»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Ըստ նրա` պետք է գնալ քաղաքակիրթ ճանապարհով և հասնել օրինական ընտրությունների: «Ընտրությունների ոճին եմ դեմ, որ ջարդել-փշրելով են նախագահ ընտրում: Գերադասում եմ արտահերթ ընտրությունները, որ ամեն ինչ կարգավորվի»,- հայտարարեց Միքայելյանը` ավելացնելով, որ իր թեկնածությունը կառաջադրի միայն մեծամասնական ընտրացուցակով:

Այն հարցին, թե արդյոք ՀՀՇ-ից դուրս եկած և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն ձևավորած անդամները չե՞ն պառակտում ՀԱԿ-ը` Միքայելյանը պատասխանեց, որ այդ կերպ ՀԱԿ-ն ավելի կհզորանա և կմաքրվի: «ՀԱԿ-ը չի պառակտվում, ժամանակը ցույց կտա` իրենք են ձևավորվել, թե ձևավորել են: Կուսակցականախեղդ ենք լինում արդեն»:

Մեկնաբանություններ (1)

SUREN-ATENK
Amen depkum SASUNN aynkan el vstah chi erevum, te hunisi 30-in amen inch parz klini.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter