HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Ոչ ոք չի պատվիրում, ոչ ոք չի վճարում երգի համար (վիդեո)

«Իրենք ճարտարապետ չեն, որ ասեն` գիտե՞ք, այս գիծը սխալ է արվել, իրենք ջրամատակարարման համակարգի աշխատողներ չեն, իրենք չեն որոշում` ճանապարհները ոնց գնան, բայց իրենք ասում են, որ կա իրենց տեսանկյունը` սա ճիշտ է, սա սխալ է: Ու դա ասում են պոետիկ, սիրահարի ձեւով»,- ասում է Հովակիմ Սաղաթելյանն իր բարդ ընկերների մասին:

Նա շարունակում է` ասելով, թե երբ հեղինակային երգիչն առնչվում է այդ ամենին, կոնկրետ լուծման ճանապարհներ ցույց չի տալիս, ուղղակի բացում է մարդկանց սրտերը: Հետո արդեն քաղաքի մասին երգ լսելիս այդ մարդու սիրտը կարող է ցավ ապրել Գետառի համար, որը թաղեցին, եւ ոչ մեկը ձայն չհանեց, տրամվայի համար, որը, չգիտես ինչու, անհետացավ, մինչդեռ բոլոր հին եվրոպական քաղաքներում այն պահում են որպես հարստություն:

«Այդ սրտի բողոքը` այդ ձայնը, կարող է հանկարծ հասնել այն բանին, որ այսօր, օրինակ, քաղաքում եւս մի հարյուր ծառ չկտրեն, Գետառի մի փոքր կտորը, որ դեռ պահպանվել է, մեկը որոշի` լավ, ամոթ է, գոնե սա թողնենք, երեւանցիներն իմանան, որ գետ են ունեցել, որ փոքր, ցածրահարկ քաղաք են ունեցել պարտեզների մեջ, այլ ոչ թե այն, ինչ հիմա են տեսնում` շարված տուփեր, որոնք ճարտարապետություն են անվանում»: Հովակիմ Սաղաթելյանն անգամ համոզված է, որ մի լավ երգը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ մարդկանց սրտերի վրա, քան 700 կուսակցություն` իր ծրագրերով:

Անցած ուրբաթ Բարդերի ակումբը տոնում էր իր ծննդյան երկու տարին: Պայմանավորվածության համաձայն` բարդերն այդ օրը երգեցին այն երգերը, որոնք գրվել էին ակումբի հիմնադրումից հետո: Դրանք, պարզվում է, քիչ չեն: Այս ընթացքում հարյուրավոր հեղինակային երգեր են գրվել, բարդեր են եղել, որ տասնյակ երգեր են գրել: Հովակիմ Սաղաթելյանը խոստովանում է, որ վերջին երկու տարում ավելի շատ երգ է գրել, քան իր ամբողջ կյանքի ընթացքում:

Այնուամենայնիվ, ինչպես եւ գիտեն բոլորը, հեղինակային երգի պատմության ողջ ընթացքը շատ ավելի երկար է, քան ակումբի կայացումը: Այդ շարժման ակունքները շատ հնուց են գալիս, ոմանց կարծիքով` հատկապես Հայաստանում: Դրանք հասնում են մինչեւ էպոս, այսինքն` գուսաններն են տարածել «երգելով խոսքը»:

Մենեստրելները, գուսանները, տրուբադուրները այսօրվա բարդերի նախատիպերն են: Մարդիկ, ովքեր ունեն սրտի խոսք եւ ապրում են քաղաքում: Նրանք կարող են տարբեր բաներով զբաղված լինել, բայց ինչ-որ պահի վերցնում են իրենց փողը, կիթառը կամ քամանչան ու այդ խոսքը հասցնում մարդկանց:

«60-70-ականներից տղաներով հավաքվում էին տարբեր քաղաքներում` Մոսկվայում, Երեւանում: Երգը միայն երգ չէր` որպես այդպիսին, որպես արվեստ, երգը նաեւ սոցիալական բնույթ ուներ, բողոքելու եւ ուրախանալու մարդկանց ձեւն էր: Բարդերը մենեստրելներն էին, գուսանները, որոնք երգի ձեւով, հաճախ կատակ-երգի ձեւով ինչ-որ գաղափարների մասին էին խոսում»,- պատմում է հեղինակ-կատարողը:

Մի ժամանակ եկավ, երբ Երեւանում բարդերի գործունեությունը դադարեց, նրանք գրեթե չէին երեւում. կամ բարդերն էին վերացել, կամ իրենց ունկնդիրները: Այս շրջանի մասին խոսելիս Հովակիմ Սաղաթելյանը պատմում է քեռի Գագիկի մասին (Գագիկ Փարադյան), ով «Այրուձի» հեծյալ ակումբի ղեկավարն է, «սիրտն ու հոգին»: Այս ակումբի արշավների ժամանակ մարդիկ հավաքվում էին խարույկների շուրջ ու երգում կիթառի նվագակցությամբ:

Առհասարակ խարույկների մասին Հովակիմ Սաղաթելյանը խոսում է ոչ թե որպես ֆիզիկական, այլ խորհրդաբանական, սիմվոլիկ երեւույթի: Նրա կարծիքով` դրանք իրենց բնույթով շատ դեմոկրատական են, որտեղ եւ անվանի երգիչը կարող է երգել, եւ մարդ, ով առաջին անգամ է կիթառ վերցնում եւ ընդամենը մի քանի ակորդ գիտի: Խարույկի շուրջ ծավալվում են զրույցներ, որոնց ժամանակ մարդիկ իրարից թաքցնելու բան չունեն:

«Խարույկի շուրջ երբ հավաքվում են, այնտեղ չկան սեղան, աթոռ, որ ինչ-որ ձեւով նստես, չկա ռեգլամենտ` ինչ պիտի խոսես, ինչ է կարելի, ինչ չի կարելի: Այնտեղ կա մեկ ռեգլամենտ` աստղազարդ երկինք, ջերմ կրակ եւ ցուրտ, իրար կպած մարդիկ: Իսկ երբ մարդիկ հավաքվում են քաղաքում, ինչ-որ տեղ ու երգում են, էլի այդ նույն մթնոլորտն է, որովհետեւ տարբերություն չկա` դու նկուղո՞ւմ ես, թե՞ ինչ-որ համերգասրահում: Դա է խարույկի խորհրդաբանությունը»,- ասում է նա:

Այդպես` մի խարույկի շուրջ ծավալված զրույցներից մեկի ընթացքում հարց է հնչում` ո՞ւր են հայ երգիչները, որովհետեւ ժամանակին, երբ մի բան էր տեղի ունենում, ինչպես, օրինակ, Ղարաբաղյան շարժման ժամանակ, շատ երգիչներ կիթառով կանգնում էին Ազատության հրապարակում` այնտեղ, որտեղ այսօր սրճարաններ են, համերգներ էին տալիս եւ իրենց ունկնդիրն ունեին:

Հովակիմ Սաղաթելյանի խոսքերով` հեղինակային երգը, լինելով մի աշխատանք, որը եկամուտ չի բերում եւ հիմնական գործը չէ, դառնում է բարդերի «երկրորդ ես»-ը, ալտեր էգոն, «մարդ կա` ավելի շատ է ալտեր էգոյին տեղ տալիս, այսինքն` դա դառնում է նրա առաջին կերպարը, մարդ կա` քիչ»:

Պատահական չէ, որ խարույկը` իր շուրջը նստած մարդկանցով, կիթառներով, առիթ դարձավ, որ բարդերը նորից սկսեն հավաքվել երկար տարիների անհայտությունից հետո: Շուտով կայանում է ակումբի առաջին համերգը, որը տեւում է 7 ժամ: «Մարդիկ այնքան էին կարոտել երգելուն, իրար հետ շփվելուն, անկեղծ խոսքին, որ 7 ժամ երգում էին, եւ կիթառը ձեռքից ձեռք էր անցնում»,- հիշում է Հովակիմ Սաղաթելյանը:

Այդ օրը համերգին ներկա էր նաեւ Ռաֆայել Պապայանը: Օկուջավայի նրա թարգմանությունների մասին Հովակիմ Սաղաթելյանն ասում է, որ այնքան լավն էին, որ թվում էր, թե «60-ականների շունչը հայերենով այդ մարդը բերել, նվիրել էր մեզ»:

«Նա այն մարդկանցից է, որոնց մասին կարելի է ասել, որ դա մարդկային ուրիշ որակ է, մարդիկ, որոնք կյանքում չեն կարող գնալ կոմպրոմիսի: Նրանք պարզ, մաքուր երեւույթներ են, ինչ-որ գոտիներ են մեր կյանքում: Եւ շփվելով այդ մարդկանց հետ` ինչ-որ բան ներսումդ փոխվում է, դու էլ չես հասկանում` ոնց: Այդ անունները` քեռի Գագիկի, Ռաֆայել Պապայանի, մեր բոլոր տղաների, որ կան, փաստորեն, խողովակներ են, որոնցով այդ լույսը տարածվում է ինչ-որ շրջանակներում»,- ասում է նա:

Հասարակության մեջ քաղաքական ուժերի, կառավարության, քաղաքացիական տարբեր խմբերի կարծիքների կողքին կա նաեւ բարդերի կարծիքը կամ խոսքը, որը պատվիրատու չունի:

«Շատ բարդերի գիտեմ, որոնք գնում են ինչ-որ պետական հիմնարկներ, դրանից հետո վիրավորված երգ են երգում, որը, պարզվում է, շատ մարդկանց սրտից է բխում: Իրենք պատվեր չեն կատարում, օրինակ` երգ երգել կադաստրում ինչ-որ մի վատ աշխատողի մասին: Այսինքն` բարդերի երգն առանց պատվերի երգ է: Ոչ ոք չի պատվիրում, ոչ ոք չի վճարում այդ երգի համար: Դա է տարբերությունը: Երգի մեջ եւ բողոք կա, եւ սեր. բողոքը հենց այդ սրտացավությունից է գալիս, որոհետեւ իրենք տեսնում են երեւույթը լավ լույսի մեջ, այն լույսի, որը սիրտը բաց մարդը կարող է տեսնել»,- ասում է Հովակիմ Սաղաթելյանը:

Նրա խոսքերով` բարդերն էլ սովորական մարդիկ են, տարբեր մասնագիտությունների տեր, բայց կա մի տարածություն սրտի մեջ, մի այգի, որն աշխատում են մաքուր պահել: Բարդը չի խոսում իր խնդիրների, իր անձի տկարության մասին, այլ «կիսում է այն մի կտոր լավը, որ կա իր մեջ»:

Առաջին համերգից հետո անցել է երկու տարի: Այս երկու տարվա ընթացքում պարզվեց, որ շատ մարդիկ են ուզում ունկնդիր լինել այդ անկեղծ զրույցներին: Բարդերը դուրս են եկել խոհանոցներից կամ ննջասենյակներից, որտեղ հավաքվում էին շատ փոքր, նեղ շրջանակով: Այսօր քաղաքը գիտի, որ կան հեղինակ-երգիչներ, ովքեր ինչ-որ տեղ հավաքվում են եւ կատարում իրենց երգերը:

«Պատկերացրեք` եթե ամբողջ քաղաքում մարդիկ իրար հանդիպեն այդ տրամադրությամբ, պարտադիր չէ կիթառով, երգով կամ բանաստեղծությամբ, մարդիկ այդ տրամադրությամբ հավաքվեն, որոշեն ինչ-որ հարց լուծել: Այդ տրամադրության կուլտիվացիան կարող է լինել հենց այդպիսի փոքրիկ ակումբներում, ոնց որ կար «Այրուձիում» կամ Պապայանի թարգմանություններում, մեր տղաների ու աղջիկների երգերում: Այ դա է արժեքավոր»,- ասում է Հովակիմ Սաղաթելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter