Աշոցքի թիվ մեկ խնդիրը անօթեւան բնակիչներն են
Շիրակի մարզի հյուսիսային դարպասները համարվող Աշոցք գյուղում կյանքը մեռյալ կետից շարժելու համար ներդրումների ու ծրագրերի իրականացման կարիք կա: Բնակավայրի աշխարհագրական դիրքը բավական շահեկան է՝ ի հակադրություն գրեթե նույնատիպ բնակլիմայական պայմաններ եւ սոցիալական կարգավիճակ ունեցող Ամասիայի, բայց արի ու տես, որ երկու բնակավայրերի միջեւ՝ զարգացման տեսանկյունից, տարիների ընթացքում արձանագրված փոփոխություններն այնքան էլ մեծ չեն:
Երեւան-Գյումրի-Վրաստան սահմանի միջպետական նշանակության ճանապարհն անցնում է Աշոցքով: Տրանսպորտային շարժը բավական ակտիվ է այս հատվածում, սակայն Վրաստան եւ Թուրքիա մեկնող ուղեւորներն իրենց կես ժամանոց կանգառները սովորաբար կազմակերպում են Թորոս գյուղի մոտակայքում: Աշոցքում չկան ոչ արագ սպասարկման սննդի կետեր, ոչ գիշերելու համար նախատեսված հյուրանոցներ կամ հյուրատներ: Հիմնականում անասնապահությամբ զբաղվող աշոցքցիներն սպասարկման ոլորտը զարգացնելու ուղղությամբ որեւէ քայլ չեն ցանկանում անել: «Աղքատ շրջան է, բավարար աշխատատեղեր չկան, ներդրումներ անողներն էլ այնքան երկար են մտածում՝ անե՞ն, թե՝ չանեն, որ ավելի հաճախ այդ մասին լուրերը շրջանառվում, բայց կյանքի չեն կոչվում: Հետո տեղացիներն այդքան գումար չունեն, դրսից ներդրումներ անողներ էլ չկան», -ասում է Աշոցք համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ապրեյանը:
Սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններից առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում հայտարարել էր, թե Աշոցքում ցանկանում է ձմեռային մարզաձեւերի դպրոց հիմնել: «Մենք այդ մասին լսել ենք, ցանկալի կլինի, որ իրականություն դառնա, դա մեծ ներդրում կլինի Աշոցքի համար: Ոչ միայն մարզական կենտրոն կլինի երեխաների ու երիտասարդության համար, այլեւ աշխատատեղերի խնդիր կլուծի»,- նկատում է Կարեն Ապրեյանը:
Համայնքի ղեկավար Արթուր Ալոյանի համոզմամբ՝ Աշոցքի թիվ մեկ խնդիրը անօթեւաններն են: Աշոցքում բնակվող 2987 բնակչից մոտ 800-ը բնակարանի կարիքավորներ են: Նրանց հիմնական մասն ապրում է փայտաշեն երկհարկանի բազմաբնակարան կառույցներում եւ տնակներում: Աշոցքում 174 բնակարանի կառուցման անհրաժեշտություն է առաջացել, որն անցած 20 տարիների ընթացքում անգամ մասնակիորեն լուծում չի ստացել: Համայնքում բավարար բնակֆոնդ չկա, որի հաշվին հնարավոր լիներ անօթեւանների խնդիրը լուծել: Կիսաքանդ շենքերն էլ տարիների ընթացքում այնքան են քայքայվել, որ ենթակա չեն այլեւս ամրացման ու հետագա շահագործման:
«Երկրաշարժից հետո վթարային դարձած շենքերի մի մասը ժամանակին հիմնովին քանդեցին, մեկ-երկուսը դեռ կանգուն են, սակայն բնակության համար պիտանի չեն, եւս մեկ վթարային շենք կա, որտեղ մարդիկ են ապրում: Մեր 4 անձից բաղկացած ընտանիքին 24 տարի առաջ էս փայտաշեն կառույցում բնակարան հատկացրին՝ ասելով, թե 20 տարվա ընթացքում բոլոր ընտանիքներին կապահովեն բնակարանով,- պատմում է Գոհար Խաչատրյանը,- բայց մինչ օրս էստեղ ենք, հույս էլ չունենք, թե դուրս կգանք էս փտած շինությունից: Աշխատանք էլ չկա նորմալ, որ ասենք մեր ուժերով կարողանանք մի բան գնել կամ սարքել»:
Աշոցք համայնքի ղեկավարն ասում է, թե տարիներ առաջ փայտաշեն շենքերի բնակիչներն անգիտությամբ թղթեր են ստորագրել, որով ժամանակավոր կացարանները հիմնական շինության կարգավիճակ են ստացել: Այդպես ժամանակին իշխանությունները փորձել են այս տարածաշրջանում արհեստականորեն լուծել անօթեւանության խնդիրը: Համայնքի զարգացման ռազմավարական ծրագրերում խնդիրը չեն ներառում, բայց մշտապես բարձրաձայնում են: «Քանի որ դա համայնքի ուժերից վեր հարց է լուծման տեսանկյունից, մեծ գումարներ ու ռեսուրսներ է պահանջում, դրա համար էլ զարգացման ծրագրերում չենք ներառում, բայց մշտապես խոսվում է այդ մասին, մշտապես բարձրաձայնվում է»,- ասում է Արթուր Ալոյանը:
Աշոցք համայնքի սեփական եկամուտները կազմում են 12,5 մլն դրամ, պետության հատկացրած դոտացիան 27 մլն դրամ է, սրան գումարվում են նաեւ ֆոնդային գումարները, որոնք գոյանում են համայնքային սեփականություն հանդիսացող սեփականության օտարումից: 41 մլն 700 հազար դրամ կազմող բյուջեի մոտավորապես 50%-ը հատկացվում է մշակույթի տան, արվեստի դպրոցի, մանկապարտեզի, գրադարանի, համայնքապետարանի պահպանության եւ աշխատակիցների աշխատավարձերին:
«Մնացած գումարով աշխատում ենք համայնքի համար որեւէ ծրագիր իրականացնել, անցած քառամյա ռազմավարական ծրագրում օրինակ նախատեսել էինք հին եւ նոր գերեզմանատների պարիսպների նորոգում, որը կատարել ենք 12 մլն դրամի շրջանակներում: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ծրագրով գազիֆիկացման 145 մլն դրամի աշխատանքներ ենք իրականացրել, որտեղ համայնքի մասնաբաժինը կազմել է մոտ 20 մլն դրամ: 4,5 մլն դրամը կանխիկ գումարով էր, իսկ 15 մլն դրամի ներդրումը՝ խողովակների տեսքով»,- ասում է Արթուր Ալոյանը:
Աշոցքի ստորգետնյա գազատար ցանցը, որն անցկացվել է խորհրդային տարիներին, «Հայռուսգազարդը» հրաժարվել է շահագործել՝ պատճառաբանելով, թե շարքից դուրս է եկել: Կառուցվել էր նորը՝ վերգետնյա եղանակով: 2009թ.-ին իրականացված համայնքի գազիֆիկացումն աշոցքցիների կյանքում շատ քիչ բան է փոխել: Ավարտված չեն ներտնային միացումները: Շատերն այս ձմեռ եւս բնակարանները տաքացնելու են աթարով կամ էլեկտրական ջեռուցիչներով: Բնակավայրը ծովի մակերեւույթից բարձր է 2006-2039 մետր: Համայնքի վարչական տարածքի ամենացածր կետը 1969 մետր է, առավելագույնը՝ 2750 մետր: Բնակավայրը գտնվում է 8-10 բալանոց սեյսմիկ գոտում: Այստեղ ձմռանը ջերմաստիճանը հասնում է մինչե -36 աստիճանի, սառնամանիքների տեւողությունը 167 օր է, ձյան ծածկույթը պահպանվում է մինչեւ 154 օր:
Աշոցք այցելության օրը բուք էր, դրսում հատուկենտ մարդկանց կարելի էր հանդիպել: Այստեղ եւս, ինչպես մի շարք համայնքներում բացակայում են կանգառները, որտեղ մարդիկ տրանսպորտին սպասելիս կարող են պատսպարվել քամուց, արեւից եւ անձրեւից: Աշոցք-Գյումրի եւ հակառակ ուղղությամբ տաքսիներով, ինչպես նաեւ ուղեւորատար գազելներով երթեւեկող ուղեւորներից երկուսը, որ քամուց պատսպարվել էին տաքսի մեքենայում, խնդրեցին իրենց դժգոհությունը փոխանցել համայնքի ղեկավարին: Արթուր Ալոյանը խոստովանեց, որ կանգառներ ունենալու մասին չեն մտածել, սակայն խնդիրը կա եւ 2013-2016 թթ.- համայնքի զարգացման քառամյա ծրագրում անպայման կընդգրկեն: «Կաշխատենք գոնե 2 կանգառ ապահովել»,- խոստացավ համայնքապետը:
2009 թ.-ից Աշոցքում չի գործում համայնքային մանկապարտեզը: 29-ամյա Արմինե Մխիթարյանն իր երկու զավակներից 4-ամյա տղային անպայման կցանկանար մանկապարտեզ ուղարկել: «Երեխան աշխույժ է, շփման կարիք ունի, ընկերների հետ խաղալու ցանկություն ունի, տանը մենակ ձանձրանում է ու հավանաբար էդ մենակությունից էլ սկսում է չարություն անել, էս ցրտին անընդհատ ձգտում է դուրս վազել,- դժգոհում է երիտասարդ մայրը,- գյուղում հարմար զբոսանքի տեղ էլ չկա, որ ամռանը երեխեքին տանենք, զբաղվեն: Կուզենայինք մի նորմալ մանկական խաղահրապարակ լիներ, միայն երեխաների համար հատկացված տարածք: Աշոցքում մի փոքր զբոսայգի սարքել են, մի հատ կարուսել կա, բայց դե էն չի, էլի»:
Խորհրդային տարիներին կառուցված մանկապարտեզը նախատեսված 320 երեխայի համար պահպանման եւ շահագործման տեսանկյունից կարելի է ասել գլխացավանք էր դարձել: Երեք տարի առաջ, մինչեւ մանկապարտեզի փակվելը, 45 երեխա էր հաճախում: «Անցյալ տարի Սոցներդրումների հիմնադրամով գլխավոր մասնաշենքի վերանորոգման աշխատանքներն են սկսվել 80 մլն դրամի սահմաններում: 2013 թ.-ի ամռանն արդեն կունենաք նոր մանկապարտեզ, որտեղ կարող է մինչեւ 100 երեխա հաճախել»,- ասում է համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ապրեյանը:
Աշոցքում Հայաստան համահայկական հիմնադրամի տրամադրած մոտ 400 մլն դրամի սահմաններում նոր դպրոց է կառուցվում 360 աշակերտի համար: Ներկայումս Աշոցքի միջնակարգ դպրոց է հաճախում 260 երեխա: Հին դպրոցի երկհարկանի շենքը շահագործման է հանձնվել 1981թ.-ին եւ նախատեսված է եղել 700-800 աշակերտի համար: Շենքի ճակատային հատվածում ամբողջական մի պատ բաղկացած է պատուհաններից, որը ձմռան ամիսներին խնդիրներ է ստեղծում: «Աշոցքի պայմաններում դա անթույլատրելի բան էր: Խիստ ձմեռներ են լինում այստեղ, որքան էլ տաքացնում են, մեկ է, դասասենյակներում ջերմաստիճանը -10-ից չի իջնում»,- ասում է Կարեն Ապրեյանը:
2013 թ.-ին դպրոցի նոր շենքը կհանձնվի շահագործման: Հին շենքում կտեղավորվի Աշոցքի զինկոմիսարիատը: Մի հատվածում WKS ARMENIA-ն հավանաբար կարի արտադրամաս կբացի: Համայնքապետի փոխանցմամբ, եթե «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն, իրոք, որոշի մարզադպրոց բացել, ապա մի մասնաշենքն ու մարզադահլիճն էլ կհատկացնեն հիմնադրամին: «Դե մենք էլ ցանկություն ունենք մեր միջոցներով դրսում մարզահրապարակ կառուցել՝ մինի ֆուտբոլի դաշտ, վոլեյբոլի դաշտ, թեթեւ ատլետիկայի համար նախատեսված պարզագույն սարքավորումներ տեղադրել, որ Աշոցքի երիտասարդությունը մարզվելու տեղ ունենա»,- տեղեկացնում է Արթուր Ալոյանը: Նրա ասելով անցած քառամյա ծրագրում խնդիրն ընդգրկել էին, սակայն չենք հասցրել իրականացնել, հաջորդին նպատակ ունեն իրագործելու, միայն թե արդեն գումարը կրկնակի կաճի:
Մեկնաբանել