HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Մենք աղոթում ենք, որ Աստված նրա կյանքը երկարացնի»,- ասում են ամասիացի կանայք

Ձյան առատությունից ավտոբուսը հազիվ է շարժվում: Գյումրի-Ամասիա 25 կմ ճանապարհահատվածը հաղթահարում ենք մի ժամում: Փնչալով ու տնքալով «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսն ի վերջո հասնում է Շիրակի մարզի հյուսիսում ծվարած Ամասիա գյուղ: Երկու օր անդադար տեղացող ձյունը կաթվածահար է արել նաեւ բնակավայրի առանց այդ էլ ոչ այնքան աշխույժ կյանքը:

Ամասիայի առողջության կենտրոնում արդեն սպասում են: Բացում եմ մանկաբույժի կաբինետի դուռը: Ներսում երիտասարդ մի կին է նստած երկու փոքրիկների հետ: Սեղանի հետեւում տեղավորված փոքրամարմին բժշկուհին աշխուժորեն ներս է հրավիրում ինձ՝ կարծելով, թե հերթական այցելուն եմ: Հայացքը թափառում է կողքերս՝ հավանաբար փոքրիկ երեխա տեսնելու ակնկալիքով: Ինձ ուղեկցող կենտրոնի աշխատակցուհին շտապում է տեղեկացնել. «Բժշկուհի, այցելու չէ, լրագրող է: Երեկ զանգել Ձեզ էր հարցրել, էսօր փաստորեն եկել է»:

87-ամյա մանկաբույժ Եվա Բեժանովային ամասիացիները կարելի է ասել պաշտում են: «Մենք աղոթում ենք, որ Աստված նրա կյանքը երկարացնի, թող մեր բաժնից վերցնի իրան տա: Մեր երեխաներն ու թոռները նրա շնորհիվ են առողջ մեծացել: Եթե իրան մի բան պատահի՜…անգամ չենք ուզում էդ մասին մտածել»,- խոստովանում են ինձ հանդիպած ամասիացի երկու կանայք: Մինչ ամասիացիները աղոթում են բժշկուհու առողջության համար, Ամասիայի առողջության կենտրոնում խուճապի մեջ են. Եվա Բեժանովան 2013 թ.-ի հունվարից որոշել է վերջնականապես անցնել վաստակած հանգստի: Դա նշանակում է, որ կենտրոնը զրկվելու է միակ մասնագետից, իսկ Ամասիայում եւ հարակից գյուղերում ապրող մայրերն իրենց բալիկների անկրկնելի «Բեժանովա տատիկից»:

Ամասիայի առողջության կենտրոնի ավագ բուժքույր Վարդիշաղ Սերոբյանը հիշում է, թե ինչպես 1988 թ.-ի նոյեմբերյան մի ցուրտ օր հիվանդանոցում հայտնվեց այդ համակրելի արտաքինով փոքրամարմին կինը. «Գլխավոր բժիշկն եկավ ասեց, որ կադրերի համալրում է տեղի ունենալու, աշխատող ենք ընդունելու, սանիտարկա, բայց չասեց, թե բժշկուհի էլ կա իրանց մեջ: Ես պիտի գրանցեի եւ գլխավորի հեռանալուց անմիջապես հետո, դռների մեջ հայտնվում է տարիքով, փոքր-մոքր մի կին ու ասում. «Ես նոր եմ ընդունվել, խնդրում եմ իմ անունը գրանցեք՝ Եվա Բեժանի Բեժանովա»: Այդ պահին չեմ թողնում շարունակել ու ավելացնում եմ. «Դուք մեր նոր սանիտարկան եք, այո»: Հիշում եմ, թե ինչպես ներողամիտ, մի քիչ էլ զարմացած ժպիտ գծագրվեց նրա դեմքին ու շատ հանգիստ պատասխանեց. «Ոչ, հարգելիս, ես ձեր նոր բժշկուհին եմ, մանկաբույժ եմ աշխատելու»: Ահա այդպես ես ծանոթացա, մեր սիրելի Բեժանովայի հետ»:

Եվա Բեժանի Բեժանովան ծնվել է 1925 թ.-ի փետրվարի 11-ին, Բաքվում: Բարձրագույն կրթությունը ստացել է տեղի Բժշկական ինստիտուտում, 40 տարի ուղեգրով աշխատել Նախիջեւանում: Երկար տարիներ եղել է շրջանային հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ, հետագայում տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց եւ ղեկավարել 50-մահճակալանոց սոմատիկ բաժինը:

88-ի ղարաբաղյան շարժումը որոշիչ է դառնում Եվա Բեժանովայի Հայաստան տեղափոխվելու հարցում: «Հանկարծակի հիշեցին, որ հայ եմ, որ արդեն թոշակառու եմ եւ կրճատեցին աշխատանքից,- ժպտալով պատմում է վաստակաշատ բժշկուհին,- այլեւս հնարավոր չէր ապրել ու աշխատել Նախիջեւանում: Դե ես էլ հավաքեցի ճամպրուկներս ու եկա Հայաստան: Լենինականում ամուսնացած քույր ունեի, բայց որոշեցի հաստատվել Ամասիայում: Այստեղ մանկաբույժի կարիք կար, բնակարան էին տալիս: 1988 թ.-ի նոյեմբերի 1-ից ես սկսեցի աշխատել Ամասիայում»:

6 տարեկան Դավիթի մոտ հարբուխ է, փոքրիկ Էլլան խնդիրներ չունի, սակայն մայրը՝ Հռիփսիմե Գեւորգյանը ցանկանում է, որ բժշկուհին նրան էլ զննի: «Ճիշտն ասած՝ ես էլ հարց ունեմ բժշկուհուն, որ երեխաների զննումն ավարտի, ուզում եմ հարցնել, թե ինչ անեմ, ստամոքսս ցավում է, կարծում եմ խորհուրդ կտա,- մտահոգվում է Հռիփսիմեն,- բժշկուհին արտակարգ մարդ է: Իմացել ենք, որ նոր տարուց էլ չի աշխատելու, խառնվել ենք իրար, բայց հույս ունենք, որ հիվանդանոցի տնօրինությունը կպահի բժշկուհուն»:

Դեղատոմսը գրելուն զուգընթաց բազմավաստակ մանկաբույժն այն բարձրաձայն ընթերցում է ու մեկընդմեջ հարցնում երիտասարդ կնոջը. «Ես հասկանալի՞ եմ բացատրում, հարգելիս, Դուք հասկացա՞ք, թե ինչ հերթականությամբ պետք է տաք դեղորայքը»: Եվա Բեժանովան ռուսական կրթություն ունի: Հայերեն գրել-կարդալ է սովորել, որ դեղատոմսը ռուսերեն չգրի: Ասում է, թե շատ ժամանակ հայերեն գրածը չեն հասկանում երիտասարդ մայրիկները, ուր մնաց թե դեղատոմսն օտարալեզու լինի:

«Կան մի խումբ երիտասարդ աղջիկներ, որ ամուսնացել են, երեխա են ունեցել, գալիս են, փոքրիկին զննում եմ, դեղատոմսը գրում եմ, տալիս ձեռքերը, բանավոր բացատրում եմ, բայց ընկալել չկա,- մտահոգվում է մանկաբույժը,-հաջորդ անգամ գալիս են, թե Ձեր նշանակած բուժումը օգուտ չի տվել: Երբ սկսում եմ հարցուփորձ անել, հասկանում եմ, որ անգամ մայրենի լեզվով գրված դեղատոմսը չեն կարողանում ճիշտ ընթերցել, իսկ իմ ձեռագիրը պարզ է, համարյա մանկական, ախր տառ-տառ եմ գրում: Ցավում եմ, բայց այդ աղջիկների մեծ մասը ծնվել են միայն զավակներ լույս աշխարհ բերելու համար: Չեն կարդում կամ կարդում են՝ չեն ընկալում: Հոգեւորը պակասել է»:

«Օ՜, նրա բծախնդրության ու բարեխղճության մասին կարելի է լեգենդներ պատմել,- ծիծաղում է ավագ բուժքույր Վարդիշաղ Սերոբյանը,- ամեն մի երեխայի մոտ կես ժամ զննում է, դիագնոզը դնում է մանրակրկիտ հետազոտությունց հետո եւ դա բեկանման ենթակա չէ: Եվ ասեմ, որ բոլոր դեպքերում նա միշտ իրավացի է լինում: Նա կբացատրի քեզ սկզբից մինչեւ վերջ հիվանդության հետ կապված բոլոր նրբությունները, հետո կհարցնի՝ հասկացա՞ր, ու նայելով դեմքիդ հստակ կարողանում է կռահել, հասկացել ես դու, թե ոչ: Ահա այդպիսին է մեր Բեժանովան, շատ հետեւողական, ուշադիր եւ հոգատար»:

Իր մեկսենյականոց բնակարանում Եվա Բեժանովան մենակ է ապրում: Չի ամուսնացել, ասում է՝ դժվար հարց է եւ փակ թեմա օտարների համար: Կյանքում մեկ անգամ է սիրել, մեկ անգամ ու անմոռաց: Երբ շատ եմ պնդում, տատանվելով զիջում է ու որոշ բաներ պատմում, հետո կարծես սթափվելով՝ անմիջապես էլ խնդրում. «Դուք դա չեք հրապարակի, չէ՞, սիրելիս, դա իմ գաղտնիքն է ու ինձ հետ գերեզման պիտի իջնի»:  Խոստանում եմ ու նա խաղաղված շարունակում է զրույցը: Երեխաներ շատ է սիրում, երեխաներն էլ նրան: Ասում է՝ մանկաբուժությունը շատ բարդ աշխատանք է, ծավալուն, բժշկից մեծ համբերություն ու գիտելիքներ է պահանջում, նաեւ՝ հոգատարություն: Շատ քչերն են այսօր պատրաստ, որպես մանկաբույժ աշխատելու, այն էլ հեռավոր շրջաններում:

«Ես միշտ ասում եմ, ժամ-պատարագ մենք չունենք: Ես երբեք ժամը 1-ին ընդմիջում չեմ անում, թեպետ տունս շատ մոտիկ է հիվանդանոցին: Մարդիկ գյուղերից այս ձյանը մի կերպ հասնում են Ամասիա, ես չեմ կարող նրանց սպասել տալ, ես գիտեմ, որ ստամոքս ունեմ հիվանդ, պիտի հաճախակի եւ քիչ-քիչ ուտեմ, բայց դե իմ խնդիրն է դա, փոքրիկ հիվանդի խնդիրը չէ: Ես նախ պարտավոր եմ նրան հետազոտելու, դա է իմ կոչումը, իմ մասնագիտությունն է դա ինձ պարտավորեցնում»,- խոստովանում է Եվա Բեժանովան:

87-ամյա մանկաբույժը, հաշվի չառնելով եղանակային պայմանները, հարկ եղած դեպքում այցելում է նաեւ փոքրիկ հիվանդների տները: Ոչ աշխատանքային օրերին էլ մեկնում է Գյումրի՝ այնտեղ բնակվող 76-ամյա քրոջը տեսակցության: «Նա էլ է միայնակ, ամուսինը մահացած է, աղջիկը Ռուսաստանում է, դրա համար էլ անհանգիստ եմ լինում: Ճիշտ է, զանգահարում եմ հաճախակի, տեսնեմ ինչպես է, հո չի ընկել, չի ջարդվել, դրանից ենք վախենում մենք, ծերերս: Նա 4 տարեկանից առանց մայր է մեծացել, ես եմ նրան մայրություն արել»,- խոստովանում է Եվա Բեժանովան:

Մանուկների սիրելի Եվա Բեժանովան աշխատանքից դուրս այնքան էլ չի սիրում շփվել մարդկանց հետ: Նրա միակ մտերիմները նույն շենքում, բայց հարեւան մուտքում ապրող հեռավոր բարեկամներն են: Հարությունյանների 4 անձից բաղկացած ընտանիքը սիրով է հյուրընկալում բժշկուհուն: «Գիտենք, որ արդեն շատ է հոգնում, տարիքի հետ կապված, երբ գալիս է սիրով ընդունում ենք, նստում է զրուցում ենք, հյուրասիրում ենք,- ասում է Մելանյա Հարությունյանը,-խստապահանջ չի, միշտ աշխատում է մարդկանց նեղություն չտալ»:

Մելանյայի որդուն՝ Աշոտին, մշտապես զարմացնում է Եվայի այդ տարիքում ունեցած ֆենոմենալ հիշողությունը: «Ինքն հիշում է մեր բոլորիս ծննդյան օրերը: Եթե մենք նույնիսկ այդ օրը չտոնենք, միեւնույն է կգա՝ մի փոքրիկ նվեր վերցրած, կշնորհավորի: Շատ ուշադիր է, ոչ միայն մեր նկատմամբ, այլեւ իրա հիվանդների էլ: Էս ձմռան ցրտին չի ալարի, ոտքով կգնա բոլորի տները, որ տեսնի երեխաներն ինչպես են իրենց զգում: Ես հիշում եմ մի դեպք, երբ մեր բարեկամի երեխան, որ արդեն 2-3 ամսական էր, չէր տեսնում, ու ոչ մեկ գլխի չէր ընկել: Բեժանովան հենց տեսավ, ասեց՝ երեխայի մոտ կուրություն է, նորից տարան ստուգեցին, պարզվեց, որ երեխան չի տեսնում»,- հիշում է Աշոտ Հարությունյանը:

Դեռեւս Նախիջեւանում աշխատած տարիներին Եվա Բեժանովան արժանացել է վաստակավոր բժշկուհու կոչման: Մանկաբույժի տարիների վաստակն եւս մեկ անգամ գնահատվել է 2004 թ.-ին, այս անգամ հայրենի իշխանությունների կողմից: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Եվա Բեժանովային շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկուհու կոչում:

«Մասնագետները չեն ուզում հեռավոր շրջաններում աշխատել: Դա մեր հիվանդանոցի ցավոտ կողմն է,- անկեղծանում է կենտրոնի տնօրեն Աննա Մկոյանը,- ես մի տարի է դիմում եմ, սպասում եմ կադրերի համալրման, բայց դեռ արդյունք չկա: Եվա Բեժանովան դեռ պաշտոնապես ինձ չի դիմել աշխատանքից ազատվելու համար, բայց խոսակցություններ կան: Եթե որոշի գնալ, ոչ մի բան չենք կարող անել, դա նրա որոշումն է: Ասում են, թե անփոխարինելի մարդիկ չկան, բայց այս պահին բժշկուհին մեզ համար անփոխարինելի է»:

Երբ վաստակաշատ բժշկուհուն փոխանցում եմ Ամասիայում իր հասցեին հնչած կարծիքները, 8 տասնամյակի շեմն անցած փոքրամարմին կնոջ մեջ մի պահ արթնանում է կանացի կոկետության տարրերը: «Դե, սիրելիս, ինչ ասեմ, ամեն մեկն իր ժամանակն ունի: Հիմա արդեն մեծացել եմ, տեսողության փոփոխություն, հիշողության փոփոխություն կա, շուտ եմ հոգնում, բնական է, եկել է ծերությունը եւ ծերության խոր մասն է: Կօգնեմ մարդկանց որքան կարող եմ, բայց դե ինձ էլ կարելի է հասկանալ, ուզում եմ մի փոքր հանգստանալ: Երջանիկ կլինեի, եթե այս տարիներին որեւէ մեկին պատրաստեի իմ փոխարեն, բայց…»,- խնամված եւ լաքապատ եղունգներով սպիտակ ձեռքը հուսահատ թափահարում է ու մերժելով օգնությունս ինքնուրույն հագնում վերարկուն:

Մեկնաբանություններ (6)

GB
Armenia needs more people like Dr. Yeva Bezhanova.
ar
tarsi pes harcazruyc@ en marduc e vercrel vor@ der 1988 in axalqalakum er u mitq el chuner Amasia galu
Zohrab
Bless her heart
nare
Եզակի մի դեպք, երբ մասնագետն այդքան երկար աշխատում է ու նրա կարիքը մարդիկ շարունակում են զգալ: Սա է ամենամեծ ներդրումն այս կյանքում: Նման մարդկանց մոմով են հիմա ման գալիս:
Armen_yan
My hats are off to her. People like that should be an inspiration to others.
Գևորգ
Հիանալի հոդված է... Լրագրողը պետք է այսպիսին լինի, որ մարդկանց ցույց տա մերօրյա իսկական հերոսներին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter